ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0094 Ն. 03.06.2025
3 հունիսի 2025 թվականի |
թիվ 94-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերանայել վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ վարկանիշային կազմակերպությունների ընտրության չափանիշները,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգում բոլոր «վարկանշային գործակալություն» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վարկանիշային կազմակերպություն» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձևերով,
2) Կանոնակարգում բոլոր «վարկանիշային գործակալություն» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վարկանիշային կազմակերպություն» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձևերով,
3) Կանոնակարգի 27.1-րդ և 30-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
4) Կանոնակարգի 28-րդ և 29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ վարկանիշների կիրառման սկզբունքները պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 6․1-րդ և 6․2-րդ գլուխներով սահմանված պահանջներին:
29. Այն դեպքում, երբ վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ կիրառվում է սույն կանոնակարգի 65-րդ կետով սահմանված վարկանիշային կազմակերպությունների սահմանած վարկանիշը, ապա պահանջների նկատմամբ կիրառվում է սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված աղյուսակով սահմանված համապատասխան վարկանիշի համար կիրառվող ռիսկի կշռից 50%-ով ավելի խիստ ռիսկի կշիռ, բայց ոչ ավելի, քան 150%:»,
5) Կանոնակարգը 6-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6.1-6.2-րդ գլուխներով.
«ԳԼՈՒԽ 6․1.
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
63. Սույն կանոնակարգով սահմանված նորմատիվների հաշվարկման ժամանակ կիրառվում են հետևյալ վարկանիշային կազմակերպությունների սահմանած վարկանիշները.
1) Ստանդարտ և Փուրզ,
2) Ֆիթչ,
3) Մուդիզ,
4) ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված այլ վարկանիշային կազմակերպություններ, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.
ա․ հավաստագրվել են վարկանիշային կազմակերպություններին գրանցող, հաշվառող կամ վերահսկող միջազգայնորեն ճանաչված մարմիններից առնվազն երկուսի կողմից,
բ․ բավարարում են Բազելյան կոմիտեի կողմից վարկային ռիսկի ստանդարտացված մոտեցման դեպքում կիրառվող արտաքին վարկանիշային կազմակերպությունների համար սահմանված չափանիշներին, որոնք առնվազն ներառում են օբյեկտիվության, անկախության, թափանցիկության, հաշվետվողականության, անհրաժեշտ ռեսուրսների առկայության և վերահսկող մարմնի հետ համագործակցության չափանիշները,
գ․ տվյալ վարկանիշային կազմակերպության կողմից սահմանված վարկանիշների սանդղակն ամբողջությամբ համապատասխանեցված է (կամ հնարավոր է համապատասխանեցնել) սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված վարկանիշային կազմակերպություններից առնվազն մեկի վարկանիշների սանդղակին: Ընդ որում, սանդղակների համապատասխանեցման վերաբերյալ առկա է ֆինանսական համակարգի կարգավորման կամ վերահսկողության ոլորտում միջազգայնորեն ճանաչված մարմիններից որևէ մեկի կողմից հրապարակված վերլուծությունը:
64. Սույն կանոնակարգով սահմանված վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար, բացի սույն կանոնակարգի 63-րդ կետով սահմանված կազմակերպություններից, կարող են կիրառվել նաև սույն կանոնակարգի 65-70-րդ կետերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված այլ վարկանիշային կազմակերպությունների սահմանած վարկանիշները:
65. Սույն կանոնակարգի 64-րդ կետով սահմանված վարկանիշային կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ բոլոր պայմաններին միաժամանակ.
1) վարկանիշային կազմակերպությունը բավարարում է սույն կանոնակարգի 63-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված պահանջներին,
2) վարկանիշային կազմակերպության կանոնադրական կապիտալի նվազագույն չափը 1.000.000.000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ է,
3) վարկանիշային կազմակերպությունը փոխկապակցված չէ պետական կառավարման մարմինների կամ պետական պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ քաղաքական կուսակցությունների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, և վերջիններս չեն միջամտում վարկանիշային կազմակերպության գործունեությանը և ազդեցություն չունեն վարկանիշների շնորհման գործընթացների վրա,
4) վարկանիշային կազմակերպության կանոնադրական կապիտալում յուրաքանչյուր բաժնետեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի տիրապետում քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 50%-ից ավելին, իսկ այն դեպքում, երբ բաժնետերը ֆինանսական կազմակերպություն է, յուրաքանչյուր բաժնետեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի տիրապետում քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 5%-ից ավելին,
5) իրավաբանական անձինք, որոնց վարկանիշային կազմակերպությունը շնորհում, հաստատում կամ վերանայում է վարկանիշը, կապված չեն վարկանիշային կազմակերպության հետ, բացառությամբ այն անձանց, ովքեր ուղղակիորեն տիրապետում են վարկանիշային կազմակերպության բաժնետոմսերի ոչ ավելի, քան 5%-ին և ազդեցություն չունեն վարկանիշային կազմակերպության գործունեության վրա,
6) վարկանիշային կազմակերպությունն առնվազն վերջին ութ տարիների ընթացքում անընդմեջ իրականացնում է վարկանիշային գործունեություն,
7) վարկանիշային կազմակերպությունը շնորհել կամ վերանայել է առնվազն 100 տարբեր կազմակերպության վարկանիշ, ընդ որում՝ առնվազն 30-ը վերջին երեք տարվա ընթացքում,
8) վարկանիշային կազմակերպությունը շնորհել կամ վերանայել է առնվազն 10 ֆինանսական կազմակերպության վարկանիշ,
9) վարկանիշային կազմակերպությունը շարունակական հիմունքներով մշտադիտարկում է տրված վարկանիշները, ինչպես նաև ժամանակին արձագանքում է փոփոխվող ներքին և արտաքին գործոններին, այդ թվում՝ ֆինանսական վիճակի, կորպորատիվ կառավարման կամ գնահատված կազմակերպության գործունեության այլ ուղղությունների, մակրոտնտեսական պայմանների կամ ֆինանսական շուկայի պայմանների փոփոխություններին, որն արտացոլվում է վարկանիշի փաստացի թարմացումներով ոչ ուշ, քան վարկանիշի շնորհման կամ վերջին վերանայման կամ կիրառվող մեթոդաբանության վերանայման օրվանից 1 օրացուցային տարվա ընթացքում,
10) վարկանիշային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ունեցել է և շարունակում է ունենալ բարի համբավ,
11) վարկանիշային կազմակերպության խորհրդի առնվազն 1/3-ը, բայց ոչ պակաս, քան երկու անդամը, անկախ են, ովքեր չեն մասնակցում վարկանիշավորման գործընթացին, չեն գովազդում վարկանիշային կազմակերպության ծառայությունները և չեն իրականացնում այլ գործողություններ` հաճախորդների ներգրավման նպատակով,
12) վարկանիշային կազմակերպության ներքին ընթացակարգերը նախատեսում են միջոցներ՝ կանխելու տեղեկատվության անհիմն օգտագործումն ու բացահայտումը երրորդ անձանց, ինչպես նաև ապահովելու տեղեկատվության անվտանգությունն ու գաղտնիությունը,
13) վարկանիշային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում բացահայտում է այն մեթոդաբանությունը, որն օգտագործվում է վարկանիշը որոշելիս,
14) վարկանիշային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում հրապարակում է նախորդ տարվա վարկանիշավորված և այլ կազմակերպությունների ցանկը, որոնցից ստացված հասույթի մասնաբաժինը նախորդ օրացուցային տարվա վերջի դրությամբ կազմել է վարկանիշային կազմակերպության տարեկան հասույթի հինգ տոկոսը կամ ավելին,
15) վարկանիշային կազմակերպության կողմից օգտագործվող մեթոդաբանությունը հուսալի է և պարունակում է բոլոր հիմնական քանակական և որակական գործոնների մանրամասն նկարագրությունը, որոնց միջոցով գնահատվում է կազմակերպության կարողությունը կատարելու իր ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև՝ նշված գործոնների ազդեցությունը վարկանիշների կանխատեսումների վրա,
16) վարկանիշավորման վերաբերյալ որոշում կայացնող մարմնի առնվազն մեկ անդամ ունի առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վարկանիշային կազմակերպությունում,
17) վարկանիշավորման վերաբերյալ որոշում կայացնող մարմինն ունի առնվազն հինգ վարկանիշային վերլուծաբան,
18) վարկանիշային կազմակերպության վարկանիշային վերլուծաբանները, որոնք մասնակցում են վարկանիշավորման գործընթացին, վերջին երեք տարվա ընթացքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն ստացել որևէ վարձատրություն կամ չեն ունեցել գործարար հարաբերություններ վարկանիշավորվող անձի կամ իր հետ փոխկապակցված անձի հետ,
19) վարկանիշային կազմակերպության վարկանիշային վերլուծաբանները և իրենց հետ փոխկապակցված անձինք վարկանիշավորվող կազմակերպության կամ վարկանիշավորվող կազմակերպության հետ փոխկապակցված անձանց որևէ ակտիվի կամ արժեթղթի սեփականատեր չեն,
20) վարկանիշային կազմակերպության անձնակազմը, որն անմիջականորեն ներգրավված է վարկանիշների շնորհման մեջ, ունի համապատասխան մասնագիտական կրթություն, աշխատանքային փորձ, գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։
66. Սույն կանոնակարգի 65-րդ կետի բոլոր պայմաններին բավարարող վարկանիշային կազմակերպությունները կարող են դիմել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով սահմանված չափանիշներին բավարարելու վերաբերյալ հիմնավորումներ, այդ թվում՝ վարկանիշային կազմակերպությանը վերահսկող մարմնի կողմից հավաստում այն մասին, որ վարկանիշային կազմակերպությունը բավարարում է սույն կանոնակարգի 65-րդ կետով սահմանված պահանջներին:
67. Կենտրոնական բանկը, սույն կանոնակարգի 66-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում վարկանիշային կազմակերպության կողմից տրամադրվող վարկանիշները վարկային ռիսկի հաշվարկում կիրառելի համարելու կամ այն մերժելու վերաբերյալ, որի մասին ծանուցում է վարկանիշային կազմակերպությանը 30-օրյա ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
68. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով՝ այդ մասին տեղեկացնելով վարկանիշային կազմակերպությանը:
69. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն կանոնակարգի 66-րդ կետի համաձայն վարկանիշային կազմակերպության կողմից տրամադրվող վարկանիշները նորմատիվների հաշվարկում կիրառելի համարելու վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված դիմումը, եթե տվյալ վարկանիշային կազմակերպությունը չի ներկայացրել սույն կանոնակարգի 66-րդ կետով սահմանված փաստաթղթերը կամ չի բավարարում սույն կանոնակարգի 65-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկին:
70. Սույն կանոնակարգի 67-րդ կետով սահմանված՝ վարկանիշային կազմակերպության կողմից տրամադրվող վարկանիշները վարկային ռիսկի հաշվարկում կիրառելի համարելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկի նախագահը ուժը կորցրած է ճանաչում, եթե բացահայտվել է այնպիսի տեղեկատվություն, որի արդյունքում վարկանիշային կազմակերպությունը դադարել է բավարարել սույն կանոնակարգի 65-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկին:
71. Սույն կանոնակարգի 63-րդ կետի 4-րդ ենթակետով և 64-րդ կետով սահմանված՝ Կենտրոնական բանկի նախագահի որոշման հիման վրա ձևավորված կազմակերպությունների ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
ԳԼՈՒԽ 6․2.
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
72. Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման ժամանակ սույն կանոնակարգի 63-րդ կետի 4-րդ ենթակետով և 65-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրված վարկանիշները կիրառելիս հիմք են ընդունվում Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված՝ վարկանիշների համեմատական սանդղակում տվյալ վարկանիշին համապատասխան՝ սույն կանոնակարգի 63-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված վարկանիշային կազմակերպությունների տված վարկանիշների համար սահմանված պահանջները:
73. Վարկային կազմակերպությունները պարտավոր են թարմացնել վարկանիշային կազմակերպությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 63-րդ կետով սահմանված վարկանիշային կազմակերպությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները:
74. Եթե տվյալ գործիքը կամ կազմակերպությունն ունի միայն մեկ վարկանիշային կազմակերպության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն ակտիվի կամ կազմակերպության համար առկա են երկու տարբեր վարկանիշ՝ տրամադրված տարբեր վարկանիշային կազմակերպությունների կողմից, բանկը պետք է հիմք ընդունի ամենացածր վարկանիշը: Իսկ երեք և ավելի վարկանիշների առկայության դեպքում բանկը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:
75. Ֆինանսական խմբի մեջ գտնվող ցանկացած անձի տրված վարկանիշը չի տարածվում (կիրառվում) ֆինանսական խմբի և ֆինանսական խմբի մեջ մտնող այլ անձանց վրա:
76. Ֆինանսական խմբին տրված վարկանիշը չի տարածվում (կիրառվում) խմբի մեջ մտնող անձանց վրա:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Նուրբեկյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական:
