ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 920-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.5-րդ կետով.
«1.5. Հաստատել պրոբացիայի ծառայողների կատարողականի գնահատման կարգը` համաձայն N 4 հավելվածի։».
3) որոշումը լրացնել նոր՝ N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պրոբացիայի ծառայողների կողմից կատարված փաստացի աշխատանքները գնահատվում են անմիջական ղեկավարի դրական կամ բացասական եզրակացությամբ՝ հիմք ընդունելով ծառայողի կողմից ներկայացված հաշվետվությունը։ Դրական եզրակացությունը գնահատվում է 70-100 միավորի սահմաններում, իսկ բացասականը՝ մինչև 70 միավոր։
3. 2024 թվականի կատարողականի տարեկան գնահատական է համարվում սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով որոշված գնահատականի և սույն որոշման հավելվածով սահմանված կարգով որոշված գնահատականի թվաբանական միջինը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ 2024 թվականի համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 920-Ն որոշման | 
| «Հավելված N 4 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման | 
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են պրոբացիայի ծառայողների (այսուհետ՝ ծառայող) կատարողականի գնահատման առանձնահատկությունները:
2. Կատարողականն աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքները և այդ արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, որը գնահատում է անմիջական ղեկավարը:
3. Տարեկան աշխատանքային ծրագիրը կազմվում է անմիջական ղեկավարի կողմից:
4. Տարեկան աշխատանքային ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում Կառավարության ծրագրով և ոլորտային ռազմավարություններով պրոբացիայի ծառայության համար սահմանված նպատակները և խնդիրները, տվյալ ստորաբաժանման իրավասություններին առնչվող, տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված նպատակները և խնդիրները, ինչպես նաև տվյալ ծառայողի պաշտոնի անձնագիրը:
5. Աշխատանքային ծրագրում պետք է ընդգրկվեն ծառայողի կողմից փաստացի իրականացվող աշխատանքները:
6. Յուրաքանչյուր ծառայողի համար տարեկան աշխատանքային ծրագիրը հաստատում է անմիջական ղեկավարը: Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար աշխատանքային ծրագիրը հաստատվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը: Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմվում և անմիջական ղեկավարի ստորագրությամբ հաստատվում է՝ համաձայն N 1 ձևի: Աշխատանքային ծրագրում, ըստ անհրաժեշտության, կարող են կատարվել փոփոխություններ, որոնք հաստատվում են անմիջական ղեկավարի կողմից։
7. Աշխատանքի նոր ընդունված ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։
8. Կատարողականի գնահատումը, աշխատանքային ծրագրերի կազմումը և հաստատումն իրականացվում է e-probation էլեկտրոնային համակարգի միջոցով` հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացնելը:
9. Ծառայողի կատարողականը գնահատվում է անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ հիմք ընդունելով ծառայողի կողմից փաստացի կատարած աշխատանքի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը և նրա աշխատանքային ծրագրով հաստատված կատարողականի գնահատման ցուցիչները:
10. Այն դեպքում, երբ ծառայողն աշխատանքից ազատվում է մինչև կիսամյակի ավարտը, նրա կատարողականը գնահատվում է աշխատանքից ազատման օրը։ Մեկ կիսամյակի ընթացքում նույն մարմնում պաշտոնի փոփոխության դեպքում կատարողականի գնահատումը կատարվում է յուրաքանչյուր պաշտոնում կատարած աշխատանքների համար։
11. Յուրաքանչյուր ստորաբաժանման կատարողականի գնահատման ցուցիչները հաստատվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարի աշխատանքային ծրագրով, որը համարվում է տվյալ ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը։
12. Կատարողականի գնահատման ցուցիչները պետք է բխեն տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող նպատակներից և խնդիրներից և բնութագրեն դրանց պատշաճ իրականացման մակարդակը (ակնկալվող արդյունքը):
13. Կատարողականի դրական գնահատական է համարվում 70-100 միավորը: 95-100 միավորը համարվում է գերազանց արդյունք, 85-94 միավորը` լավ արդյունք, 70-84 միավորը՝ բավարար արդյունք, 70 միավորից ցածրը՝ անբավարար արդյունք, որը համարվում է բացասական գնահատական:
14. Փաստացի իրականացվող աշխատանքների գնահատման համար նախատեսված 100 միավորից աշխատանքային ծրագրով նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի (միջոցառման) համար հատկացվում է առավելագույնը 10 միավոր, որից 3-ը` աշխատանքները ժամանակին, 3-ը` աշխատանքներն ամբողջ ծավալով, իսկ 4-ը` պատշաճ որակով իրականացնելուն: Եթե աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող աշխատանքների ընդհանուր թիվը (անվանումը) պակաս է 7-ից, ապա 100 միավորից մնացած մյուս միավորների ընդհանուր հանրագումարը բաժանվում է աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող աշխատանքների ընդհանուր թվի միջև, որի արդյունքում ստացված միավորը հավասարապես հատկացվում է աշխատանքային ծրագրով նախատեսված փաստացի իրականացվող յուրաքանչյուր աշխատանքին` աշխատանքները ժամանակին, ամբողջ ծավալով և պատշաճ որակով իրականացնելուն հատկացնելով (գնահատելով) հավասար միավորներ:
15. Կատարողականի տարեկան գնահատականի արդյունքները հիմք են վերապատրաստման կարիքների գնահատման համար։
16. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները սույն հավելվածի 12-րդ կետով սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու ծառայողի լիազորությունները:
17. Կատարողականի տարեկան գնահատականը կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է։
18. Կատարողականը գնահատելիս և հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը կազմելիս անմիջական ղեկավարը որոշում է ծառայողի հետագա վերապատրաստման կարիքները։
Ձև N 1
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ 
(պաշտոնի անվանումը)
| NN ը/կ | Աշխատանքի (միջոցառման) անվանումը | Ակնկալվող արդյունքը | Կատարողականի գնահատման ցուցիչը | Աշխատանքի (միջոցառման) կատարման ժամկետը | Մեկնաբանություն/ բացատրություն տրված գնահատականի համար | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | Անվանում 1. | ||||
| 2. | Անվանում 2. | ||||
| 3. | Անվանում 3. | ||||
| 4. | Անվանում 4. | ||||
| 5. | Անվանում 5. | ||||
| 6. | Անվանում 6. | ||||
| 7. | Անվանում 7. Այլ ընթացիկ կամ չպլանավորված աշխատանքներ | ||||
| Ընդամենը | X | 
| Պետական ծառայողի ստորագրությունը | |
| Անունը, հայրանունը, ազգանունը | __________________________ | 
| Անմիջական ղեկավարի ստորագրությունը | |
| Անունը, հայրանունը, ազգանունը | __________________________»: | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական:
 
                