ՆԻԿՈԼՈՎԱՆ ԵՎ ՎԵԼԻՉԿՈՎԱՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2007թ. դեկտեմբերի 20-ի վճիռը
CASE OF NIKOLOVA AND VELICHKOVA v. BULGARIA
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմողները պրն Աթանաս Վելիչկովիչ Նիկոլովի կինն ու դուստրն են: Պրն Նիկոլովը մահացել է 1994թ. հոկտեմբերի 1-ին` 1994թ. սեպտեմբերի 27-ին երկու ոստիկանի կողմից վնասվածքներ ստանալու հետևանքով:
A. 1994թ. սեպտեմբերի 27-ի իրադարձությունները և դրանց արդյունքում պրն Նիկոլովի մահը
7. 1994թ. սեպտեմբերի 27-ին« մոտ ժամը 2-ին Շումենի տարածքային ոստիկանության արագ արձագանքման ուժերի տասնմեկ անդամ զինավարժություններ էին անցկացնում քաղաքից դուրս: Նրանց տեսադաշտում հեռավորության վրա գտնվում էին պրն Նիկոլովը, ով այդ ժամանակ վաթսուներկու տարեկան էր, և պրն Ն. Ռ.-ն, ովքեր փորձարկում էին տնային պայմաններում պատրաստված մետաղյա ալեփոխարկիչ: Խմբի ղեկավարը` լեյտենանտ Ի. Ի.-ն, ենթադրել է, որ այդ երկուսը գանձ որոնողներ են և խմբին ուղարկել է իր կասկածն ստուգելու: Երկու ոստիկան մոտեցել են պրն Ն. Ռ.-ին, իսկ այդ ընթացքում ավագ սերժանտներ Բ. Ի.-ն և Հ. Թ.-ն շարժվել են պրն Նիկոլովի ուղղությամբ: Ոստիկաններից ոչ մեկը համազգեստով չի եղել: Ավագ սերժանտներ Բ. Ի.-ն և Հ. Թ.-ն մոտեցել են պրն Նիկոլովին, որը փորձել է քլունգը թաքցնել թփերի մեջ: Զարմացած երկու տղամարդու հանկարծակի հայտնվելուց` պրն Նիկոլովը քլունգը դեն չի նետել, այլ այն պահել է դեպի առաջ` ընդունելով պաշտպանական դիրք: Ավագ սերժանտ Բ. Ի.-ն այն ձեռքից խլել է և նետել անվտանգ հեռավորության վրա: Այնուհետև ոստիկաններից յուրաքանչյուրն սկսել է հարվածել պրն Նիկոլովի գլխին: Դրանից հետո նրան նետել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել և տարել իրենց գործընկերների մոտ: Կանչվել է մեքենա, և պրն Նիկոլովն ու պրն Ն. Ռ.-ն, որը ևս ձերբակալվել էր, տարվել են Շումենի շրջանային ոստիկանություն: Գրեթե ժամը երեքին, տեղամասում իր հարցաքննությանն սպասելիս պրն Նիկոլովն ուշագնաց է եղել: Կանչվել է շտապ օգնություն, որը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա թմբիրի մեջ է ընկել:
8. Գլխուղեղի արյունազեղությունը վերացնելու նպատակով կատարված անհաջող վիրահատությունից հետո պրն Նիկոլովը մահացել է 1994թ. հոկտեմբերի 1-ին: Նրա մահվան առթիվ հարուցված քրեական գործի ընթացքում կազմված բժշկական եզրակացությունը փաստել է, որ մահվան պատճառը գանգի և գլխուղեղի ծանր վնասվածքն էր և ներուղեղային արյունահեղությունը:
B. Ոստիկանների դեմ քրեական գործի վարույթը
1. Նախաքննությունը
9. 1994թ. հոկտեմբերի 2-ին Շումենի տարածքային քննչական ծառայության կողմից դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արարքն սկզբնապես որակվել է որպես սպանություն` 1968թ. քրեական օրենսգրքի («ՔՕ») 115-րդ հոդվածի հիման վրա (տես ստորև` կետ 39):
10. 1994թ. հոկտեմբերի 3-ին վարույթն իրականացնող քննիչը հարցաքննել է ավագ սերժանտներ Բ. Ի.-ին և Հ. Թ.-ին: Դեպքի վայրում բժշկի ներկայությամբ հարցաքննվել է նաև պրն Ն. Ռ.-ն: Քննիչը դեպքի վայրում մի շարք լուսանկարումներ է արել:
11. Մնացած վկաներից շատերը ցուցմունք են տվել 1994թ. հոկտեմբերին և 1995թ. մարտին ու մայիսին: Կազմվել են մի քանի փորձագիտական եզրակացություններ:
12. Ավագ սերժանտներ Բ. Ի.-ին և Հ. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել« և նրանք կրկին հարցաքննվել են 1995թ. ապրիլի 27-ին: Նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց:
13. 1995թ. մայիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել նաև պրն Ն. Ռ.-ին հարցաքննած երկու ոստիկաններին:
14. 1995թ. մայիսի 12-ին գործի վարույթն իրականացնող քննիչը կազմել է վերջնական եզրակացությունը` գտնելով, որ ավագ սերժանտներ Բ. Ի.-ն և Հ. Թ.-ն պետք է ՔՕ 124-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա պատասխանատվության ենթարկվեն պրն Նիկոլովին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, ինչը հանգեցրել է նրա մահվան (տե՜ս ստորև` կետ 37): Նա նաև եզրակացրել է, որ պրն Ն. Ռ.-ին ձերբակալած մյուս երկու ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն նրան թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նա նշել է, inter alia, որ բոլոր ոստիկանները ժխտել են իրենց մեղքը` չնայած հակառակի մասին վկայող ապացույցներին, դասեր չեն քաղել իրենց արարքից և որևէ կերպ չեն զղջացել: Նա նաև նշել է, որ ավագ սերժանտ Բ. Ի.-ին և պրն Ն. Ռ.-ին թեթև մարմնական վնասվածք հասցրած ոստիկանները մեղադրվել են նաև խնդրո առարկա արարքից դեռևս մի քանի ամիս առաջ` 1994թ. ապրիլի 18-ին, մեկ այլ անձի թեթև մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Անդրադառնալով հանցանքին նպաստած պատճառներին` քննիչը մատնանշել է հետևյալը. «վերջին ժամանակներս հանցագործությունների թվի աճը, ինչն իրավապահ մարմիններին ստիպում է բոլոր քաղաքացիների մեջ տեսնել կասկածելի քրեական մտադրություն, քանի դեռ հակառակը չի ապացուցվել. Պազարդզիկ քաղաքում ոստիկանական դպրոցում յուրաքանչյուր տարի անցկացվող նրանց ֆիզիկական պատրաստության դասընթացների ժամանակ նրանց սովորեցնում են, թե ինչպես դիմակայել բռնի հարձակումներին, սակայն նրանց վերապատրաստումն իրավապահ գործունեության իրավական տեսակետների կապակցությամբ` պատշաճ չէ. սա Շումենի նորաստեղծ արագ արձագանքման ուժերում ձևավորված պրակտիկա է, ինչի մասին վկայում է գործի նյութերին կցված ուսումնական ծրագիրը, որը կազմված է ֆիզիկական պատրաստության դասաժամերից և չի ներառում որևէ իրավաբանական վերապատրաստում. իշխանությունների այն մտածողությունը, որ իրավապահները բարձր են կանգնած հասարակությունից. անպատժելիության զգացումը. անտառում` մարդկանց տեսադաշտից դուրս տեղի ունեցած երկու հանցագործություններում ականատես վկաների բացակայությունը, ինչպես նաև այն հույսը, որ ամեն ինչ կկոծկվի»:
15. Նկատի ունենալով քրեական դատավարության օրենսգրքի 1995թ. փոփոխությունները, որոնցով զինվորական դատարաններին տրվել է ոստիկաններին առնչվող քրեական գործեր քննելու իրավազորություն, չճշտված ամսաթվի գործը փոխանցվել է Վառնայի տարածքային զինվորական դատախազություն: Դրան ընթացք չի տրվել մինչև 1998թ. հունվար: Այս անգործության կապակցությամբ դիմողները բողոքել են Հանրապետության Նախագահին, Գլխավոր դատախազին և Նախարարների խորհրդին: Վերջիններս բողոքները փոխանցել են զինվորական դատախազությանը:
16. 1998թ. հունվարի 12-ին Վառնայի տարածքային զինվորական դատախազությունը գործն ուղարկել է զինվորական քննիչին` գործի հետագա վարույթն իրականացնելու համար:
17. 1998թ. փետրվարի 6-ին Վառնայի տարածքային զինվորական դատախազությունը տեղեկացրել է դիմողներին, որ վարույթը դադարեցվել է մինչև 1998թ. սկզբները` աշխատակազմի ծանրաբեռնվածության պատճառով:
18. Վարույթն իրականացնող զինվորական քննիչը 1998թ. հունիսին փոխադրվել է այլ աշխատանքի: Այս պատճառով 1998թ. հուլիսի 31-ին գործի վարույթի իրականացումը հանձնարարվել է մեկ այլ զինվորական քննիչի:
19. Աշխատանքն ավարտելով` 1998թ. դեկտեմբերի 30-ին քննիչը կազմել է իր վերջնական եզրակացությունը` գտնելով, որ ավագ սերժանտներ Բ. Ի.-ն և Հ. Թ.-ն պետք է կանգնեն դատարանի առջև: Նա նշել է, inter alia, որ մինչ այդ օրը ավագ սերժանտ Բ. Ի.-ն եղել է Շումենի տարածքային ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանման միավորի հրամանատար, իսկ ավագ սերժանտ Հ. Թ.-ն` Սոֆիայում բանկերի և կանխիկ դրամական միջոցների տեղափոխման անվտանգության համար պատասխանատու մասնագիտացված միավորի ոստիկան:
20. 1999թ. օգոստոսի 18-ին Վառնայի տարածքային զինվորական դատախազությունը կազմել է մեղադրական եզրակացություն ընդդեմ ավագ սերժանտներ Բ. Ի.-ի և Հ. Թ.-ի: Դրանում, inter alia, նշվել է, որ 1999թ. հունվարի 15-ին ավագ սերժանտ Բ. Ի.-ն հեռացել է ոստիկանական ուժերից, իսկ ավագ սերժանտ Հ. Թ.-ն դեռևս ծառայության մեջ է` որպես առևտրային բանկում պահպանության ծառայություն իրականացնող ոստիկան: Որպես հանցագործության կատարմանը նպաստած գործոններ` դատախազը մատնանշել է «մեղադրյալների` որպես Ներքին գործերի նախարարության հատուկ ուժերի ոստիկանների, անպատժելիության զգացումը, նրանց կողմից մարդկային արժանապատվության և առողջության, քաղաքացիների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի բացակայությունը և մարդկանց` որպես իրենց ֆիզիկական ուժն ու կարողությունները (որոնք անհրաժեշտ են միայն վտանգավոր հանցագործներին վնասազերծելիս) փորձարկելու նմուշ դիտելու, ծեծելու սովորույթը»:
2. Գործի վարույթը դատարանում
21. Վառնայի զինվորական դատարանում գործի քննությունն սկսվել է 1999թ. աշնանը:
22. 1999թ. նոյեմբերի 13-ին դիմողները և պրն Նիկոլովի որդին փոխհատուցման հայց են ներկայացրել ընդդեմ երկու ոստիկանների (5000 բուլղարական լև` առաջին դիմողի համար, 4000 լև` երկրորդ դիմողի համար, և 4000 լև` պրն Նիկոլովի որդու համար) և գործի մեջ ներգրավվել են որպես մասնավոր մեղադրանք ներկայացնող կողմ` դատախազի հետ մեկտեղ:
23. Դատարանը նիստ է գումարել 1999թ. դեկտեմբերի 3-ին: Դատարանը լսել է դիմողներին, պրն Նիկոլովի որդուն և ամբաստանյալ ոստիկաններին: Դատարանը լսել է կողմերի փաստարկները: Դատախազն իր փաստարկներում նշել է, որ ավագ սերժանտներ Բ.Ի.-ն և Հ.Թ.-ն ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Նա պահանջել է ամբաստանյալներին անմիջապես կալանքի տակ վերցնել և նշանակել ազատազրկման ձևով պատիժ` չորսուկեսից մինչև հինգ տարի ժամկետով: Իրենց եզրափակիչ խոսքում ամբաստանյալներն ասել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում և խնդրել են դատարանին արդարացնել իրենց:
24. 1999թ. դեկտեմբերի 3-ի դատավճռում Վառնայի զինվորական դատարանն ավագ սերժանտներ Բ. Ի.-ին և Հ. Թ.-ին մեղավոր է ճանաչել ՔՕ-ի 124-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա` պրն Նիկոլովին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար, ինչը հանգեցրել է մահվան: Դատարանը նրանց դատապարտել է երեք տարվա ազատազրկման` պատժի կրումը կասեցնելով հինգ տարի: Դատարանը նաև առաջին դիմողի համար նշանակել է 4000 բուլղարական լև, երկրորդի համար` 3000 լև և պրն Նիկոլովի որդու համար` 3000 լև փոխհատուցում, ինչը պետք է վճարվեր երկու ոստիկանների կողմից համատեղ և հավասարաչափ: Դատարանը մանրամասն նկարագրել է 1994թ. սեպտեմբերի 27-ի դեպքերը և վճռել է.
«…արարքը կատարվել է անզգուշությամբ… Գործը վերաբերում է բաղադրյալ հանցագործության, որտեղ ավելի փոքր արդյունքի առնչությամբ դիտավորությունը համակցված է ավելի ծանր արդյունքի առնչությամբ անզգուշության հետ. այլ կերպ ասած` հանցագործությունը կատարվել է mensa rea-ի երկու ձևերով… Դատարանն այն կարծիքին է, որ երկու ոստիկաններն էլ դիտավորությամբ պրն Նիկոլովին հասցրել են ծանր վնասվածքներ, որոնք հանգեցրել են նրա մահվան: Դիտավորությունը պետք է գնահատվի նրանց գործողությունների միջոցով: Հաշվի առնելով ամբաստանյալների սուբյեկտիվ վերաբերմունքն իրենց գործողության նկատմամբ` դատարանը գտնում է, որ նրանց դիտավորությունը դուրս չի եկել մարմնական վնասվածք հասցնելու շրջանակից: Մահվան ելքի առնչությամբ նրանց վարքագիծը եղել է անխոհեմ: Ամբաստանյալների վարքագծի օբյեկտիվ վերլուծությունը վկայում է, որ նրանք չեն կանխատեսել պրն Նիկոլովի մահվան անխուսափելիությունը և չեն ցանկացել ու չեն կանխատեսել մահվան ելքը, նրանց դիտավորությունը բացառապես միտված է եղել մարմնական վնասվածք հասցնելուն…
Գործում առկա ապացույցները վկայում են, որ ամբաստանյալներից բացի ուրիշ ոչ ոք պրն Նիկոլովի հետ ֆիզիկական շփում չի ունեցել… Հաստատված բոլոր վնասվածքները պատճառվել են միաժամանակ և արագ հաջորդականությամբ: Ապացույցները վկայում են, որ 1994թ. սեպտեմբերի 27-ին ժամը 2-ից մինչև 2.15-ը Շումենի տարածքում ամբաստանյալները… որպես Շումենի տարածքային ոստիկանության ոստիկաններ, ձերբակալել են պրն Նիկոլովին` կիրառելով ուժ, և այդ ընթացքում նրան հասցրել են մարմնական տարբեր վնասվածքներ, որոնց մեծ մասը` պայմանավորված նրանց պատրաստվածությամբ, ծանր էր: Առկա է ուղղակի պատճառական կապ ծեծի և պրն Նիկոլովի ստացած վնասվածքների ու դրա արդյունքում վրա հասած մահվան միջև: Վնասվածքներ պատճառելու իրենց ուղղակի դիտավորությունը հետապնդելիս` ամբաստանյալները չեն ցանկացել վերջնական ելքը, սակայն ելնելով ուժի կիրառման փաստից և հարվածների ուժգնությունից, կարող էին կանխատեսել: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ որպես արագ արձագանքման ուժերի անդամներ` ամբաստանյալները ձեռք էին բերել հատուկ հմտություններ հանցագործներին վնասազերծելու և ձերբակալելու գործում: Նրանք կատարել են իրենց անմիջական վերադասի հրամանը…, ինչը ներառում էր պրն Նիկոլովի ձերբակալումը… Այս կապակցությամբ, դատարանը գտնում է, որ խմբի ղեկավարի` լեյտենանտ Ի. Ի.-ի վարքագիծը ևս դատապարտելի է, քանզի նա կարող էր և պետք է որոշեր, թե արդյոք պրն Նիկոլովը և պրն Ն. Ռ.-ն հանցագործներ են, որոնք պետք է անհապաղ ձերբակալվեն:…
Հանցագործությանը նպաստած պատճառներն ու պայմաններն են. ամբաստանյալների` որպես ներքին գործերի նախարարության հատուկ ուժերի անդամների, անպատժելիության զգացումը:
Պատժաչափի տեսակը և քանակը որոշելիս դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք է ընդունում ամբաստանյալների երիտասարդ տարիքը և նրանց լավ բնութագիրը:
Դատարանն ուժի անօրինական գործադրումը դիտել է որպես ծանրացուցիչ հանգամանք:
Դատարանը պատիժը նշանակել է մեղմացուցիչ հանգամանքները գերակա համարելով…
Հաշվի առնելով ամբաստանյալների անձը, հանցագործության ծանրությունը և այն փաստը, որ ամբաստանյալները նախկինում չեն դատապարտվել, ինչպես նաև նկատի ունենալով պատժի նպատակները… դատարանը գտնում է, որ պատիժն անմիջապես կրելու անհրաժեշտություն չկա: Այս հիմքով… պատժի կրումը հետաձգվում է… Մեր իրավունքում պատժի հիմնական նպատակը հանցագործությունների կանխարգելումն է, որն իրականացվում է արդարացի պատիժ նշանակելու միջոցով: Պատժի ծանրությունը կատարված հանցագործության ծանրության հետ համեմատելիս` որպես լրացուցիչ գործոն պետք է հաշվի առնվի նաև ամբաստանյալի անձը: Սույն գործում, դատարանը, հաշվի առնելով վերոհիշյալ հաստատված փաստերը, mens rea-ի ձևը` անզգուշություն, և հանրության համար երկու ոստիկանների վտանգավորության ցածր աստիճանը` դատարանը գտնում է, որ չկա պատժի կրումն անմիջապես իրականացնելու անհրաժեշտություն` քրեական իրավունքում պատժի նպատակներին հասնելու համար… »։
25. Ե՜վ դիմողները, և՜ ոստիկանները դատավճիռը բողոքարկել են Զինվորական վերաքննիչ դատարան: Դիմողները նշել են, որ պատիժը խիստ մեղմ է և փոխհատուցումը` խիստ նվազ: Նրանք պնդել են, որ ստորին ատյանի դատարանը սխալ է գնահատել հանցագործության ծանրության աստիճանը և սխալ է թույլ տվել` նշանակելով հնարավոր նվազագույն պատժաչափը: Նրանց կարծիքով, ոստիկանները պետք է դատապարտվեին հինգ տարի ժամկետով ազատազրկման` առանց պատժի կրումը հետաձգելու:
26. Նիստ գումարելով 2000թ. հոկտեմբերի 25-ին` իր 2000թ. դեկտեմբերի 29-ի դատավճռում Զինավորական վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատավճիռն ուժի մեջ է թողել մասնակիորեն: Այս դատարանը մեծացրել է փոխհատուցման չափը` 5000 լև` առաջին դիմողի համար, 4000 լև` երկրորդ դիմողի համար և 4000 լև` պրն Նիկոլովի որդու համար, սակայն պահպանել է նույն պատիժը: Դատարանը մանրամասն նկարագրել է 1994թ. սեպտեմբերի 27-ի դեպքերը և գտել է, որ «հաշվի առնելով ոստիկանների բազմաթիվ վերադասների առկայության հանգամանքը, նրանց երիտասարդ տարիքը, նրանց հատուկ պատրաստվածությունը, նրանց գործընկերների մտերմությունը, և այն փաստը, որ իր հետագա գործողություններում պրն Նիկոլովը դիմադրել է և հրաժարվել ենթարկվել նրանց օրինական հրամաններին` ֆիզիկական ուժի գործադրումը եղել է Ազգային ոստիկանության մասին 1993 օրենքի 40(1)(1) և (2) 41 (2) և (4) բաժինների խախտմամբ (տե՜ս ստորև` կետեր 42 և 43): Ըստ դատարանի.
«Ստորին ատյանի դատարանի կողմից փաստերը հաստատվել են ձեռք բերված ապացույցների հիման վրա և ամբողջությամբ ընդունելի են այս դատարանի կողմից: Այդ փաստերից ելնելով` ամբաստանյալների կողմից կատարված արարքը համապատասխանում է ՔՕ 124-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արարքի հատկանիշներին…»։
I. Ամբաստանյալների բողոքի առնչությամբ
Համաձայն մեղադրական եզրակացության` երկու ամբաստանյալների դեմ մեղադրանք է առաջադրվել հանցանքը հանցակցությամբ կատարելու համար… Դատախազությունը հաշվի չի առել, որ ՔՕ 124-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արարքի սուբյեկտիվ կողմը ծանր հետևանքի` մահվան առնչությամբ, դրսևորվում է անզգուշության ձևով: Քրեական արարքում հանցակցությունը հնարավոր է միայն դիտավորյալ հանցագործությունների առնչությամբ, քանզի այն ենթադրում է երկու կամ ավելի անձանց համատեղ դիտավորյալ մասնակցություն, որոնց գործողություններն իրենց ամբողջության մեջ հանգեցրել են հանցագործության կազմակերպմանը, այդ անձինք գիտակցել են, որ իրենք գործում են մյուսների հետ հանցակցությամբ: ՔՕ 124-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արարքում actus reus-ը բաղադրյալ է: Նվազ արդյունքի հասնելու դիտավորությունը համակցված է ավելի ծանր արդյունքի առնչությամբ անզգուշությամբ, այն է` հանցագործությունը կատարվում է mens rea-ի տարբեր ձևերով, որը բացառում է հանցակցությունը:
…
Կատարված հանցագործությանն իրենց առնչությունը բացառելու վերաբերյալ ամբաստանյալների առարկությունն անհիմն է: Ըստ փորձագիտական եզրակացության` գանգի և գլխուղեղի վնասվածքներն առաջացել են բութ առարկայով գլխին զգալի ուժով հասցված երկու առանձին հարվածներից: Փորձագետներն այդ վնասվածքների առաջացման վերաբերյալ տվել են երկու բացատրություն: Ըստ առաջին բացատրության` առաջին հարվածը եղել է գլխին` կամ ձախ քունքին կամ աջ քունքին, որը հասցվել է գետնին ընկնելուց հետո, իսկ մյուս հարվածը եղել է հակառակ կողմից: Ըստ երկրորդ բացատրության` երկու հարվածները կարող էին լինել բութ գործիքով երկու առանձին հաջորդական հարվածների արդյունք: Փորձագետները բացառել են, որ հարվածը կարող էր հասցված լինել քլունգի մետաղյա մասով…
Առաջին ատյանի դատարանը ճիշտ է վարվել երկրորդ բացատրությունը հիմք ընդունելով, ինչը հավաստվում է մնացած ապացույցներով… Իրենց ցուցմունքներում, ներառյալ` դատաքննության ժամանակ տրված ցուցմունքներում, երկու ամբաստանյալներն ընդունել են այն փաստը, որ իրենք պրն Նիկոլովին ձերբակալելիս բռնություն են գործադրել:…Երկու ամբաստանյալներն էլ պնդել են, որ զոհը գետնին չի ընկել: Երկուսն էլ պնդել են, որ պրն Նիկոլովը կանգնած էր կամ ծնկած: Ուստի անհնարին էր, որ վնասվածքներից մեկն առաջացած լիներ ընկնելու արդյունքում:
Ամբաստանյալների այն պնդումը, որ զոհի մահը վրա է հասել ոչ թե ծանր մարմնական վնասվածքների, ինչպես հաստատված է համարել առաջին ատյանի դատարանը, այլ թեթև մարմնական վնասվածքների արդյունքում` անհիմն է և ամբողջովին չհիմնավորված: Երկու բժշկական փորձագիտական եզրակացություններն էլ միանշանակորեն պնդել են, որ գանգի և գլխուղեղի ծանր վնասվածքները հանգեցրել են առողջության` կյանքին սպառնացող շարունակական վատթարացման, այսինքն` այն համապատասխանում է ծանր մարմնական վնասվածքներին հատուկ բժշկական և կենսաբանական հատկանիշներին:
Առաջին ատյանի դատարանը իրավամբ գտել է, որ երկու ամբաստանյալները դիտավորությամբ հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ, որոնք հանգեցրել են մահվան: Այս դատարանի պատճառաբանությունները` կապված ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորության հետ, և կապված վերջնական արդյունքի` մահվան առնչությամբ անզգուշության հետ, համոզիչ են և ամբողջությամբ ընդունելի այս դատարանի կողմից, ուստի դրանք կրկնելու անհրաժեշտություն չկա:
…
II. Դիմողների բողոքի առնչությամբ
Բողոքը մասամբ ընդունելի է: Նշանակված` եռամյա ժամկետով ազատազրկումը, որ նույնիսկ դա օրենքով սահմանված նվազագույն չափն է, անհամամասնորեն մեղմ չէ: Առաջին ատյանի դատարանը պատժաչափը նշանակելիս հաշվի է առել բոլոր էական հանգամանքները: Մյուս կողմից, ճշմարիտ է, որ մարդկային կյանք է խլվել այնպիսի պայմաններում, երբ պրն Նիկոլովի նկատմամբ նման աստիճանի ֆիզիկական բռնություն կիրառելու անհրաժեշտություն չկար: Մյուս կողմից« ամբաստանյալները չունեին նախկինում դատվածություն, ունեին լավ վարք, նրանցից յուրաքանչյուրը հասցրել է մեկ հարված, մահը պատճառվել է անզգուշությամբ, ամբաստանյալները գործել են իրենց անմիջական վերադասի ուղղակի հրամանի համաձայն հանցագործին ձերբակալելու մտադրությամբ, պրն Նիկոլովը սկզբում չի ենթարկվել և ձեռքից չի նետել քլունգը և այն պահել է ձեռքում, ամբաստանյալներն արդեն հեռացվել են ոստիկանությունից: Ելնելով այս ամենից` դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի` պատժաչափի վերաբերյալ եզրահանգումները հիմնավոր են, քանզի վերջինիս եզրահանգումն առ այն, որ ամբաստանյալների ուղղումն ու վերադաստիարակումը չեն պահանջում ազատազրկման ձևով նշանակված պատժի անմիջապես կրում:
Բողոքը հիմնավոր է փոխհատուցման չափի առնչությամբ: Ոչ նյութական վնասի չափը պետք է որոշվի դատավճիռը կայացնելու ժամանակ: Ներկայումս ոչ նյութական վնասի առնչությամբ դատարանի պրակտիկան թույլատրում է ավելի մեծ գումարներ, քան պահանջել են դիմողները: Այս պատճառով դատարանը գտնում է, որ դատավճիռը պետք է փոփոխվի` դիմողներին տրամադրելով իրենց տրամադրած գումարները: Փոխհատուցման այս չափը կարող է լինել այն ցավի ու տառապանքի հատուցում, որը դիմողները կրել են իրենց հարազատի կորստի հետևանքով»։
27. Ե՜վ դիմողները, և՜ ոստիկանները բողոք են ներկայացրել Գերագույն վճռաբեկ դատարան: Դիմողները կրկին պնդել են, որ հետաձգված պատիժը չափազանց մեղմ է: Նրանք վիճարկել են ստորին ատյանի դատարանների կողմից ավագ սերժանտ Բ. Ի.-ին տրված որակումը. նրան որպես «լավ վարքի» տեր անձ որակելը կասկածահարույց էր, քանի որ նա պրն Նիկոլովին ծեծի ենթարկելուց վեց ամիս առաջ մեղադրվել էր մի կալանավորի ծեծի ենթարկելու համար: Ամբաստանյալները պնդել են, որ ստորին ատյանի դատարանները նշանակել են խիստ ծանր պատիժ:
28. Նիստ գումարելով 2001թ. դեկտեմբերի 5-ին` Գերագույն վճռաբեկ դատարանն իր 2002թ. հունվարի 14-ի որոշմամբ Գերագույն վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել ստորին ատյանի դատարանների դատավճիռները` հետևյալ հիմնավորումներով.
«Ինչ վերաբերում է դիմողների բողոքին.
Դիմողները պնդել են, որ ստորին ատյանի դատարանները սխալ են թույլ տվել` հետաձգելով պատժի կրումը, և պահանջել են« որպեսզի ամբաստանյալները պատիժը կրեն անմիջապես:
Բողոքի այս հիմքը չի արդարացվում գործում առկա նյութերով և անհիմն է: Կիրառելով ՔՕ-ի 66-րդ հոդվածը` ստորին ատյանի դատարանները հաշվի են առել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ և քրեական օրենսգրքում պատժի կրումը հետաձգելու իրավական կարգավորումներ: Հաշվի առնելով ամբաստանյալների քրեական մաքուր անցյալը, նրանց լավ բնութագիրը, հանցագործության կատարման ձևը, այն է` յուրաքանչյուրի կողմից մեկական հարված հասցնելը, mens rea-ի ձևը, այն է` յուրաքանչյուր ամբաստանյալի անզգուշությունը, զոհի վարքագիծը և հաշվի առնելով պատժի նպատակները…, եզրահանգումն առ այն, որ ամբաստանյալների ուղղումը և վերադաստիարակումը չեն պահանջում պատժի կրում, օրինական է: Այս դատարանն ամբողջությամբ կիսում է այդ մոտեցումը…
Ինչ վերաբերում է երկու ամբաստանյալների բողոքին.
Բողոքի հիմքերն են նյութական իրավունքի խախտումը և նշանակված պատժի ու փոխհատուցման ակնհայտ անարդարացիությունը։
Նկատի ունենալով ստորին ատյանի դատարանների կողմից հաստատված փաստերը, որոնք այս դատարանի կողմից վերանայման ենթակա չեն, դատարանը գտնում է, որ նյութական իրավունքի խախտման վերաբերյալ փաստարկն անհիմն է և արդարացված չէ գործի նյութերով: Հանցագործություն կատարած անձանց ինքնությունը կասկածի ենթակա չէ, և ճիշտ է նաև արարքի որակումը: Ամբաստանյալներից յուրաքանչյուրը կատարել է ՔՕ 124-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արարքի բոլոր տարրերը: Ապացույցները` ամբաստանյալների ցուցմունքները, վկաների ցուցմունքները` զուգորդված բժշկական փորձագիտական եզրակացությունների և այլ գրավոր ապացույցների հետ, որոնք ճշտորեն գնահատվել են երկու դատական ատյաններում էլ… նրանց հիմք են տվել եզրակացնելու, որ նրանք երկուսն էլ հանցագործությունը կատարել են միմյանցից անկախ` գտնվելով ոստիկանական ծառայության մեջ և իրենց պարտականությունները կատարելու կապակցությամբ` այդպիսով պրն Նիկոլովի մահվան առնչությամբ դրսևորելով անզգուշություն և դիտավորություն` ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու առնչությամբ: Դատարանների անձնական համոզմունքը հիմնվել է գործի բոլոր փաստերի օբյեկտիվ, բազմակողմանի և լիարժեք գնահատման վրա, որոնք ենթարկվել են լուրջ և խոր վերլուծության: Հաշվի առնելով փաստերը` ինչպես հաստատվել է վերաքննիչ դատարանի կողմից, actus reus-ի և mens rea-ի վերաբերյալ եզրահանգումներն օրինական են:
Այս առումով ամբաստանյալների առարկությունը, որ մահը վրա է հասել թեթև մարմնական վնասվածքների արդյունքում, անհիմն է: Համանման առարկություն արվել է նաև վերաքննիչ դատարանում, վերջինս քննության է առել այս հարցը և ամբողջությամբ մերժել է այն: Պատճառաբանությունները մանրամասն են և հիմնվում են ապացույցների վրա, ուստի դատարանը կիսում է այդ մոտեցումը:
…
Նմանապես անհիմն են պատժի և փոխհատուցման ակնհայտ անարդարացիության վերաբերյալ փաստարկները: Պատիժը սահմանելիս առաջին և վերաքննիչ ատյանների դատարանները վերլուծել են այն մեղմացուցիչ և ծանրացնող բոլոր հանգամանքները: Նրանք իրավամբ գերակա են համարել մեղմացուցիչ հանգամանքները և նշանակել են օրենքով նախատեսված նվազագույն պատիժ` հետաձգելով դրա կրումը: Ավելի մեղմ պատիժն արդարացված չէր լինի, քանզի չէր համապատասխանի քրեական իրավունքի նպատակների իրականացմանը:
Նմանապես արդարացված է փոխհատուցման չափը: Հանցագործության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը գնահատվել է գործի բոլոր նյութերի և արդարության սկզբունքների հիման վրա… Հաշվի առնելով պատճառված ցավն ու տառապանքը և կորստի անդառնալիությունը, այս դատարանը գտնում է, որ ստորին ատյանի դատարանի կողմից նշանակված փոխհատուցման չափն արդարացի է և ամբողջությամբ կփոխհատուցի դիմողներին»։
C. Ոստիկանների դեմ կատարման վարույթը
29. 2002թ. հունվարի 25-ին դիմողները ձեռք են բերել կատարողական թերթ ընդդեմ երկու ոստիկանների: Քանի որ ոստիկանները հրաժարվել են կամովին կատարել դատավճիռը, դիմողները 2002թ. դեկտեմբերի 28-ին կատարողական վարույթ են նախաձեռնել ընդդեմ ոստիկանների: 2002-2004թթ. ընթացքում Շումենի տարածքային դատարանը փորձել է գումարներ հավաքել այս երկու ոստիկաններից, բայց` ապարդյուն, քանզի նրանք չունեին առգրավման ենթակա որևէ գույք: Այս պատճառով դիմողների պահանջով կատարողական վարույթը մինչև 2004թ. վերջը դադարեցվել է:
D. Դիմողների քաղաքացիական հայցն ընդդեմ Շումենի տարածքային ոստիկանական ստորաբաժանման
30. 1997թ. հուլիսի 24-ին երկու դիմողները և պրն Նիկոլովի որդին Շումենի շրջանային դատարանում քաղաքացիական հայց են հարուցել ընդդեմ Ներքին գործերի նախարարության և Շումենի տարածքային ոստիկանական ստորաբաժանման: Նրանք պահանջել են պրն Նիկոլովի մահվան դիմաց ոչ նյութական վնասի հատուցում` 1.500.000 լև1` առաջին դիմողի համար, 750.000 լև` երկրորդ դիմողի համար և 750.000 լև` պրն Նիկոլովի որդու համար:
31. Առաջին նիստում` 1997թ. հոկտեմբերի 16-ին Շումենի շրջանային դատարանը կասեցրել է գործի վարույթը` մինչև քրեական գործի վարույթի ավարտը: 2002թ. հունվարի 12-ին (տե՜ս վերը` կետ 28)` քրեական գործի վարույթի ավարտից հետո 2003թ. հուլիսի 16-ին Շումենի շրջանային դատարանը վերսկսել է գործի վարույթը:
32. Դատարանը գումարել է երեք նիստ` 2003թ. նոյեմբերի 5-ին, 2004թ. հունվարի 30-ին և մայիսի 12-ին: Նա ոստիկանների դեմ կայացված դատավճիռներն ընդունել է որպես ապացույց և լսել է կողմերին: 2004թ. մայիսի 12-ի որոշմամբ դատարանը գործի վարույթն ընդդեմ Ներքին գործերի նախարարության` կարճել է« վճռելով, որ միակ մարմինը, որը պատասխանատու է ոստիկանների գործողությունների համար, Շումենի տարածքային ոստիկանական ստորաբաժանումն է, որը ոստիկանների գործատուն է:
33. 2004թ. հունիսի 24-ին Շումենի շրջանային դատարանը Շումենի տարածքային ոստիկանական ստորաբաժանմանը կարգադրել է 1994թ. սեպտեմբերի 27-ից` պրն Նիկոլովի մահվան օրվանից սկսած առաջին դիմողին վճարել 1500 լև, երկրորդ դիմողին` 750 լև և պրն Նիկոլովի որդուն` 750 լև` գումարած օրենքով սահմանված տոկոսներ: Դատարանը նաև տրամադրել է 149.40 լև փոխհատուցում` ծախսերի և ծախքերի դիմաց: Դատարանը գտել է, որ պրն Նիկոլովի մահվան հետ կապված դեպքերը և նրա մահվան հետևանքով դիմողների կրած ոչ նյութական վնասն ամբողջությամբ հաստատվել են ոստիկանների դեմ կայացված քրեական դատարանների դատավճիռներով: Այս դատավճիռները, որոնք դիմողների ոչ նյութական վնասը գնահատել են համապատասխանաբար 5000 լև և 4000 լև, պարտադիր են քաղաքացիական դատարանի համար: Դատարանը նաև նշել է, որ դիմողները չեն կարողացել ստանալ այն գումարը, որը որպես փոխհատուցում նշանակվել էր քրեական գործի վարույթի արդյունքում, և եզրակացրել է, որ նման պարագայում փոխհատուցումը պետք է վճարվի ոստիկանների գործողությունների համար պատասխանատու մարմնի կողմից: Դատարանը նկատել է, այնուամենայնիվ, որ դիմողները պահանջել են ավելի փոքր գումարներ` 1500 և 750 լև, ուստի դատարանը չէր կարող տրամադրել ավելին:
34. 2004թ. հուլիսի 19-ին Շումենի տարածքային ոստիկանական ստորաբաժանումը բողոքարկել է այս վճիռը: 2004թ. նոյեմբերի 15-ին դիմողները մեծացրել են իրենց պահանջի չափը` համապատասխանաբար 5000 և 4000 լև: Շումենի տարածքային դատարանը գումարել է հինգ նիստ` 2004թ. նոյեմբերի 16-ին, 2005թ. հունվարի 11-ին և փետրվարի 24-ին:
35. 2005թ. մարտի 29-ին Շումենի տարածքային դատարանն ուժի մեջ է թողել ստորին ատյանի դատարանի վճիռը: Այն ևս հաշվի է առել քրեական դատարանների եզրահանգումները և նշել, որ դիմողները չեն կարողացել արդյունավետորեն ի կատար ածել փոխհատուցման գործընթացը: Ինչ վերաբերում է դիմողների` փոխհատուցման չափն ավելացնելու պահանջին, ապա դատարանը գտել է, որ նման պահանջը չի կարող հաշվի առնվել, քանի որ այն առաջին անգամ ներկայացվել է վերաքննիչ վարույթում, իսկ բողոքը ներկայացված է դատապարտյալների կողմից:
36. Գործի վարույթի ավարտից քիչ անց Շումենի տարածքային ոստիկանական ստորաբաժանումը վճարել է փոխհատուցման գումարը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
A. 1968 թ. քրեական օրենսգիրքը
37. ՔՕ-ի 124-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելը, որն անզգուշորեն հանգեցրել է մահվան, պատժվում է ազատազրկմամբ երեք տարուց մինչև տասներկու տարի ժամկետով` ծանր մարմնական վնասվածքների դեպքում, երկուսից մինչև ութ տարի ժամկետով` միջին ծանրության մարմնական վնասվածքների դեպքում, և մինչև հինգ տարի ժամկետով` թեթև մարմնական վնասվածքների դեպքում:
38. ՔՕ-ի 128-րդ հոդվածի 2-րդ կետը, 129-րդ հոդվածի 2-րդ կետը և 130-րդ հոդվածի 2-րդ կետը տարբեր բժշկական չափանիշների հիման վրա տարբերակում են կատարում ծանր, միջին ծանրության և թեթև մարմնական վնասվածքների միջև:
39. ՔՕ-ի 115-րդ հոդվածի համաձայն` սպանությունը պատժվում է ազատազրկմամբ տասից մինչև քսան տարի ժամկետով: 116-րդ հոդվածի 1 (2) կետի համաձայն` ոստիկանների կողմից իրենց պարտականությունները իրականացնելիս կատարված սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` տասնհինգից մինչև քսան տարի ժամկետով` ներման իրավունքով կամ առանց դրա:
40. ՔՕ-ի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է պատժաչափը որոշել օրենքով սահմանված սահմանների շրջանակում` հաշվի առնելով քրեական իրավունքի ընդհանուր նորմերը, հանցագործության և հանցավորի վտանգավորությունը, հանցագործության կատարման շարժառիթները և այլ մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ:
41. ՔՕ-ի 66-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարող է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման կրումը հետաձգել երեքից մինչև հինգ տարով` պայմանով, եթե հանցավորը նախկինում դատապարտված չի եղել ազատազրկման` հանրային մեղադրանքի շրջանակներում դատապարտելի հանցագործություն կատարելու համար« և պայմանով, եթե դատարանը գտնի, որ քրեական պատժի նպատակները (մասնավորապես` հանցագործի վերադաստիարակումը) կարող է տեղի ունենալ առանց պատիժն անմիջապես կրելու:
B. Ազգային ոստիկանության մասին 1993թ. օրենքը
42. Խնդրո առարկա ժամանակ գործող և ներկայումս ուժը կորցրած` Ազգային ոստիկանության մասին 1993թ. օրենքի 40 (1) բաժինը սահմանում էր.
«…ոստիկանները կարող են իրենց պարտականությունները կատարելիս … ուժ կիրառել… եթե միայն նրանք չունեն գործողության այլընտրանք, երբ.
1. անձը դիմադրում է կամ հրաժարվում օրինական հրամանին ենթարկվելուց,
2. ձերբակալում է հանցագործին, որը չի ենթարկվում կամ դիմադրում է ոստիկանին,
…
5. հարձակում է գործում քաղաքացիների կամ ոստիկանների վրա,…»։
43. Օրենքի 41(2) բաժնի համաձայն` ուժի կիրառումը պետք է, inter alia, համարժեք լինի հատուկ հանգամանքներին և հանցագործի անձին: Օրենքի 41 (3) բաժինը հրահանգում է ոստիկաններին «հնարավորության դեպքում պաշտպանել այն անձանց առողջությունը, ում դեմ ուժը կիրառվում է»: Օրենքի 41 (4) բաժինը նախատեսում է, որ ուժի կիրառումն անմիջապես պետք է դադարեցվի իր նպատակին հասնելուն պես:
C. Պայմանագրերի և պարտավորությունների մասին 1951թ. օրենքը
44. Պայմանագրերի և պարտավորությունների մասին 1951թ. օրենքի 49-րդ բաժնի համաձայն` իրավաբանական անձինք, ներառյալ պետական մարմինները, համապարտ պատասխանատվություն են կրում իրենց աշխատակիցների պատճառած վնասի համար:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
A. Կողմերի փաստարկները
45. Կառավարությունը` վկայակոչելով Կարահերն ընդդեմ Միացյալ Թագավորության ((dec.) թիվ 24520/94, ECHR 2000-I) վճիռը, նշել է, որ դիմողները, ովքեր իրենց կոնվենցիոն իրավունքների խախտման դիմաց ստացել են փոխհատուցում, այլևս չեն կարող համարվել խախտման զոհ: Անձի մահվան համար փոխհատուցում ստանալու հնարավորությունն սկզբունքորեն բավարար հատուցում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման համար: Իշխանությունները ոչ միայն ամբողջությամբ բավարարել են դիմողների փոխհատուցման վերաբերյալ պահանջները, այլ նաև մեղադրել և պատասխանատվության են ենթարկել պրն Նիկոլովի մահվան համար պատասխանատուներին: Ինչ վերաբերում է նշանակված պատիժներին, ապա ներպետական դատարանները հաշվի են առել հանցագործության ծանրությունը, այն կատարելու շարժառիթները և մյուս մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Բոլոր ատյանի դատարանները լիարժեքորեն պատճառաբանել են իրենց որոշումները: Պատիժները պատշաճ էին, եթե դրանք համեմատելու լինենք նման հանցագործությունների կապակցությամբ ներպետական դատարանների հաստատուն պրակտիկայի հետ, ըստ որի` միջին պատժաչափը երեք տարի երկու ամիս է, ինչի մասին են վկայում Գերագույն վճռաբեկ դատարանի հրատարակված նախադեպերը: Ուստի ոստիկանների համար նշանակված պատժաչափերը չեն կարող համարվել ակնհայտ մեղմ:
46. Դիմողները պնդել են, որ իրենք չեն ստացել այն գումարները, որոնք ոստիկանները պարտավոր էին վճարել: Ավելին, ոստիկանների համար նշանակված պատիժը համաչափ չէր` հաշվի առնելով հանցագործության բացառիկ ծանրությունը, քանի որ այն դրսևորվել է մահվան հանգեցրած և ոչնչով չարդարացված ծեծի միջոցով: Այս դեպքի կապակցությամբ նախնական քննությունը, որն սկզբնապես ավարտվել էր 1995թ. մայիսի 12-ի եզրակացությամբ առ այն, որ մեղադրյալները պետք է դատարանի առջև կանգնեն, դադարեցվել է և վերսկսվել միայն 1998թ. հունվարի 12-ին` համապատասխան բոլոր մարմիններին ուղղված` իրենց բազմաթիվ բողոքների արդյունքում: Քրեական գործի վարույթը տևել է գրեթե ութ տարի, և եթե չլինեին իրենց հետևողական բողոքները, հավանաբար չէր լինի նաև դատաքննություն: Ուստի պետությունն արդյունավետորեն չի կիրառել կյանքի իրավունքը պահպանող և վատ վերաբերմունքն արգելող օրենքները: Ոստիկանների համար նշանակված պատիժը բավարար չափով արդյունավետ չէր և չի հանդիսացել պրն Նիկոլովի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա մահվան դիմաց լիարժեք հատուցում:
B. Դատարանի գնահատականը
47. Ընդունելիության իր որոշման մեջ (տե՜ս վերը` կետ 4) Դատարանը գտել է, որ այն հարցը, թե արդյոք դիմողները դեռևս շարունակում են պրն Նիկոլովի մահվան կապակցությամբ պահպանել զոհի կարգավիճակը, սերտորեն կապված է այն հարցերի հետ, թե արդյոք մահվան կապակցությամբ քննությունը եղել է արդյունավետ և արդյոք դիմողների ստացած փոխհատուցումը հանդիսացել է բավարար հատուցում: Ուստի Դատարանը որոշել է Կառավարության նախնական առարկությունները միավորել գործի ըստ էության քննության հետ« և այդ հարցը կքննի այժմ:
48. Կոնվենցիայի 34-րդ հոդվածը սահմանում է.
«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից… որոնք պնդում են, թե դարձել են uույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ:… »։
1. Դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված սկզբունքներ
49. Դիմողի զոհի կարգավիճակը կարգավորող սկզբունքները Դատարանը վերջերս ամփոփել է Սկորդինոն ընդդեմ Իտալիայի գործով վճռի 178-192-րդ կետերում ((թիվ 1) (GC), թիվ 36813/97, ECHR 2006-…): Այնքանով, որքանով դրանք վերաբերում են սույն գործին, այդ սկզբունքները հետևյալն են.
(a) Ելնելով օժանդակության սկզբունքից` առաջին հերթին ներպետական մարմինների խնդիրն է Կոնվենցիայի ենթադրյալ խախտումների դիմաց հատուցում տրամադրելը: Այս կապակցությամբ, այն հարցը, թե արդյոք դիմողը կարող է հավակնել ենթադրյալ խախտման զոհի կարգավիճակի` վերաբերում է Կոնվենցիայի հիման վրա վարույթի բոլոր փուլերին,
(b) Դիմողի համար բարենպաստ որոշումը կամ միջոցառումն սկզբունքորեն բավարար չէ նրան զոհի կարգավիճակից զրկելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ներպետական մարմիններն ակնհայտորեն կամ ըստ էության ընդունել են Կոնվենցիայի խախտումը և հետագայում տրամադրել են հատուցում,
(c) Զոհի կարգավիճակի հավակնելու դիմողի կարողությունը կախված է այն հատուցումից, որը ներպետական պաշտպանության միջոցները տրամադրել են նրան,
(d) Օժանդակության սկզբունքը չի նշանակում հրաժարվել ներպետական պաշտպանության միջոցներն օգտագործելու միջոցով ձեռք բերված արդյունքի նկատմամբ վերահսկողությունից, այլապես Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները կզրկվեն իրենց էությունից: Այդ կապակցությամբ պետք է կրկնել, որ Կոնվենցիայի նպատակն է երաշխավորել ոչ թե տեսական կամ պատրանքային, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ:
2. Վերոհիշյալ սկզբունքների կիրառումը
50. Վերոհիշյալ սկզբունքներից բխում է, որ Դատարանը պետք է ստուգի, թե արդյոք իշխանություններն ընդունել են, գոնե ըստ էության, որ տեղի է ունեցել Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքի խախտում« և արդյոք հատուցումը կարող է համարվել պատշաճ և բավարար (տե՜ս վերոհիշյալ Սկորդինոն (թիվ1)« կետ 193):
a. Խախտման փաստի ճանաչումը
51. Կասկածի ենթակա չէ այն, որ ոստիկաններին դատապարտած և դիմողներին փոխհատուցում տրամադրած դատավճիռները (տե՜ս վերը` կետեր 24, 26, 28, 33 և 35) ըստ էության ճանաչել են, որ պրն Նիկոլովի մահը հանդիսացել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:
b. Հատուցման առանձնահատկությունները
52. Առաջին հարցը, որի լուծումն անհրաժեշտ է Դատարանի կողմից, այն է, թե արդյո՞ք դիմողներին տրամադրված փոխհատուցումը բավարար հատուցում է:
53. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ դիմողների կողմից ոստիկանների դեմ ներկայացված փոխհատուցման պահանջները բավարարվել են ամբողջությամբ: Այնուամենայնիվ, այդ փոխհատուցումն արդյունք չի ունեցել, քանի որ դիմողները, անկախ կատարող դատավորի ջանքերից, չեն կարողացել ստանալ այդ գումարները, քանի որ ոստիկանները չեն ունեցել առգրավման ենթակա որևէ գույք (տե՜ս վերը` կետեր 24 և 29): Մյուս կողմից, դիմողները ներկայացրել են քաղաքացիական հայց` ընդդեմ ոստիկանների գործատու հանդիսացող ստորաբաժանման, և նրանց պահանջներն ամբողջությամբ բավարարվել են: Ճիշտ է, որ առաջին ատյանի դատարանի այն ակնարկից հետո, թե կարող էր նշանակվել ավելի մեծ չափի փոխհատուցում, փոխհատուցման չափը մեծացնելու դիմողների փորձը եղել է ապարդյուն: Այնուամենայնիվ, դրա պատճառն այն էր, որ դիմողները փոխհատուցման չափը մեծացնելու փորձը ճիշտ ժամանակին չեն կատարել, այն է` առաջին ատյանի վճռից առաջ: Ենթադրվում է, որ դրանում նրանք խոչընդոտ չեն ունեցել, քանզի այն ժամանակ, երբ քաղաքացիական հայցի քննությունն ավարտվում էր, նրանք գիտեին քրեական դատավարության շրջանակներում նշանակված փոխհատուցման չափը, և, ամենայն հավանականությամբ, երբ ոստիկանական ստորաբաժանման դեմ գործի քննությունը դեռևս շարունակվում էր առաջին ատյանի դատարանում, նրանք տեղյակ էին այդ գումարները վերականգնելու անհնարինությանը (տե՜ս վերը` կետեր 29, 31, 33, 34 և 35):
54. Ուստի պետք է եզրակացնել, որ դիմողները պրն Նիկոլովի մահվան կապակցությամբ ստացել են փոխհատուցում:
55. Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ դիտավորությամբ դրսևորված վատ վերաբերմունքը, որը« ի խախտումն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի« հանգեցրել է մահվան, չի կարող հատուցվել բացառապես զոհի հարազատներին փոխհատուցման վճարմամբ: Պատճառն այն է, որ եթե իշխանությունները ոստիկանների կողմից դիտավորությամբ դրսևորված վատ վերաբերմունքին իրենց արձագանքը սահմանափակեին միայն փոխհատուցման վճարմամբ` առանց պատասխանատու անձանց հետապնդելու և պատժելու, դա որոշ դեպքերում պետության ներկայացուցիչներին հնարավորություն կտար չարաշահել իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց իրավունքները` հնարավոր անպատժելիությամբ, և սպանելու ու խոշտանգման և նվաստացնող ու անմարդկային վերաբերմունքի ընդհանուր իրավական արգելքները, չնայած դրանց առանցքային կարևորությանը, գործնականում կդառնան անարդյունավետ (տե՜ս, ի թիվս այլոց, Յաշան ընդդեմ Թուրքիայի, 1998թ. սեպտեմբերի 2-ի վճիռ, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998-VI, էջ 2431, կետ 74, Ղայան ընդդեմ Թուրքիայի. 1998թ. փետրվարի 19-ի վճիռ, Զեկույցներ 1998-I, էջ 329, կետ 105, Տանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23763/94, կետ 79, ECHR 1999-IV, Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 41488/98, կետ 89, ECHR 2000-VI, Սալմանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 21986/93, կետ 83, ECHR 2000-VII, Գյուլն ընդդեմ Թուրքիայի, թիվ 22676/93, կետ 57, 2000թ. դեկտեմբերի 14, Կելլին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 30054/96, կետ 105, 2001թ. մայիսի 4, Ավշարն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25657/94, կետ 377, ECHR 2001-VII, և mutatis mutandis Կրաստանովն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 50222/99, կետ 60, 2004թ. սեպտեմբերի 30): Այս կապակցությամբ Դատարանը գտնում է, որ Կառավարության կողմից վերոհիշյալ Կարահերի գործի վկայակոչումը տեղին չէ, քանզի դրանում Դատարանը, վկայակոչելով Ղայայի գործը (վերոհիշյալ կետ 105), նկատել է, որ «2-րդ հոդվածի հիման վրա կարող են ծագել առանձին ընթացակարգային պարտավորություններ` կապված մահվան ելքով ուժի կիրառման կապակցությամբ արդյունավետ հետաքննություն իրականացնելու հետ, սակայն դրանց հետ կապված խնդիր սույն գործում չկա», քանզի Կարահերի գործում դիմողներն այս կապակցությամբ գանգատ չեն բարձրացրել:
56. Վերոհիշյալից բխում է, որ փոխհատուցում հայցելու և ստանալու հնարավորությունը հանդիսանում է պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի արդյունքում մահվան դիմաց հատուցելու համար անհրաժեշտ միջոցների միայն մի մասը: Դատարանը պետք է այնուհետև քննության առնի ոստիկանների դեմ քրեական դատավարության արդյունավետությունը:
57. Մինչ այդ դատավարությունը վերլուծության ենթարկելը, Դատարանն անհրաժեշտ է համարում կրկնել այն սկզբունքները, որոնք կարգավորում են պետության ներկայացուցիչների կողմից ուժի կիրառման արդյունքում մահվան դեպքերը հետաքննելու իշխանությունների պարտականությունը.
(a) 2-րդ հոդվածը Կոնվենցիայի հիմնարար դրույթներից մեկն է: Այն ամրագրում է Եվրոպայի խորհուրդը կազմող ժողովրդավարական հասարակությունների հիմնական արժեքներից մեկը: Կոնվենցիայի` որպես մարդկային էակների պաշտպանության միջոցի, խնդիրն ու նպատակը պահանջում են, որ 2-րդ հոդվածը մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ դրա երաշխիքները դառնան գործնական և արդյունավետ (տե՜ս Անգելովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 38361/97, կետ 109, ECHR 2002-IV):
(b) 2-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է կյանքի իրավունքն ապահովել` սահմանելով անձի դեմ ուղղված հանցագործությունները կանխելու նպատակով քրեական իրավունքի արդյունավետ նորմեր, որոնք կամրապնդվեն այդ նորմերի խախտումը կանխող, կանխարգելող և պատժող իրավապահ մեխանիզմով (տե՜ս Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, Զեկույցներ 1998-VIII, էջ 3159, կետ 115, Մաստորմատեոն ընդդեմ Իտալիայի, թիվ 37703/97, կետ 67 և 89, ECHR 2002-VIII, և Մենսոն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 47916/99, ECHR 2003-V):
(c) 2-րդ հոդվածի հիման վրա պետության պոզիտիվ պարտավորությունները ներպետական իրավական համակարգից պահանջում են ցուցադրել քրեական իրավունքն այն անձանց նկատմամբ կիրառելու իրենց կարողությունը, ովքեր անօրինական կարգով խլել են մեկ ուրիշի կյանքը (տե՜ս Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի, թիվ 43577/98 և 43579/98, կետ 160 ECHR 2005-VII):
(d) 2-րդ հոդվածին համապատասխան պահանջվող արդյունավետ քննությունը ծառայում է իրավունքի գերակայությանն իշխանությունների հավատարմության առնչությամբ հանրության վստահության պահպանմանը, անօրինական ակտերի նկատմամբ հանդուրժողականության կանխմանը, կյանքի իրավունքը և վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը պաշտպանող` ներպետական օրենքների արդյունավետ կատարումն ապահովելուն, և պետության ներկայացուցիչների ներգրավվածության դեպքում` վերջիններիս պատասխանատվության ներքո տեղի ունեցած մահվան դեպքերի առնչությամբ նրանց պատասխանատվության ապահովմանը (տե՜ս, ի թիվս այլոց, ՄաքՔերն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 28883/95, կետեր 111 և 114, ECHR 2001-III, Պաուլը և Օդրի Էդուարդն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 46477/99, կետեր 69 և 72, ECHR 2002-II):
(e) 2-րդ հոդվածի պահանջները դուրս են գալիս պաշտոնական հետաքննության շրջանակից, եթե այդ հետաքննությունը հանգեցրել է ներպետական դատարաններում դատաքննության նախաձեռնմանը. քննությունն իր ամբողջության մեջ, ներառյալ դատաքննության փուլը, պետք է բավարարեն կյանքն օրենքի միջոցով պաշտպանելու պետության պոզիտիվ պարտավորության պահանջները: Թեև չկա բացարձակ պարտավորություն առ այն, որ բոլոր հետապնդումները պետք է ավարտվեն դատապարտմամբ կամ որոշակի պատժի նշանակմամբ, ներպետական դատարանները ոչ մի դեպքում չպետք է թույլ տան, որ կյանքը վտանգող հանցագործություններ կատարողները մնան անպատիժ: Սա էական նշանակություն ունի հասարակության վստահությունը պահպանելու, նվիրվածությունն իրավունքի գերակայությանը երաշխավորելու և անօրինական գործողությունների նկատմամբ հանդուրժողականությունը կանխելու համար (տե՜ս, mutatis mutandis« Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի, թիվ 48939/99, կետ 96, ECHR 2004-XII, Օկալին ընդդեմ Թուրքիայի, թիվ 52067/99, կետ 65, ECHR 2006-… (քաղվածքներ), և Թուրքմենն ընդդեմ Թուրքիայի, թիվ 43124/98, կետ 51, 2006թ. դեկտեմբերի 19-ի վճիռ):
58. Դատարանը պետք է այժմ, նշված սկզբունքների լույսի ներքո, քննության առնի ոստիկանների դեմ քրեական դատավարության արդյունավետությունը:
59. Դատարանը պետք է առաջին հերթին գնահատի այդ դատավարության արագությունը` որպես պրն Նիկոլովի մահվան համար պատասխանատու անձանց հետապնդելու` իշխանությունների պատրաստակամության չափանիշ (տե՜ս, mutatis mutandis, Սելմուոնին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 25803/94, կետեր 78 և 79, ECHR 1999-V, և ՄաքՔերն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 28883/95, կետեր 114 և152-55, ECHR 2001-III): Դատարանը նկատում է, որ պրն Նիկոլովին ծեծի են ենթարկել 1994թ. սեպտեմբերի 27-ին« և նա մահացել է 1994թ. հոկտեմբերի 1-ին: Հետաքննությունն սկսվել է հաջորդ օրը` հոկտեմբերի 2-ին և սկզբում ընթացել է արագ տեմպով. ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել, հարցաքննվել են վկաներ, կատարվել են մի շարք փորձաքննություններ, և եզրակացություն է կազմվել առ այն, որ ոստիկանները պետք է կանգնեն դատարանի առջև: Այնուամենայնիվ, 1995թ. հունիսից հետո, երբ գործը փոխանցվել է զինվորական դատախազություն, գործի վարույթը դադարեցվել է: Թեև այս ձգձգումը բացատրվել է անձնակազմի ծանրաբեռնվածության խնդիրներով, գործի վարույթը չի վերսկսվել երկուսուկես տարի` մինչև 1998թ. հունվար, և վերսկսվել է միայն դիմողների բազմաթիվ բողոքների արդյունքում: Ձգձգումների հետևանքով գործը դատարան է փոխանցվել միայն 1999թ. աշնանը, ոստիկանները դատապարտվել են և նրանց համար պատիժ է նշանակվել 2002թ.` անօրինական գործողությունից հետո յոթ տարի անց (տե՜ս վերը` կետեր 12-20, 24, 26 և 28): Վարույթի այս ընթացքն անընդունելի է Դատարանի համար` հաշվի առնելով, որ գործը վերաբերում էր ոստիկանության կողմից դրսևորված լուրջ բռնությանը« ուստի պահանջում էր իշխանությունների արագ արձագանքը (տե՜ս վերոհիշյալ Թուրքմենի գործը, կետեր 54-57): Ավելին, վարույթի անկանոն ձգձգումները, որոնց համար պատասխանատուն իշխանություններն էին, դատարանի կողմից օգտագործվել են որպես փաստարկ` հետաձգված և ոչ արդյունավետ պատիժ նշանակելու համար (տե՜ս վերը` կետ 24):
60. Այժմ Դատարանն անցնում է իր քննության երկրորդ տեսակետին. արդյո՞ք չափազանց երկարատև քրեական դատավարության արդյունքում ոստիկանների համար նշանակված պատժի կրման հետաձգումը բավարար էր իշխանությունների կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա պոզիտիվ պարտավորությունների կատարման համար: Դատարանի խնդիրն է այժմ պարզաբանել, թե արդյո՞ք ներպետական դատարանները գործը քննել են 2-րդ հոդվածով պահանջվող մանրակրկիտությամբ և ինչ ծավալով, այնպես, որ պահպանվի դատական համակարգի կանխարգելիչ դերը և չխաթարվի կյանքի իրավունքի խախտումները կանխելու` դատարանների կարևոր դերը (տե՜ս, mutatis mutandis, վերոհիշյալ Օներյիլդիզի, կետ 96« և Օկալիի, կետ 66« գործերը):
61. Ճիշտ է, որ Դատարանի խնդիրը չէ որոշել անձի մեղավորության աստիճանը (տե՜ս վերոհիշյալ Օներյիլդիզի գործը, կետ 116« ու Նաչովան և այլոք գործը, կետ 147), կամ որոշել համապատասխան պատիժ հանցագործի համար. սրանք այն հարցերն են, որոնք գտնվում են ներպետական քրեական դատարանների բացառիկ իրավազորության ներքո: Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 19-րդ հոդվածի և այն սկզբունքի համաձայն« ըստ որի` Կոնվենցիան միտված է ոչ թե տեսական կամ պատրանքային, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ երաշխավորելուն (տե՜ս կետ 49), Դատարանը պետք է համոզվի, որ պետությունը պատշաճորեն կատարել է իր իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները պաշտպանելու պարտավորությունը: Չափազանցված ուժի կիրառման արդյունքում մահվան դեպքերում Դատարանը մասնավորապես պետք է ստուգի, թե արդյոք պետությունը կատարել է 2-րդ հոդվածով նախատեսված` կյանքի իրավունքն ապահովելու իր պարտավորությունը` անձի դեմ ուղղված հանցագործությունները կանխելու նպատակով քրեական իրավունքի արդյունավետ նորմեր սահմանելու միջոցով, որոնք կամրապնդվեն այդ նորմերի խախտումը կանխող, կանխարգելող և պատժող իրավապահ մեխանիզմով, ինչպես նաև կյանքը վտանգող հանցագործություններն անպատիժ չթողնելու միջոցով (տե՜ս վերը` կետ 57): Ավելին, ինչպես նշված է Սկորդինոյի գործով վճռում (թիվ 1) (տե՜ս վերը` կետ 49) դիմողի շարունակվող` զոհի կարգավիճակը որոշելիս, Դատարանը պետք է հաշվի առնի ներպետական պաշտպանության միջոցների կիրառման շնորհիվ ձեռք բերված արդյունքը:
62. Վերոհիշյալից հետևում է, որ թեև Դատարանը ներպետական դատարաններին տրամադրում է էական ազատություն` պետության ներկայացուցիչների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի կամ սպանության դեպքերում համապատասխան պատիժ նշանակելու հարցում, Դատարանը պետք է իրականացնի որոշակի վերահսկողություն և միջամտի այն դեպքերում, երբ առկա է ակնհայտ անհամաչափություն արարքի ծանրության և նշանակված պատժի միջև: Այլապես, արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտականությունը մեծապես կկորցնի իր իմաստը և, Կոնվենցիայի 2-րդ հոդվածում ամրագրված իրավունքը, անկախ իր առանցքային կարևորությունից, գործնականում կդառնա անարդյունավետ:
63. Դատարանը նկատում է, որ սույն գործում ներպետական դատարանները մանրամասն պատճառաբանել են, թե ինչու են ոստիկանների կողմից կատարված արարքը որակել որպես դիտավորությամբ կատարված` ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու առնչությամբ, և անզգուշությամբ` մահվան հանգեցնելու առնչությամբ: Նրանք պատճառաբանել են նաև օրենքով թույլատրված նվազագույն պատժի նշանակումը և պատժի կրումը հետաձգելը (տե՜ս վերը` կետեր 24, 26 և 28): Դատարանի խնդիրը չէ ստուգել, թե արդյոք դատարաններն իրենց դատավճիռներում ճիշտ են կիրառել ներպետական քրեական իրավունքը. սույն դատավարությունում խնդիրը ոչ թե ոստիկանների անհատական քրեական պատասխանատվության հարցն է, այլ պետության միջազգային իրավական պարտավորության հարցը (տե՜ս Տանլին ընդդեմ Թուրքիայի, թիվ 26129/95, կետ 111, ECHR 2001-III (քաղվածքներ)): Այնուամենայնիվ, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ թեև Բուլղարիայի 1968թ. քրեական օրենսգիրքը ներպետական դատարաններին հնարավորություն էր տալիս ոստիկանների կողմից կատարված հանցագործությունների համար նշանակել մինչև տասներկու տարի ժամկետով ազատազրկում (տե՜ս կետ 37), նրանք ընտրել են օրենքով թույլատրված նվազագույն պատժաչափը` երեք տարի, և այնուհետև հետաձգել են պատժի կրումը: Այս համատեքստում, պետք է նաև նշել, որ ոստիկանների նկատմամբ չի կիրառվել կարգապահական պատասխանատվության որևէ միջոց: Ավելին, մինչև 1999թ.« նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո, երկու ոստիկանները դեռևս շարունակում էին իրենց ծառայությունը ոստիկանությունում, և նրանցից մեկն առաջխաղացում էր ունեցել (տե՜ս վերը` կետեր 19 և 20), մինչդեռ Դատարանի նախադեպային իրավունքն ասում է, որ երբ պետության ներկայացուցիչները մեղադրվում են վատ վերաբերմունքի հետ կապված հանցագործություններ կատարելու մեջ համար, կարևոր է« որ քննության կամ դատաքննության ընթացքում նրանց պարտականությունները կասեցվեն և դադարեցվեն` դատապարտվելու դեպքում (տե՜ս Աբդուլսամետն ընդդեմ Թուրքիայի, թիվ 32446/96, կետ 55, 2004թ. նոյեմբերի 2, և վերոհիշյալ Թուրքմենի գործը, կետ 53): Ըստ Դատարանի` մահվան հանգեցրած` ոստիկանության կողմից դիտավորությամբ դրսևորված լուրջ աստիճանի վատ վերաբերմունքին նման արձագանքը չի կարող պատշաճ համարվել: Հանցագործությունից յոթ տարի անց ոստիկաններին պատժելով` պատժի կրումը հետաձգելով, և նրանց կարգապահական պատասխանատվության չենթարկելով` պետությունը նպաստել է իրավապահների «անպատժելիության զգացումին» և նրանց «հույս ներշնչել, որ ամեն ինչ կկոծկվի», ինչպես նշել է սույն գործով վարույթ իրականացրած քննիչը (տե՜ս վերը` կետ 14):
64. Ամփոփելով` Դատարանը գտնում է, որ իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները դիմողների համար պատշաճ հատուցում չեն եղել (տե՜ս վերոհիշյալ Օկալիի գործը, կետ 78): Ուստի նրանք դեռևս կարող են համարվել զոհ` Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՒՄԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
65. Դիմողների գանգատը վերաբերում է պրն Նիկոլովին ծեծելուն և մահ պատճառելուն: Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որը սահմանում է.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է oրենքով:
Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ oրենքով նախատեuված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում uույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապեu անհրաժեշտ է`
a. ցանկացած անձի անoրինական բռնությունից պաշտպանելու համար,
b. oրինական ձերբակալում իրականացնելու կամ oրինական հիմքերով կալանավորված անձի փախուuտը կանխելու համար,
c. խռովությունը կամ ապuտամբությունը ճնշելու նպատակով oրենքին համապատաuխան գործողություն ձեռնարկելու համար»։
66. Դիմողները նշել են, որ պրն Նիկոլովի նկատմամբ ուժի կիրառումը ոչնչով արդարացված չի եղել և ամբողջովին եղել է ոչ անհրաժեշտ:
67. Կառավարությունը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:
68. Դատարանը նշում է, որ քրեական դատարանները, ծանոթանալով ապացույցներին և քննության առնելով գործի փաստերը, գտել են, որ երկու ոստիկանները, որոնք գործել են իրենց պաշտոնական կարգավիճակում, պատասխանատու են պրն Նիկոլովի մահվան համար: Դատարանները նաև գտել են, որ ոստիկանները դիտավորությամբ ծեծել են նրան, և «իրավիճակը չի պահանջել նման աստիճանի ֆիզիկական բռնության կիրառում» (տե՜ս վերը` կետեր 24, 26 և 28): Ուստի դատարանը գտնում է, որ պրն Նիկոլովի մահվան պատասխանատվությունը պետությանն է: Քրեական դատարանների եզրահանգումներից նաև պարզ է, որ նրան ձերբակալելու համար կիրառված ուժը «բացարձակ անհրաժեշտ չէր»` Դատարանի նախադեպային իրավունքի իմաստով« և այդպիսով` ի խախտումն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (տե՜ս, որպես վերջին աղբյուր` վերոհիշյալ Նաչովան և այլոք գործը, կետեր 94 և 106-08):
69. Ուստի տեղի է ունեցել այս դրույթի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՂՄԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
70. Դիմողները գանգատվել են առ այն, որ պրն Նիկոլովի մահվան կապակցությամբ քննությունը և մահվան առնչությամբ տրված փոխհատուցումը եղել են ոչ արդյունավետ: Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների վրա:
71. Դիմողները նշել են, որ եթե չլինեին տարբեր մարմինների հասցեագրված իրենց բողոքները, ոստիկանների դեմ քննությունը, որը դադարեցվել էր 1995թ. մայիսին, չէր հասնի մինչև դատական քննություն: Այն ավարտվել է միայն 1998թ. հունվարին` ավելի քան երկուսուկես տարի անց: Հետագա տարիներին ևս` նախաքննության, դատական քննության և բողոքարկման փուլերում, եղել են ձգձգումներ:
72. Կառավարությունը պնդել է, որ պրն Նիկոլովի մահվան կապակցությամբ քննությունը եղել է լիարժեք և բազմակողմանի: Իշխանությունները հավաքել են բոլոր վերաբերելի ապացույցները: Նրանք անցկացրել են քսանութ հարցաքննություն, տեղազննություն և կասկածյալի ճանաչում: Նրանք նաև կարգադրել են յոթ բժշկական փորձաքննություն` ներառյալ արտաշիրմումը: Բոլոր ատյանի դատարանները մանրամասն հետազոտել են առկա ապացույցները և ոստիկաններին մեղավոր են ճանաչել: Քննությունը և դատական քննությունն անպատշաճ կերպով չեն ձգձգվել:
73. Դատարանը գտնում է, որ այս գանգատը պետք է քննության առնվի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային կողմի հիման վրա, և 6-րդ ու 13-րդ հոդվածների հիման վրա դրա հետագա քննության անհրաժեշտություն չկա (տե՜ս, mutatis mutandis, վերոհիշյալ Օկալիի գործը, կետ 54): 2-րդ հոդվածի տեքստը շարադրված է վերը` 65-րդ կետում:
74. Արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտականությանը վերաբերող համապատասխան սկզբունքները, որոնք կիրառելի են պետության ներկայացուցիչների կողմից մահվան ելքով ուժ գործադրելու դեպքում, նշված են վերը` 57-րդ կետում:
75. Դատարանն արդեն գտել է, որ պրն Նիկոլովի մահվան համար պատասխանատու ոստիկանների դեմ քրեական դատավարությունը տարբեր պատճառներով չի համապատասխանում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին (տե՜ս վերը` կետեր 58-64):
76. Ուստի տեղի է ունեցել այս դրույթի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
77. Դիմողները« ի լրումն« գանգատվել են առ այն, որ պրն Նիկոլովի մահվանը հանգեցրած ծեծը և դրա կապակցությամբ ոչ արդյունավետ քննությունը խախտել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը սահմանում է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի»։
78. Հաշվի առնելով այն հիմքերը, որոնցով Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի երկակի խախտում (տե՜ս վերը` կետեր 69 և 76), Դատարանը գտնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա առանձին խնդիր չի ծագում:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ
79. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իuկ համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մաuնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
A. Նյութական վնաս
80. Դիմողները պահանջել են վաստակի կորուստը` 18.240 բուլղարական լև: Նրանք նշել են, որ պրն Նիկոլովը մահացել է վաթսուներկու տարեկանում: Մահվանից քիչ առաջ նա թոշակի էր անցել և ստանում էր ամսական 120 լև: Նա պետք է ստանար վերոհիշյալ գումարն իր մահվանից մինչև դիմողների կողմից գանգատ ներկայացնելու միջև ընկած ժամանակահատվածը:
81. Կառավարությունը մեկնաբանություն չի ներկայացրել:
82. Ըստ Դատարանի նախադեպային իրավունքի` պետք է հստակ պատճառական կապ լինի դիմողի պահանջած փոխհատուցման և Կոնվենցիայի խախտման միջև, և դա համապատասխան դեպքերում կարող է ներառել նաև վաստակի կորուստը (տե՜ս, ի թիվս այլ աղբյուրների, Կակիկին ընդդեմ Թուրքիայի, թիվ 23657/94, կետ 127, ECHR 1999-IV, և վերոհիշյալ Սալմանը, կետ 137): Դատարանը գտել է, որ իշխանությունները Կոնվենցիայի 2-րդ հոդվածին համապատասխան պատասխանատու էին դիմողների ամուսնու և հոր մահվան համար: Այս հանգամանքներում, առկա է պատճառական կապ 2-րդ հոդվածի խախտման և նրա կնոջ` տկն Նիկոլովայի ունեցած այն ֆինանսական միջոցների կորստի միջև, որը նրան տրամադրում էր ամուսինը: Ինչ վերաբերում է այդ կորստի չափին, ապա Դատարանը նկատում է, որ դիմողները չեն ներկայացրել ապահովագրական զեկույց կամ այլ փաստաթղթեր: Ուստի Դատարանն ստիպված է այդ պահանջի հարցը լուծել արդարության հիմքով (տե՜ս վերոհիշյալ Վելիկովան, կետ 102): Որոշում կայացնելով արդարության հիմքով` Դատարանը տկն Նիկոլովային տրամադրում է 7000 եվրո` իր ամուսնու մահվան հետևանքով կրած կորուստների դիմաց: Ինչ վերաբերում է պրն Նիկոլովի դստերը` օրդ Վելիչկովային, ոչինչ չի վկայում այն մասին, որ հոր մահվան պահին նա ֆինանսական կախվածություն է ունեցել հորից« ուստի նրան փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտություն չկա:
B. Ոչ նյութական վնաս
83. Դիմողները պահանջել են 10.000 լև` պրն Նիկոլովի մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի դիմաց` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման առնչությամբ, և 10.000 լև` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման առնչությամբ կրած ոչ նյութական վնասի դիմաց: Տկն Նիկոլովան պահանջել է նաև 50.000 լև` այն անհանգստության համար, որն ինքը կրել է պրն Նիկոլովի մահվան պատճառով: Նա նշել է, որ իր ամուսնու կորուստը և հիսունհինգ տարեկանում այրիանալը նրան խոր վիշտ են պատճառել: Օրդ Վելիչկովան պահանջել է 30.000 լև: Նա նշել է, որ հոր վաղաժամ կորուստն իրեն կսկիծ է պատճառել: Նրանք միասին պահանջել են նաև 20.500 լև` այն հուսախաբության առնչությամբ, որն իրենք ունեցել են պրն Նիկոլովի մահվան կապակցությամբ քննության դանդաղ և անարդյունավետ ընթացքի արդյունքում:
84. Կառավարությունը մեկնաբանություն չի ներկայացրել:
85. Դատարանը նկատում է, որ ինքը գտել է, որ իշխանությունները պատասխանատու են դիմողների ամուսնու և հոր մահվան համար, և նրանք այդ կապակցությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել: Դատարանը նաև նշում է, որ ինքը գտել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա առանձին խնդիր չի ծագում: Այս հանգամանքներում և հաշվի առնելով համանման գործերում տրամադրվող փոխհատուցումը` Դատարանը տրամադրում է 10.000 եվրո` գումարած գանձվելիք հարկերը` տկն Նիկոլովային, և 10.000 եվրո` գումարած գանձվելիք հարկերը` օրդ Վելիչկովային` այն վնասի դիմաց, որը նրանք կրել են անձամբ, սակայն չի տրամադրում որևէ փոխհատուցում պրն Նիկոլովի կրած վնասի դիմաց:
C. Ծախսեր և ծախքեր
86. Դիմողները պահանջել են նաև 1.000 լև` որպես փաստաբանների հոնորար և ծախսեր: Նրանք ի հիմնավորումն այս պահանջի` որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:
87. Կառավարությունը մեկնաբանություն չի ներկայացրել:
88. Դատարանը նկատում է, որ դիմողները չեն ներկայացրել իրենց պահանջը հիմնավորող որևէ փաստաթուղթ, ինչպես պահանջվում է Դատարանի կանոնակարգի 60-րդ հոդվածի 2-րդ կետով: Ուստի նրանք Դատարանին չեն համոզել, որ պահանջվող ծախսերն ու ծախքերը փաստացիորեն կատարվել են: Ուստի Դատարանն այս կապակցությամբ որևէ փոխհատուցում չի տրամադրում:
D. Տոկոսներ` չվճարելու դեպքում
89. Դատարանը գտնում է, որ չվճարելու դեպքում պետք է վճարվեն տոկոսներ` հիմնված Եվրոպական կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վրա, որը պետք է ավելացվի երեք տոկոսանոց կետով:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ դիմողները կարող են հավակնել զոհի կարգավիճակի` Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակների համար,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական կողմի խախտում,
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային կողմի խախտում,
4. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա առանձին խնդիր չի ծագում,
5. Վճռում է, որ`
(a) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սույն վճռի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը պետք է դիմողին վճարի վճարման օրվա դրությամբ փոխարժեքով բուլղարական լևի փոխարկելի հետևյալ գումարները.
(i) տկն Նիկոլովային` 7000 եվրո` նյութական վնասի առնչությամբ,
(ii) տկն Նիկոլովային` 10000 եվրո` ոչ նյութական վնասի առնչությամբ,
(iii) օրդ Վելիչկովային` 10000 եվրո` ոչ նյութական վնասի առնչությամբ,
(iv) ցանկացած հարկ, որը կարող է գանձվել վերոհիշյալ գումարներից,
(b) վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարումը վերոհիշյալ գումարներին պետք է հավելվի սովորական տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքով, որը պետք է ավելացվի երեք տոկոսանոց կետով:
6. Մերժում է արդարացի բավարարման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և ծանուցված է գրավոր` 2007թ. դեկտեմբերի 20-ին:
__________________
1 1999թ. հուլիսի 5-ին բուլղարական լևը վերաարժևորվել է: Մեկ նոր բուլղարական լևը հավասար է 1000 հին բուլղարական լևի:
