ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» հունիս 2025 թ. N 53-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ ԵՎ ԶՍՊՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և զսպման մեխանիկական միջոցների կիրառման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
20.06.2025
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հունիս «20»-ի թիվ 53-Ն հրամանի |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ ԵՎ ԶՍՊՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի (այսուհետ` անձ) նկատմամբ ֆիզիկական ուժի և զսպման մեխանիկական միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները:
2. Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման կարգը, պայմանները և առանձնահատկությունները սահմանվում են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ և 8-րդ հոդվածներով:
3. Ֆիզիկական զսպման իրականացման ամբողջ ընթացքում առաջնահերթություն է տրվում անձի արժանապատվությանը և իրավունքներին՝ մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:
4. Ֆիզիկական զսպումը հանդիսանում է ոչ բուժական բնույթի ծառայություն և չի հանդիսանում բուժման միջոց: Ֆիզիկական զսպման կիրառումը պետք է համաչափ լինի անձին կամ շրջապատին ֆիզիկական վնաս պատճառելուն կամ դրա իրական սպառնալիքին և տևում է հնարավորինս կարճ ժամանակահատված` չգերազանցելով Օրենքով սահմանված 24 ժամվա ընթացքում ֆիզիկական զսպման կիրառման ընդհանուր տևողությունը: Ֆիզիկական զսպման ժամանակ ֆիզիկական ուժի գործադրումը համաչափ է ստեղծված իրավիճակին:
5. Ֆիզիկական զսպման ենթարկված անձի հետ շփումն իրականացվում է առանց բժշկական և իրավաբանական տերմինաբանության:
6. Ֆիզիկական զսպում կիրառելիս հաշվի են առնվում անձի մշակութային և գենդերային առանձնահատկությունները:
7. Ֆիզիկական զսպման կիրառումը հիմնվում է բժշկական էթիկայի սկզբունքների վրա:
8. Ֆիզիկական զսպման միջոցները չեն կիրառվում բուժանձնակազմի քանակի անբավարար լինելու պատճառով պատշաճ հսկողության իրականացման անհնարինության և բուժանձնակազմի հարմարության նպատակներով:
9. Անձի մոտ մարմնական (սոմատիկ) խնդիրների առկայության դեպքում ֆիզիկական զսպման կիրառման նպատակահարմարությունը քննարկվում է թերապևտի կամ նեղ մասնագետի հետ, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում անձի հիվանդության պատմագրում:
10. Ֆիզիկական զսպման ենթարկվող անձը բուժանձնակազմի կողմից հնարավորինս տեղեկացվում և ներգրավվում է ֆիզիկական զսպման կիրառման որոշումների կայացման մեջ, ֆիզիկական զսպման մասին անձի կարծիքը հաշվի է առնվում, որի վերաբերյալ գրառում է կատարվում անձի հիվանդության պատմագրում: Ֆիզիկական զսպման կիրառման որոշումների կայացման մեջ անձի ներգրավվածության անհնարինության պարագայում համապատասխան գրառում է կատարվում անձի հիվանդության պատմագրում` հիմնավորելով ներգրավվածության անհնարինության փաստը:
11. Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման դադարեցնելուց անմիջապես հետո հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում (հոգեբուժական հանձնաժողովում ընդգրկված մասնագետների արձակուրդում գտնվելու, հիվանդության, ոչ աշխատանքային ժամի, հաստիքի թափուր լինելու դեպքերում) հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի ֆիզիկական զսպման միջոցներ կիրառելու պատճառաբանված որոշման մեկ օրինակը` առձեռն հանձնվում է անձին և վերջինիս կողմից ստորագրվում է որոշման մյուս օրինակը` կատարելով նշում ստանալու և ստանալու ամսաթվի մասին: Պատճառաբանված որոշման մեկ օրինակը ֆիզիկական զսպման ենթարկված անձի կողմից առձեռն չստանալու և վերջինիս կողմից որոշման մյուս օրինակը չստորագրելու դեպքում համապատասխան գրառում է կատարվում անձի հիվանդության պատմագրում` նշելով պատճառները:
12. Եթե սույն ընթացակարգի 11-րդ կետով նշված դեպքում պատճառաբանված որոշման մեկ օրինակը անձին չի հանձնվում և վերջինիս կողմից որոշման մյուս օրինակը չի ստորագրվում անձի առողջական վիճակից ելնելով, ապա անձի առողջական վիճակի բարելավման դեպքում նրան կրկին առձեռն տրամադրվում է պատճառաբանված որոշման մեկ օրինակը և առաջարկվում է ստորագրել որոշման մյուս օրինակը, իսկ հրաժարվելու դեպքում նշում է կատարվում անձի հիվանդության պատմագրում:
13. Բժիշկ-հոգեբույժը ֆիզիկական զսպման կիրառելու դեպքում դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է անձի օրինական ներկայացուցչին, իսկ դրա անհնարինության դեպքում հիվանդության պատմագրում կատարվում է համապատասխան գրառում: Անձի համաձայնության դեպքում ֆիզիկական զսպում կիրառելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է կոնտակտային անձին, ինչի մասին նույնպես կատարվում է գրառում անձի հիվանդության պատմագրում:
14. Անձի ֆիզիկական զսպումն իրականացվում և ամբողջ ընթացքը վերահսկվում է ֆիզիկական զսպման կիրառման հմտություններ ունեցող բուժաշխատողի կողմից: Հսկողությունն իրականացվում է ֆիզիկական զսպման համար նախատեսված սենյակում` բուժաշխատողի անմիջական ներկայությամբ կամ ընդհանուր պատուհանով միացված հարևան սենյակից այնպես, որ բուժաշխատողը հնարավորություն ունենա հսկելու և լսելու անձին, իսկ անձը հնարավորություն ունենա ամբողջությամբ տեսնելու բուժաշխատողին: Տեսալուսանկարահանող սարքերը չեն կարող փոխարինել անձնակազմի մշտական ներկայությանը:
15. Ֆիզիկական զսպման կիրառման ամբողջ ժամանակահատվածում զսպումն իրականացնող բուժաշխատողները`
1) հնարավոր վնասվածքներից խուսափելու նպատակով պաշտպանում են անձի պարանոցը և գլուխը, ապահովում են անձի շնչառական ուղիների ազատ անցանելիությունը,
2) հետևում են կենսական կարևոր նշանակություն ունեցող կլինիկական ցուցանիշներին՝ ինչպիսին են անոթազարկը, շնչառությունը, զարկերակային ճնշումը, մաշկի գույնը, զարկերակային արյան թթվածնով հագեցվածությունը, մարմնի ջերմաստիճանը,
3) հնարավորինս արդյունավետ շփվում են անձի հետ (եթե զսպման ընթացքում անձի հոգեկան վիճակը թույլ է տալիս),
4) չեն իրականացնում այնպիսի հնարքներ, որոնք անձի մոտ առաջացնում են ցավ կամ վնասվածք, խոչընդոտում են անձի շնչառությանը կամ արյան շրջանառությանը, չեն փակում անձի բերանը:
16. Ֆիզիկական զսպումն իրականացնելուց հետո ոչ ուշ, քան 2 ժամ անց բժիշկ-հոգեբույժը գնահատում է անձի հոգեկան վիճակը, ինչպես նաև ֆիզիկական զսպման հետևանքով անձի մոտ հնարավոր հոգեբանական տրավմայի առկայությունը:
17. Ֆիզիկական զսպումն իրականացնելուց հետո ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում` անձի համաձայնությամբ, բժիշկ-հոգեբույժի կողմից անց է կացվում քննարկում անձի հետ` ֆիզիկական զսպման, հետագայում ֆիզիկական զսպումից խուսափելու համար այլ նվազ սահմանափակող միջոցների կիրառման, ինչպես նաև բուժման ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ անձի կարծիքը լսելու նպատակով, որի վերաբերյալ բժիշկ-հոգեբույժի կողմից գրառում է կատարվում անձի հիվանդության պատմագրում: Գրառվում է նաև քննարկման անցկացմանն անձի անհամաձայնության փաստը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական:
