Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների տնտեսվարող կազմակերպությունների միջև հաշվարկների բարելավման ապահովման համար միջոցների մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների պետությունների ղեկավարները տնտեսվարող կազմակերպությունների միջև հաշվարկների բարելավման և ապրանքների ու ծառայությունների համար փոխադարձ պարտքերի կրճատման նպատակով,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Անհանդուրժելի ճանաչելու բյուջեի և այլ պարտավորությունների համար հաշվարկների ձևավորված իրավիճակը` ապրանքների և ծառայությունների դիմաց:
Պարտավորեցնել կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկելու ֆինանսական իրավիճակի բարելավման համար և գործողության մեջ դնելու անվճարունակ ձեռնարկությունների և կազմակերպությունների առողջացման և սնանկացման մեխանիզմը:
Հ ո դ վ ա ծ 2
Կառավարությունների և ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարներին հանձնարարել.
կարգավորել ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների պահանջները` ներառյալ միջպետական պարտավորությունների փոխադարձ հաշվարկը, համադրելով այն վճարահաշվարկային հարաբերությունների վճարային հաշվեկշիռների մշակման, ազգային տարադրամ մտցնելու հեռանկարի հետ,
սահմանել Անկախ Պետությունների Համագործակցության երկրների կապի ձեռնարկությունների միջոցով հաշվարկների կարգը` ժամանակին ապահովելով դրամական փոխանցում ստացողների հաշվարկների համար դրամական միջոցների ստացումը,
ձեռնարկությունների միջև մուրհակների կիրառմամբ հաշվարկների մեխանիզմի ներդրման ապահովում, ինչպես նաև հեռագրի և հաշիվների վճարման արագացման այլ ձևերի օգտագործումը,
համաձայնագիր կնքել միակ օրինական դրամական միջոցի` ռուբլու վրա հիմնված դրամական համակարգի հետագա գործունեության մեխանիզմի և ռուբլու գոտում համաձայնեցված դրամավարկային քաղաքականության անցկացման համապատասխան մեթոդների մասին, հաշվի առնելով առանձին պետություններում` նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, ազգային դրամական միավոր մտցնելու հեռանկարը:
Հանձնարարել ազգային (կենտրոնական) բանկերին ընթացիկ տարվա մայիսի 20-ից ոչ ուշ սահմանելու փոխադարձ վճարահաշվարկային հարաբերությունների կարգավորման ժամկետները, սակայն ոչ ուշ ընթացիկ տարվա հունիսի առաջին կեսից:
Հ ո դ վ ա ծ 3
Հաշվարկների ժամանակին անցկացման համար տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության բարձրացման նպատակով սահմանել տույժ առաքված ապրանքների և ցուցաբերված ծառայությունների դիմաց ոչ ժամանակին հաշվարկների համար` վճարման ուշացման յուրաքանչյուր օրվա համար առնվազն 0,2 %-ի չափով:
Հ ո դ վ ա ծ 4
Ֆիկտիվ (կեղծ) փաստաթղթերով (ավիզո) գործողությունների անցկացման կանխարգելման նպատակով ռուբլու գոտու մեջ մտնող պետությունների կենտրոնական (ազգային) բանկերը առևտրային բանկերի թղթակցային հաշիվներին միջոցների հաշվանցումը պետք է կատարեն միայն ծանուցագրերով` վավերացված կենտրոնական (ազգային) բանկի զինանշանի կնիքով:
Հ ո դ վ ա ծ 5
Միջպետական տնտեսական վեճերի լուծման նպատակով, որոնք չեն կարող ենթարկվել Համագործակցության պետությունների գերագույն տնտեսական (արբիտրաժային) դատարանների իրավասությանը, ստեղծել Համագործակցության Տնտեսական դատարան:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն տնտեսական և արբիտրաժային դատարանները պետք է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների Խորհրդի հերթական նիստի օրակարգ մտցնեն Համագործակցության Տնտեսական դատարանի կազմի վերաբերյալ առաջարկություններ և այդ Դատարանի Կանոնադրության նախագիծը:
Կատարված է Տաշքենդ քաղաքում 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի վավերական պատճենը:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ից:
