ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
«20» հունիսի 2025 թ. Ք. Երևան |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է դիմել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Միքայել Մարատի Գրիգորյանը՝ ստանալու պաշտոնական պարզաբանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։ Դիմումատուն խնդրել է պաշտոնապես պարզաբանել, թե օրենքի 22-րդ հոդվածի «...Սույն մասով սահմանված՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին» կարգավորումը տարածվում է մինչև նշված նորմի ընդունումը օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում տարկետում ստացած քաղաքացիների վրա և ունի հետադարձ ուժ և նշված սահմանափակումը չի սահմանափակում անձի կրթության սահմանադրական իրավունքը: Նշվում է նաև, որ վերը նշված նորմը ունի վատթարացնող բնույթ և չի կարող ունենալ հետադարձ ուժ:
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ
Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը», իսկ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման համաձայն «3. Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է։ Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը:»: Հետևաբար պարտադիր զինվորական ծառայությունը քաղաքացիների Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականությունն է, և դրա կատարումը կանոնակարգող նորմերը չեն կարող դիտարկվել որպես վատթարացնող բնույթի նորմեր:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «1. Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի և կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիները...», իսկ 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո սույն օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն ունեցող և զորակոչի ենթակա (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացիները պարտավոր են ծանուցման մեջ նշված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավել մոտ զինվորական կոմիսարիատ»:
Օրենքի 22-րդ հոդվածով սահմանվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հիմքերը: Մասնավորապես 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ․ «3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար`
1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը.»: Նշված հիմքով տարկետում ստանալու և ծրագրի շահառու լինելու համար քաղաքացին իր կամահայտնությամբ դիմում է ներկայացնում, որի օրինակելի ձևը հաստատված է ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման Ձև 1-ով: Դիմումում քաղաքացին նշում է, որ «Հայտնում եմ Ձեզ, որ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով ցանկություն ունեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքելու ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:»: ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետի համաձայն «8. Թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչված քաղաքացու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև կնքվում է ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր (ձև N 3):»
Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ «5. Գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Սույն մասով սահմանված՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին»:
ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ
Օրենքի կարգավորման համաձայն 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության: Զորակոչից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքերը նույնպես սահմանված է օրենքով: Զորակոչի ենթակա քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կրթություն ստանալու նպատակով տարկետում տրամադրելու դեպքում չի առաջանում պարտավորություն դրա ավարտից հետո նույնպիսի պայմաններում ևս տարկետում տրամադրելու: Հետևաբար զորակոչի ենթակա քաղաքացին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարող է հավակնել այդ պահին սահմանված իրավակարգավորումների շրջանակում: Օրենքի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացիները ի սկզբանե պայմանագրային պարտավորություն են ստանձնել ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու, որի պատճառով նրանք իրենց 18 տարին լրանալու զորակոչի ընթացքում չեն զորակոչվել և տարկետում են ստացել:
Օրենքի 22-րդ հոդվածի «...Սույն մասով սահմանված՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին» կարգավորումը ընդունվել է 2023 թվականի ապրիլի 13-ին և ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, ինչպես նաև՝ վերոգրյալ օրենքների համակարգային ուսումնասիրությունը և վկայակոչված նորմերի համակողմանի վերլուծությունը՝ պաշտոնապես պարզաբանում ենք.
1. Պարտադիր զինվորական ծառայությունը քաղաքացիների Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականությունն է, և դրա կատարումը կանոնակարգող նորմերը չեն կարող դիտարկվել որպես վատթարացնող բնույթի նորմեր կամ մեկնաբանվել որպես կրթության սահմանադրական իրավունքը սահմանափակող նորմեր:
2. Զորակոչի ենթակա քաղաքացին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարող է հավակնել զորակոչի ենթակա լինելու պահին սահմանված իրավակարգավորումների շրջանակում:
3. Քաղաքացին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է դառնում իր դիմումի համաձայն, որում հստակ նշվում է, որ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու պայմանագրային պարտավորություն է ստանձնում: Հետևաբար` քաղաքացին հստակ գիտակցել և ստանձնել է պայմանագրային պարտավորություն, համաձայն որի նա պարտավորվում է ուսումը ավարտելուց հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու:
6/20/2025
ՆԱԽԱՐԱՐ` |
Ժ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2025 թվական:
