Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 մայիսի 2012 թվականի N 19
15. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանԸ հավանություն տալու մասին
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 17-ի նիստի N 19 արձանագրային որոշման |
Ե զ ր ա կ ա ց ու թ յ ու ն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության ՄԱՍԻՆ
2011 թվականը կարելի է բնութագրել որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի` երկու հիմնական տեսանկյուններով: Նախ` հետևողական դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև տարվա ընթացքում հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվեց մեղմել դեռևս նախորդ տարվա երկրորդ կեսից ձևավորված բարձր գնաճային միջավայրը, ինչին նպաստեցին նաև ներքին և արտաքին մակրոտնտեսական բարենպաստ զարգացումները: Երկրորդ` արձանագրվեց տնտեսական աճի տեմպերի արագացում, ընդ որում, հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առաջանցիկ աճի հաշվին: Արտաքին մակրոտնտեսական կայունության առումով դրական էին նաև ընթացիկ հաշվի զարգացումները:
Ըստ էության, տարվա ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականության ուղղությունները պայմանավորվել են ձևավորված և սպասվող մակրոտնտեսական միջավայրի պայմաններում բարձր գնաճի զսպման անհրաժեշտությամբ: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տարեսկզբին խստացրել է դրամավարկային պայմանները` բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 1,25 տոկոսային կետով:
Անդրադառնալով հաշվետվության առանձին բաժիններին` կարելի է նկատել, որ հաշվետվությունում ներկայացված գնահատականների համաձայն տնտեսության տարբեր հատվածներից եկել են գնանկումային ազդակներ` ընդհանուր առմամբ 0.8-0.9 տոկոսային կետի չափով: Մասնավորապես, «3.4. Համախառն պահանջարկ և առաջարկ» բաժնի «3.4.1. Համախառն պահանջարկ» ենթաբաժնում ներկայացված է, որ 2011 թվականի 4-րդ եռամսյակում մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծախսումներն ունեցել են թույլ գնանկումային` 0.1-0.2 տոկոսային կետ ազդեցություն: Նույն ենթաբաժնում նշվում է նաև, որ հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա եղել է 0.9 տոկոսային կետով զսպող: «3.5. Աշխատանքի շուկա» բաժնում ներկայացվում է, որ աշխատանքի շուկայից նշված ժամանակահատվածում եկել են թույլ` 0.2 տոկոսային կետ գնաճային ճնշումներ:
Միաժամանակ, «3.3.1. Տոկոսադրույքներ» ենթաբաժնում ներկայացված ֆինանսական շուկայի տոկոսադրույքների միտումները փաստում են, որ նոյեմբերի երկրորդ կեսից միջբանկային շուկայում տոկոսադրույքների էական աճ է նկատվել, այն դեպքում, երբ սեպտեմբերին, գնաճի նվազման միտումների արագացման պայմաններում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5-ից 8 տոկոսի: Կարծում ենք, որ առավել մանրամասն պետք է վերլուծվեին նշված միտումները պայմանավորող գործոնները, այդ թվում` պարզաբանվեր դրանց կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ ունենալու հանգամանքը, որից կախված առավել հասկանալի կլիներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամի առաջարկի և տոկոսադրույքների կարգավորման իրականացված քաղաքականության բնույթը:
