ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Հ. Մանուկյան |
ԱՐԴ/0180/01/23
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Լ. Աբգարյան |
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի |
28 փետրվարի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Արման Ռոբերտի Բուղդարյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 57113622 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Արման Ռոբերտի Բուղդարյանը ձերբակալվել է:
2022 թվականի հուլիսի 20-ին Ա.Բուդղարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ Ա.Բուղդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Ա.Բուդղարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմինը 2023 թվականի հունիսի 19-ին նոր որոշում է կայացրել Ա.Բուդղարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Հսկող դատախազ Ա.Բարսեղյանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Ա.Բուդղարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է:
2023 թվականի հուլիսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանը, դատական նիստում, նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բուդղարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով՝ նույն ժամանակահատվածով սահմանափակելով վերջինիս՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, բացառությամբ մերձավոր ազգականների:
3. Արման Բուդղարյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումը բեկանել և վարույթն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության: Մեղադրյալ Ա.Բուղդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է, և նա անհապաղ ազատվել է արգելանքից:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Բուղդարյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Մեղադրյալ Ա.Բուղդարյանի պաշտպան Գ.Պապոյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկում է այն մասով, որ վերջինս հատուկ վերանայման Վերաքննիչ բողոքում բերված բոլոր փաստարկներին չանդրադառնալով, կայացրել է չպատճառաբանված դատական ակտ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, ՀՀ Սահմանադրության 6-րդ, 27-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջները:
5.1. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորություն չունի: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլուխը նախատեսում է, թե ինչպիսի իրավական ընթացակարգով է կարգավորվում հատուկ վերանայումը, և նշված գլխի որևէ հոդվածով չի նախատեսվում, որ Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում կարող է բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
5.2. Բողոքաբերը գտել է, որ և Առաջին ատյանի դատարանը, և Վերաքննիչ դատարանը իրենց կողմից կայացված դատական ակտերում առհասարակ քննարկման առարկա չեն դարձրել հիմնավոր կասկածի առկայության հարցը:
5.3. Բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, առանց նոր էական հանգամանք վկայակոչելու, կալանքից ազատված անձին կրկին կալանավորել է: Մասնավորապես, մեղադրանքը պաշտպանող դատախազը, գործը դատարան ուղարկելուց մեկ օր առաջ՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, Արման Բուղդարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացրել է, իսկ դատարանը, նախնական դատալսումների ժամանակ, նոր էական հանգամանքի առկայությունը քննության առարկա չդարձնելով, առանց որևէ հիմնավորման և պատճառաբանության, կալանքի է վերցրել ազատության մեջ գտնվող մեղադրյալին, ինչով խախտել է անձի հիմնարար՝ անձնական ազատության իրավունքը:
5.4. Բողոքաբերը նշել է, որ դատարանը խափանման միջոցի կիրառման նպատակը հիմնավորել է ստանդարտ ձևակերպումներով, ինչպես նաև առանց հիմնավորելու և պատճառաբանելու այլընտրանքային խափանման միջոցի՝ որպես անձի վարքագիծը զսպող բավարար երաշխիք չհանդիսանալու հանգամանքը, պարզապես մեկ նախադասությամբ արձանագրել է, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը: Բողոքաբերը փաստել է, որ Ա.Բուղդարյանը շուրջ մեկ ամիս ազատության մեջ մնալով չի խոչընդոտել քրեական վարույթին, փորձաքննության կատարման համար հանձնել է արյան նմուշ, դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալու որևէ փորձ չի կատարել։
5.5. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, առանց ծանրակշիռ հիմքերի, սահմանափակել է անձի հիմնարար իրավունքներից մեկը՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքն այն պայմաններում, երբ Ա.Բուղդարյանի հաղորդակցության իրավունքը նախաքննության ընթացքում առհասարակ սահմանափակված չի եղել, վերջինս ազատորեն իրացրել է իր այդ իրավունքը, և չկան փաստական տվյալներ առ այն, որ այդ ընթացքում վերջինս միջամտել է գործի քննությանը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2023 թվականի օգոստոսի 16-ի դատական ակտը մասնակի փոփոխել և/կամ բեկանել՝ գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու մասով և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արման Բուղդարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «(...) [Ն]ա միջոցներ տրամադրելով օժանդակել է մի խումբ անձանց կողմից շատերի (այլ անձանց) կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Վարազդատ Բարոյանին դիտավորությամբ կյանքից զրկելուն (…)»1։
8. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է դատական նիստի մասին վարույթի մասնակցին պատշաճ ծանուցելու վերաբերյալ օրենսդրական մի շարք պահանջներ, չի պահպանել վերջինիս ծանուցելու կարգը և պայմանները, ուստի սույն դեպքում պաշտպան Գ.Պապոյանը չէր կարող համարվել պատշաճ ծանուցված։
(…)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում արձանագրելով մեղադրյալ Ա.Բուղդարյանի պաշտպանի բացակայությունը, լսելով մեղադրյալի հայտարարությունը՝ դատական նիստն իր պաշտպանի մասնակցությամբ շարունակելու մասին և ստացած լինելով դատական նիստը հետաձգելու մասին պաշտպան Գ.Պապոյանի դիմումը, ինչպես նաև ղեկավարվելով դատական նիստին պաշտպանի պարտադիր մասնակցության մասին քրեադատավարական նորմերով, Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր հետաձգել դատական նիստը՝ մանավանդ, երբ տվյալ դեպքում առկա չէր ո՛չ որևէ ժամկետային սահմանափակում, ո՛չ էլ անձի ազատության իրավունքի սահմանափակման հետ կապված խնդիր։ Հետևաբար, առանց պատշաճ ծանուցված պաշտպանի լուծելով մեղադյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը՝ դատարանը չի ապահովվել մեղադրյալի պաշտպանության սահմանադրական իրավունքի, և ըստ այդմ՝ արդար դատաքննության իրավունքի իրացումը՝ օրենքով սահմանված կարգով, ըստ էության պաշտպանության կողմին զրկելով՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումից:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, (…) Ա.Բուղդարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ, 21-րդ հոդվածներով սահմանված քրեական վարույթի սկզբունքների խախտում, որոնք իրենց բնույթով էական են և ինքնին հիմք են դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման բողոքի մյուս փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է: Առաջին ատյանի դատարանի կողմից առանց մեղադրյալի պաշտպանի մասնակցության վերջինիս խափանման միջոցի հարցը քննարկելը Վերաքննիչ դատարանին զրկում է կիրառված խափանման միջոցի իրավաչափությունն ու անհրաժեշտությունն ըստ էության քննելու հնարավորությունից։ Հակառակ դեպքում, Վերաքննիչ դատարանը կստանձնի առաջին ատյանի դատարանի դերակատարությունը, ինչն անթույլատրելի է և կհանգեցնի մի շարք հիմնարար սկզբունքների խախտման: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված՝ մեղադրյալ Ա.Բուղդարյանի իրավունքների խախտումները, որից հետո միայն քննարկի վերջինիս խափանման միջոցի հարցը (…)»2։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելուց հետո գործը նոր քննության ուղարկելու մասով:
10. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) դատական ակտը թողնում է անփոփոխ.
2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ.
3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ»։
10.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում գործը նոր քննության ուղարկելու լիազորության իրականացման իրավաչափությանն անդրադարձել է Հրայր Հովսեփյանի գործով3, որում արտահայտված իրավական դիրքորոշումները վերահաստատել է Ավաթ Ամինի գործով՝ նշելով, որ դրանք շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև նոր օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ4։
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ գործը նոր քննության ուղարկելը իրավաչափ է այն դեպքում, երբ որևէ հարցի առնչությամբ օբյեկտիվորեն անհնարին է լինում կայացնել վերջնական որոշում, և Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման միակ ճանապարհը դառնում է գործը նոր քննության ուղարկելը, որի միջոցով միայն կարող են վերականգնվել անձի խախտված իրավունքներն ու ազատությունները։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հատուկ վերանայման որոշ դեպքերում, վարույթը նոր քննության փոխանցելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի միակ (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։
11. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա.Բուղդարյանի պաշտպան Գ.Պապոյանի հատուկ վերանայման բողոքը բավարարել է մասնակիորեն, նշելով, որ հատուկ վերանայման բողոքի մյուս փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է, քանզի Առաջին ատյանի դատարանի կողմից առանց մեղադրյալի պաշտպանի մասնակցության վերջինիս խափանման միջոցի հարցը քննարկելը Վերաքննիչ դատարանին զրկում է կիրառված խափանման միջոցի իրավաչափությունն ու անհրաժեշտությունն ըստ էության քննելու հնարավորությունից:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ Ա.Բուղդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնելով և նրան անհապաղ արգելանքից ազատ արձակելով5։
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 10-10.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն արձանագրելով Առաջին ատյանի դատարանի կողմից առանց մեղադրյալի պաշտպանի մասնակցության խափանման միջոցի հարցը քննարկելու անիրավաչափությունը, մեղադրյալ Ա.Բուղդարյանին իրավաչափորեն անհապաղ ազատել է արգելանքից։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործն Առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում և վերջինս՝ որպես վարույթն իրականացնող մարմին, իրավասու է ցանկացած ժամանակ քննարկման առարկա դարձնել խափանման միջոց ընտրելու կամ փոխելու հարցը, Վերաքննիչ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտությունը բացակայել է։
Վերոշարադրյալը հիմք է տալիս փաստելու, որ տվյալ պարագայում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման միակ ճանապարհը գործը նոր քննության ուղարկելը չէր։
13. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելուց հետո գործը նոր քննության ուղարկելու մասով, իրավաչափ չէ։
14. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-5.5-րդ կետերում վկայակոչված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքն այդ մասով Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա չի դարձվել:
15. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելուց հետո գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտում, որը քրեադատավարական օրենքի էական խախտում է և նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշումը՝ գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասով, բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշումը՝ գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասով, բեկանել։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________________
1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 8-10:
2 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 61-65:
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ | |
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:
