Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 դեկտեմբերի 2014 թվականի N 54
17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետին համապատասխան` հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայություններին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի N 54 |
ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություն (այսուհետ` գերակայություն)` միջճյուղային նշանակության ընդհանուր ուղղություն, որը գիտության և գիտատար արտադրությունների զարգացման հիման վրա կարող է առավելագույն ներդրումն ունենալ երկրի անվտանգության ապահովման, տնտեսական աճի, գիտատեխնիկական զարգացման, հասարակական առաջընթացի և մրցունակության բարձրացման մեջ:
2. Գերակայությունները պետք է տրոհվեն հիմնական ուղղությունների/տեխնոլոգիաների, իսկ վերջիններս, իրենց հերթին, պետք է բաժանվեն կոնկրետ գիտահետազոտական և (կամ) գիտատեխնիկական թեմատիկաների:
II. 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. 2015-2019 թվականների գերակայությունները և դրանց հակիրճ նկարագրություններն են `
1) հայագիտություն.
ա. հայագիտության զարգացումը Հայաստանի Հանրապետության քաղաքականության կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է` կոչված պահպանելու հայ ժողովրդի ազգային նկարագիրը, խթանելու ազգի հոգևոր-մշակութային զարթոնքը և նպաստելու ազգային ինքնագիտակցության խորացմանն ու ամրապնդմանը: Ներկայումս հայագիտության բնագավառի գիտական հետազոտություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներում, «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, Երևանի մանկավարժական համալսարանում: Բացի դրանցից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1638-Ն որոշմամբ ստեղծվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ, որի հիմնական խնդիրներն են հայագիտության հիմնահարցերի ուսումնասիրություններին, ինչպես նաև աշխարհի հայագիտական հաստատությունների համագործակցությունների ընդլայնմանն ու այդ հաստատությունների պահպանմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը: Հայագիտության հետագա զարգացումը պետք է միտված լինի ազգային շահերի միջազգային ճանաչման և պաշտպանության գիտական հենքի ապահովմանը,
բ. գերակայության շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի հիմնական ուղղությունների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, լեզվաբանությունը, գրականագիտությունը, ցեղասպանագիտությունը, հայ ժողովրդի պատմությունը, ծագումնաբանությունը և պատմամշակութային ժառանգությանը նվիրված ուսումնասիրությունները, կրոնի, այդ թվում` հայ առաքելական եկեղեցու պատմությունը, պատմական արխիվների ուսումնասիրման համար համապատասխան կադրերի պատրաստումը, հայագիտության բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը և այլն.
2) գիտություններ կյանքի մասին.
ա. կյանքի մասին գիտությունների զարգացումն ունի սկզբունքային նշանակություն կյանքի որակի և չափանիշների բարելավման ուղղությամբ իրականացվող հետազոտությունների և մշակումների մեջ: Կենսաբանության, կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև բժշկագիտության վերջին տարիների ձեռքբերումները բնագավառը դարձրել են լայն սպեկտրի միջճյուղային բնագավառ, ինչպես հետազոտությունների բնույթի բազմակողմանիությամբ, այնպես էլ արդյունքների կիրառությամբ գիտության տարբեր բնագավառներում և ամենօրյա կյանքում: Գերակայությունում իր կարևորագույն տեղն ունի մոլեկուլային կենսաբժշկությունը, որը ներմուծում է նոր մոտեցումներ ժամանակակից բժշկության մեջ` նպատակ ունենալով բարձրացնել կանխարգելիչ բժշկության, ախտորոշման, թերապիայի, հետևաբար նաև կլինիկական բժշկության որակը և արդյունավետությունը: Գիտական և հասարակական մեծ ուշադրության են արժանանում նոր դեղերի ստացման կամ հիվանդությունների դեմ պայքարելու նոր եղանակների մշակմանն ուղղված հետազոտությունները,
բ. գերակայության շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի հիմնական ուղղությունների/տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, մոլեկուլային կենսաբժշկությունը, մոլեկուլային դեղաբանությունը, թաղանթաբանությունը, կենսաբանական ակտիվ կառույցների սինթեզը, բարձր մաքրության ամինաթթուների հիման վրա արյան արհեստական փոխարինիչ ինֆուզիոն դեղերի արտադրության տեխնոլոգիաները, միջուկային բժշկությունը, ուռուցքաբանությունը, ճառագայթային բժշկությունը, առանձին հիվանդությունների (ժանտախտ, խոլերա, տուլյարեմիա, բրուցելոզ, լեյշմանյոզ և այլն) դեմ կենսատեխնոլոգիական իմունոպրեպարատների ստեղծմանն ու արտադրությանը նվիրված հետազոտությունները և այլն.
3) արդյունավետ և անվտանգ էներգետիկա.
ա. էներգետիկայի դերն ու նշանակությունը պայմանավորված է հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման, տնտեսության էներգաարդյունավետության բարձրացման, միջուկային էներգետիկայի զարգացման, վերականգնվող էներգապաշարների արդյունավետ օգտագործման, նոր տեխնոլոգիաների մշակման և հարակից բնագավառների զարգացման անհրաժեշտությամբ: Այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ մեր երկրում բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարներ: Հետևաբար, հանրապետության ներկա և ապագա զարգացումների համար էներգետիկ ապահովվածության բավարարման ոլորտի գերխնդիրը սեփական աղբյուրների զարգացմամբ էներգետիկ անկախության հնարավոր բարձր աստիճանի ապահովումն է, որը ենթադրում է տնտեսության էներգաարդյունավետության նշանակալի բարձրացում և վերականգնվող էներգաաղբյուրների լայնամասշտաբ կիրառում: Այդ նպատակին ուղղված մոտակա տարիների գործողությունները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցում,
բ. գերակայության շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի հիմնական ուղղությունների/տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, միջուկային ֆիզիկան, միջուկային էներգետիկան, միջուկային անվտանգությունը, էներգիայի սպառման արդյունավետության և էներգախնայողության մակարդակի բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունները, վերականգնվող էներգառեսուրսների օգտագործման տեխնոլոգիաները, արևային էներգիայի արդյունավետ օգտագործմանը նվիրված հետազոտությունները, երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունների ուսումնասիրությունը և այլն.
4) հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ.
ա. հիմնական արդյունավետ տեխնոլոգիաները, այդ թվում` նանոտեխնոլոգիաները, նոր նյութերը, ֆոտոնիկան և կենսատեխնոլոգիաններն արդի ժամանակների առավել դինամիկ զարգացող միջճյուղային բնագավառներն են: Դրանք վճռորոշ դերակատարություն ունեն ինչպես երկրի արդյունաբերության տարբեր ոլորտներին վերաբերող հետազոտությունների և մշակումների ու ինովացիոն զարգացման ռազմավարությունների մեջ, այնպես էլ, ընդհանրապես տնտեսության մրցունակության մակարդակի բարձրացման մեջ: Մասնավորապես, նշված տեխնոլոգիաներով է առավելապես պայմանավորված գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծումն ու զարգացումը,
բ. հիմնական արդյունավետ տեխնոլոգիաների շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի ուղղությունների/տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, միկրո- և նանո- էլեկտրոնիկան, նանոօպտիկան, նանոքիմիան, լազերային տեխնոլոգիաները, բարձր արդյունավետությամբ աշխատող նոր լազերների և լազերային տարրերի մշակման տեխնոլոգիաները, քվանտային օպտիկան, բյուրեղների աճեցման նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները, այդ թվում` հիմնականում լքված հանքավայրերից ու թափոններից պղնձի և այլ ծանր ու հազվագյուտ մետաղների ստացման արդյունավետ եղանակների, ոսկու կորզման մանրէաբանական տարալվացման մեթոդների ու տեխնոլոգիաների մշակումը և այլն,
գ. միևնույն ժամանակ, տնտեսության, արտադրության, հասարակության զարգացման, ինչպես նաև անձի կյանքում հարմարավետության մակարդակի բարձրացման վրա իր ազդեցության մասշտաբներով առանձնանում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները: Ոլորտն իրենից ներկայացնում է տեղեկատվություն հավաքող, ձևավորող, տարածող և օգտագործող սուբյեկտների, տեղեկատվության և տեղեկատվական ենթահամակարգերի ամբողջություն, ինչպես նաև այդ գործընթացներում առաջացող հասարակական հարաբերությունների կարգավորման համակարգ: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներով պայմանավորված գործառույթներն ակտիվորեն ազդում են երկրի անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչների վրա: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունն էականորեն կախված է տեղեկատվական անվտանգության մակարդակից, և այդ կախվածությունը մեծանում է գիտատեխնիկական առաջընթացին համընթաց,
դ. տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի հիմնական ուղղությունների/տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, առաջատար էլեկտրոնային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացմանը նվիրված ուսումնասիրությունները և լուծումների մշակումը, մեծ տվյալների պահպանումը, մշակումը և վերլուծությունը, բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաների մշակումը, «ամպային» տեխնոլոգիաների հետազոտումը և ներդրումը, գերհամակարգիչների լայնամասշտաբ օգտագործման տեխնոլոգիաները, գիտական, գիտատեխնիկական, տնտեսական և հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված թվային մոդելավորման մեթոդների մշակումը և այլն.
5) տիեզերքի ուսումնասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում.
ա. տիեզերքի կառուցվածքին և զարգացման օրինաչափություններին նվիրված հետազոտությունները Հայաստանի Հանրապետությունում ունեն ձևավորված և կայացած ավանդույթներ: Մեծ է հայ գիտնականների ներդրումը, մասնավորապես, ակտիվ գալակտիկաների, երիտասարդ աստղերի և դրանց հետ կապված անկայուն երևույթներին, տիեզերական ճառագայթների ֆիզիկային նվիրված ուսումնասիրություններում: Վերջին տասնամյակում բուռն վերելք է ապրում բարձր էներգիաների աստղաֆիզիկան, որի հետազոտությունների առարկան աստղաֆիզիկական աղբյուրներում տեղի ունեցող ոչ ջերմային երևույթների ուսումնասիրությունն է: Նշված հետազոտությունները խթանել են նաև բնագավառի գիտական, այդ թվում` աստղագիտական, օպտիկական և էլեկտրոնային սարքաշինության զարգացմանը,
բ. տիեզերքի ուսումնասիրություն բնագավառի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի հիմնական ուղղությունների/տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, ակտիվ միջուկներով և ակտիվության այլ ձևերով օժտված գալակտիկաների, աստղառաջացման տիրույթների ուսումնասիրությունները, տիեզերական ճառագայթների և բարձր էներգիաների աստղաֆիզիկան, աստղաֆիզիկական սարքաշինությունը և այլն,
գ. երկրի մասին գիտությունները կարևորվում են հասարակության և տնտեսության զարգացման վրա ունեցող իրենց ազդեցության նշանակությամբ` սկսած գիտական հայտնագործություններից մինչև բնական ռեսուրսների և աղետների կառավարում: Մեր մոլորակի, մեր շրջակա միջավայրի ու կյանքի էվոլյուցիան փոխկապակցված երևույթներ են և, որպես հետևանք, երկրի մասին գիտությունների շրջանակներում իրականացվող հետազոտություններն իրենց բնույթով դարձել են միջճյուղային` դիտողական նոր տեխնոլոգիաների, գիտական նոր ենթակառուցվածքների, տվյալների հավաքագրման, պահպանման և վերլուծության նոր մեթոդաբանությունների, գիտության տարբեր ճյուղերի/բնագավառների, ինչպես նաև երկրների համագործակցություններով,
դ. երկրի մասին գիտությունների շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի հիմնական ուղղությունների/տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, օգտակար հանածոների շահագործման, լեռնահանքային արդյունաբերության, բնական, հատկապես անտառային և ջրային պաշարների օգտագործման արդյունավետ եղանակների մշակումը, երկրաբանությունը, երկրաբանական վտանգավոր երևույթների (երկրաշարժեր, սողանքներ, սելավներ, հրաբուխներ և այլն) կանխատեսման և դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակմանը նվիրված ուսումնասիրությունները, երկրի մթնոլորտում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների հետազոտումը և այլն,
ե. արդի ժամանակներում բնապահպանական խնդիրներն ու բնապահպանական անվտանգությունը դարձել են ցանկացած երկրի տնտեսական զարգացման կարևորագույն գործոններ: Մեր երկրի պարագայում բնական ռեսուրսների և հանածոների սակավության պայմաններում, բնական պաշարների պահպանման և մաքուր տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման հիմնահարցերը խնայողական բնօգտագործման հետ կապված խնդիրները դարձնում են առավել կարևոր: Խնայողական բնօգտագործման և ընդհանրապես բնապահպանական անվտանգության տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունեն Սևանա լճի պահպանումն ու դրա պաշարների գրագետ օգտագործումը,
զ. խնայողական բնօգտագործման շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի հիմնական ուղղությունների/տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, բնական միջավայրի գիտական մոնիթորինգը, բնական պաշարների խնայողական օգտագործման և պահպանման տեխնոլոգիաների մշակմանն ուղղված ուսումնասիրությունները, կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական տեսակետից անվտանգ տեխնոլոգիաների մշակումը, բնության պահպանության տեխնոլոգիաների ստեղծմանը նվիրված ուսումնասիրությունները և այլն.
6) գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար հետազոտություններ.
ա. հիմնարար գիտությունը հասարակության զարգացման կարևորագույն ռազմավարական բաղկացուցիչներից է: Գիտական առաջընթացը, բարձր տեխնոլոգիաների ստեղծումն ու օգտագործումը, երկրի ինովացիոն զարգացումը և առհասարակ հասարակության քաղաքակրթական մակարդակն անքակտելիորեն կապված և պայմանավորված են հիմնարար գիտության առաջընթացի հետ: Հիմնարար գիտությունն ապահովում է կրթության ողջ գործընթացը, հիմք է հանդիսանում կիրառական գիտության զարգացման համար ու ապահովում է այն գիտական միջավայրը, որն ի զորու է իրականացնելու նոր տեխնոլոգիաների «տեղափոխումը» կիրառական հետազոտությունների հարթություն: Բացի այդ, հիմնարար գիտությունն ունի նաև հասարակության ընդհանուր մշակութային մակարդակը բարձրացնելու առաքելություն: Վերոնշվածով է թելադրված հիմնարար գիտության ընդգրկումն ազգային գերակայությունների շարքում,
բ. հիմնարար գիտական հետազոտությունները Հայաստանի Հանրապետությունում ունեն ձևավորված ավանդույթներ և կայացած ու միջազգային մակարդակին համապատասխանող գիտական դպրոցներ: Մասնավորապես, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության հայկական դպրոցներն արդարացիորեն համընդհանուր ճանաչում են ստացել աշխարհում և պահպանում են իրենց բարձր վարկանիշը,
գ. դրա հետ միասին, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հումանիտար և հասարակական գիտությունների զարգացմանը, որպես պետության շարունակականության, ինչպես նաև ազգային ավանդույթների ու մշակութային ժառանգության պահպանման կարևորագույն տարրեր: Միևնույն ժամանակ, հումանիտար և հասարակական գիտություններն անփոխարինելի ռեսուրս են հասարակական զարգացումներին նպաստող բարեփոխումների իրականացման համար: Այդ դերն ավելի է կարևորվում արդի ժամանակներում, երբ անհրաժեշտ է բնագավառի վերջին նվաճումներն օգտագործել աշխարհաքաղաքական նոր, այն է` տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրացման պայմաններում պետական նոր քաղաքականության ձևավորման գիտական հենքի ստեղծման համար,
դ. անհրաժեշտ է ուժեղացնել փոխադարձ կապերը հիմնարար, կիրառական հետազոտությունների և ինովացիոն գործընթացների միջև, ապահովել արդյունավետ քայլեր սոցիալ-տնտեսական զարգացման համար: Կարևորագույն խնդիրներից է տաղանդավոր երիտասարդների նոր սերունդների պատրաստմանը նպաստող ռազմավարական մոտեցումների շարունակական իրագործումը:
III. ԱՄՓՈՓՈՒՄ
4. Գերակայությունների, հիմնական ուղղությունների/տեխնոլոգիաների և կոնկրետ գիտահետազոտական/գիտատեխնիկական թեմատիկանների շրջանակներում կատարվող հետազոտություններն ու մշակումները պետք է ունենան պետական ֆինանսավորման առաջնահերթություն: Բոլոր գերակայությունների շրջանակներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմատիկաների ընտրության և ֆինանսավորման ժամանակ առաջնահերթությունը պետք է տրվի ազգային և տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված հիմնական ուղղություններին/տեխնոլոգիաներին և կոնկրետ գիտահետազոտական թեմատիկաներին:
5. Միևնույն ժամանակ, գերակայություններում, հիմնական ուղղություններում կամ տեխնոլոգիաներում չընդգրկված գիտահետազոտական և (կամ) գիտատեխնիկական թեմատիկաները նույնպես պետք է ստանան պետական աջակցություն` գիտական ենթակառուցվածքները պետք է հավասարապես մատչելի լինեն ինչպես բոլոր ծրագրերի ու թեմաների կատարման, այնպես էլ բոլոր հետազոտողների համար:
