ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2025 թվականի N 742-Ա
«ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԴԻԱՄԻՋԱՎԱՅՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է:
3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Վահագն Թևոսյանին (անձնագիր՝ AV0642310 վավերական է մինչև 16.02.2033 թ․):
5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
11.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 742-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԴԻԱՄԻՋԱՎԱՅՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի որոշման հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:
2. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի համաձայն:
3. Հիմնադրամի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ.
2) հայերեն կրճատ` ՀՄՀ.
3) անգլերեն լրիվ` "Public Benefit Media Environment" Foundation.
4) անգլերեն կրճատ` PBMEF.
5) ռուսերեն լրիվ` Фонд «Общественно-полезная медиасреда».
6) ռուսերեն կրճատ` ФОПМ:
4. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում:
5. Հիմնադրամի գտնվելու վայրի հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Նորք, Գ. Հովսեփյան 95 շենք:
6. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր), որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է:
7. Հիմնադրամի գործունեության նպատակներից ելնելով՝ հիմնադրամի հնարավոր և փաստացի շահառուներ կարող են լինել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողները:
8. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրությանը համապատասխան:
9. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում իր ստեղծած հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:
10. Հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կարող է փոփոխություններ մտցնել սույն կանոնադրության մեջ: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:
11. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով): Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ, դրոշմներ ու բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ ռեկվիզիտներ:
12. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:
13. Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը:
14. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
15. Հիմնադրամն իր պարտավորություններով պատասխանատվություն է կրում այն գույքով, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել:
16. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքում և կարգով:
17. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
18. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից ստացված միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
19. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:
20. Հիմնադրամի գործունեության ժամկետը սահմանափակված չէ։
2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
21. Հիմնադրամի գործունեության առարկան է`
1) տեսալսողական մեդիա ոլորտի ուսումնասիրություն՝ առկա բովանդակության, խոսույթների և խնդիրների վերլուծություն.
2) հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական (այդ թվում՝ ուսումնական և գիտակրթական), մանկական, մարզական, սոցիալական և այլ տեսալսողական հաղորդումներ և հաղորդաշարեր) ստեղծելու, գնելու, թարգմանելու նպատակով՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած և գործող հեռարձակողների պետական միջոցներից տրամադրված և հավաքագրված այլ դրամական միջոցներից դրամաշնորհների տրամադրումը.
3) հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհների միջոցով ստեղծված տեսալսողական հաղորդումների արդյունավետության մշտադիտարկումը.
4) հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհների օգտագործման վերահսկողությունը և գնահատումը, այդ թվում՝ ըստ դիտումների քանակի.
5) հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհներով ստեղծված տեսալսողական հաղորդումների՝ դրամաշնորհառուի միջոցներով լայն դիտելիության ապահովման վերահսկողությունը.
6) դիտելիության մասսայականության գնահատման և ըստ այդմ՝ դրամաշնորհի չափի հաշվարկման կարգի սահմանում:
22. Հիմնադրամի գործունեության նպատակներն են`
1) հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող տեսալսողական ծրագրերում հանրօգուտ բովանդակության չափաբաժնի մեծացումը.
2) աջակցությունը անկախ, թափանցիկ և պատասխանատու մեդիա միջավայրի զարգացմանը.
3) հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, համընդհանուր կարևորություն ունեցող խնդիրների և թեմաների լուսաբանումը և բարձրաձայնումը.
4) նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը.
5) նպաստել հեռարձակվող բովանդակության բազմազանությանը.
6) աջակցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած և գործող հեռարձակողներին՝ բացառելով հեռարձակողների խմբագրական քաղաքականության նկատմամբ որևէ միջամտություն կամ հնարավոր միջամտության փորձ: Այն պետք է լինի կամուրջ պետության ու հեռարձակողների միջև, որի շնորհիվ թե՛ պետությունը կհանրայնացնի կարևոր ուղերձները, թե՛ հեռարձակողները կստանան հնարավորություն աջակցություն ստանալու և զարգանալու։
3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
23. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:
24. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
25. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր ու օրենքով չարգելված այլ գույք:
26. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`
1) հիմնադրի կամավոր ներդրումները.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.
3) ֆիզիկական ու իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.
4) դրամաշնորհները.
5) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
27. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:
4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
28. Հիմնադրամը, իր կանոնադրության նպատակներին համապատասխան, իրավունք ունի`
1) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.
5) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
29. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը`
1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար, համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների, հիմնադրամին համանման այլ կազմակերպությունների հետ:
30. Հիմնադրամը պարտավոր է՝
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.
2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
4) յուրաքանչյուր տարի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել՝
ա. հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը,
բ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը.
5) իրականացնել օրենսդրությամբ սահմանված այլ պարտականություններ:
5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Հիմնադրամի մարմիններն են`
1) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).
2) հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը:
32. Խորհուրդը բաղկացած է 7 անդամից: Խորհրդի 3 անդամ առաջադրվում է Վարչապետի աշխատակազմի կողմից, խորհրդի 1 անդամ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կողմից, 1 անդամ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից, 1 անդամ՝ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, 1 անդամ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից:
33. Խորհրդի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
34. Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք:
35. Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:
36. Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:
37. Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:
38. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է լիազորված մարմնին, խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
39. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
1) hիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.
2) hիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և hիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
3) hիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
4) hիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
5) hիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
6) hիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
7) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
8) հոգաբարձուների խորհրդի նախագահի, տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.
9) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.
10) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
11) առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
12) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
13) տարեկան մեկ անգամ հիմնադրամի տնօրենի հաշվետվությունները լսելը.
14) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
15) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
16) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
17) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
18) հիմնադրամի տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը.
19) հիմնադրամի բյուջեի վերաբաշխում կատարելու մասին որոշումների ընդունումը.
20) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
40. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները խորհրդի կազմից` ինքնաառաջադրման սկզբունքով, իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
41. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.
2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) հիմնադրամի տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.
5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:
42. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը:
43. Հիմնադրամի տնօրենը`
1) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.
2) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
3) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
4) գործում է առանց լիազորագրի.
5) տալիս է լիազորագրեր.
6) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
8) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
10) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին.
11) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
12) հաշվետու է խորհրդին:
44. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ միայն խորհրդի համաձայնությամբ:
6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
45. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան առնվազն մեկ անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:
46. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
47. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
48. Հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
49. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
50. Խորհրդի նիստերին մասնակցում է հիմնադրամի տնօրենը:
51. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:
52. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք:
53. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հիմնադրամի մարմնի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը: Հիմնադրամի մարմնի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
7. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
54. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
55. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ: Հիմնադրամի վերակազմակերպումը կարող է կատարվել նաև խորհրդի որոշմամբ:
56. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:
57. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
58. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
59. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝
1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) հիմնադրամը ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.
7) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
60. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
61. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
62. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած՝ պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
