24-ը հուլիսի, 2003 թ.
Եվրոպայի խորհրդի
Գլխավոր քարտուղար
պարոն Վալտեր Շվիմերին
Հարգելի պարոն,
հավաստում եմ Ձեր՝ 2002 թ. դեկտեմբերի 11-ի հետևյալ բովանդակությամբ նամակի ստացումը.
«Հարգելի նախարար,
անդրադառնում եմ 2002 թ. դեկտեմբերի 11-ի իմ նամակին, որով տեղեկացնում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում իմ հատուկ ներկայացուցչի նշանակման մասին: Ստորև ներկայացվող տեքստը բնութագրում է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հիմնական խնդիրները և կարգավիճակը (այսուհետ՝ ԳՔՀՆ):
Եթե այս դրույթները հավանության արժանանան Ձեր կողմից, առաջարկում եմ, որ սույն նամակը և Ձեր պատասխանը կազմեն համաձայնագիր Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետությունում ԳՔՀՆ կարգավիճակի և իրավասության շրջանակի վերաբերյալ:
1. Հատուկ ներկայացուցչի խնդիրներն են՝
1.1. ներկայացնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Հատուկ ներկայացուցիչը պետք է հաստատի բոլոր անհրաժեշտ կապերը, մասնավորապես, ազգային մարմինների (Կառավարություն և Խորհրդարան), միջազգային համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քաղաքական հարցերով գլխավոր տնօրինությունը կորոշի հատուկ ներկայացուցիչների քաղաքականության և գործունեության ուղեցույցները,
1.2. նպաստել և աջակցել Եվրոպայի խորհրդին երկրի անդամակցության, հատկապես կապված նրա պարտավորությունների և խնդիրների հետ, Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների քաղաքականության և գործունեության իրականացմանը,
1.3. համակարգել ԵԽ ծրագրերի իրականացման քաղաքական ասպեկտները ռազմավարական ծրագրման տնօրինության և համապատասխան տնօրինությունների հետ սերտ համակարգմամբ,
1.4. տեղում համակարգել գործողությունները երկրում գործող այլ միջազգային կազմակերպությունների և հաստատությունների (ԵՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ և այլն) և այլ գործընկերների հետ,
1.5. Գլխավոր քարտուղարին և Քաղաքական հարցերով գլխավոր տնօրենին կանոնավոր, ինչպես նաև ad hoc զեկուցել երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների մասին և դրանց վերաբերյալ խորհուրդ տալ,
1.6. վարել ակտիվ լրատվական քաղաքականություն, որը կներառի կազմակերպության համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներին վերաբերող հարցերով հրապարակային հայտարարությունները (ցանկացած հրապարակային հայտարարություն պետք է արվի Քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի կամ, նրա բացակայության ժամանակ, նրա ներկայացուցչի հետ խորհրդակցելով), և Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տնօրենի հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովել իրազեկությունը Եվրոպայի խորհրդի, նրա սկզբունքների, ստանդարտների, գործունեության և ծրագրերի մասին,
1.7. ղեկավարել և վերահսկել ԳՔՀՆ-ին օգնելու համար նշանակած աշխատակազմը,
1.8. աջակցություն քաղաքական ասպեկտների և կապերի հետ կապված` Եվրոպայի խորհրդի այցերի նախապատրաստման ընթացքում (օրինակ` Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի և քարտուղարության ներկայացուցիչների),
1.9. ՌԾՏ-ի հետ համագործակցելով՝ հատուկ ծրագրերի համար աջակցություն տրամադրել:
2. ԳՔՀՆ գրասենյակը տեղակայված կլինի Երևանում՝ Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակում: Այս կապակցությամբ վկայակոչում եմ 2002 թ. նոյեմբերի 5-ի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիրը:
3. Քանի որ 2002 թ. նոյեմբերի 5-ի Փոխըմբռնման հուշագրում չի նշվում ԳՔՀՆ-ն, առաջարկում եմ, որ այդ Փոխըմբռնման հուշագրի 3-րդ հոդվածի «ա», «բ» և «գ» կետերը և 4-րդ հոդվածը mutatis mutandis կիրառվեն ԳՔՀՆ-ի նկատմամբ:
3.1. Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը, նրա գույքը, եկամուտը և այլ սեփականությունը պետք է ազատված լինեն`
ա) բոլոր ուղղակի հարկերից. սակայն Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը չի պահանջի ազատում այն հարկերից կամ գանձումներից, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ կենցաղային ծառայությունների հետ կապված ծախսեր,
բ) Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կողմից` իր պաշտոնական օգտագործման համար պահանջվող իրերի ներմուծման և արտահանման հետ կապված բոլոր մաքսատուրքերից, արգելքներից և սահմանափակումներից. այն իրերը, որոնք ներմուծվել են նշված ազատման համաձայն, չեն վաճառվի այն երկրում, ուր նրանք ներմուծվել են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վաճառվում են Կառավարության կողմից հավանության արժանացած պայմաններով,
գ) իր հրատարակումների ներմուծման և արտահանման հետ կապված բոլոր մաքսատուրքերից, արգելքներից և սահմանափակումներից:
3.2. Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակին և նրա պաշտոնյաներին կթույլատրվի փակցնել Եվրոպայի խորհրդի խորհրդանիշը Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կողմից օգտագործվող շինությունների վրա:
4. Ի լրումն՝ առաջարկում եմ, որ Հայաստանի Կառավարությունը համաձայնի ԳՔՀՆ արտոնություններին և անձեռնմխելիություններին վերաբերող լրացուցիչ համաձայնությանը:
4.1. ԳՔՀՆ-ին շնորհված արտոնություններն ու անձեռնմխելիությունը հիմնված են Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների ընդհանուր համաձայնագրի և կից արձանագրության վրա, որին Հայաստանը կողմ է: Արտոնություններն ու անձեռնմխելիությունները կտրամադրվեն ոչ թե ԳՔՀՆ-ի անձնական օգուտի համար, այլ նրա գործառույթների իրականացումը ապահովելու և դյուրացնելու նպատակով:
4.2. Եվրոպայի խորհրդի՝ արտոնությունների և անձեռնմխելիությունների ընդհանուր Համաձայնագրի 17-րդ հոդվածին համապատասխան՝ տեղեկացնում եմ Ձեզ, որ այդ Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթները կկիրառվեն ԳՔՀՆ-ի նկատմամբ: Հետևաբար, ԳՔՀՆ-ն պետք է ՝
ա) անձեռնմխելի լինի իր պաշտոնական պարտականությունների և իրավասության շրջանակներում բանավոր կամ գրավոր հայտարարությունների և կատարած բոլոր գործողությունների առնչությամբ իրավական գործընթացներից,
բ) ազատված լինի Եվրոպայի խորհրդի կողմից իրեն վճարված աշխատավարձի հարկումից,
գ) ազատ լինի իր խնամքի տակ գտնվող իր ամուսնու և հարազատների հետ միասին ներգաղթի սահմանափակումներից և օտարերկրացիների գրանցումից,
դ) օժտված լինի տարադրամի փոխանակման հետ կապված նույն արտոնություններով, ինչպիսիք տրամադրված են տվյալ պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների համեմատելի աստիճան ունեցող պաշտոնյաներին,
ե) միջազգային ճգնաժամերի ժամանակ ունենա իր խնամքի տակ գտնվող ամուսնու և հարազատների հետ միասին հայրենիք վերադառնալու՝ դիվանագիտական պատվիրակներին տրվող միևնույն հնարավորությունները,
զ) իրավունք ունենա առանց տուրքեր վճարելու ներմուծել կահույք և առարկաներ տվյալ երկրում պաշտոնը ստանձնելու սկզբից և վերարտահանել վերոհիշյալ առարկաները առանց տուրքեր վճարելու այն երկիր, որտեղ նա մշտապես բնակվում է:
5. Ի լրումն վերոհիշյալի` Եվրոպայի խորհրդի՝ արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին ընդհանուր Համաձայնագրի 18-րդ հոդվածում նշված անձեռնմխելիությունների՝ ԳՔՀՆ-ն պետք է օգտվի բոլոր անձեռնմխելիություններից, ներառյալ հարկերից և տուրքերից ազատումը և Հայաստանի դատարանների իրավազորությունից անձեռնմխելիությունը, որից օգտվում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները՝ Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի 1961թ. Կոնվենցիային համապատասխան:
6. Հայաստանի Կառավարությունը անհրաժեշտության դեպքում կձեռնարկի բոլոր համապատասխան քայլերը ԳՔՀՆ-ի զբաղեցրած շինությունների անվտանգությունը ապահովելու համար՝ համաձայն Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի 1961թ. Կոնվենցիայի 22-րդ հոդվածի:
7. Սույն լրացուցիչ համաձայնության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կողմերի միջև վեճերը պետք է կարգավորվեն դիվանագիտական միջոցներով:
Սույն լրացուցիչ համաձայնությունը ուժի մեջ է մտնում՝ սկսած Ձեր պատասխանի ներկայացման օրվանից մինչև 2003թ. դեկտեմբերի 31-ը և կարող է շարունակել գործողությունը փոխադարձ լռելյայն համաձայնությամբ:
Մինչև Հայաստանի Հանրապետությունում բոլոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտելը սույն լրացուցիչ համաձայնությունը կարող է կիրառվել ժամանակավորապես` Ձեր պատասխանը ստանալու օրվանից, որը նշված ժամանակավոր կիրառման վերաբերյալ առաջարկության հետ կազմում է համաձայնագիր»:
Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ լրացուցիչ համաձայնության դրույթները ընդունելի են, և Ձեր նամակը և սույն պատասխանը կազմում են համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև:
Լրացուցիչ համաձայնությունը կկիրառվի ժամանակավորապես՝ բացառությամբ 5-րդ կետի դրույթների, որը կկիրառվի Հայաստանի Հանրապետությունում բոլոր համապատասխան ներքին ընթացակարգերը ավարտելուց հետո: Այդ ընթացակարգերի ավարտի մասին կծանուցվի լրացուցիչ:
Խնդրում եմ ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը:
Վարդան Օսկանյան
Համաձայնությունն ուժի մեջ է մտել 17.05.2005թ.
