ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 697-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասն ու 24-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը (պետական գրանցման համարը` 000296, գրանցման օրը՝ 2011-03-17, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ազատության պողոտա 2) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04828, գրանցման օրը՝ 2003-01-31, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ 4):
2. Ստեղծել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ:
3. Սահմանել, որ՝
1) «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկի (այսուհետ՝ պետական հիմնարկ) իրավահաջորդը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միացված պետական հիմնարկի շարժական գույքը, իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղն իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառելու օրվանից պետական հիմնարկի աշխատողները հանդիսանում են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ՝ կնքված աշխատանքային պայմանագրերի համաձայն:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, քաղ. Երևան, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը (պետական գրանցման N 2580045 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղն իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում ապահովել`
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ պետական հիմնարկի շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ. շարժական գույքի կազմի, արժեքի, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը,
գ. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը,
դ. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող փոփոխությունների կատարումը,
ե. պետական հիմնարկի աշխատողների հետ «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից նոր աշխատանքային պայմանագրերի կնքումը՝ նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերի պայմանների պահպանմամբ.
2) «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերն ապահովելու նպատակով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
