ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 780-Լ
ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳրիգորՅԱՆ |
Երևան |
13.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 780-Լ որոշման |
ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։
2. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում։
3. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ).
3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքը (այսուհետ՝ համայնք).
4) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերը (այսուհետ՝ բնակավայր).
5) համաձայն գնումների մասին օրենսդրության պահանջների՝ ընտրված և ծրագրի 10-րդ կետում նշված գործողություններն իրականացնող անձինք (այսուհետ՝ գնահատող).
6) համաձայն գնումների մասին օրենսդրության պահանջների՝ մրցութային եղանակով ընտրված, ծրագրի 16-րդ կետում նշված գործողություններն իրականացնող անձինք (այսուհետ՝ կապալառու).
7) սույն կետի 4-րդ ենթակետում նշված բնակավայրերում տնամերձ հողամաս ունեցող և ծրագրին մասնակցող ֆիզիկական անձինք (այսուհետ՝ շահառու).
8) նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ)։
4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ առնվազն 100 քառ. մետր և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող ֆիզիկական անձինք։ Ընդ որում, Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շահառու հանդիսացած Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի ֆիզիկական անձինք նույն հողամասի համար (բացառությամբ Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում արդեն այգեհիմնված տարածքի) կարող են մասնակցել ծրագրին՝ նույն պտղատեսակով (Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում այգեհիմնում կատարված պտղատեսակով) այգեհիմնում կատարելու պայմանով։
5. Շահառուները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը (ներառյալ) համայնքի ղեկավարին են ներկայացնում N 1 աղյուսակում նշված պտղատեսակներից նախընտրելի մեկ պտղատեսակի (բացառությամբ Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի տնտեսավարողների, որոնք կարող են ընտրել միայն հոնենի կամ նռենի), ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա մեկ ամբողջական տնամերձ հողամասի մակերեսի և կադաստրային ծածկագրի, ծանուցումներ ստանալու նախընտրելի եղանակի վերաբերյալ տեղեկությունը, շահառուի գրավոր պարտավորագիրը՝ ծրագրի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համամասնության չափով (առկայության դեպքում) գումար տրամադրելու վերաբերյալ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրեր, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման), գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն լինելու դեպքում՝ նոտարական կարգով վավերացված՝ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը ծրագրին մասնակցելու վերաբերյալ։ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի առկայության պայմաններում սեփականատիրոջ բացակայության դեպքում կարող է ներկայացվել և ծրագրին մասնակցելու հիմք հանդիսանալ սեփականատիրոջ կողմից տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագիրը, սեփականատիրոջ մահվան դեպքում՝ առաջին հերթի ժառանգ հանդիսանալու (համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի) փաստը հիմնավորող փաստաթղթերը, իսկ առաջին հերթի ժառանգների բացակայության դեպքում՝ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանք հիմնավորում առ այն, որ շահառուն բնակավայրի մշտական բնակիչ է, փաստացի տնօրինում է տնամերձ հողամասը և պարտավորվում է պահպանել ծրագրով սահմանված պահանջները (նշելով շահառուի կողմից տնամերձ հողամասի փաստացի օգտագործման պատճառները)։
6. Համայնքի ղեկավարը ծրագրի 5-րդ կետի փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պարզում է շահառուների մոտ անհրաժեշտ ջրի հասանելիությունը (որին կարող է մասնակից դարձնել նաև տարածաշրջանը սպասարկող ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչներին), ջրի հասանելիության դեպքում շահառուի հետ կնքում է մեկ պտղատեսակով տնամերձ հողամասում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգի ներդրում իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, որում ամրագրվում է՝
1) դրույթ այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո (ծրագրի 25-րդ կետում նշված հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրվանից հաշված) 5 տարի անընդմեջ տնամերձ հողամասի այգեհիմնված տարածքը որպես այգի օգտագործելու վերաբերյալ (սույն դրույթի կատարման վերահսկողությունը իրականացնում է համայնքի ղեկավարը).
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետով պայմանավորված՝ պայմանագրի գործողության ժամկետը․
3) դրույթ, որով շահառուն կպարտավորվի սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում որակյալ և ժամանակին խնամք իրականացնել այգու և կաթիլային ոռոգման համակարգի նկատմամբ և զերծ կմնա այնպիսի գործողությունների իրականացումից կամ անգործությունից, որը կարող է հանգեցնել այգու պտղաբերության, կենսունակության դադարեցմանը կամ ոռոգման կաթիլային համակարգի խաթարմանը․
4) այգեհիմնված տարածքը (տնամերձ հողամասը) օտարելու համար շահառուն պետք է մինչև օտարումը համայնքին վերադարձնի ծրագրի շրջանակում իր տնամերձ հողամասում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման և գնահատման համար կատարված ծախսերի չափով գումար՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը՝ 29-րդ կետում նշված գումարի փոխանցման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը, որից հետո համայնքի կողմից կթույլատրվի այգեհիմնված տարածքի (տնամերձ հողամասի, ներառյալ ոռոգման արդիական համակարգի) օտարումը (սույն դրույթի վերահսկողությունը իրականացնում է համայնքի ղեկավարը և գնահատման համար կատարված ծախսերի ու ծրագրի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված համամասնությամբ գումարի վերադարձը նախարարությանը իրականացնում է համայնքի ղեկավարը)։
7. Համայնքի ղեկավարը, ծրագրի 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփում է ստացված տեղեկությունները, լրացնում ձևաչափը (ձևաչափը մշակում է համայնքի համապատասխան ստորաբաժանումը և հաստատում է համայնքի ղեկավարը) և ներկայացնում նախարարություն ու մարզպետի աշխատակազմ։ Ներկայացվող տեղեկություններին կցվում է նաև համայնքի ավագանու որոշումը՝ ծրագրի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համամասնության չափով գումար տրամադրելու վերաբերյալ (ընդ որում՝ համայնքի կողմից ֆինանսավորումը պետք է դիտարկվի որպես համայնքի կամավոր խնդիր՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի), որում պետք է ներառվի տեղեկություն համայնքի և շահառուների կողմից տրամադրվող գումարի համամասնության չափի վերաբերյալ։ Ընդ որում՝ մարզպետի աշխատակազմ են ներկայացվում նաև 5-րդ կետում նշված փաստաթղթերի կրկնօրինակները։
8. Մարզպետի աշխատակազմը ծրագրի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և համայնքի ղեկավարին է հայտնում ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ իր կարծիքը։
9. Համայնքի ղեկավարը ծրագրի 8-րդ կետով ստացված կարծիքի հիման վրա մարզպետի աշխատակազմի հետ համատեղ քննարկում, անհրաժեշտության դեպքում լրամշակում և ամփոփում է ձևաչափը և գնումների մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով (համաձայն «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի) ընտրում է գնահատող։ Գնահատող չընտրվելու դեպքում իրականացվում է գնման նոր գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։
10. Գնահատողը պետք է իրականացնի՝
1) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության ապահովում.
2) յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգի ներդրում իրականացնելու համար 16-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված աշխատանքների գնահատում և նախահաշվի կազմում.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված գնահատման աշխատանքների արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր բնակավայրի համար ամփոփ նախահաշվի կազմում։
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն hամայնքի կողմից գնահատողի հետ կնքվում է պայմանագիր (պայմանագրի նախագիծը համաձայնեցվում է մարզպետի աշխատակազմի հետ), և պայմանագրի պատճենը ներկայացվում է նախարարություն և մարզպետի աշխատակազմ։ Ընդ որում, համայնքի հետ պայմանագիր կնքած գնահատողը չի կարող մասնակցել ծրագրի 15-րդ կետում նշված կապալառուի գնման մրցութային գործընթացին և ծրագրի շրջանակում հանդես գալ որպես կապալառու։
12. Նախարարությունը ծրագրի 11-րդ կետում նշված պայմանագրի պատճենը ստանալուց հետո, տվյալ տարվա պետական բյուջեում ծրագրի 10-րդ կետում նշված աշխատանքների ֆինանսավորման համար գումար նախատեսված չլինելու դեպքում (հաշվի առնելով պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետը), մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ՝ ծրագրի 11-րդ կետում նշված պայմանագրի ֆինանսավորումն ապահովելու նպատակով։
13. Ծրագրի շրջանակում գնահատողի կողմից 10-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գնահատողի և համայնքի ղեկավարի կողմից կազմվում են իրականացված աշխատանքների կատարողական փաստաթղթերը (եզրակացություն, հանձնման-ընդունման ակտ, հարկային հաշիվ) ու 3-օրյա ժամկետում ներկայացվում նախարարություն և մարզպետի աշխատակազմ։ Նախարարություն և մարզպետի աշխատակազմ են ներկայացվում նաև 10-րդ կետի վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Նախարարությունը սույն կետում ներկայացված կատարողական փաստաթղթերի հիման վրա համայնքի հետ կնքում է պայմանագիր և ֆինանսավորման գումարը փոխանցում համայնքին:
14. Գնման պայմանագրով սահմանված ժամկետում համայնքը ֆինանսավորման գումարներն անկանխիկ եղանակով փոխանցում է գնահատողի հաշվեհամարին և այդ մասին տեղեկացնում նախարարությանը:
15. Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում (համաձայն «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի) հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համամասնությամբ՝
1) նախարարություն՝ պայմանագրային արժեքի 95 տոկոսը.
2) համայնք կամ շահառու՝ պայմանագրային արժեքի 5 տոկոսը։
16. Ծրագրի շրջանակում կապալառուն պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները՝
1) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում իրականացվելիք աշխատանքների ֆինանսական գնահատում.
2) կախված յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության արդյունքներից՝ հողաբարելավում.
3) հողամասի տեղաձևում.
4) հողատարածքի ազատում հին ծառերից ու կոճղերից (այգեհիմնման ենթակա տարածքը ազատ չլինելու պայմաններում).
5) տնկման փոսերի հորատում.
6) hավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիների մատակարարում, հողախառնուրդի (հագեցած օրգանական և հանքային պարարտանյութերով) և տնկանյութի նախապատրաստում․
7) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում ոռոգման կաթիլային համակարգի ներդրում (ներառյալ մոնտաժը), ընդ որում՝ ոռոգման համակարգը կարող է ներդրվել առանձին ոռոգման բաքեր տեղադրելու կամ գլխամասային հանգույցի և ջրավազանի կամ այլ միջոցներով, միաժամանակ ոռոգման համակարգը պետք է ունենա 2 ֆիլտրացիոն համակարգ (ոռոգման բաքերի տեղադրման դեպքում՝ մեկը մինչև բաքը, մյուսը՝ բաքից հետո) և յուրաքանչյուր տնկու համար պետք է տեղադրվի 2 կաթոցիկ (տնկու աջ և ձախ կողմերում)․
8) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում մեկ պտղատեսակով այգետնկում (ըստ անհրաժեշտության՝ ագրոսպանի օգտագործում) և լարասյունային համակարգի (ըստ անհրաժեշտության՝ կախված պտղատեսակից և պատվաստակալից) ներդրում.
9) այգեգործության և ոռոգման կաթիլային համակարգերի շահագործման վերաբերյալ անվճար խորհրդատվության տրամադրում՝ այգեհիմնումից հետո առնվազն երկու տարի.
10) տեխնիկական բնութագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացում:
17. Ծրագրի շրջանակում կապալառուն 16-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված աշխատանքները պետք է ավարտի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը։
18. Ծրագրի շրջանակում տնկիների, այգեհիմնման և ոռոգման կաթիլային համակարգի ներդրման որակի համար պատասխանատվություն կրում է կապալառուն։
19. Տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսում տնկված տնկիների առնվազն 90 տոկոս կպչունությունը այգետնկումից հետո 6 ամսվա ընթացքում չարձանագրվելու դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին կպչունություն չապահոված տնկիները փոխարինել նոր տնկիներով՝ ապահովելով առնվազն նշված ցուցանիշը (90 տոկոսը)։ Նշված ցուցանիշի ապահովման վերահսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից։
20. Համայնքի ղեկավարը 14-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում մշակում է տեխնիկական բնութագրեր, որում պարտադիր ամրագրվում են ծրագրի 16-րդ, 18-րդ և 19-րդ կետերում նշված դրույթները, և «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կապալառուի ընտրության համար կազմվում է մրցույթի հրավեր (ներառելով 35-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը), որի տեքստը և հայտարարությունը համաձայնեցվում է մարզպետի աշխատակազմի և նախարարության հետ։ Ընդ որում՝ կապալառուի ընտրության համար պարտադիր պայման է համարվում կապալառուի գնային առաջարկի չգերազանցումը 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նախահաշվային արժեքի չափը։
21. Համայնքի կողմից գնումների արդյունքներն ամփոփող նիստերի արձանագրությունը ներկայացվում է մարզպետի աշխատակազմ։ Եթե գնման մրցութային գործընթացում հաղթող չի ճանաչվում, ապա հայտարարվում է մրցութային նոր գործընթաց։
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն hամայնքի կողմից կապալառուի հետ կնքվում է պայմանագիր և պայմանագրի պատճենը ներկայացվում նախարարություն և մարզպետի աշխատակազմ։
23. Մարզպետի աշխատակազմն իրականացնում է կապալառուի հետ կնքված պայմանագրերի կատարման մոնիթորինգ և հավաքագրված տվյալների հիման վրա ստեղծում է տեղեկատվական բազա՝ կապալառուի տվյալների, պայմանագրի կնքման ամսաթվի և պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետների վերաբերյալ։
24. Մարզպետի հանձնարարականով մարզպետի աշխատակազմում ստեղծվում է մոնիթորինգի աշխատանքային խումբ, որում ընդգրկվում են նաև համայնքի և բնակավայրերի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի կողմից իրականացվում են կապալառուի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի և որակի համապատասխանության ուսումնասիրության այցելություններ՝ ամիսը 2 անգամ՝ յուրաքանչյուր շահառուի տնտեսությունում։ Նախարարության կողմից աշխատանքների ընթացքի ուսումնասիրությունների մասով իրականացվում են այցելություններ, որոնց ընթացքում թերությունների բացահայտման դեպքում տեղեկատվություն է ներկայացվում մարզպետի աշխատակազմ: Մարզպետի աշխատակազմն առաջարկում է համայնքի ղեկավարին, որպեսզի կապալառուն ուղղի թերությունները:
25. Յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում կապալառուի կողմից կատարված աշխատանքների ավարտն ամրագրվում է կապալառուի, շահառուի և համայնքի ղեկավարի միջև կնքվող եռակողմ հանձնման-ընդունման ակտով (որը պետք է ներառի ամբողջական տեղեկություն տնամերձ հողամասում փաստացի կատարված աշխատանքների և օգտագործված ապրանքների վերաբերյալ՝ ըստ քանակի և արժեքի), որի պատճենը և 15-րդ կետի 2-րդ ենթակետի համամասնության չափով (առկայության դեպքում) համայնքի հաշվին փոխանցված գումարի անդորրագիրը շահառուի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համայնքի ղեկավարին։
26. Կապալառուի կողմից աշխատանքների ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համայնքը իրականացնում է ավարտական մոնիթորինգ, որում պարտադիր ներգրավվում են մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Կապալառուի կողմից կատարված աշխատանքներում թերությունների առկայության դեպքում կապալառուին առաջարկվում է թերությունների շտկման ողջամիտ ժամկետ (մինչև 30 օր)՝ մոնիթորինգի դրական եզրակացություն տալու համար:
27. Ծրագրի շրջանակում կապալառուի կողմից իրականացված աշխատանքների կատարողական փաստաթղթերը (եզրակացություն, հանձնման-ընդունման ակտ, հարկային հաշիվ) կազմվում են կապալառուի և համայնքի ղեկավարի կողմից ու 25-րդ կետում նշված հանձնման-ընդունման ակտերի և 26-րդ կետում նշված մոնիթորինգի դրական եզրակացության հետ միասին համայնքի ղեկավարի կողմից ներկայացվում են նախարարություն և մարզպետի աշխատակազմ։ Սույն կետում նշված փաստաթղթերը համայնքի ղեկավարի կողմից կարող են ներկայացվել փուլերով՝ ըստ բնակավայրերի, և 28-րդ կետում նշված ֆինանսավորումը նույնպես կարող է կատարվել փուլերով՝ ըստ բնակավայրերի:
28. Նախարարությունը 27-րդ կետում նշված կատարողական փաստաթղթերի (եզրակացություն, հանձնման-ընդունման ակտ, հարկային հաշիվ) և մոնիթորինգի դրական եզրակացության հիման վրա համայնքի հետ կնքում է պայմանագիր և իր համամասնության չափով ֆինանսավորման գումարը փոխանցում համայնքին:
29.Գնման պայմանագրով սահմանված ժամկետում համայնքը՝ նախարարության, իր կամ շահառուների համամասնության չափով ֆինանսավորման գումարներն անկանխիկ եղանակով փոխանցում է կապալառուի հաշվեհամարին և այդ մասին տեղեկացնում նախարարությանը և մարզպետի աշխատակազմին։
30. Համայնքի ղեկավարն այգեհիմնումից հետո 5 տարի անընդմեջ տարեկան պարբերականությամբ իրականացնում է մոնիթորինգ շահառուների տնամերձ հողամասերում։ Այգու խնամքի և ոռոգման կաթիլային համակարգի շահագործման մասով թերությունների առկայության դեպքում (այնպիսի գործողությունների իրականացումը կամ անգործությունը, որը հանգեցրել է այգու պտղաբերության, կենսունակության դադարեցմանը կամ ոռոգման կաթիլային համակարգի խաթարմանը) համայնքի ղեկավարի կողմից շահառուին առաջարկվում է թերությունների շտկման ողջամիտ ժամկետ (մինչև 30 օր), որի ավարտից հետո, թերությունների առկայության դեպքում, տնամերձ հողամասում ծախսված ֆինանսական միջոցները շահառուի կողմից եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման համայնքին ամբողջությամբ՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը՝ 29-րդ կետում նշված գումարի փոխանցման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը (գնահատման համար կատարված ծախսերի ու ծրագրի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված համամասնությամբ գումարի վերադարձը նախարարությանը իրականացնում է համայնքի ղեկավարը)։
31. Այգեհիմնումից հետո մարզպետի աշխատակազմի կողմից ՊՈԱԿ-ի ներկայացուցչի ներգրավմամբ (կարող են ներգրավվել նաև համայնքի և բնակավայրի ներկայացուցիչներ) իրականացվում է մոնիթորինգ՝ ծրագրի ավարտից հետո առաջին և հինգերորդ տարվա ընթացքում մեկ անգամ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։ Մոնիթորինգի արդյունքներով այգու խնամքի և ոռոգման կաթիլային համակարգի շահագործման մասով բացահայտվող թերությունների առկայության մասին եռօրյա ժամկետում տեղեկություն է ներկայացվում համայնքի ղեկավարին՝ նշելով թերությունների շտկման ողջամիտ ժամկետ (մինչև 30 օր), որի ավարտից հետո, թերությունների առկայության դեպքում (այնպիսի գործողությունների իրականացումը կամ անգործությունը, որը հանգեցրել է այգու պտղաբերության, կենսունակության դադարեցմանը կամ ոռոգման կաթիլային համակարգի խաթարմանը), տնամերձ հողամասում ծախսված ֆինանսական միջոցները շահառուի կողմից ենթակա են վերադարձման ամբողջությամբ՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը՝ 29-րդ կետում նշված գումարի փոխանցման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը (գնահատման համար կատարված ծախսերի ու ծրագրի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված համամասնությամբ գումարի վերադարձը նախարարությանը իրականացնում է համայնքի ղեկավարը)։
32.Մոնիթորինգ իրականացնող առանձին կառույցների (համայնք, մարզպետի աշխատակազմ) կողմից մոնիթորինգի իրականացման կարգը մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը սահմանում է համապատասխան կառույցը։
33. Նախարարության կամ ՊՈԱԿ-ի կողմից ծրագրի գործողության ընթացքում ուսումնասիրությունների մասով կարող են իրականացվել այցելություններ։ Այցելությունների ընթացքում թերությունների բացահայտման դեպքում տեղեկություն է ներկայացվում մարզպետի աշխատակազմ։ Մարզպետի աշխատակազմն առաջարկում է համայնքի ղեկավարին, որպեսզի ուղղվեն թերությունները։
34. Կապալառուի կողմից տրամադրված խորհրդատվության վերաբերյալ վարվում է գրանցամատյան։ Գրանցամատյանում կատարված գրառումները ստորագրվում են շահառուի և կապալառուի կողմից։ Գրանցամատյանի վարման հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։
35. Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝
1) շահառուների գիտելիքի և փորձի պակասի պատճառով այգեգործության անարդյունավետ կազմակերպումը.
2) ծրագրի նկատմամբ անբավարար պահանջարկը.
3) տնկիների ներկրումների ուշացումները.
4) եղանակային անբարենպաստ պայմանների ազդեցությունը և տնկիների կպչունության չապահովումը.
5) գնման ընթացակարգի չկայացումը.
6) արդյունավետ վերահսկողական մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարությունը։
36. Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված հավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիներով այգեհիմնման կատարման պահանջը, կապալառուի կողմից անվճար խորհրդատվության տրամադրման նախապայմանը, մոնիթորինգի իրականացումը։
37. Ծրագրի իրականացման համար պետական բյուջեի ծախսը կկազմի գնահատողի կողմից իրականացված աշխատանքների ամբողջական ֆինանսավորման գումարի և կապալառուի կողմից իրականացված աշխատանքների ընդհանուր ֆինանսավորման գումարի 95 տոկոսը։
Աղյուսակ N 1
Տնամերձ հողամասերում այգետնկման համար առաջարկվող պտղատեսակները
Պտղատեսակ |
Տանձենի |
Հոնենի |
Նռնենի |
Ազնվամորի |
Մոշ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
