ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 734-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին կետի 4.1-ին ենթակետը և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 734-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով (այսուհետ՝ վերամշակում) արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ, այսուհետ՝ եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են՝
1) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող մշակութային արժեքների նկատմամբ․
2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանվող մշակութային արժեքների նկատմամբ:
3. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ, ձևը՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշման) տրամադրվում է յուրաքանչյուր այն մշակութային արժեքի համար՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր), որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 2․20-րդ բաժնի համաձայն:
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մշակութային արժեքների արտահանման դեպքում սույն կարգի դրույթները տարածվում են սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ։
5. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) տրվում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանելու համար: Մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների վերամշակման նպատակով եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, որը ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման համաձայն նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին): Մինչև սույն կետով նախատեսված համակարգի լիարժեք գործարկումը, հայտը և եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող են ներկայացվել և տրամադրվել էլեկտրոնային այլ եղանակով:
7. Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում հայտը և եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող են ներկայացվել և տրամադրվել թղթային տարբերակով:
8. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
1) հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար՝ երկիրը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը, օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը.
2) մշակութային արժեքի նկարագիրը.
3) վերամշակման նպատակով արտահանման երկիրը.
4) տարանցիկ երկիրը (առկայության դեպքում):
9. Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝
1) վերամշակման նպատակով արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությունը (տրված վերջին հինգ տարում)՝ ուղեկցող լուսանկարով.
2) թղթային հայտի դեպքում՝ վերամշակման նպատակով արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությունը և նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ.
3) մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգում գործող էլեկտրոնային պարտավորությունների վճարման գործիքով վճարման փաստը հաստատող տեղեկատվությունը, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը.
4) մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների դեպքում՝ մշակութային արժեքի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթը (առկայության դեպքում).
5) լիազորագիրը՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում).
6) մշակութային արժեքների արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանման դեպքում).
7) արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաստատող փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանման դեպքում).
8) արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանման դեպքում).
9) պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները և տեղափոխման հնարավորության մասին նշումը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանման դեպքում).
10) լիազորված պետական մարմնի վերամշակման նպատակով արտահանման համար որոշման պատճենը (պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանման դեպքում):
10. Լիազորված պետական մարմինը կարող է պահանջել կրկնակի փորձագիտական եզրակացություն վերամշակման նպատակով արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային առարկաների համար, եթե առկա է առարկայի՝ կեղծ և եզրակացության՝ խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:
11. Լիազորված պետական մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրումը, եթե չեն կատարվել սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջները կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերի կամ ոչ արժանահավատ տեղեկություններ: Կրկին հայտ կարող է ներկայացվել մերժմանը հաջորդող աշխատանքային օրվանից սկսած:
12. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների՝ վերամշակման նպատակով արտահանման համար եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
13․ Լիազորված պետական մարմինը երկու օրվա ընթացքում՝
1) հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա հայտագրված առարկայի և հափշտակված, կորած մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում.
2) հափշտակված, կորած մշակութային առարկաների շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում՝ դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում՝ կազմում է դրա հափշտակված, կորած չլինելու մասին տեղեկանք.
3) հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը հափշտակված, կորած չլինելու մասին տեղեկանքի հիման վրա կազմում է առարկան մշակութային արժեք համարելու և եզրակացությամբ (թույլատրող փաստաթղովթ) վերամշակման նպատակով արտահանելու վերաբերյալ որոշում.
4) նախապատրաստում և տալիս է եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը):
14. Լիազորված պետական մարմինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները և միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:
15. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը), թղթային տարբերակով տրամադրելու դեպքում, կնքվում և վավերացվում է լիազորված պետական մարմնի կողմից մշակութային արժեքների արտահանման համապատասխան կնիքով: Եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվում է մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալները՝ կնքված և վավերացված լիազորված պետական մարմնի կողմից:
16. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները վերադարձից հետո ենթակա են նույնականացման:
17. Հայտատուն մշակութային արժեքների վերամշակման համար նշված ժամկետների սահմաններում վերամշակման նպատակով ձևակերպված մշակութային արժեքների վերամշակման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում մաքսային մարմին և լիազորված պետական մարմին՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Իսկ պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանումից վերադարձը փաստվում է նաև վերամշակված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացությամբ և վերամշակված մշակութային արժեքի լուսանկարով:
18. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ենթակա է օգտագործման մեկ անգամ:
19. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է հայտում նշված ժամանակահատվածում:
20․ Անհաղթահարելի ուժի առկայության պարագայում եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը թղթային եղանակով ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին: Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
21. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջների համաձայն՝ հիմնական հայտով ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
22. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը: Եզրակացության վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2025 թվական:
