ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 803-Ա
«ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 12-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների միջև «Այգ-1» արևային ֆոտովոլտային (ֆՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման մասին ծրագրի իրականացման, ինչպես նաև «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը սեփականության իրավունքով ստանալու նպատակով հիմնադրել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50 հազ. դրամ, որը բաժանված է 50 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
4. Ընկերության հիմնադրման հետ կապված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով սահմանված մյուս լիազորությունները վերապահել լիազոր մարմնին։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում՝
1) հաստատել բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրել ընկերության տնօրենների խորհրդի (կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամներ, ձևավորել ընկերության գործադիր մարմին.
2) ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
