Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 ապրիլի 2014 թվականի N 15
29. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում շինարարական աշխատանքների կատարման համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին» պայմանագրի նախագծին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի նիստի N 15 արձանագրային որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում շինարարական աշխատանքների կատարման համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ներկայացված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից. հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 3) և Քուվեյթի Պետության կառավարությունը (ներկայացված Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանության կողմից. Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հ.Քոչարի փողոց 7/3), (այսուհետ` Կողմեր)
ելնելով Քուվեյթի Պետության կառավարության կողմից բարի կամքի դրսևորումից և նվիրաբերության ցուցաբերման պատրաստակամությունից
ձգտելով ծավալել սերտ և արդյունավետ համագործակցություն
հիմք ընդունելով Կողմերի պաշտոնատար անձնանց միջև հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, բանակցությունները և գրագրությունները,
նպատակ ունենալով բարելավել Նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` ՊՈԱԿ) անկողնային խնամք ստացող անձանց կեցության պայմանները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանագրի առարկան
Սույն պայմանագրով Կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը` համագործակցելու ՊՈԱԿ-ում անկողնային խնամք ստացող անձանց համար մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Հոդված 2
Կողմերի պարտավորությունները
1) Դեսպանությունը պարտավորվում է.
1.1. ՊՈԱԿ-ում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ապահովել ֆինանսական միջոցների տրամադրումը Նախարարությանը` մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով.
1.2. ապահովել սույն հոդվածի 1.1. ենթակետով նշված գումարի փոխանցումը սույն հոդվածի 2.4. ենթակետում ներկայացված բանկային հաշվեհամարին երեք փուլերով.
առաջին փուլում փոխանցվում է ընդհանուր գումարի 40%-ը` որպես կանխավճար, որն իր մեջ ներառում է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունը և շինարարական աշխատանքների մեկնարկը.
երկրորդ փուլում փոխանցվում է ընդհանուր գումարի 40%-ը` շինարարական աշխատանքների 60%-ը կատարվելուց և Նախարարության կողմից դրանց կատարման վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո.
երրորդ փուլում փոխանցվում է ընդհանուր գումարի 20%-ը` շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվելուց և Նախարարության կողմից
դրանց ընդունման վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո:
2) Նախարարությունը պարտավորվում է.
2.1. ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող և շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ընտրությունը.
2.2. ապահովել շինարարական աշխատանքների մեկնարկը ս.թ. ապրիլ ամսվա ընթացքում և ավարտը` մեկ տարվա ընթացքում.
2.3. ապահովել ամբողջ ծրագրի բարեգործական որակման հետ կապված ընթացակարգերը` օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնություններից օգտվելու նպատակով:
2.4. ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացված արտաբյուջետային հաշվին Քուվեյթի Պետության կառավարության կողմից փոխանցված գումարների նպատակային տնօրինումը: Բանկային հաշվի տվյալները կներկայացվեն լրացուցիչ` ներքին ընթացակարգերն ապահովելուց հետո.
2.5. ապահովել շինարարական աշխատանքների հսկողությունը և վերահսկողությունը.
2.6. ապահովել սույն հոդվածի 1.2. ենթակետով նախատեսված աշխատանքների կատարման երկրորդ և երրորդ փուլերի ավարտից հետո շինարարական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների կատարողականների ընդունման և դրանց մասին Դեսպանությանը ծանուցելու գործընթացները.
2.7. ապահովել ՊՈԱԿ-ում անկողնային խնամք ստացող անձանց համար նախատեսված մասնաշենքի անվանակոչումը Քուվեյթի Պետության անունով:
Հոդված 3
Եզրափակիչ դրույթներ
Սույն պայմանագրի կատարման ընթացքում Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 4
Պայմանագրի գործողության ժամկետը և վաղաժամկետ լուծման հիմքերը
1) Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից:
2) Սույն պայմանագիրը գործում է մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ավարտը: Յուրաքանչյուր Կողմ կարող է լուծել պայամանագիրը` դիվանագիտական խողովակներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Պայմանագրի վաղաժամկետ լուծումն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանից երեսուն (30) օր հետո:
3) Սույն պայամանագիրը վաղաժամկետ կարող է լուծվել, եթե մյուս Կողմը պարբերաբար խախտում կամ չի կատարում իր պարտավորությունները:
4) Չնախատեսված այնպիսի օբյեկտիվ հանգամանքներ ի հայտ գալու դեպքում (ֆորս-մաժոր), որոնք խոչընդոտում են պայմանագրով նախատեսված աշխատանքների շարունակմանը, Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են վաղաժամկետ դադարեցնել սույն պայմանագիրը:
Սույն պայմանագիրը ստորագրվել է ……….. 2014 թ., կազմված է երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում երեք տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Հայաստանի Հանրապետության |
Քուվեյթի Պետության |
.......................................... | ......................................... |
Արտեմ Ասատրյան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդի Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան |
