Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության միջպետական խորհրդի ստեղծման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր),
ելնելով Կողմերի տարածքներում թողարկվող տպագիր արտադրանքի լայնորեն ու ազատ փոխանակման և տարածման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից,
հիմնվելով 1992 թվականի հոկտեմբերի 9-ի «Տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին» և 1995 թվականի փետրվարի 10-ի «Գրահրատարակչության, գրատարածման ու պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրերի վրա,
հաշվի առնելով ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1996 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Որոշմամբ հաստատված Անկախ Պետությունների Համագործակցության տեղեկատվական տարածքի ձևավորման հայեցակարգը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում ստեղծում են համագործակցության միջպետական խորհուրդ (ասուհետ՝ Խորհուրդ):
Հ ո դ վ ա ծ 2
Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Կանոնակարգի հիման վրա։
Հ ո դ վ ա ծ 3
Սույն Համաձայնագիրը բոլոր Կողմերի համաձայնությամբ բաց է Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար, միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած միանալուն համաձայնվելու մասին վերջին հաղորդագրությունը ավանդապահի ստանալու օրվանից։
Հ ո դ վ ա ծ 4
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 5
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում։
Հ ո դ վ ա ծ 6
Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք կձևակերպվեն արձանագրություններով:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը։
Հ ա վ ե լ վ ա ծ
«Պարբերական մամուլի, գրահրատարակչության,
գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում
համագործակցության միջպետական խորհրդի
ստեղծման մասին» Համաձայնագրին կից
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության միջպետական խորհրդի մասին
1. Ընդհանուր դրույթներ
1. Պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության միջպետական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվում է «Պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության միջպետական խորհրդի մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունների համագործակցության հետագա զարգացման և խորացման նպատակով:
2. Իր գործունեության ընթացքում Խորհուրդը ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումներով, միջպետական և միջկառավարական համաձայնագրերով և սույն Կանոնադրությամբ:
3. Խորհուրդը հաշվետու է Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդին:
2. Խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները և նրա գործառույթները
1. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են՝
պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացումը,
աջակցություն պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում ընդունված միջպետական և միջկառավարական որոշումների իրականացմանը:
2. Խորհրդի հիմնական գործառույթներն են՝
Համաձայնագրի մասնակից պետությունների միջև պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի հարցերի մասին տեղեկության միջպետական փոխանակման իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում,
պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում իրականացվող Համաձայնագրի մասնակից պետությունների փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակում և սահմանված կարգով դրանք Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը ներկայացում,
պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությունների մերձեցման ուղղությամբ երաշխավորությունների մշակում,
պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի հարցերով Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների, Համաձայնագրի մասնակից պետությունների պետական մարմինների ու կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտների հետ փոխգործակցություն,
պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում իրականացվող՝ Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի ու միջոցառումների նախապատրաստում և իրագործում:
3. Խորհրդի իրավունքները
Խորհուրդն իր գործառույթները կատարելու համար իրավունք ունի՝
Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան նախարարություններից ու գերատեսչություններից սահմանված կարգով խնդրել Խորհրդի վրա դրված խնդիրները կատարելու համար անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև տեղեկություն Խորհրդի որոշումների կատարման մասին,
սահմանված կարգով Համագործակցության մարմինների քննարկմանը ներկայացնել Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծերը, ներառյալ միջպետական նախագծերի ու ծրագրերի ծավալների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկությունները,
Խորհրդի առջև դրված խնդիրները կատարելու նպատակով սահմանված կարգով ստեղծել մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր,
Համաձայնագրի շահագրգիռ մասնակից պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում իրականացվող՝ Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության զարգացման ծրագրերի փորձաքննություններ, որոնց իրագործումը առնչվում է կամ կարող է առնչվել երկու և ավելի պետությունների շահերին,
լուծել իր իրավասության մեջ մտնող այլ հարցեր:
4. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը
1. Խորհուրդը կազմավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների՝ մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի գծով պետական մարմինների ղեկավարներից: Յուրաքանչյուր պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:
2. Խորհրդի կազմի մեջ է մտնում ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
3. Խորհրդում նախագահությունն իրականացվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի 1999 թվականի ապրիլի 2-ի «Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններում նախագահության կարգի մասին» Որոշմանը համապատասխան:
4. Խորհրդի նախագահը՝
կազմակերպում է Խորհրդի աշխատանքը,
անցկացնում է Խորհրդի նիստերը և ստորագրում է դրանց կողմից ընդունված փաստաթղթերը, ներկայացնում է Խորհուրդը Համագործակցության մարմիններում և միջազգային այլ կազմակերպություններում:
5. Խորհրդի նիստերն անցկացվում են տարեկան երկու անգամ: Խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է Խորհրդի նախագահի կողմից՝ այն դեպքում, եթե Խորհրդի առնվազն երեք անդամ հանդես է գալիս դրա անցկացման նախաձեռնությամբ և այդ մասին գրավոր ծանուցում է նախագահին արտահերթ նիստ անցկացնելու ենթադրյալ ժամկետից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
6. Խորհրդի նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների առնվազն երկու երրորդը։
7. Որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ընդհանուր համաձայնության հիման վրա:
Ընթացակարգային հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր շահագրգռված չլինելու մասին, ինչը որոշում ընդունելու համար չպետք է դիտվի որպես խոչընդոտ: Խորհրդի այն անդամները, որոնք համաձայն չեն որոշմանը, կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը մտցվում է Խորհրդի նիստի արձանագրության մեջ։
8. Խորհրդի որոշումները կրում են երաշխավորական բնույթ։
9. Խորհրդի հերթական նիստի ժամկետը, անցկացման վայրը և օրակարգը հաստատվում են դրա նախորդ նիստում:
10. Խորհրդի աշխատակարգը հաստատվում է նրա կողմից՝ ինքնուրույն:
11. Հերթական նիստի նյութերն ուղարկվում են Խորհրդի անդամներին դրա անցկացման ժամկետից ոչ ուշ, քան 30 օր առաջ։
12. Խորհրդի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրում է Խորհրդի նախագահը, և որոնք ուղարկվում են Խորհրդի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Համագործակցության մարմիններին:
13. Խորհրդի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:
14. Խորհուրդը իր իրավասության շրջանակներում փոխգործակցում է ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ:
5. Ֆինանսավորումը
1. Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը հոգում է Համաձայնագրի այն մասնակից պետությունը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը: Խորհրդի անդամների գործուղման ծախսերը հոգում է Համաձայնագրի մասնակից գործուղող պետությունը:
2. Սույն Կանոնակարգի 2-րդ բաժնով նախատեսված բազմակողմ ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից կնքված լրացուցիչ համաձայնագրերով:
6. Եզրափակիչ դրույթներ
1. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է։
2. Խորհրդի լուծարման վերաբերյալ որոշումն ընդունվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից:
*Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է հատուկ կարծիքով (չի ներկայացվել):
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի օգոստոսի 16-ից:
