ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.
«2.1. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի։ Սույն մասով սահմանված նախապատվության իրավունքի իրացման նպատակով լիցենզիա ունեցող անձը ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից նշված ծանուցումն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում՝ լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին: Նախապատվության իրավունքը իրացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրա շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելի լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, և գնահատման արժեքը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
2.3. Օրենսդրությամբ կամ լիցենզավորված անձի կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով նախատեսված՝ անձի մասնակցի կամ բաժնետիրոջ կողմից բաժնեմասի կամ բաժնետոմսի գնման (ձեռքբերման) նախապատվության իրավունք նախատեսող կարգավորումները արգելք չեն հանդիսանում սույն օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռքբերման նախապատվության իրավունքի առաջնահերթ իրացման համար:».
2) 3-րդ մասը «փորձ,» բառից հետո լրացնել «կամ չի պահպանվել սույն հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերով սահմանված նախապատվության իրավունքի իրականացման կարգը,» բառերով։
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 52. | Սպառողների շահերի պաշտպանության երաշխիքները |
1. Լիցենզիայից կամավոր հրաժարվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը մինչև գործունեության նոր լիցենզիա տալը իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրելու լիցենզիայից կամավոր հրաժարված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը` հանձնաժողովի սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան, կամ լիցենզավորված գործունեության իրականացումը պատվիրակելու ժամանակավոր կառավարչին: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը մինչև գործունեության նոր լիցենզիա տալը իրավունք ունի համապատասխան որոշմամբ լիցենզիայից զրկված անձի լիցենզավորված գործունեության իրականացումը պատվիրակելու ժամանակավոր կառավարչին, բացառությամբ սույն օրենքի 52.1-ին հոդվածով սահմանված դեպքի:
2. Հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու համար:
3. Եթե անձը հրաժարվում է իր գործունեությունը շարունակելուց, կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ անձի բաժնետերերին (մասնակիցներին) առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը: Սույն մասով սահմանված օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:
4. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը սահմանվում է մինչև սույն հոդվածով սահմանված կարգով նոր լիցենզիա տալը կամ գույքի օտարումը։»։
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.
«Հոդված 52.1. | Սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցառումների կիրառումը |
1. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով սահմանված արարքը կատարելու հիմքով վարույթ հարուցելու մասին որոշմամբ հանձնաժողովի նախագահը կարող է կիրառել կանխարգելիչ միջոցառումներ։ Կանխարգելիչ միջոցառումների կիրառման դեպքում, ի թիվս այլնի, հաշվի են առնվում նաև լիցենզավորված անձի կողմից նախկինում կատարված խախտումների քանակը, հաճախականությունը կամ բնույթը։
2. Սույն հոդվածով սահմանված կարգով հանձնաժողովի նախագահը իրավասու է կիրառելու հետևյալ կանխարգելիչ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը միասին.
1) սահմանել առերևույթ խախտումների կամ դրանց հետևանքների վերացման ծրագիր և լիցենզավորված անձից պահանջել իրականացնել դրանով սահմանված միջոցները.
2) հրավիրել լիցենզավորված անձի կառավարման մարմինների նիստեր (ժողովներ)՝ հանձնաժողովի նախագահի սահմանած օրակարգով.
3) պահանջել հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կանոնադրության փոփոխություն և դիմել պետական ռեգիստր կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումն ապահովելու նպատակով.
4) պահանջել հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կառավարման մարմինների անդամի կամ անդամների փոփոխություն.
5) նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ:
3. Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները՝ բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի լիցենզավորած անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմիններն իրենց իրավասությունները (լիազորությունները) իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ։
4. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման ոլորտներում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ, կամ այն անձը, որն առնվազն երեք տարի գործունեություն է ծավալել նշված ոլորտներում:
5. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու դեպքում հանձնաժողովի նախագահը վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշմամբ պետք է սահմանի նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործելու է ժամանակավոր կառավարիչը, որը կարող է սահմանվել ոչ ավել, քան մինչև վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտն ուժի մեջ մտնելը:
6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի արդյունքով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, եթե լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ՝ սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով:
7. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը պետք է հրապարակվի հանձնաժողովի պաշտոնական կայքում և տեղադրվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ ժամանակավոր կառավարչի վերաբերյալ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները ժամանակավոր կառավարչի դիմումի հիման վրա պետք է գրառվեն իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում:
8. Ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատրությունն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ հանձնաժողովի նախագահի սահմանած չափով։
9. Ժամանակավոր կառավարչի գործունեության արդյունքով լիցենզավորված անձին պատճառված վնասները ենթակա են հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
10. Կանխարգելիչ միջոցառումների կիրառման և սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածում դատարանում չի կարող քննության առարկա դառնալ լիցենզավորված անձի սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը (սնանկ ճանաչելու հարցը), և նման դիմումները (դրանք վարույթ ընդունելը) ենթակա են մերժման:»:
Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների վրա:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 8 Երևան ՀՕ-196-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական:
