ՍՈՒԼԹԱՆՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
2010թ. նոյեմբերի 4-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
A. Ուզբեկստանում իրականացված քննությունը
6. Դիմողը ծնվել է Ուզբեկստանում 1979 թվականին: 2008թ. մարտին նա Ուզբեկստանից մեկնել է Ռուսաստան:
7. 2008թ. հունիսի 4-ին Ուզբեկստանի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական բաժինը մեղադրանք է ներկայացրել դիմողին in absentia հանցավոր խմբի կազմակերպման, պետության սահմանադրական կարգը տապալելու փորձի և արմատական ծայրահեղական շարժման հայացքները տարածելու վերաբերյալ: Դիմողի անունը նշվել է հետախուզվողների ցուցակում:
8. 2008թ. հունիսի 5-ին Նամագանի քրեական դատարանը որոշում է կայացրել դիմողին ձերբակալելու մասին:
9. 2008թ. հուլիսի 9-ին Ուզբեկստանի գլխավոր դատախազը խնդրել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին դիմողին հանձնել Ուզբեկստանի դատախազությանը:
B. Ռուսաստանում իրականացվող քննությունը
1. Հանձնման ընթացակարգը
10. 2008թ. սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի գլխավոր դատախազը որոշում է կայացրել դիմողին Ուզբեկստանին հանձնելու մասին: Հանձնման որոշման համաձայն, inter alia`
«… Ուզբեկստանի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական բաժինը քննում է քրեական գործ ընդդեմ Ն.Ն. Սուլթանովի…
Ն. Ն. Սուլթանովի դեմ մեղադրանքների համաձայն` 2000 և 2008 թվականների ընթացքում Ուզբեկստանի Նամագան շրջանում պետության սահմանադրական կարգը խախտելու նպատակով նա կազմակերպել է հանցավոր խումբ … ղեկավարել է այն` մասնակցելով ծայրահեղական խմբի հետևորդների քրեական գործունեությանը … հրապարակայնորեն կոչ է արել տապալել Ուզբեկստանի Հանրապետության սահմանադրական կարգը` նախաձեռնելով «ջիհադ` սուրբ պատերազմ» և Իսլամիկ պետության ստեղծում»:
… Ն.Ն. Սուլթանովի գործողությունները պատժելի են Ռուսաստանի քրեական օրենսգրքով և համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասին (քրեական խմբի ստեղծում), 278-րդ հոդվածին (սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ), 280-րդ հոդվածի 1-ին մասին (ծայրահեղական գործողությունների դիմելու հրապարակային կոչեր). այդ հոդվածներով նախատեսված սանկցիաները գերազանցում են մեկ տարվա ազատազրկումը: Ռուսաստանի և Ուզբեկստանի օրենսդրություններով այդ հանցագործությունների համար նախատեսված վաղեմության ժամկետներն սպառված չեն …»:
11. 2008թ. սեպտեմբերի 25-ին դիմողը տեղեկացվել է հանձնման որոշման մասին: Նա հայտարարել է, որ ստորագրել է համապատասխան փաստաթղթեր, համաձայն որոնց ծանոթացել է հանձնման որոշման հետ և հրաժարվել է բողոքարկել այդ որոշումը, առանց իմանալու այդ փաստաթղթերի բովանդակությունը` Ռուսաստանում չլինելու պատճառով:
12. 2008թ. նոյեմբերի 10-ին դիմողի փաստաբանը միջնորդել է Մոսկվայի քաղաքային դատարանին վերականգնել հանձնման որոշման համար բողոքարկման վաղեմության ժամկետները: 2008թ. նոյեմբերի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Դիմողը բողոքարկել է այդ որոշումը, և 2009թ. փետրվարի 9-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է նրա բողոքը և վերականգնել վաղեմության ժամկետները:
13. 2009թ. մարտի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է դիմողի բողոքն ընդդեմ հանձնման որոշման և անփոփոխ է թողել նրան Ուզբեկստանին հանձնելը:
14. 2009թ. մարտի 19-ին դիմողը բողոքարկել է այդ որոշումը Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան:
15. 2009թ. մարտի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է դիմողի միջնորդությունը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ` Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն նրա հանձնման գործընթացը կասեցնելու նպատակով:
16. 2009թ. մայիսի 7-ին Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը, և հանձնման մասին որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Անդրադառնալով դիմողի բողոքին, որ Ուզբեկստանում իրեն կարող են ենթարկել վատ վերաբերմունքի և տանջանքի, դատարանը նշել է հետևյալը.
«… [դիմողի] կողմից Ուզբեկստանում մարդու իրավունքների խախտումները վկայակոչելը … ընդհանուր բնույթի են, իսկ գործի նյութերում չկա որևէ օբյեկտիվ տեղեկատվություն առ այն, որ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում կարող է կիրառվել Ն.Ն. Սուլթանովի նկատմամբ …
… հետախուզման նախաձեռնողը ներկայացրել է որոշ երաշխիքներ Ն. Ն. Սուլթանովի առթիվ: Այս երաշխիքները չպահպանելը Ռուսաստանի Դաշնության իշխանություններին հիմքեր կտա մերժելու Ուզբեկստանի կողմից ներկայացվելիք հետագա հանձնման միջնորդություններն այլ անձանց առթիվ …»:
2. Դիմողի կալանքը մինչև հանձնումը և նրա դիմումներն ազատ արձակելու մասին
17. 2008թ. հունիսի 17-ին դիմողը կալանքի տակ է վերցվել Պերմ-2 գնացքի կայարանում:
18. 2008թ. հունիսի 18-ին Պերմի տրանսպորտային դատախազությունը որոշել է ձերբակալել դիմողին Նամագանի քրեական դատարանի որոշմանը համապատասխան և տեղավորել նրան Պերմի թիվ 1 նախնական կալանավայրում: Այն չի նախատեսել դիմողին կալանքի տակ պահելու ժամկետնը:
19. 2008թ. օգոստոսի 6-ին Պերմի տրանսպորտային դատախազությունը որոշում է կայացրել կալանքի տակ վերցնել դիմողին հանձնման մասին որոշմանը համապատասխան` de facto երկարացնելով դիմողի` 2008թ. հունիսի 17-ի նախնական կալանքի ժամկետը: Որոշմամբ չէին նախատեսվել ժամկետներ դիմողին կալանքի տակ պահելու ժամկետներ:
20. 2008թ. սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի գլխավոր դատախազը որոշում է կայացրել դիմողին Ուզբեկստանին հանձնելու վերաբերյալ:
21. Չպարզված օրը` 2008թ. օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, դիմողը Պերմից տեղափոխվել է Մոսկվայի IZ-77/4 կալանավայր:
22. 2009թ. հունվարի 21-ին դիմողն իր կալանքի առնչությամբ բողոքարկել է Մոսկվայի Բաբուշկինսկ շրջանային դատարան: Բողոքը 2009թ. հունվարի 26-ին ներկայացվել է կալանավայրի վարչակազմին դատարան ներկայացնելու նպատակով, և ստացել է թիվ C-12 տարբերահամարը: Այդուհանդերձ, 2009թ. հունիսի 16-ին Բաբուշկինսկ շրջանի դատարանը տեղեկացրել է դիմողին, ոչ դատարանը չի ստացել նրա բողոքը:
23. 2009թ. հունիսի 24-ին դիմողը բողոք է ներկայացրել Մոսկվայի Տվերսկի շրջանի դատարան առ այն, որ հանձնումից առաջ իր կալանքը եղել է ապօրինի: Նախ և առաջ նա հայտարարել է, որ կալանավորված է եղել մինչև հանձնումը` ավելի քան մեկ տարի` առանց կալանքի ժամկետի որևէ օրինական երկարացման: Երկրորդ` ինքը չի ունեցել որևէ հնարավորություն վիճարկելու իր կալանքի օրինականությունը` ի խախտումն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի: Երրորդ` մինչև հանձնումը կալանքին առնչվող` Ռուսաստանի քրեական դատավարության օրենսդրության դրույթները չեն բավարարել «օրենքի որակի» չափանիշը, որը նախատեսված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(f) կետով:
24. 2009թ. հուլիսի 21-ին Տվերսկի շրջանային դատարանը մերժել է դիմողի բողոքը` նշելով հետևյալը.
«…Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ գլուխը [խափանման միջոցների մասին] նախատեսում է նախնական կալանքի երկարացման ընթացակարգը միայն այն կասկածյալների և մեղադրյալների նկատմամբ, որոնց նկատմամբ ռուսական իշխանությունները գործ են հարուցել:
Դիմողի նկատմամբ խափանման միջոցի կիրառմանն առնչվող ընթացակարգը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 466-րդ հոդվածով, որը չի նախատեսում հանձնման նպատակով կալանքի երկարացում:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ կալանքի 18 ամիս առավելագույն ժամկետը, որը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով … չի խախտվել:
Այդ իսկ պատճառով, դատարանը գտնում է, որ դիմողի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման…»:
25. Դիմողը բողոքարկել է այս որոշումը Մոսկվայի քաղաքային դատարան: 2009թ. հոկտեմբերի 7-ին վերջինս անփոփոխ է թողել 2009թ. հուլիսի 21-ի որոշումը` առանց քննության թողնելով դիմողի բողոքն առ այն, որ իր կալանքն ապօրինի է:
26. Ապա դիմողը բողոք է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան` վերահսկողության կարգով: 2009թ. նոյեմբերի 17-ին նրա բողոքը մերժվել է Քաղաքային դատարանի կողմից` անհիմն լինելու պատճառով:
27. 2009թ. դեկտեմբերի 8-ին դիմողը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին և Մոսկվա քաղաքի դատախազին առ այն, որ իր կալանքը եղել է ապօրինի, և խնդրել է իրեն ազատ արձակել: Նա հայտարարել է, որ իր կալանքը չի երկարաձգվել ազգային դատարանների կողմից, և որ Դատարանի միջանկյալ միջոցների կիրառումը (տե՛ս վերը` կետ 15) չի կարող որպես հիմք ծառայել իր կալանքի երկարացման համար:
28. 2009թ. դեկտեմբերի 8-ին դիմողը վերահսկողության կարգով բողոք է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան` իր կալանքի ապօրինության և չափազանց երկար տևողության առնչությամբ: Այս բողոքը մերժվել է 2010թ. փետրվարի 9-ին:
29. 2009թ. դեկտեմբերի 21-ին լրացել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված կալանքի 8-ամսյա ժամկետը, սակայն դիմողը մնացել է կալանքի տակ:
30. 2010թ. Բաբուշկինսկի շրջանային դատարանը մերժել է դատախազի միջնորդությունը դիմողի տնային կալանքի վերաբերյալ:
31. 2010թ. ապրիլի 23-ին Բաբուշկինսկի շրջանային դատախազությունը որոշում է կայացրել դիմողին կալանքից ազատ արձակելու մասին: 2010թ. ապրիլի 26-ին դատախազը դիմողից պահանջել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին:
3. Փախստականի կարգավիճակ և ժամանակավոր կացարան ստանալու` դիմողի միջնորդությունը
32. 2008թ. նոյեմբերի 6-ին դիմողը միջնորդություն է ներկայացրել Դաշնային միգրացիոն ծառայության մոսկովյան բաժանմունքին (FSM) Ռուսաստանում փախստականի կարգավիճակ ստանալու մասին: 2008թ. դեկտեմբերի 5-ին նա հարցաքննվել է կալանավայրում FSM աշխատակցի կողմից` իր փաստաբանի ներկայությամբ:
33. 2009թ. մարտի 11-ին FSM-ը մերժել է դիմողի միջնորդությունը փախստականի կարգավիճակ ստանալու մասին, նշելով որ «… չկա որևէ հիմնավոր կասկած առ այն, որ նա կդառնա հետապնդումների զոհ Ուզբեկստանում»: Դիմողը բողոքարկել է այս մերժումը Մոսկվայի Զամոսկվորետսկի շրջանային դատարան:
34. 2009թ. հունիսի 2-ին Զամոսկվորետսկի շրջանային դատարանն անփոփոխ է թողել այս մերժումը` նշելով, որ դիմողը չի ներկայացրել որևէ բավարար ապացույց առ այն, որ ինքը կենթարկվի վատ վերաբերմունքի, եթե հանձնվի Ուզբեկստանին, և որ նա դիմել է փախստականի կարգավիճակ ստանալու համար միայն իր ձերբակալումից հետո, ինչը ցույց է տվել, որ նա փորձել է խուսափել Ուզբեկստանում օրինական քրեական հետապնդումից:
35. Դիմողը բողոքարկել է Մոսկվայի քաղաքային դատարան: 2009թ. նոյեմբերի 3-ին Քաղաքային դատարանը մերժել է բողոքը` անհիմն լինելու պատճառով` 2009թ. հունիսի 2-ի որոշումը թողնելով անփոփոխ:
36. 2010թ. հունվարի 18-ին դիմողը միջնորդություն է ներկայացրել FSM-ին Ռուսաստանում ժամանակավոր կացարան ստանալու վերաբերյալ:
37. 2010թ. մարտի 3-ին Փախստականների ՄԱ Բարձրագույն ներկայացուցչության ռուսական բաժանմունքը տեղեկացրել է FMS-ին առ այն, որ Ուզբեկստանում քաղաքական դրդապատճառով վատ վերաբերմունքի առթիվ դիմողի մտավախությունները եղել են հիմնավոր, և որ նա ունեցել է միջազգային պաշտպանության իրավունք:
38. 2010թ. ապրիլի 12-ին FMS-ը մերժել է դիմողի միջնորդությունը ժամանակավոր կացարան ստանալու վերաբերյալ և նրան այդ մասին տեղեկացրել է 2010թ. ապրիլի 16-ին` առանց այդ որոշման պատճենը նրան տրամադրելու:
39. 2010թ. ապրիլի 30-ին դիմողը բողոքարկել է FMS-ի մերժումը դեմ: Այդ առթիվ քննությունը դեռևս ընթացքի մեջ է:
II. Համապատասխան միջազգային և ներպետական իրավական նյութեր
Հանձնումից առաջ կալանքը և կալանքի դատական վերանայումը
Իրավունքի հարցեր
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վիճարկվող խախտում
64. Դիմողը բողոքել է, որ Ուզբեկստանին հանձնելն իրեն կենթարկի վատ վերաբերմունքի արժանանալու ռիսկի, որն արգելված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, համաձայն որի`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի դիրքորոշումները
65. Կառավարությունը հայտարարել է, որ բողոքն առ այն, որ դիմողը կենթարկվի քաղաքական հետապնդումների, ստուգվել է ռուսական դատարանների կողմից, երբ քննվել են հանձնման դեմ նրա բողոքները և մերժվել են` անհիմն լինելու պատճառով: Ռուսական դատարանները հիմնվել են ուզբեկական իշխանությունների հայտարարությունների վրա առ այն, որ չի լինելու վատ վերաբերմունքի որևէ ռիսկ դիմողի համար, եթե նա հանձնվի Ուզբեկստանին: Հիմնվելով իրենց ուզբեկ կոլեգաների հավաստիացումներին` Կառավարությունն առարկել է, որ դիմողը կենթարկվեր վատ վերաբերմունքի կամ պատժի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
66. Դիմողը նշել է, որ ինքը բողոքել է Ռուսաստանի դատարանների առջև առ այն, որ առկա է եղել իրական ռիսկ, որ ինքը Ուզբեկստանում կենթարկվի վատ վերաբերմունքի և քաղաքական հետապնդման: Նա ներկայացրել է ՄԱ մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների հաշվետվությունները Ուզբեկստանի մասին, որոնք հաստատում էին, որ խոշտանգումը լայն տարածում է ունեցել կալանավայրերում, և որ այս տեղեկությունը հավուր պատշաճի չի գնահատվել ռուսական իշխանությունների կողմից: Նա նշել է, որ դատարանները մերժել են իր փաստարկները` առանց այլ պատճառաբանությունների, բացի ուզբեկական իշխանությունների կողմից տրված հավաստիացումներից: Վերջապես, նա հղում է կատարել Դատարանի կողմից քննված մի շարք գործերի, որոնցում հաստատվել է, որ քաղաքական հանցագործությունների համար հետապնդվող անձին Ուզբեկստանին հանձնելը կարող է հանգեցնել 3-րդ հոդվածի խախտման:
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիություն
67. Դատարանը նկատում է, որ այս բողոքն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա այն նկատում է, որ բողոքն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է հայտարարվի ընդունելի:
2. Հիմքերը
68. Դատարանի նախադեպերից բխող` գործին առնչվող ընդհանուր սկզբունքների հակիրճ շարադրանքի համար տես` Մամատկուլովը և Ասկյարովն ընդդեմ Թուրքիայի [GC] գործով վճիռը, (nos. 46827/99 և 46951/99, կետեր 66-70, ECHR 2005-I):
69. Կողմերի ներկայացրած նյութերից բխում է, որ դիմողը ձերբակալվել է Ռուսաստանում և արդյունքում կալանավորվել է ուզբեկական իշխանությունների պահանջով, որոնք կասկածել են նրան մի շարք հանցագործությունների կատարման մեջ, ներառյալ` սահմանադրական կարգի տապալումը և արմատական ծայրահեղական շարժման հայացքների տարածումը: Քննության ընթացքում դիմողը հայտարարել է, որ Ուզբեկստանին իրեն հանձնելը կարող է իր նկատմամբ վատ վերաբերմունքի առիթ հանդիսանալ: Նա նաև ներկայացրել է փախստականի կարգավիճակ ստանալու միջնորդություն` կրկնելով մտավախությունները, թե կարող է ենթարկվել խոշտանգման և հետապնդման իր քաղաքական հայացքների համար: Նա հիմնավորել է իր հայտարարությունները ՄԱ կառույցների և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հաշվետվություններով, որոնք ներկայացրել են Ուզբեկստանում կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները: Ռուսական իշխանությունները մերժել են փախստականի կարգավիճակի մասին նրա դիմումը և որոշում են կայացրել նրան Ուզբեկստանին հանձնելու վերաբերյալ:
70. Դատարանի խնդիրն է պարզել` արդյոք, առկա է ռիսկ, որ դիմողին Ուզբեկստանին հանձնելու դեպքում նրա նկատմամբ կարող է դրսևորվել վատ վերաբերմունք: Քանի որ նա դեռևս չի հանձնվել` Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն Դատարանի կողմից ժամանակավոր միջոց կիրառելու արդյունքում, այդ ռիսկի գնահատման նյութական ժամանակը Դատարանի կողմից գործով դիրքորոշման ժամանակն է: Հետևաբար, չնայած Դատարանի դիրքորոշումն է, որ կարող է լույս սփռել տվյալ իրավիճակի և դրա հնարավոր զարգացումների վրա, այնուամենայնիվ, տվյալ պայմաններն են վճռորոշը (տես` Չահալն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996թ. նոյեմբերի 15, Վճիռների և որոշումների հավաքածու 1996-V, կետ 86):
71. Ինչ վերաբերում է դիմողի հայտարարություններին առ այն, որ Ուզբեկստանում կալանավորվածների նկատմամբ դրսևորվում է վատ վերաբերմունք, Դատարանը վերջերս ընդունել է, որ այս ընդհանուր խնդիրը դեռևս առկա է երկրում (տես, օրինակ, Իսմաիլովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 2947/06, կետ 120-121, 2008 թվականի ապրիլի 24 և Միմինովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 42502/06, կետ 93-96, 2008 թվական դեկտեմբերի 11): Մի քանի տարի է չի ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց առ այն, որ այս երկրի տվյալ բնագավառում տեղի է ունեցել որևէ բարեփոխում: Հաշվի առնելով այս հանգամանքները` Դատարանը գտնում է, որ կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքը տարածված և կայուն խնդիր է Ուզբեկստանում:
72. Ինչ վերաբերում է դիմողի անձնական վիճակին, Դատարանը նկատում է, որ նրան մեղադրանք է ներկայացվել քաղաքական դրդապատճառ ունեցող հանցագործությունների համար: Քանի որ ձերբակալման որոշում է կայացվել դիմողի նկատմամբ, հավանաբար, նա կկալանավորվեր միանգամից հանձնվելուց հետո, և այդ իսկ պատճառով կենթարկվեր վատ վերաբերմունքի լուրջ ռիսկի:
73. Ինչ վերաբերում է Կառավարության փաստարկին, որ ուզբեկական իշխանությունների կողմից տրվել են երաշխիքներ, սակայն պետք է նշել, որ եթե նույնիսկ ուզբեկական իշխանությունների կողմից տրվեին Ռուսաստանի կողմից պահանջվող դիպլոմատիկ երաշխիքները, որոնք չեն էլ ներկայացվել Դատարանին, դա չէր ազատի Դատարանին պարտականությունից պարզելուն արդյոք այդ երաշխիքները պրակտիկորեն կապահովեին դիմողի պաշտպանությունը Կոնվենցիայով արգելված վերաբերմունքի ռիսկից, թե` ոչ: Ընդունող պետության կողմից տրվող երաշխիքների կշիռը յուրաքանչյուր գործով կախված է կոնկրետ ժամանակահատվածում առկա դրությունից (տես` Սաադին ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 37201/06, կետ 148, ECHR 2008-…): Քանի որ խոշտանգման կիրառման պրակտիկան Ուզբեկստանում հեղինակավոր միջազգային աղբյուրների կողմից գնահատվում է որպես շարունակական բնույթ կրող (տե՛ս վերը` կետեր 59, 60 և 62), Դատարանը համոզված չէ, որ ուզբեկական իշխանությունների կողմից ներկայացված երաշխիքներն ապահովում են վստահելի պաշտպանություն ընդդեմ վատ վերաբերմունքի:
74. Համապատասխանաբար, դիմողին Ուզբեկստանին հանձնելը կարող է առաջացնել 3-րդ հոդվածի խախտում, քանի որ կարող է այնտեղ առկա լինել խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու լուրջ ռիսկ:
II. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի վիճարկվող խախտում
75. Դիմողը գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 (f)-ին կետի ներքո` առ այն, որ մինչև հանձնումն իր կալանքը եղել է ապօրինի և անորոշ ժամկետով` ի խախտումն ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների: 5-րդ հոդվածի 1 (f)-ին կետի համապատասխան մասի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկվել այլ կերպ քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
…
(f) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով»:
76. Նա բողոքել է նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի ներքո` առ այն, որ ազգային դատարանները չեն ստուգել իր կալանքի օրինականությունը: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
A. Կողմերի դիրքորոշումները
77. Կառավարությունը պնդել է, որ հանձնումից առաջ կալանքը եղել է օրինական, քանի որ այն իրականացվել է Նամանգանի քրեական դատարանի 2008թ. հունիսի 5-ի որոշմանը համապատասխան, և որ այն լիովին համապատասխանել է Քրեական դատավարության օրենսգրքի 466-րդ հոդվածի դրույթներին:
78. Կառավարությունն առարկել է, պնդելով, որ դիմողի բողոքները` կապված ներպետական դատարանների կողմից իր կալանքի օրինականությունը չստուգելու հետ, եղել է ակնհայտորեն անհիմն, քանի որ նա վիճարկել է իր կալանքի օրինականությունը` ապարդյուն բողոքելով Տվերսկի շրջանային դատարան և Մոսկվայի քաղաքային դատարան:
79. Դիմողը չի համաձայնել Կառավարության հայտարարությանը: Նա հայտարարել է, որ 2008թ. հունիսի 18-ի և օգոստոսի 6-ի երկարացման որոշումները չեն նախատեսել որևէ ժամկետ իր կալանքի համար, և որ իր կալանքի տևողությունը եղել է չափից ավելի` ի խախտումն Ռուսաստանի քրեական դատավարության օրենսդրության:
80. Ապա դիմողը հայտարարել է, որ Տվերսկի շրջանային դատարանը չի ստուգել իր կալանքի օրինականությունը` չներգրավելով իրեն որպես կողմ որևէ համապատասխան քրեական վարույթում (տե՛ս վերը` կետ 24):
B. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիություն
81. Դատարանը նկատում է, որ դիմողի գանգատները` 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի ներքո, ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով, և անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով, դրանք պետք է ճանաչվեն ընդունելի:
2. Հիմնավորումներ
(a) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետ
82. Կողմերի համար ընդհանուր է այն, որ դիմողը կալանավորվել է որպես անձ, «ում նկատմամբ իրականացվել է գործողություն` նրան ետ ուղարկելու կամ հանձնելու նպատակով», և որ նրա կալանքն ընկել է 5-րդ հոդվածի 1 (f)-ին կետի ներքո: Այդուհանդերձ, կողմերը վիճարկել են, թե արդյոք այս կալանքը եղել է «օրինական» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:
83. Դատարանը նկատում է, որ դիմողը Ռուսաստանում կալանավորվել է ուզբեկական դատարանի` ձերբակալման որոշման համաձայն: Նրա կալանքն իրականացվել է Պերմի տրանսպորտային դատախազության 2008թ. հունիսի 18-ի և օգոստոսի 6-ի որոշումներով: Այս որոշումներից ոչ մեկը դիմողի կալանքի չի նախատեսել որևէ ժամկետ:
84. Ինչ վերաբերում է Կառավարության հիմնավորմանն առ այն, որ դիմողի կալանքը` նրան Ուզբեկստանին հանձնելու նպատակով, համապատասխանել է Քրեական դատավարության օրենսգրքի 466-րդ հոդվածի պահանջներին, ապա Դատարանը նշում է, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի 2006թ. հուլիսի 11-ի թիվ 158-O որոշման և 2007թ. մարտի 1-ի թիվ 333-O-P որոշման և Գերագույն դատարանի 2009թ. հոկտեմբերի 29-ի թիվ 22 որոշման` երբ գործն առնչվում է մինչև հանձնումն իրականացված կալանքի հարցերին, ռուսական դատարանները պետք է առաջնորդվեն Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի պահանջներով` այն առումով, որ հանձնումն երկարաձգվի միայն Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի պահանջներին համապատասխան (տե՛ս վերը` կետեր 53-56):
85. Իր վերջին մի շարք վճիռներում Դատարանն արդեն գտել է, որ ռուսական օրենսդրության դրույթները, որոնք կարգավորում են անձի կալանքը նրան հանձնելու նպատակով, ոչ հստակ են եղել, ոչ էլ կանխատեսելի իրենց կիրառմամբ, և չեն համապատասխանել «օրենքի որոշակիության» կոնվենցիայով նախատեսված պահանջին (տես, օրինակ` Նարսրուլլոևն ընդդեմ Ռուսաստանի գործով վճիռը, թիվ 656/06, կետ 72, 2007թ. հոկտեմբերի 11, Իսմաիլովը և այլոք, վերը նշված, կետ 142, Մումինովի գործը` վերը նշված, կետ 122 և Խուդյակովան ընդդեմ Ռուսաստանի գործով վճիռը, թիվ 13476/04, կետ 73, 2009թ. հունվարի 8):
86. Դատարանը վերահաստատում է վերը նշված գործերով արված հետևությունները և գտնում է, որ չնայած Կառավարության հայտարարություններին` հստակ իրավական դրույթների առկայության վերաբերյալ, որոնք սահմանում են հանձնման մասին և դրա երկարացման մասին որոշումների կայացման ընթացակարգը, և կալանքի ժամկետներ սահմանելը, ազատությունից զրկելը, որին դիմողը ենթարկվել է, նա ապահովված չի եղել կամայականության դեմ համապատասխան երաշխիքներով: Հատկապես Դատարանը նկատում է, որ դիմողի կողմից վկայակոչված կալանքի մասին որոշումներից ոչ մեկը չի սահմանել իր կալանքի որևէ ժամկետ (տե՛ս վերը` կետեր 18 և 19): Կալանքի ընդհանուր պայմաններ նախատեսող դրույթների հիմքով (քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդված)` մինչև քննությունը կալանքի ժամկետը երկու ամիս է: Դատավորը կարող է երկարացնել այդ ժամկետը մինչև վեց ամիսով: Հետագա երկարացումը կարող է իրականացվել դատավորի որոշմամբ այն դեպքում, եթե անձին մեղադրանք է առաջադրվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար: Այդուհանդերձ, տվյալ գործով մինչև կալանքի երկու ամիս տևողությամբ սկզբնական ժամկետի ավարտը (Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետ) դատարանի կողմից չի նախատեսվել որևէ այլ երկարացում: Դիմողը կալանքի տակ է մնացել 2008թ. հունիսի 17-ից մինչև 2010թ. ապրիլի 23-ը, այն է` 22 ամսից ավելի: Այդ ընթացքում դատախազի կողմից չի կայացվել որևէ որոշում նրա առնչությամբ, ինչպես նաև ազգային դատարաններին չի ներկայացվել որևէ միջնորդություն նրա կալանքը երկարացնելու վերաբերյալ: Այդպիսով, ազգային համակարգը չի պաշտպանել դիմողին կամայական կալանքից, և նրա կալանքը չի կարող համարվել «օրինական» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:
87. Հաշվի առնելով վերը նշվածը` Դատարանը գտնում է, որ դիմողի կալանքը եղել է ապօրինի և կամայական` ի խախտումն 5-րդ հոդվածի 1-ին կետի:
(b) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը
88. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետի նպատակն է ապահովել, որպեսզի ձերբակալված կամ կալանավորված անձինք ունենան իրենց նկատմամբ կիրառված միջոցի օրինականությունը դատական կարգով վերանայելու իրավունք (տես, mutatis mutandis, Դե Վիլդեն, ՕՕմսը և Վերսիպն ընդդեմ Բելգիայի, 1971թ. հունիսի 18, կետ 76, մաս A, թիվ 12): Միջոցը պետք է հասու լինի անձի կալանքի ընթացքում, ինչը թույլ կտա այդ անձին ունենալու կալանքի օրինականության արագ դատական ստուգում, որը կարող է հանգեցնել, անհրաժեշտության դեպքում, ազատ արձակվելուն: 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված միջոցի առկայությունը պետք է լինի բավականաչափ որոշակի ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում, որի բացակայությունը կբացառի այդ դրույթով պահանջվող հասանելիությունն ու արդյունավետությունը (տես, mutatis mutandis, Ստոիչկովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 9808/08, կետ 66 in fine, 2005թ. մարտի 24, և Վաչևն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 42987/98, կետ 71, ECHR 2004-VIII (extracts)): Միջոցի հասանելիությունը ենթադրում է, inter alia, որ իշխանությունների կողմից ստեղծված հանգամանքները լինեն այնպիսին, որպեսզի դիմողները ռեալ հնարավորություն ունենան օգտվելու այդ միջոցներից (տես, mutatis mutandis, Սոնկայի վերը նշված գործը, կետ 55):
89. Դատարանի համար համոզիչ չէ Կառավարության փաստարկն առ այն, որ դիմողն օգտվել է իր կալանքի դատական վերահսկողության իրավունքից` 2009թ. հունիսի 24-ին բողոքելով, որ իր կալանքը եղել է ապօրինի, և նա կարողացել է իրականացնել դատական վերահսկողության իր իրավունքը (տե՛ս վերը` կետ 23): Դիմողը փորձել է վիճարկվել դատարաններում առ այն, որ իր կալանքը դադարել է օրինական լինելուց Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո: 5-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան նա իրավունք է ունեցել դիմելու դատարանին, որը «կարող էր արագ պարզել»` արդյոք նրան ազատությունից զրկելը եղել է «ապօրինի», թե ոչ` նոր գործոնների լույսի ներքո, որոնք համապատասխանաբար բխել են իր նախնական կալանքի որոշումից (տես, mutatis mutandis, Ուիքսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1987թ. մարտի 2, կետեր 55-59, մաս A, կետ 114):
90. Իր կալանքի վերահսկողությանն առնչվող դիմողի բողոքը մերժվել է ազգային դատարանների կողմից` որպես չհամապատասխանող Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ գլխին, որը նախատեսել է դատական վերահսկողություն բողոքների առթիվ, որոնք ուղղված են խափանման միջոցների դեմ և հնարավորություն են տալիս նման բողոք ներկայացնել միայն «կասկածյալներին և մեղադրյալներին, որոնց դեմ ռուսական իշխանությունները հարուցել են քրեական գործ»: Տվերսկի շրջանային դատարանը մերժել է իրեն քրեական գործով կողմ ճանաչելու` դիմողի միջնորդությունն այն հիմքով, որ Ռուսաստանում իր դեմ առկա չի եղել որևէ քրեական գործ, և որ մինչև հանձնումը նրա կալանքի առավելագույն ժամկետը չի լրացել (տե՛ս վերը` կետ 24):
91. Դատարանը նկատում է, որ իր փաստարկներում Կառավարությունը չի ներկայացրել որևէ միջոց իր նկատմամբ կալանքի վերահսկողության առնչությամբ դիմողի միջնորդությունների դատական քննության համար, այլ միայն աղոտ հղում է կատարել Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխին, որը կարգավորում է պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների դեմ քրեական գործերով կողմերի ներկայացված դատական բողոքները (տե՛ս վերը` կետ 46): Այդուհանդերձ, այս առթիվ Դատարանը, մի կողմ դնելով այս դրույթներին Կառավարության կողմից կատարված անորոշ հղումները, ցանկանում է շեշտը դնել այն բանին, որ այն արդեն իսկ մի շարք գործերով գտել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածը չի կարող դիտարկվել իբրև մինչև հանձնումը կալանավորված անձանց կողմից դատական բողոքների համար միջոց նախատեսող հոդված (տե՛ս վերը` Նասրուլլոյևի գործը, կետեր 88-89 և Ռյաբիկինն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 8320/04, կետ 139, 2008թ. հունիսի 19): Այս գործերով դիմողները եղել են նույնանման իրավիճակներում, և հաստատվել է, որ նրանք չեն ունեցել որևէ ֆորմալ կարգավիճակ ազգային քրեական օրենսդրության ներքո, քանի որ իրենց դեմ առկա չի եղել որևէ քրեական գործ Ռուսաստանում, և այդ իսկ պատճառով, նրանք չեն կարողացել ունենալ իրենց կալանքների օրինականության նկատմամբ դատական վերահսկողություն:
92. Հետևաբար, դիմողի կալանքի ընթացքում տեղի չի ունեցել որևէ ընթացակարգ, որի միջոցով նրա կալանքի օրինականությունը կստուգվեր դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
III. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում
93. Դիմողը հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազի կողմից 2008թ. սեպտեմբերի 18-ին կայացված հանձնման մասին` դիմողի նկատմամբ տնային կալանք նշանակելու մասին ձևակերպումը շրջանային դատարանի 2010թ. ապրիլի 23-ի որոշմամբ մերժումը, խախտել են նրա անմեղության կանխավարկածը:
94. Կառավարությունն առարկել է այդ փաստարկի դեմ:
95. Դատարանը նկատում է, որ դիմողին հանձնելու մասին 2008թ. սեպտեմբերի 18-ի որոշումը և դատարանի 2010թ. ապրիլի 23-ի որոշումը լիովին հիմնավորվել են ուզբեկական իշխանությունների կողմից ներկայացված փաստաթղթերով, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել համապատասխան հանցագործությունների կատարման համար, և այն ունեցել է այնպիսի կառուցվածք, որում նկարագրվել են Ուզբեկստանում դիմողի դեմ առկա մեղադրանքները (տե՛ս վերը` կետ 10): Նման հանգամանքներում Դատարանը չի գտնում, որ Ռուսաստանի դատախազության և Շրջանային դատարանի կողմից ներկայացված հայտարարությունները հանգեցրել են դիմողի մեղքի հայտարարմանը, դրանք լոկ նկարագրել են «կասկածները», որոնք հիմք են հանդիսացել հանձնման միջնորդություն ներկայացնելու և հանձնման որոշում կայացնելու համար (ի հակադրություն` վերը նշված Իսմաիլովի գործի, կետ 168, տե՛ս նաև` Կոլեսնիկն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 26876/08, կետ 92, 2010թ. հունիսի 17 (դեռևս չավարտված)):
96. Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:
IV. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
97. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքը ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
98. Դիմողը պահանջել է 20000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի համար:
99. Կառավարությունը հայտարարել է, որ պահանջվող գումարը չափազանց է և նշել է, որ Կոնվենցիայի խախտման հայտնաբերումը կլինի համարժեք փոխհատուցում դիմողի գործով:
100. Դատարանը, արդարացիորեն գնահատելով, դիմողին տրամադրում է 15,000 եվրո ոչ նյութական վնասի դիմաց` գումարած բոլոր հարկերը, որոնք կարող են առաջանալ այդ գումարի առթիվ:
B. Ծախսերը և ծախքերը
101. Հիմք ընդունելով վճարման պայմանագրերը և փաստաբանների աշխատանքի ժամանակացույցը` դիմողը պահանջել է 5137 ֆունտ սթեռլինգ (GNP) (մոտավորապես` 6220 եվրո)` պարոն Վ.Բոուրինգի և տիկին Ջ. Էվանսի վարչական և թարգմանչական ծախսերի դիմաց, և 1200 եվրո` տիկին Ի. Ռյաբինինայի աշխատանքի դիմաց, որը ներկայացրել է նրան ներպետական իշխանությունների առջև և Դատարանում, և 90,000 ռուսական ռուբլի (RUB, մոտավորապես` 2360 EUR)` պարոն Ա. Գայտաևի և պարոն Ռ. Մագամեդովի աշխատանքի դիմաց, որոնք ներկայացրել են նրան ներպետական իշխանությունների առջև: Պահանջվող ողջ գումարը կազմել է 9,780 եվրո:
102. Կառավարությունը չի առարկել արդարացի փոխհատուցման գումարների տրամադրումը, սակայն հայտարարել է, որ դրանք չափից ավելի են:
103. Դատարանի նախադեպերի համաձայն` դիմողն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այն դեպքում, եթե ցույց տրվի, որ դրանք փաստացիորեն և անհրաժեշտաբար առաջացել են և հիմնավոր են: Տվյալ գործով հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափանիշը` Դատարանը գտնում է, որ հիմնավոր կլինի տրամադրել դիմողին 7500 եվրո ծախսերի դիմաց` գումարած ցանկացած հարկ, որ կարող է առաջանալ այդ գումարի առթիվ:
C. Տոկոսները
104. Դատարանն անհրաժեշտ է համարում, որպեսզի տուգանային տոկոսները սահմանվեն Եվրոպական կենտրոնական բանկի տոկոսադրույքով` ավելացած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է հայտարարում Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների ներքո ներկայացված գանգատները, գանգատի մնացած մասը հայտարարում է անընդունելի.
2. Վճռում է, որ դիմողի դեմ ընդունված հանձնման մասին որոշման կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում.
5. Վճռում է`
(a) որ պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է դիմողին վճարի`
(i) 15,000 եվրո ` գումարած ցանկացած հարկ` ոչ նյութական վնասի դիմաց,
(ii) 7500 եվրո` գումարած ցանկացած հարկ, ծախքերի և ծախքերի դիմաց. որոնք պետք է փոխարկվեն ֆունտ սթեռլինգի` վճարման օրվա փոխարժեքով և վճարվեն Լոնդոնում` դիմողի կողմից ցույց տրված բանկի հաշվին,
(b) վերը նշված երեք ամսվա ժամկետը լրանալուց հետո տոկոսները պետք է վճարվեն Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հաստատված տոկոսադրույքով` հավելած երեք տոկոս.
6. Մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի մյուս պահանջը:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակված 2010թ. նոյեմբերի 4-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի կետ 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
