ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 2-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ կետերով.
«11) եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.
12) եթե 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար:»:
Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`
1) 8.1-ին մասում՝
ա. առաջին պարբերությունը «ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, բացառությամբ» բառերից առաջ լրացնել «2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ձեռք բերված կամ ներմուծված՝» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը «առանձնացված» բառից հետո լրացնել «՝ հաշվանցված (պակասեցված)» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ձեռք բերված կամ ներմուծված՝ վարձույթով տրամադրելու նպատակով օգտագործված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով սույն մասի համաձայն ԱԱՀ-ի բացասական տարբերությունը հաշվարկելիս տվյալ տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետությունում մատակարարման գործարքի մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարին ավելացվում են նաև տվյալ տրանսպորտային միջոցի վարձույթով տրամադրման ծառայության մասով Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ հաշվարկային փաստաթղթերով տվյալ տրանսպորտային միջոցը նույնականացնող տվյալների առկայության դեպքում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ մասով.
«8.2. Եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարներն Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, ապա տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարներն ավելացվում են թեթև մարդատար ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին՝ տվյալ թեթև մարդատար ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ թեթև մարդատար ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
Սույն մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ԱԱՀ-ի գումարների ավելացումը կատարվում է, եթե թեթև մարդատար ավտոմեքենայի օտարման պահին օտարողը, Օրենսգրքի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող՝ անկախ թեթև մարդատար ավտոմեքենայի ձեռքբերման կամ ներմուծման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:»:
Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածում`
1) 1.2-րդ մասը «դիլեր չհանդիսացող» բառերից հետո լրացնել «կամ լիզինգատու չհանդիսացող» բառերով.
2) 1.2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «նպատակով» բառից հետո լրացնել «2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ» բառերով։
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և 3-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում են 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-243-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական:
