Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալական նպաստների, փոխհատուցումային վճարումների և ալիմենտների վճարման բնագավառում քաղաքացիների երաշխիքների մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետություններն ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով, որ յուրաքանչյուր Կողմ պետք է իրականացնի երեխաներ ունեցող քաղաքացիներին երաշխավորված պետական սոցիալական օգնություն,
ելնելով երեխաներ ունեցող և սույն Համաձայնագիրը ստորագրած պետությունների տարածքներում բնակվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև բերված հասկացությունները նշանակում են.
«քաղաքացիներ»` Կողմերից մեկի պետության քաղաքացիներ, որևէ Կողմի տարածքում բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիներ,
«երեխաներ ունեցող քաղաքացիներին երաշխավորված պետական սոցիալական օգնություն»` երեխաներ ունեցող քաղաքացիներին պետական սոցիալական նպաստների և փոխհատուցումային վճարների նշանակում և վճարում` Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան,
«ազգային օրենսդրություն»` օրենքներ, պետական իշխանության բարձրագույն մարմինների հրամանագրեր, որոշումներ, ինչպես նաև երեխաներով ընտանիքներին պետական սոցիալական օգնության և ալիմենտների բնագավառում որևէ Կողմի տարածքում գործող նորմատիվ իրավական ակտեր,
«փաստաթղթեր»` սոցիալական նպաստների, փոխհատուցումային վճարների և ալիմենտների նշանակման և վճարման համար ազգային օրենսդրությամբ նախատեսված ծննդյան վկայական, տեղեկանք բնակության վայրից, տեղեկանք աշխատանքի վայրից և այլ փաստաթղթեր,
«հաստատված կարգ»` ազգային օրենսդրությամբ սահմանված երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալական նպաստների և փոխհատուցումային վճարների ու ալիմենտների նշանակման և վճարման չափերը և պայմանները:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Համաձայնագիրը տարածվում է երեխաներ ունեցող ընտանիքներին երաշխավորված պետական սոցիալական օգնության վճարումների և ալիմենտների բոլոր տեսակների վրա, որոնք հաստատված են կամ կընդունվեն ազգային օրենսդրությամբ:
Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում չի հաստատի որևէ սահմանափակում հիմնված քաղաքացիության տարբերակման վրա երեխաներ ունեցող անձանց երաշխավորված պետական սոցիալական օգնություն ստանալու համար:
Հ ո դ վ ա ծ 3
Երեխաներ ունեցող քաղաքացիներին երաշխավորված պետական սոցիալական օգնությունը իրականացվում է այն Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում բնակվում է երեխան ծնողներից մեկի հետ (նրան փոխարինող անձի հետ):
Սոցիալական նպաստները և փոխհատուցումային վճարները Կողմերից որևէ մեկի զինծառայողներից և զինվորական կազմավորումների քաղաքացիական անձնակազմից երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք գտնվում են մյուս Կողմի տարածքում, սահմանվում են այն դեպքերում, եթե դրանց վճարումը կատարվում է աշխատանքի (ծառայության) վայրում կեցության Կողմի ազգային օրենսդրությամբ նախատեսված չափերով և պայմաններով, զինվորական կազմավորումների պատկանելության Կողմի բյուջեից հատկացվող միջոցների հաշվին, իսկ այլ դեպքերում` կեցության Կողմի քաղաքացիների համար նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 4
Սույն Համաձայնագրով սոցիալական նպաստների և փոխհատուցումային վճարների վճարման հետ կապված ծախսերը կրում է Կողմը, որի տարածքում մշտապես բնակվում են երեխաներ ունեցող քաղաքացիներ, առանց փոխադարձ հաշվարկների, եթե այլ բան չի նախատեսված իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրերով և սույն Համաձայնագրով:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերի քաղաքացիներին ալիմենտների սահմանումը և գանձումը (վճարումը) իրականացվում է այն Կողմի ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով, որի տարածքում նրանք բնակվում են:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը ճանաչում և ապահովում են ալիմենտների գործերով դատական որոշումների կատարումը:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը առաջնային կարգով բանկերի և (կամ) փոստային կապի հաստատությունների միջոցով ապահովում են իրենց տարածքներում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող ֆիզիկական անձանց ալիմենտներով, երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալական նպաստների և փոխհատուցումային վճարների դրամական միջոցների ազատ փոխանցումը և վճարումը:
Երեխաներ ունեցող ընտանիքներին ալիմենտներով և այլ փոխհատուցումային վճարների գծով դրամական միջոցների փոխանցումը իրականացվում է սոցիալապես նշանակալի ոչ առևտրային վճարումներով քաղաքացիներին դրամական միջոցների փոխանցման մասին միջկառավարական համաձայնագրով:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագրի իրացման նպատակով, Կողմերը.
կանցկացնեն քաղաքականություն՝ համագործակցության միջոցով ազգային օրենսդրությունների մերձեցման նպատակով,
կտեղեկացնեն միմյանց իրենց պետություններում գործող սոցիալական օրենսդրությունների և դրանց փոփոխությունների մասին, այդ թվում բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության գծով Խորհրդակցական խորհրդի միջոցով:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագրի իրացման նպատակով մի Կողմի տարածքում հաստատված ձևով տրված փաստաթղթերը կամ դրանց հաստատված պատճենները մյուս Կողմի տարածքում ընդունվում են առանց օրինականացման:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև բանակցությունների և այլ հանրաճանաչ միջոցներով, ներառյալ Կողմերից որևէ մեկի խնդրանքով ստեղծվող համաձայնեցնող հանձնաժողովները:
Հ ո դ վ ա ծ 11
Փոխադարձ պայմանավորվածությամբ, Կողմերը կարող են սույն Համաձայնագրում կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և հանդիսանում սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող երեք Կողմերի ծանուցումները ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` նման միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ մեկ տարի ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին` համապատասխան ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, երեխաներ ունեցող քաղաքացիների ծագած սոցիալական իրավունքներն իրենց ուժը չեն կորցնում նաև Համաձայնագրից որևէ Կողմի դուրս գալու դեպքում:
Երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալական նպաստների, փոխհատուցումային վճարների և ալիմենտների վճարման գծով սույն Համաձայնագրում մասնակցության ժամանակաընթացքում ծագած Կողմերի պարտավորությունները, Համաձայնագրից որևէ Կողմի դուրս գալու դեպքում, պահպանում են իրենց ուժը միչև դրանց լիովին կատարումը:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի սեպտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի հոկտեմբերի 27-ից:
