Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Համագործակցության մեջ չմտնող պետությունների հետ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանների անցման կետերում սահմանային հսկողության ոլորտում սահմանապահ զորքերի համագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները՝ ի դեմս սույն Համաձայնագիրը ստորագրած Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև սահմանային հարցերով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա,
ղեկավարվելով ազգային անվտանգության և Կողմերի սահմաններում կայուն իրադրության փոխադարձ ապահովման համար համագործակցությունը զարգացնելու ցանկությամբ,
անհրաժեշտ համարելով սահմաններով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և այլ առարկաների անցման կարգի համաձայնեցումը,
ելնելով սահմանների անցման կետերում անօրինական միգրացիայի, մաքսանենգության և այլ հակաիրավական գործունեության նախազգուշացման համար համակարգված և համատեղ միջոցառումների ընդունման շահագրգռվածությունից,
ուշադրություն դարձնելով սահմանապահ զորքերի՝ մաքսային, միգրացիոն, իրավապահ և Կողմերի այլ շահագրգիռ մարմինների հետ փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար հասկացությունները նշանակում են.
սահմաններ` Համագործակցության մեջ չմտնող պետությունների հետ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական սահմանների հատվածները,
երրորդ պետություն` Անկախ Պետությունների Համագործակցության մեջ չմտնող պետություն,
օտարերկրացի` երրորդ պետության քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ,
անցման կետեր` սահմանային երկաթուղային և ավտոմոբիլային կայարանների, ծովային և գետային նավահանգիստների, օդանավակայանների տարածքներ, ինչպես նաև միջազգային պայմանագրերին և ազգային օրենսդրությանը համապատասխան միջազգային հաղորդակցության համար բաց այլ վայրեր, որտեղ իրականացվում են սահմանային և հսկողության այլ ձևեր, ինչպես նաև անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանինների սահմանով անցումը,
սահմաններով անցում` սահմանային և հսկողության այլ ձևերի իրականացմանն ուղղված գործունեություն,
սահմանային հսկողություն` միջազգային պայմանագրերով Կողմերի ստանձնած պարտավորություններին համապատասխան ազգային օրենսդրությամբ սահմանված և սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանիների անցման ժամանակ իրականացվող միջոցառումների համալիր:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերն անցման կետերում սահմանային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ազգային օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան կձեռնարկեն համաձայնեցված միջոցներ:
Կողմերը, ըստ հնարավորության, անցման կետերում կստեղծեն առանձին ուղղություններ Կողմերի քաղաքացիների սահմանային հսկողության իրականացման համար, ինչպես նաև համաձայնեցված ջանքեր կգործադրեն երրորդ պետությունների տարածքից Կողմերի քաղաքացիների մուտքի ընթացակարգերը հեշտացնելու համար:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը ելնում են նրանից, որ Կողմերի տարածքներով մուտքի-ելքի կանոնների խախտում թույլ տված օտարերկրացիները, ելքի պետության օրենսդրությանը համապատասխան, ենթակա են արտաքսման, եթե այլ բան չի նախատեսված միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերը:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը կպլանավորեն և կիրագործեն համաձայնեցված միջոցառումներ ահաբեկչական գործողությունների, զենքի, ռազմամթերքի, թունավոր, հոգեներգործուն և թմրանյութերի, մաքսանենգության այլ առարկաների անօրինական տեղաշարժման, իրենց տարածք անօրինական ներմուծման (արտահանման) կանխման, ինչպես նաև սահմանային հսկողության ոլորտում իրավախախտումների այլ տեսակների կանխարգելման համար:
Հ ո դ վ ա ծ 5
Սահմաններում սահմանային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով Կողմերի սահմանային գերատեսչությունները փոխանակում են տեղեկատվություն.
անցման նոր կետերի բացման մասին,
Կողմերի անցման կետերում սահմանային հսկողության իրականացման վրա ազդող միջազգային հաղորդակցության ուղիներում ստեղծված իրավիճակի և դրա զարգացման հիմնական միտումների մասին,
սահմանի հատման իրավունքի վերաբերյալ փաստաթղթերի կեղծման նշանների, տրանսպորտային միջոցներում, բեռներում և ուղեբեռում անձանց ու մաքսանենգ առարկաները խորամանկորեն թաքցնելու հնարքների և ձևերի բացահայտման մասին,
սահմանի հատման և սահմանային հսկողության հարցերի վերաբերյալ օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի, ինչպես նաև Կողմերի մասնակցությամբ կնքված երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի մասին,
Կողմերի քաղաքացիների սահմանային հսկողության իրականացման համար ստեղծված սահմանի անցման կետերում առանձին ուղղությունների մասին,
սահմանային հսկողություն իրականացնելու համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին:
Տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է Կողմերի տեղեկատվական համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերով:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերի սահմանային գերատեսչությունները կարող են համատեղ միջոցառումներ անցկացնել հետևյալ հարցերով.
սահմանային հսկողության տեխնոլոգիաների կատարելագործման և օպտիմալացման,
սահմանային հսկողություն իրականացնելիս հատուկ տեխնիկական միջոցների և ծառայողական կենդանիների արդյունավետ օգտագործման,
հսկիչ անձնակազմի պատրաստման մակարդակի հավասարակշռման,
հակաիրավական գործունեության նշանների ժամանակին վերլուծության և անցման կետերում դրա դեմ պայքարի մեթոդների մշակման,
սահմանային հսկողության զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների լավագույն կազմակերպչական կառուցվածքների ստեղծման,
իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս անցման կետերի անձնակազմի նկատմամբ անօրինական գործողությունների նախազգուշացման,
սահմանների անցման կետերում հսկողության այլ ձևեր իրականացնող գերատեսչությունների գործունեության համակարգման,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերով:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունն իրականացվում է Կողմերի սահմանապահ գերատեսչությունների միջև անմիջական շփման և պայմանավորվածությունների միջոցով:
Այդ գործունեության համակարգումը Կողմերը դնում են Սահմանապահ զորքերի հրամանատարների Խորհրդի վրա:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են լրացումներ և փոփոխություններ կատարվել:
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ վեճերը լուծվում են Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերից բխող Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակիցներն են նրանք հանդիսանում:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից: Այն Կողմի համար, որն ավելի ուշ կծանուցի ավանդապահին այդպիսի ընթացակարգերի կատարման մասին, Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր անգամ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:
Հ ո դ վ ա ծ 10
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու ենթադրյալ ժամկետից առնվազն վեց ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր տեղեկացնելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետության կողմից միանալու համար:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի օգոստոսի 5-ից:
