Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Լիտվայի Հանրապետությունը, այսուհետև անվանվելով Պայմանավորվող կողմեր,
հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի վրա,
ելնելով երկու Պայմանավորվող կողմերի քաղաքացիներին անձնական և գույքային իրավունքների հավասար իրավական պաշտպանություն ապահովելու ձգտումից,
կարևոր նշանակություն տալով քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական համագործակցության զարգացմանը,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Մ ա ս ա ռ ա ջ ի ն
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. | Իրավական պաշտպանություն տրամադրելը |
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրանց տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև՝ քաղաքացիներ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրենց անձնական և գույքային իրավունքների առնչությամբ օգտվում են նույն իրավական պաշտպանությունից, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները։
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն և անարգել դիմել դատարաններ, դատախազություն և մյուս Պայմանավորվող կողմի այլ հիմնարկներ, որոնց իրավասությանն են վերաբերում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերը (այսուհետև անվանվում են արդարադատության հիմնարկներ), կարող են հանդես գալ դրանցում, հարուցել միջնորդություններ, ներկայացնել հայցեր և իրականացնել այլ դատավարական գործողություններ նույն պայմաններով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները։
3. Սույն Պայմանագրի դրույթները համապատասխանաբար կիրառվում են Պայմանավորվող կողմերի տարածքներում՝ նրանց օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձանց, ինչպես նաև դատավարական իրավունակությամբ օժտված այլ կազմակերպությունների նկատմամբ։
Հոդված 2. | Իրավական օգնություն ցույց տալը |
1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան։
2. Արդարադատության հիմնարկները սույն հոդվածի 1-ին կետում նշված գործերով իրավական օգնություն են ցույց տալիս նաև այլ հիմնարկների։
3. Պայմանավորվող կողմերի այլ հիմնարկները սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործերով իրավական օգնության մասին հարցումը ուղարկում են իրենց համապատասխան արդարադատության հիմնարկների միջոցով։
Հոդված 3. | Իրավական օգնության ծավալը |
Իրավական օգնությունն ընդգրկում է դատավարական գործողությունների կատարումը, որոնք նախատեսված են հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, այդ թվում՝ կողմերի, մեղադրյալների, ամբաստանյալների, վկաների, փորձագետների հարցաքննությունը, փորձաքննությունների, զննությունների անցկացումը, իրեղեն ապացույցների փոխանցումը, քրեական հետապնդում իրականացնելը և հանցագործություններ կատարած անձանց հանձնելը, քաղաքացիական գործերով դատական որոշումները ճանաչելը և կատարելը, փաստաթղթեր հանձնելը և փոխանցելը, մյուս Կողմի հարցումով՝ մեղադրյալների դատվածության մասին տեղեկություններ տրամադրելը։
Հոդված 4. | Հաղորդակցության կարգը |
Իրավական օգնություն ցույց տալիս Պայմանավորվող կողմերի հիմնարկները միմյանց հետ հաղորդակցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով՝ քաղաքացիական և ընտանեկան գործերով, ինչպես նաև դատական գործերով, Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության միջոցով՝ քրեական գործերով, և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության ու Գլխավոր դատախազության միջոցով։
Հոդված 5. | Լեզուն |
1. Իրավական օգնության մասին հարցումները կազմվում են հայցող Պայմանավորվող կողմի լեզվով, և դրանց կցվում են մյուս Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով թարգմանության հաստատված պատճենները։
2. Թարգմանությունը հաստատվում է պաշտոնական թարգմանչի կամ նոտարի կամ հայցող հիմնարկի պաշտոնատար անձի կամ հայցող Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից։
Հոդված 6. | Հասցեներ և այլ տվյալներ պարզելը |
1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները հարցումով, իրենց պետությունների օրենսդրության համապատասխան, փոխադարձ օգնություն են ցույց տալիս Պայմանավորվող կողմերի տարածքներում բնակվող անձանց հասցեները պարզելու գործում, եթե դա պահանջվում է քաղաքացիների իրավունքների իրականացման համար։ Ընդ որում, հայցող արդարադատության հիմնարկը հաղորդում է իր մոտ առկա այն տվյալները, որոնք կարող են օգնել՝ պարզելու հարցման մեջ նշված անձի հասցեն։
2. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները փոխադարձ օգնություն են ցույց տալիս հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող այն անձանց քաղաքացիական կացությունը, աշխատանքի վայրը կամ զբաղմունքի տեսակը և եկամուտները պարզելու գործում, որոնց նկատմամբ հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով գույքային պահանջներ են ներկայացվել։
Հոդված 7. | Իրավական օգնություն ցույց տալու մասին հարցման ձևը |
1. Իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն.
1) հայցող հիմնարկի անվանումը,
2) հայցվող հիմնարկի անվանումը,
3) այն գործի անվանումը, որի առնչությամբ հայցվում է իրավական օգնություն,
4) կողմերի, վկաների, կասկածյալների, մեղադրյալների, ամբաստանյալների կամ դատապարտյալների անունները և ազգանունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը և մշտական բնակության վայրը կամ գտնվելու վայրը, իսկ իրավաբանական անձանց համար՝ նրանց անվանումը, իրավաբանական հասցեն և/կամ գտնվելու վայրը.
5) ներկայացուցիչների կամ լիազորված անձանց անուններն ու ազգանունները, ինչպես նաև հասցեները,
6) հարցման բովանդակությունը և նպատակները, հայցվող օգնության նկարագրությունը, իսկ քրեական գործով՝ նաև կատարված հանցագործության փաստացի հանգամանքների նկարագրությունը և դրա իրավաբանական որակավորումը։
2. Անհրաժեշտության դեպքում հարցմանը կցվում են այն փաստաթղթերի՝ պատշաճ կերպով հաստատված պատճենները կամ դրանցից արված քաղվածքները, որոնք կարող են հեշտացնել հարցման կատարումը կամ անհրաժեշտ են դատախազների կամ դատարանների կողմից թույլատրված (սանկցիավորված) դատավարական գործողությունների կատարման համար։
3. Հարցումը պետք է ստորագրված լինի համապատասխան պաշտոնատար անձի կողմից և ամրագրված հայցող արդարադատության հիմնարկի զինանշանի պատկերով կնիքով։
Հոդված 8. | Կատարման կարգը |
1. Իրավաբանական օգնության մասին հարցումը կատարելիս արդարադատության հիմնարկը, որին ուղղված է հարցումը, կիրառում է իր պետության օրենսդրությունը։ Սակայն, հայցող արդարադատության հիմնարկի խնդրանքով, նա կարող է կիրառել այն Պայմանավորվող կողմի դատավարական նորմերը, որը հարցում է կատարում, եթե դրանք չեն հակասում հայցվող արդարադատության հիմնարկի պետության օրենսդրությանը։
2. Եթե արդարադատության հիմնարկը, որին հարցումն ուղղված է, իրավասու չէ այն կատարելու, ապա նա հարցումը փոխանցում է իրավասու արդարադատության հիմնարկին և այդ մասին ծանուցում է այն հիմնարկին, որը հարցում է կատարում։
3. Հայցող արդարադատության հիմնարկի հարցումով հայցվող արդարադատության հիմնարկը նրան և շահագրգիռ կողմերին ժամանակին հայտնում է իրավական օգնության մասին հարցման կատարման ժամանակի և տեղի մասին այն հաշվով, որ նրանք կարողանան ներկա լինել հարցման կատարմանը, եթե դա թույլատրվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ։
4. Հարցումը կատարելուց հետո արդարադատության հիմնարկը, որին այն ուղղված է եղել, փաստաթղթերն ուղարկում է հայցող հիմնարկին։
Այն դեպքում, եթե իրավական օգնություն հնարավոր չի եղել ցույց տալ, նա հարցումը վերադարձնում է և ծանուցում այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են դրա կատարմանը։
Հոդված 9. | Փաստաթղթերի հանձնման կարգը |
1. Հայցվող արդարադատության հիմնարկը փաստաթղթերի հանձնումն իրականացնում է իր պետությունում գործող օրենսդրության համապատասխան, եթե հանձնվող փաստաթղթերը կազմված են նրա լեզվով կամ ուղեկցվում են վավերացված թարգմանությամբ։ Այն դեպքերում, երբ փաստաթղթերը հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով չեն կազմված և չեն ուղեկցվում թարգմանությամբ, դրանք ստացողին են հանձնվում, եթե նա համաձայն է կամավոր դրանք ընդունել։
2. Փաստաթղթերի հանձնման հարցման մեջ պետք է նշվեն ստացողի ճիշտ հասցեն և հանձնվող փաստաթղթի անվանումը։ Եթե պարզվում է, որ փաստաթղթերի հանձնման մասին հարցման մեջ նշված հասցեն լրիվ կամ ճիշտ չէ, ապա հայցվող հիմնարկը, իր պետության օրենսդրության համապատասխան, միջոցներ է ձեռնարկում ճիշտ հասցեն պարզելու համար։
Հոդված 10. | Փաստաթղթերի հանձնումը հաստատելը |
Փաստաթղթերի հանձնումը հաստատելը ձևակերպվում է հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենսդրության համապատասխան։ Հաստատման մեջ պետք է նշվեն հանձնման ժամանակը և վայրը, ինչպես նաև այն անձը, որին հանձնվել է փաստաթուղթը։
Հոդված 11. | Փաստաթղթեր հանձնելը և քաղաքացիներ հարցաքննելը դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով |
Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող սեփական քաղաքացիներին փաստաթղթեր հանձնել և հարցաքննել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով։ Այդ դեպքում չեն կարող կիրառվել հարկադրական բնույթի միջոցներ։
Հոդված 12. | Վկաներին, տուժողներին, քաղաքացիական հայցվորներին, քաղաքացիական պատասխանողներին, նրանց ներկայացուցիչներին և փորձագետներին կանչելը |
1. Եթե նախաքննության կամ դատաքննության ընթացքում մի Պայմանավորվող կողմի տարածքում վկայի, տուժողի, քաղաքացիական հայցվորի և/կամ պատասխանողի, նրանց ներկայացուցիչների կամ փորձագետի անձնական ներկայության անհրաժեշտություն է առաջանում, ովքեր գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա պետք է դիմել այդ Կողմի համապատասխան արդարադատության հիմնարկին՝ ծանուցագիր հանձնելու մասին հարցումով։
2. Դատաքննությանը կանչված անձի չներկայանալու դեպքում Պայմանավորվող կողմերն իրավունք չունեն կիրառել դատավարական և այլ հարկադրանքի միջոցներ։
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք, ովքեր, անկախ իրենց քաղաքացիությունից, ըստ կանչի՝ կամավոր ներկայացել են մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան արդարադատության հիմնարկ, այդ Կողմի տարածքում չեն կարող քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել կամ պատժի ենթարկվել որևէ արարքի կապակցությամբ, որը նրանք կատարել են նախքան պետական սահմանը հատելը: Այդ անձինք չեն կարող նաև քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել կամ պատժի ենթարկվել իրենց ցուցմունքների կամ որպես փորձագետ տված եզրակացությունների կամ քննության առարկա հանդիսացող արարքի կապակցությամբ։
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված արտոնություններից սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք չեն օգտվում, եթե իրենց ներկայությունն անհրաժեշտ չլինելու մասին ծանուցելու պահից 15 օրվա ընթացքում նրանք չեն հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից։ Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այդ անձինք չէին կարող հեռանալ հայցող Պայմանավորվող կողմի տարածքից՝ իրենցից անկախ հանգամանքներով։
5. Ըստ կանչի՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներկայացած վկաները և փորձագետները արտասահման մեկնելու և այնտեղ մնալու հետ կապված ծախսերի դիմաց հատուցում ստանալու, ինչպես նաև աշխատանքից կտրված օրերի համար չստացած աշխատավարձը իրենց կանչած արդարադատության հիմնարկից որպես հատուցում ստանալու իրավունք ունեն։ Փորձագետները, դրանից բացի, անցկացված փորձաքննության համար վարձատրության իրավունք ունեն։ Կանչի մեջ պետք է նշվի, թե կանչված անձինք ինչ տեսակի վճարների իրավունք ունեն։ Նրանց միջնորդությամբ՝ Պայմանավորվող կողմը, որը կանչ է ուղարկում, կանխավճար է տալիս համապատասխան ծախսերը ծածկելու համար։
Հոդված 13. | Փաստաթղթերի վավերականությունը |
1. Փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում կազմվել կամ հաստատվել են համապատասխան հիմնարկի կամ հատուկ դրա համար լիազորված անձի կողմից՝ նրանց իրավասության շրջանակներում, սահմանված ձևով և ամրագրված են զինանշանի պատկերով կնիքով, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ընդունվում են առանց որևէ այլ հաստատման։
2. Փաստաթղթերը, որոնք մի Պայմանավորվող կողմի տարածքում դիտվում են որպես պաշտոնական, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օժտվում են պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժով։
Հոդված 14. | Իրավական օգնություն ցույց տալու հետ կապված ծախսերը |
Պայմանավորվող կողմը, որին ուղղված է հարցումը, իրավական օգնություն ցույց տալու հետ կապված ծախսերի հատուցում չի պահանջի՝ բացառությամբ փորձաքննություններ անցկացնելու և տարանցիկ փոխադրման համար։
Հոդված 15. | Տեղեկատվություն տրամադրելը |
Պայմանավորվող կողմերի արդարադատության նախարարությունները և Գլխավոր դատախազությունները հարցումներով փոխադարձ տեղեկատվություն են տրամադրում իրենց պետություններում գործող կամ նախկինում գործած օրենսդրության և արդարադատության հիմնարկների կողմից դրա կիրառման հարցերի վերաբերյալ։
Հոդված 16. | Անվճար իրավական օգնություն |
Մի Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին դատարաններում և այլ արդարադատության հիմնարկներում անվճար իրավաբանական օգնություն է ցույց տալիս և անվճար դատաքննություն է ապահովում նույն հիմքերով և նույն արտոնություններով, ինչ իր պետության քաղաքացիներին։
Հոդված 17. | Քաղաքացիական կացության վերաբերյալ վկայականների և այլ փաստաթղթերի փոխանցումը |
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարցումով, առանց թարգմանության և անվճար, փոխադարձորեն փոխանցել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականները և այլ փաստաթղթերը (կրթության մասին, աշխատանքի մասին և այլն), որոնք վերաբերում են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների անձնական իրավունքներին և գույքային շահերին։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների կողմից, առանց թարգմանության և անվճար, կարող են անմիջականորեն փոխանցվել շահագրգիռ անձանց, ովքեր բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում՝ նրանց միջնորդություններով։
Հոդված 18. | Իրավական օգնություն ցույց տալը մերժելը |
1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները կարող են լրիվ կամ մասամբ մերժել իրավական օգնության մասին հարցումը բավարարելը, եթե դրա կատարումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման, վնաս պատճառել պետության ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը։
2. Այդպիսի հարցումը բավարարելը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկներն անհապաղ գրավոր ծանուցում են այդ մասին՝ նշելով մերժման պատճառը։
Մ Ա Ս Ե Ր Կ Ր Ո Ր Դ
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ
Հոդված 19. | Դատական ծախսերից ազատելը |
Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում դատական ծախսերի վճարումից ազատվում են նույն հիմքերով և նույն ծավալով, ինչ նրա պետության քաղաքացիները։
Հոդված 20. | Անձնական, ընտանեկան և գույքային դրության մասին փաստաթղթեր տալը |
1. Դատական ծախսերի վճարումից ազատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ անձնական, ընտանեկան և գույքային դրության մասին փաստաթղթերը տրվում են այն Պայմանավորվող կողմի իրավասու հիմնարկի կողմից, որի տարծքում դիմողը բնակության վայր ունի, կամ՝ ըստ գտնվելու վայրի։
2. Եթե դիմողը Պայմանավորվող կողմերի տարածքում բնակության վայր կամ գտնվելու վայր չունի, ապա բավարար է նրա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից տրված կամ հաստատված փաստաթուղթը։
3. Դատական ծախսերի վճարումից ազատելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնող դատարանը կարող է փաստաթուղթը տված հիմնարկին հարցում անել լրացուցիչ պարզաբանումների մասին։
Հոդված 21. | Դատարանների իրավասությունը |
1. Եթե սույն Պայմանագիրն այլ բան չի սահմանում, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանները իրավասու են քննելու քաղաքացիական և ընտանեկան գործեր, եթե պատասխանողը նրա տարածքում բնակության վայր ունի։ Իրավաբանական անձանց և դատավարական իրավունակությամբ օժտված կազմակերպությունների դեմ հայցերով նրանք իրավասու են, եթե տվյալ Կողմի տարածքում է գտնվում իրավաբանական անձի կառավարման մարմինը, ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը։
2. Պայմանավորվող կողմերի դատարանները գործեր են քննում նաև այլ դեպքերում, եթե այդ մասին առկա է Կողմերի գրավոր համաձայնությունը։ Այդպիսի համաձայնության առկայության դեպքում դատարանը, պատասխանողի դիմումով, գործի վարույթը կարճում է, եթե նման դիմումը տրվել է նախքան հայցի էության վերաբերյալ առարկություններ ներկայացնելը։ Դատարանների բացառիկ իրավասությունը կողմերի համաձայնությամբ չի կարող փոփոխվել։
3. Միևնույն կողմերի՝ միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով երկու Պայմանավորվող կողմերի դատարաններում գործով վարույթ հարուցելու դեպքում, որոնք, սույն Պայմանագրին համապատասխան, իրավասու են, դատարանը, որը գործն ավելի ուշ է հարուցել, կարճում է վարույթը։
Հոդված 22. | Գործունակություն և իրավունակություն |
1. Ֆիզիկական անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում այդ անձը։
2. Իրավաբանական անձի իրավունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենքով, որի տարածքում հիմնադրվել է։
Հոդված 23. | Սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը։ Գործունակությունը վերականգնելը |
1. Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված դեպքերի, իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի քաղաքացին է հանդիսանում անձը։
2. Այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերից մեկի դատարանին հայտնի են դառնում իր տարածքում բնակվող մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի հանդիսացող անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերը, ապա նա այդ մասին ծանուցում է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ անձը։
3. Եթե Պայմանավորվող կողմի դատարանը, որը ծանուցվել է սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերի մասին, երեք ամսվա ընթացքում գործը չի քննում կամ իր կարծիքը չի հայտնում, ապա սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը քննում է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում այդ քաղաքացին բնակության վայր ունի։ Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու մասին որոշումն ուղարկվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որի քաղաքացին է հանդիսանում այդ անձը։
4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի դրույթները համապատասխանաբար կիրառվում են նաև գործունակությունը վերականգնելու դեպքում։
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված և անհետաձգելի դեպքերում այդ անձի կամ նրա գույքի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ կարող է ինքնուրույնաբար ընդունել այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում գտնվում է տվյալ անձը։ Այդ միջոցների կապակցությամբ ընդունված կարգադրությունները ուղարկվում են այն Պայմանավորվող կողմի դատարան, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ անձը։ Այդ կարգադրությունները կարող են վերացվել, եթե այդ Պայմանավորվող կողմի դատարանն այլ որոշում կայացնի։
6. Քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանները քննում են դատախազի մասնակցությամբ, եթե դա նախատեսված է նրանց ազգային օրենսդրությամբ։
Հոդված 24. | Անհայտ բացակայող ճանաչելը, մահացած հայտարարելը և մահվան փաստը հաստատելը |
1. Անհայտ բացակայող ճանաչելու և մահացած հայտարարելու կամ մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի քաղաքացին է համարվել անձն այն ժամանակ, երբ, ըստ վերջին տեղեկությունների, նա կենդանի է եղել։
2. Մի Պայմանավորվող կողմի հիմնարկները կարող են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչել, ինչպես նաև նրա մահվան փաստը հաստատել այն անձանց միջնորդությամբ, ովքեր բնակվում են նրա տարածքում, եթե նրանց իրավունքներն ու շահերը հիմնվում են այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության վրա։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում Պայմանավորվող կողմերի հիմնարկները կիրառում են իրենց պետության օրենսդրությունը։
Հոդված 25. | Ամուսնություն |
1. Ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի համար ամուսնության պայմանները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում նա։ Դրանից բացի, ամուսնության նկատմամբ խոչընդոտների վերաբերյալ պետք է պահպանվեն այն Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները, որի տարածքում տեղի է ունենում ամուսնությունը։
2. Ամուսնության ձևը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տեղի է ունենում ամուսնությունը։
Հոդված 26. | Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները |
1. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք համատեղ բնակության վայր ունեն։
2. Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և երկու ամուսիններն էլ ունեն միևնույն քաղաքացիությունը, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացի են հանդիսանում նրանք։
3. Եթե ամուսիններից մեկը հանդիսանում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, և նրանցից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են իրենց վերջին համատեղ բնակության վայրը։
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձինք Պայմանավորվող կողմերի տարածքներում համատեղ բնակության վայր չեն ունեցել, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի հիմնարկը գործը քննում է։
Հոդված 27. | Ամուսնալուծությունը և ամուսնությունն անվավեր ճանաչելը |
1. Ամուսնալուծության գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը և իրավասու են այդ նույն Կողմի հիմնարկները, որի քաղաքացիներն են եղել ամուսինները դիմումը տալու պահին։ Եթե ամուսինները բնակության վայր ունեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավասու են նաև այդ Պայմանավորվող կողմի հիմնարկները։
2. Եթե ամուսնալուծության վերաբերյալ դիմում տալու պահին ամուսիններից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, և նրանցից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավասու են երկու Պայմանավորվող կողմերի հիմնարկները։ Ընդ որում, նրանք կիրառում են իրենց պետության օրենսդրությունը։
3. Ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որը կիրառվել է ամուսնանալիս՝ սույն Պայմանագրի 25-րդ հոդվածին համապատասխան։ Ընդ որում, դատարանների իրավասությունը որոշվում է, համապատասխանաբար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա։
ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հոդված 28. | Հայրությունը կամ երեխայի ծնունդը հաստատելը և վիճարկելը |
Հայրությունը հաստատելու և վիճարկելու և տվյալ ամուսնությունից երեխայի ծնվելը հաստատելու վերաբերյալ գործերը լուծվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որի քաղաքացին է հանդիսանում երեխան ծնունդով։
Հոդված 29. | Իրավահարաբերությունները ծնողների և երեխաների միջև |
1. Իրավահարաբերությունները ծնողների և երեխաների միջև որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք համատեղ բնակության վայր ունեն։
2. Եթե ծնողներից և երեխաներից որևէ մեկի բնակության վայրը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նրանց միջև իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում երեխան։
Հոդված 30. | Արտաամուսնական երեխան |
Իրավահարաբերությունները արտաամուսնական երեխայի և նրա մոր ու հոր միջև որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում երեխան։
Հոդված 31. |
Դատարանների իրավասությունը |
1. Սույն Պայմանագրի 28-30-րդ հոդվածներում նշված իրավահարաբերությունների առնչությամբ իրավասու են այն Պայմանավորվող կողմի դատարանները, որի օրենքները պետք է կիրառվեն այդ դեպքերում։
2. Եթե հայցվորը և պատասխանողը բնակվում են մի Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նրանց միջև իրավահարաբերությունների առնչությամբ իրավասու են նաև այդ Պայմանավորվող կողմի դատարանները՝ սույն Պայմանագրի 28-30-րդ հոդվածների դրույթները պահպանելով։
ՈՐԴԵԳՐՈՒՄ
Հոդված 32. | Որդեգրելը և այն չեղյալ հայտարարելը |
1. Որդեգրելիս կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի քաղաքացին է հանդիսանում որդեգրվողը։
2. Եթե երեխան որդեգրվում է ամուսինների կողմից, որոնցից մեկը հանդիսանում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրումը պետք է համապատասխանի Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում գործող օրենսդրության պահանջներին։
3. Եթե երեխան մի Պայմանավորվող կողմի քաղաքացի է, իսկ որդեգրողը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրելու կամ դրա չեղյալ հայտարարելու դեպքում անհրաժեշտ է ստանալ երեխայի համաձայնությունը (եթե դա պահանջվում է այն Պայմանավորվող կողմի օրենքով, որի քաղաքացին է նա հանդիսանում), նրա օրինական ներկայացուցչի և այդ Պայմանավորվող կողմի իրավասու պետական մարմնի համաձայնությունը։
Հոդված 33. | Իրավասությունը |
Որդեգրման մասին որոշումներ կայացնելու համար իրավասու է այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը, որի քաղաքացին է հանդիսանում որդեգրվողը, իսկ սույն Պայմանագրի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում իրավասու է այն Պայմանավորվող կողմի հիմնարկը, որի տարածքում ամուսիններն ունեն կամ ունեին վերջին համատեղ բնակության վայր կամ գտնվելու վայր։
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Հոդված 34. | Հիմնարկների իրավասությունը |
1. Եթե սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Պայմանավորվող կողմերի քաղաքացիների նկատմամբ խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար իրավասու է այն Պայմանավորվող կողմի խնամակալության և հոգաբարձության մարմինը, որի քաղաքացին է հանդիսանում խնամարկյալը։ Այդ դեպքերում կիրառվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը։
2. Խնամակալի կամ հոգաբարձուի և խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց միջև իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակել է խնամակալին կամ հոգաբարձուին։
Հոդված 35. |
Խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ միջոցներ կիրառելու կարգը |
1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացու շահերի համար խնամակալության կամ հոգաբարձության վերաբերյալ միջոցներ կիրառելու անհրաժեշտության դեպքում, որի մշտական բնակության վայրը, գտնվելու վայրը կամ գույքը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, այդ Պայմանավորվող կողմի հիմնարկն անհապաղ ծանուցում է այն մարմնին, որը իրավասու է՝ սույն Պայմանագրի 34-րդ հոդվածին համապատասխան։
2. Անհետաձգելի դեպքերում մյուս Պայմանավորվող կողմի հիմնարկն ինքը կարող է կիրառել անհրաժեշտ ժամանակավոր միջոցներ՝ իր օրենսդրության համապատասխան։ Ընդ որում, նա պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն մարմնին, որն իրավասու է՝ սույն Պայմանագրի 34-րդ հոդվածի համաձայն։ Այդ միջոցները ուժը պահպանում են մինչև սույն Պայմանագրի 34-րդ հոդվածում նշված մարմնի կողմից այլ որոշում կայացվելը։
Հոդված 36. | Միջոցներ անհետաձգելի դեպքերում |
1. Եթե խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ միջոցներն անհրաժեշտ են խնամարկյալի կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի շահերի համար, որի բնակության կամ գտնվելու վայրը, կամ որի գույքը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա այդ Պայմանավորվող կողմի խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է անհապաղ ծանուցի այն Պայմանավորվող կողմի խնամակալության և հոգաբարձության մարմնին, որն իրավասու է՝ սույն Պայմանագրի 34-րդ հոդվածի համաձայն։
2. Անհետաձգելի դեպքերում մյուս Պայմանավորվող կողմի խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ինքը կիրառել անհրաժեշտ միջոցներ, սակայն նա պետք է կիրառված միջոցների մասին նախօրոք անհապաղ ծանուցի խնամակալության և հոգաբարձության այն մարմնին, որն իրավասու է՝ սույն Պայմանագրի 34-րդ հոդվածի համաձայն։ Կիրառված միջոցներն ուժի մեջ են մնում մինչև այդ մարմինը այլ որոշում կայացնի։
Հոդված 37. | Խնամակալությունը և հոգաբարձությունը փոխանցելը |
1. Սույն Պայմանագրի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն իրավասու՝ խնամակալության և հոգաբարձության մարմինն իրավունք ունի խնամակալությունը կամ հոգաբարձությունը փոխանցել մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան մարմիններին, եթե խնամարկյալի կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի բնակության կամ գտնվելու վայրը կամ գույքը գտնվում են այդ Պայմանավորվող կողմի տարածքում։ Փոխանցումը վավերական է միայն այն դեպքում, եթե հայցվող մարմինը համաձայնություն է տալիս խնամակալությունը կամ հոգաբարձությունն ընդունելու վերաբերյալ և այդ մասին ծանուցում է հայցող մարմնին։
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն խնամակալությունը կամ հոգաբարձությունն ընդունած մարմինը դրանք իրականացնում է իր պետության օրենսդրության համապատասխան։ Սակայն նա իրավունք չունի որոշումներ կայացնել այն հարցերով, որոնք վերաբերում են խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի կարգավիճակին, բայց կարող է ամուսնության թույլտվություն տալ, որն անհրաժեշտ է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում այդ անձը։
ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 38. | Սեփականության իրավունքը |
1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այն գտնվում է։
2. Պետական գրանցամատյաններ մտցնելու ենթակա տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է տրանսպորտային միջոցի գրանցումն իրականացրած մարմինը։
3. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումը և դադարումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գույքը գտնվել է այն պահին, երբ տեղի է ունեցել այդպիսի իրավունքի ծագման կամ դադարման հիմք հանդիսացած գործողությունը կամ այլ հանգամանքը։ Գործարքի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումը և դադարումը որոշվում է գործարքի կատարման վայրի օրենսդրությամբ, եթե, Կողմերի համաձայնությամբ, այլ բան նախատեսված չէ։
Հոդված 39. | Գործարքի ձևը |
1. Գործարքի ձևը որոշվում է դրա կնքման վայրի օրենսդրությամբ։
2. Անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների վերաբերյալ գործարքի ձևը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է։
Հոդված 40. | Վնասը հատուցելը |
1. Վնասի հատուցման վերաբերյալ պարտավորությունները, բացի պայմանագրից և այլ իրավաչափ գործողություններից բխողներից, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տեղի է ունեցել գործողությունը կամ այլ հանգամանքը, որը վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք է հանդիսացել։
2. Եթե հայցվորը և պատասխանողը մի Պայմանավորվող կողմի քաղաքացիներ են, ապա կիրառվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում տեղի է ունեցել գործողությունը կամ այլ հանգամանքը, որը վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք է հանդիսացել։ Տուժողը կարող է հայց ներկայացնել նաև այն Պայմանավորվող կողմի դատարան, որի տարածքում պատասխանողը բնակության վայր ունի։
Հոդված 41. | Հայցային վաղեմություն |
Հայցային վաղեմության հարցերը լուծվում են այն օրենսդրությամբ, որը կիրառվում է համապատասխան իրավահարաբերության կարգավորման համար։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հոդված 42. | Իրավունքներում հավասարության սկզբունքը |
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կարող են, ըստ օրենքի կամ կտակի, գույք կամ իրավունքներ ժառանգել հավասար պայմաններով և նույն ծավալով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները։
Հոդված 43. | Ժառանգության իրավունքը |
1. Շարժական գույքի ժառանգության իրավունքը կարգավորվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ժառանգատուն վերջին մշտական բնակության վայր է ունեցել։
2. Անշարժ գույքի ժառանգության իրավունքը կարգավորվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գույքը գտնվում է։
Հոդված 44. | Անժառանգ գույքը |
Եթե Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որը ժառանգության դեպքում ենթակա է կիրառման, ժառանգորդ է համարվում պետությունը, ապա ժառանգական շարժական գույքը փոխանցվում է այն պետությանը, որի քաղաքացին է համարվել ժառանգատուն մահվան պահին, իսկ անշարժ գույքը անցնում է այն պետությանը ի սեփականություն, որի տարածքում գտնվում է։
Հոդված 45. | Կտակ |
Կտակ կազմելու և վերացնելու առնչությամբ անձի ունակությունը, ինչպես նաև կտակի և դրա վերացման ձևը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ կտակը կազմելու պահին կտակարարը բնակության վայր է ունեցել։ Սակայն ձևը չպահպանելու հետևանքով կտակը կամ դրա վերացնելը չեն կարող անվավեր ճանաչվել, եթե այդ ձևը բավարարում է կտակը կազմելու կամ դրա վերացնելու վայրի օրենսդրության պահանջները։
Հոդված 46. | Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասությունը |
1. Շարժական գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, վարում են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի տարածքում գտնվում է ժառանգական շարժական գույքը։
2. Եթե ամբողջ ժառանգական շարժական գույքը գտնվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ ժառանգատուն վերջին մշտական բնակության վայր չի ունեցել, ապա ժառանգորդի կամ հրիտակառուի դիմումով, եթե դրան համաձայն են բոլոր ժառանգորդները, ժառանգության վերաբերյալ գործով վարույթը վարում են այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները։
3. Անշարժ գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթը վարում են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի տարածքում այդ գույքը գտնվում է։
4. Սույն հոդվածի դրույթները համապատասխանաբար կիրառվում են նաև ժառանգության վերաբերյալ գործերով վեճերի նկատմամբ։
Հոդված 47. | Ժառանգության պահպանման միջոցները |
1. Մի Պայմանավորվող կողմի մարմինները, իրենց օրենսդրության համաձայն, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ Կողմի տարածքում գտնվող ժառանգական գույքի պահպանության համար, որը թողնվել է մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կողմից։
2. Ժառանգության պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար պատասխանատու մարմինները մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու մահվանից հետո պարտավոր են այդ Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին անհապաղ ծանուցել ժառանգատուի մահվան և այն անձանց մասին, ովքեր դիմել են ժառանգության նկատմամբ իրենց իրավունքների, ժառանգության իրավունք ունեցող անձանց վերաբերյալ իրենց հայտնի հանգամանքների և նրանց գտնվելու վայրի, կտակի առկայության, ժառանգության չափի և արժեքի, ինչպես նաև այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ժառանգության պահպանության ուղղությամբ։
3. Դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի պահանջով՝ նրան են փոխանցվում մահացածի ժառանգական շարժական գույքը և փաստաթղթերը։
Հոդված 48. | Դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի իրավունքները |
Առանց հատուկ լիազորության մի Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն իրավունք ունի ժառանգության հարցերով այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիների շահերը ներկայացնել մյուս Պայմանավորվող կողմի մարմինների առաջ, եթե բացակայության կամ այլ հարգելի պատճառներով այդ քաղաքացիներն ի վիճակի չեն ժամանակին պաշտպանելու իրենց իրավունքներն ու շահերը և լիազորված անձ չեն նշանակել։
Հոդված 49. | Հատուկ կանոն |
Եթե մի Պայմանավորվող կողմի քաղաքացին մահացել է մյուս Պայմանավորվող կողմի տարածքով երթևեկելու ժամանակ, որտեղ նա մշտական բնակության վայր չի ունեցել, ապա նրա մոտ գտնվող փողը և իրերը հանձնվում են այն Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին, որի քաղաքացին եղել է մահացածը։
Հոդված 50. | Ժառանգությունը փոխանցելը |
1. Եթե ժառանգական շարժական գույքը կամ դրամական գումարը, որը ստացվել է ժառանգական շարժական կամ անշարժ գույքի վաճառքից, ժառանգական վարույթի ավարտից հետո ենթակա են փոխանցման այն ժառանգորդներին, որոնց բնակության վայրը կամ գտնվելու վայրը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա ժառանգական գույքը կամ ստացված դրամական գումարը փոխանցվում են այդ Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին։
2. Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասու հիմնարկը կարգադրություն է անում ժառանգական գույքը դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին փոխանցելու մասին։
3. Այդ գույքը կարող է ժառանգորդներին փոխանցվել, եթե.
1) ժառանգատուի պարտատերերի բոլոր պահանջները, որոնք հայտարարվել են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված ժամկետում, որտեղ գտնվում է ժառանգական գույքը, վճարված կամ ապահովված են,
2) վճարված կամ ապահովված են ժառանգության հետ կապված բոլոր գանձումները,
3) Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավասու հիմնարկները տվել են ժառանգական գույքի արտահանման թույլտվություն։
4. Դրամական գումարների փոխանցումը կատարվում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում գործող օրենսդրության համապատասխան։
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 51. | Քաղաքացիական և ընտանեկան գործերով, ինչպես նաև վնասի հատուցման մասով քրեական գործերով որոշումները ճանաչելը և կատարելը |
1. Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար ճանաչում և կատարում են քաղաքացիական և ընտանեկան գործերով արդարադատության հիմնարկների օրինական ուժի մեջ մտած որոշումները, ինչպես նաև այն վնասի հատուցման մասով վճիռները, որը պատճառվել է հանցագործությամբ։
2. Պայմանավորվող կողմերի տարածքում առանց հատուկ վարույթի ճանաչվում են նաև քաղաքացիական և ընտանեկան գործերով խնամակալության և հոգաբարձության մարմինների, ինչպես նաև մյուս արդարադատության հիմնարկների այն որոշումները, որոնք իրենց բնույթով կատարում չեն պահանջում։
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿԵԼԸ
Հոդված 52. | Դատարանների իրավասությունը |
1. Կատարման թույլտվության վերաբերյալ միջնորդությունների քննարկումը մտնում է այն Պայմանավորվող կողմի դատարանների իրավասության մեջ, որի տարածքում պետք է իրականացվի կատարումը։
2. Կատարման թույլտվության վերաբերյալ միջնորդությունը տրվում է այն դատարանին, որը, որպես առաջին ատյան, գործով որոշում է կայացրել։ Այդ դատարանի կողմից միջնորդությունն ուղարկվում է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որն իրավասու է միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել։
Հոդված 53. | Միջնորդությունը |
Կատարման թույլտվության վերաբերյալ միջնորդությանը կցվում են.
1) դատարանի կողմից հաստատված որոշման պատճենը,
2) որոշումն օրինական ուժի մեջ մտնելու մասին պաշտոնական փաստաթուղթը, եթե դա չի երևում բուն որոշման տեքստից,
3) փաստաթուղթ, որից հետևում է, որ պատասխանողին, որը դատավարությանը չի մասնակցել, ժամանակին և պատշաճ ձևով գոնե մեկ անգամ ծանուցագիր է հանձնվել դատարան կանչվելու մասին,
4) միջնորդության և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերի հաստատված թարգմանությունը՝ սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան։
Հոդված 54. | Կասկածները կատարման թույլտվություն տալիս |
Եթե կատարման թույլտվություն տալիս դատարանի մոտ կասկածներ առաջանան, ապա նա կարող է որոշման կատարման մասին միջնորդություն հարուցած անձից հայցել բացատրություններ, ինչպես նաև հարցաքննել պարտապանին, ըստ միջնորդության էության, և անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատարանից։
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 55. | Կատարման կարգը |
Կատարման կարգը կարգավորվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է իրականացվի կատարումը։
Հոդված 56. | Դատական ծախսերը |
Կատարման հետ կապված դատական ծախսերի առնչությամբ կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի տարածքում որոշումը պետք է ի կատար ածվի։
Հոդված 57. | Դատական որոշումները ճանաչելը և կատարելը մերժելը |
Դատական որոշման ճանաչումը կամ կատարման թույլտվությունը կարող է մերժվել, եթե.
1) միջնորդություն հարուցած անձը կամ գործով պատասխանողը դատավարությանը չի մասնակցել այն բանի հետևանքով, որ նրան կամ նրա լիազորված անձին ժամանակին և պատշաճորեն դատարան կանչելու մասին ծանուցագիր չի հանձնվել,
2) միևնույն կողմերի միջև նույն իրավական վեճով՝ այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ պետք է ճանաչվի և կատարվի որոշումը, նախկինում արդեն օրինական ուժի մեջ մտած որոշում է կայացվել, կամ եթե այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից տվյալ գործով նախկինում վարույթ է հարուցված եղել,
3) սույն Պայմանագրի դրույթների համաձայն, իսկ սույն Պայմանագրով չնախատեսված դեպքերում՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, գործը վերաբերում է նրա արդարադատության հիմնարկների բացառիկ իրավասությանը։
Հոդված 58. | Հաշտության համաձայնություն |
Դատական որոշումների վերաբերյալ սույն Պայմանագրի 51-57-րդ հոդվածների դրույթները կիրառվում են նաև դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնության նկատմամբ։
Հոդված 59. | Իրերի արտահանումը և դրամական գումարների փոխանցումը |
Որոշումների կատարման վերաբերյալ սույն Պայմանագրի դրույթները չեն շոշափում դրամական գումարների փոխանցման և կատարման հետևանքով ձեռք բերված առարկաների արտահանման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի օրենսդրությունը։
Մ Ա Ս Ե Ր Ր Ո Ր Դ
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ
Հոդված 60. | Քրեական հետապնդում իրականացնելը |
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմի հարցումով, կարող է, իր օրենսդրության համապատասխան, քրեական հետապնդում իրականացնել իր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կասկածվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություններ կատարելու մեջ։
Հոդված 61. | Քրեական հետապնդում իրականացնելու մասին հարցումը և անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հարցումը ուղարկվում է գրավոր և պետք է պարունակի.
1) հայցող արդարադատության հիմնարկի անվանումը,
2) հայցվող այն արդարադատության հիմնարկի անվանումը, որն իրավասու է անցկացնել քննություն կամ դատաքննություն,
3) այն արարքի նկարագրությունը, որի կապակցությամբ ուղարկվել է քրեական դատավարություն իրականացնելու վերաբերյալ հարցումը, ներառյալ՝ կատարված հանցագործության տեղի և ժամանակի կոնկրետ նշումը,
4) քննության արդյունքների շարադրանքը, որոնք հիմնավորում են հանցագործության կատարման վերաբերյալ կասկածը,
5) հնարավոր ճշգրիտ տեղեկատվություն կասկածյալ անձի, քաղաքացիության և բնակության վայրի մասին,
6) հանցագործությամբ պատճառված վնասի չափի վերաբերյալ տվյալները։
2. Քրեական հետապնդում իրականացնելու մասին հարցումը պետք է ուղեկցվի.
1) Պայմանավորվող կողմի այն օրենքի դրույթի տեքստով, որի հիման վրա տվյալ արարքը հանցագործություն է համարվում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ օրենսդրական նորմերի տեքստերով, որոնք քննության համար նշանակություն ունեն,
2) տուժողների դիմումներով՝ այն քրեական գործերով, որոնք հարուցվել են տուժողի գանգատով, և վնասի հատուցման մասին դիմումներով,
3) քրեական հետապնդման վերաբերյալ ապացույցներ պարունակող նյութերով, ինչպես նաև հայցող Պայմանավորվող կողմի մոտ առկա ցանկացած տեղեկատվությամբ, որը հնարավորություն կտա պարզելու կասկածյալի անձը, ներառյալ՝ նրա արտաքինի նկարագրությունը, լուսանկարները և անձը նույնականացնող այլ տվյալներ։
3. Հարցումը և դրան կցվող փաստաթղթերը ուղեկցվում են հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով հաստատված թարգմանությամբ կամ ռուսերենով։
Հոդված 62. | Հարցման կատարման պայմանը |
Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հարցումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե արարքը, որի կապակցությամբ հարցումն ուղարկվում է, հանցագործություն կհամարվեր, եթե այն կատարված լիներ հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում։
Հոդված 63. | Քրեական հետապնդում իրականացնելու անհնարինությունը |
Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հարցումը չի կատարվում, եթե անձի նկատմամբ, որի հետապնդումը պահանջվում է, միևնույն հանցագործության համար հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ գործով այլ վերջնական որոշում, որի մասին ծանուցվում է հայցող Պայմանավորվող կողմը։ Այդ դեպքում հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկների կողմից քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ նրանց կողմից հարուցված գործը ենթակա է կարճման։
ՀԱՆՁՆՈՒՄ
Հոդված 64. | Հանձնում առաջացնող հանցագործությունները |
1. Պայմանավորվող կողմերը փոխադարձորեն պարտավորվում են, սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, ըստ հարցման, հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար։
2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենքներով հանցագործություն են համարվում, և որոնց կատարման համար որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում վեց ամսից ոչ պակաս ժամկետով կամ այլ ավելի խիստ պատիժ։
3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնումը կատարվում է այն արարքների համար, որոնք Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենքներով պատժելի են համարվում, և որոնց կատարման համար որպես պատիժ նշանակված է ազատազրկում մեկ տարուց ոչ պակաս ժամկետով։
4. Եթե հանձնման մասին հարցումը վերաբերում է մի քանի առանձին հանցագործությունների, որոնցից բոլորը չէ, որ համապատասխանում են սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմաններին, ապա պահանջվող անձի հանձնումը կարող է թույլատրվել այն պայմանով, եթե այդ հանցագործություններից գոնե մեկը հանձնում է առաջացնում։
Հոդված 65. | Հանձնումը մերժելը |
1. Հանձնում չի կատարվում, եթե.
1) անձը, որի հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել, համարվում է հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի կամ անձ, որին այդ պետությունում ապաստանի իրավունք է տրվել,
2) երկու Պայմանավորվող կողմերի օրենսդրության համապատասխան՝ քրեական հետապնդումը հարուցվում է միայն տուժողի գանգատով (դիմումով, բողոքով),
3) հարցումն ստանալու պահին, հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով կամ այլ օրինական հիմքով,
4) անձի նկատմամբ, որի հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում միևնույն հանցագործության համար կայացվել է դատավճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել, կամ կայացվել է գործով վարույթը կարճելու մասին որոշում։
2. Հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առնչությամբ ուղարկվել է հանձնման վերաբերյալ հարցում, կատարվել է հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում։
3. Հանձնումը մերժելու դեպքում հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին անհապաղ հաղորդում է մերժման հիմքերի մասին։
Հոդված 66. | Հանձնումը հետաձգելը |
Եթե անձը, որի առնչությամբ հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում քրեական պատասխանատվության է ենթարկվել կամ պատիժ է կրում այլ հանցագործության համար, ապա հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական հետապնդման, պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ ցանկացած օրինական հիմքով ազատելը։
Հոդված 67. | Ժամանակավոր հանձնելը |
1. Եթե հանձնման հետաձգումը, որը նախատեսված է սույն Պայմանագրի 66-րդ հոդվածով, կարող է հանգեցնել քրեական հետապնդման վաղեմության ժամկետի ավարտի կամ լրջորեն կարող է դժվարացնել հանցագործության քննությունը, ապա, հիմնավոր միջնորդությամբ, կարող է կատարվել ժամանակավոր հանձնում՝ պայմանով, որ հանձնված անձը դատավարական գործողությունները կատարելուց հետո, որոնց համար նա հանձնվել է, պետք է անհապաղ վերադարձվի։
2. Անձի ժամանակավոր հանձնման ժամկետները համատեղ որոշում են Պայմանավորվող կողմերը՝ ելնելով արդարադատության իրականացման շահերից և հաշվի առնելով կալանքի տակ պահելու՝ Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ թույլատրված առավելագույն ժամկետները։
Հոդված 68. | Հանձնումը մի քանի պետությունների հարցումով |
Եթե միևնույն անձի հանձնման վերաբերյալ հարցումներ են ստացվել մի քանի պետություններից, ապա հարցն այն մասին, թե դրանցից որն է ենթակա բավարարման, լուծում է հայցվող Պայմանավորվող կողմը։
Հոդված 69. | Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները |
1. Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության, հանձնված անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել կամ պատժի ենթարկվել մինչև հանձնումը կատարած հանցագործության կապակցությամբ, որի համար նա չի հանձնվել` կապված հանձնման համար հիմք չհանդիսացող հանցագործության հետ։
2. Հանձնված անձը չի կարող նաև երրորդ պետության հանձնվել առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե հանձնված անձը քրեական հետապնդման, պատիժը կրելու ավարտից կամ ցանկացած օրինական հիմքով ազատվելուց հետո 30 օրվա ընթացքում չի հեռացել հայցող Պայմանավորվող կողմի տարածքից, կամ եթե նա կամավոր այնտեղ է վերադարձել արդեն այն բանից հետո, երբ ինքն այդ տարածքից հեռացել է։ Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չէր կարող հեռանալ իրենից անկախ հանգամանքներով։
Հոդված 70. | Հանձնման վերաբերյալ հարցումը |
1. Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է կազմվի գրավոր և պարունակի.
1) հայցող հիմնարկի անվանումը,
2) հայցող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա արարքը հանցագործություն է համարվում,
3) անձի անունը և ազգանունը, որի առնչությամբ հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել, տվյալներ նրա քաղաքացիության, բնակության վայրի կամ գտնվելու տեղի մասին և այլ տվյալներ նրա անձի մասին, ինչպես նաև, հնարավորության դեպքում, այդ անձի արտաքինի նկարագրությունը, նրա լուսանկարը և ձեռքերի մատնահետքերը,
4) նշում պատճառված նյութական վնասի չափի մասին։
2. Քրեական հետապնդում իրականացնելու համար հանձնման վերաբերյալ հարցմանը պետք է կցվի կալանքի վերցնելու մասին որոշման հաստատված պատճենը՝ գործի փաստացի հանգամանքների նկարագրությամբ։
3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնման վերաբերյալ հարցմանը պետք է կցվեն այն դատավճռի հաստատված պատճենը՝ օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկանքով, որի հիման վրա անձը դատապարտվել է։
Հոդված 71. | Հանձնման համար կալանավորելը |
1. Հանձնման վերաբերյալ հարցումը հայցվող Պայմանավորվող կողմը քննարկում է իր օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին համապատասխան և իր որոշման մասին անհապաղ հայտնում է հայցող Պայմանավորվող կողմին։
2. Հանձնման վերաբերյալ հարցումն ստանալով՝ հայցվող Պայմանավորվող կողմը, իր օրենսդրության համապատասխան, միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանավորելու համար, որի առնչությամբ հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել, բացառությամբ այն դեպքերի, երբ, սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, հանձնումը չի թույլատրվում։ Այդ անձի կալանավորման փաստի մասին անհապաղ տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմը։
Հոդված 72. | Լրացուցիչ տվյալներ |
1. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է լրացուցիչ տեղեկություններ պահանջել, եթե հանձնման վերաբերյալ հարցումը չի պարունակում սույն Պայմանագրի 70-րդ հոդվածում նշված անհրաժեշտ տվյալները։ Մյուս Պայմանավորվող կողմը պետք է այդ հարցմանը պատասխանի մեկ ամիսը չգերազանցող ժամկետում. հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը կարող է երկարացվել 15 օրով։
2. Եթե հայցող Պայմանավորվող կողմը սահմանված ժամկետում լրացուցիչ տվյալներ չներկայացնի, ապա հայցվող Պայմանավորվող կողմը կարող է ազատել անձին, որը կալանավորվել է սույն Պայմանագրի 71-րդ հոդվածին համաձայն։
Հոդված 73. | Կալանավորելը նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը |
1. Անհետաձգելի դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, կարող է անձին կալանավորել նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը։ Միջնորդության մեջ պետք է լինի հղում կալանքի վերցնելու մասին որոշմանը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնման վերաբերյալ հարցումը կուղարկվի անհապաղ։
Միջնորդությունը կարող է փոխանցվել փոստով, հեռագրով, հեռակապով, հեռատիպով կամ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) միջոցով կամ ցանկացած այլ գրավոր ձևով։
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կալանավորման մասին կամ այն պատճառների մասին, որոնց պատճառով սույն հոդվածի 1-ին կետում նշված միջնորդությունը չի բավարարվել, պետք է անհապաղ ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին։
3. Սույն հոդվածի 1-ին կետին համաձայն կալանավորված անձը պետք է ազատվի, եթե կալանավորման մասին ծանուցում ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում մյուս Պայմանավորվող կողմից հանձնման վերաբերյալ հարցում չի ստացվել։
4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան անձին ազատելը չի խոչընդոտում հանձնելու նպատակով պահանջվող անձին կրկին կալանավորելու համար՝ հանձնման վերաբերյալ հարցումը և հաստատող փաստաթղթերը հետագայում ստանալու դեպքում։
5. Անձը կարող է կալանավորվել առանց սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջնորդության, եթե առկա են հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված հիմքեր՝ կասկածելու, որ նա մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարել է հանձնում առաջացնող հանցագործություն։
Հոդված 74. | Հանձնման կարգը |
1. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին հայտնում է հանձնման վերաբերյալ իր որոշման մասին՝ տեղեկացնելով հանձնման տեղի և ժամանակի մասին։
2. Եթե հանձնման սահմանված օրվանից հետո 15 օրվա ընթացքում հայցող Պայմանավորվող կողմը չընդունի հանձնման ենթակա անձին, ապա այդ անձը պետք է կալանքից ազատվի։ Հայցող Պայմանավորվող կողմի հարցումով նշված ժամկետը կարող է երկարացվել, բայց 15 օրվանից ոչ ավելի։ Անձի հանձնումը կատարվում է հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում։
3. Անձի փոխանցման ընթացակարգը կարող է ներառել փոխանցման մասին երկու օրինակից արձանագրություն կազմելը, որն ստորագրվում է երկու Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների ներկայացուցիչների կողմից։ Անհրաժեշտության դեպքում անձին ստանալու վերաբերյալ հայցող Պայմանավորվող կողմի ներկայացուցիչների լիազորությունները կարող են հաստատվել Պայմանավորվող կողմերի միջև նախապես համաձայնեցված համապատասխան փաստաթղթերով։
4. Եթե, իրենից անկախ հանգամանքներով, Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի կարողանում հանձնել կամ ընդունել հանձնման ենթակա անձին, ապա նա այդ մասին անհապաղ ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին։ Պայմանավորվող կողմերը համատեղ որոշում են անձի փոխանցման նոր ժամկետը, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները։
Հոդված 75. | Կրկնակի հանձնումը |
Եթե հանձնված անձը մինչև հայցող Պայմանավորվող կողմի տարածքում այն հանցագործության կատարման համար պատասխանատվությունից վերջնականորեն ազատվելը, որի կապակցությամբ հանձնվել է, վերադառնա հայցվող Պայմանավորվող կողմի տարածք, ապա այդ անձի կրկնակի հանձնումը կարող է իրականացվել հարցումով՝ առանց ներկայացնելու սույն Պայմանագրի 70-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը։
Հոդված 76. | Իրեղեն ապացույցները փոխանցելը |
1. Այն չափով, որը հնարավորություն է տալիս հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, և երրորդ կողմերի իրավունքները հաշվի առնելով՝ առկա բոլոր իրեղեն ապացույցները, որոնք առնչվում են անձի հանձնում առաջացնող հանցագործությանը, հարցման առկայության դեպքում փոխանցվում են հայցող Պայմանավորվող կողմին։ Այդ իրեղեն ապացույցները փոխանցվում են նաև այն դեպքում, երբ անձի հանձնումը չի կարող կատարվել նրա մահվան կամ այլ պատճառներով։
2. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է ժամանակավորապես հետաձգել սույն հոդվածի 1-ին կետում նշված իրեղեն ապացույցների փոխանցումը, եթե դրանք անհրաժեշտ են այլ քրեական գործով վարույթի համար։
3. Հայցող Պայմանավորվող կողմին փոխանցված իրեղեն ապացույցների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները պահպանվում են, եթե այդ իրեղեն ապացույցները քաղաքացիական վեճի օբյեկտ չեն հանդիսանում։ Գործով վարույթն ավարտելուց հետո այդ իրեղեն ապացույցները պետք է վերադարձվեն այն Պայմանավորվող կողմին, որը դրանք փոխանցել է։
Հոդված 77. | Տարանցիկ փոխադրում |
1. Եթե անձը երրորդ պետությունից մի Պայմանավորվող կողմին պետք է հանձնվի մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, ապա այդ անձին ստացող Կողմը մյուս Կողմից թույլտվություն է հայցում նրա տարածքով այդ անձի տարանցիկ փոխադրման համար։ Տվյալ դրույթը չի կիրառվում օդային տրանսպորտ օգտագործելու դեպքում, երբ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջք չի պլանավորվում։ Պայմանավորվող կողմերը կարող են չթույլատրել այն անձանց տարանցիկ փոխադրումը, որոնց հանձնումը, սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, չի թույլատրվում։
2. Տարանցիկ փոխադրման թույլտվության վերաբերյալ հարցումը ձևակերպվում և ուղարկվում է նույն կարգով, ինչ հանձնման վերաբերյալ հարցումը։
3. Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները յուրաքանչյուր առանձին դեպքում համաձայնեցնում են տարանցման եղանակը, երթուղին և այլ պայմանները։
4. Տարանցիկ փոխադրման ժամանակ համապատասխան Պայմանավորվող կողմը ապահովում է փոխադրվող անձին կալանքի տակ պահելը և անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս փոխադրվող անձին ուղեկցող մյուս Պայմանավորվող կողմի ներկայացուցիչներին։
5. Օդանավի չպլանավորված վայրէջքի դեպքում Պայմանավորվող կողմը, որի տարածքի վրայով թռիչքն իրականացվում է, մյուս Պայմանավորվող կողմի ներկայացուցիչների խնդրանքով, ովքեր ուղեկցում են փոխադրվող անձին, կարող է այդ անձին 48 ժամվա ընթացքում կալանքի տակ պահել՝ մինչև սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ներկայացվող տարանցիկ փոխադրման վերաբերյալ հարցումն ստանալը։
6. Այդպիսի հարցումը կարող է փոխանցվել տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգնությամբ, ներառյալ հեռագիրը, հեռատիպը, հեռակապը, էլեկտրոնային փոստը։
7. Տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը կրում է հայցող Պայմանավորվող կողմը։
Հոդված 78. | Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների ներկայությունը |
Պայմանավորվող կողմերից մեկի ներկայացուցիչները, մյուս Պայմանավորվող կողմի համաձայնությամբ, կարող են ներկա գտնվել մյուս Պայմանավորվող կողմի կողմից քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ հարցումները կատարելիս։
Հոդված 79. | Դատվածության մասին տվյալները |
Պայմանավորվող կողմերը հարցումով փոխադարձաբար տվյալներ են տրամադրում նախկինում իրենց դատարանների կողմից դատապարտված անձանց դատվածության մասին, եթե այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում։
Հոդված 80. | Քրեական հետապնդման արդյունքների վերաբերյալ տվյալները |
Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար տվյալներ են տրամադրում այն անձի քրեական հետապնդման արդյունքների մասին, որի առնչությամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հարցում է ուղարկվել, ինչպես նաև՝ հանձնված անձի վերաբերյալ։ Ըստ հարցման՝ ուղարկվում է օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ այլ վերջնական որոշման պատճենը։
Հոդված 81. | Դատավճիռների վերաբերյալ տվյալները |
Պայմանավորվող կողմերը ամեն տարի փոխադարձաբար տեղեկություններ կտրամադրեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերաբերյալ, որոնք կայացվել են մի Պայմանավորվող կողմի դատարանների կողմից մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների նկատմամբ։
Մ Ա Ս Չ Ո Ր Ր Ո Ր Դ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 82. | Պայմանագրի ուժի մեջ մտնելը |
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման։
2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից հետո 30 օր անց։
Հոդված 83. | Պայմանագրի գործողության ժամկետը |
1. Սույն Պայմանագիրը գործելու է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում։
2. Սույն Պայմանագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի դադարեցնում նրա գործողությունը՝ այդ մասին հայտագրով ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին ոչ ուշ, քան սույն Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվանից վեց ամիս առաջ։
Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լիտվերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են։
Սույն Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքերում հիմք կընդունվի ռուսերեն տեքստը։
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 08.07.2005թ.
