ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«14» հուլիս 2025 թ. |
N 67-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿՈՐՈՆԱՐ ԱՆՈԹՆԵՐԻ ԱՆԳԻՈԳՐԱՖԻԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐՏԱՄԿԱՆԻ ՍՈՒՐ ԻՆՖԱՐԿՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 54-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1–ին մասի 33-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝
Հրամայում եմ
1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով կորոնար անոթների անգիոգրաֆիա հետազոտություն և սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժում ծառայությունների կազմակերպման չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 15-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 54-Ն հրամանը։
3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից։
14.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիս «14»-ի N 67-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿՈՐՈՆԱՐ ԱՆՈԹՆԵՐԻ ԱՆԳԻՈԳՐԱՖԻԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐՏԱՄԿԱՆԻ ՍՈՒՐ ԻՆՖԱՐԿՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Սույն չափորոշիչով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով կորոնար անոթների անգիոգրաֆիա հետազոտություն և սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժում ծառայությունների կազմակերպման և իրականացման նորմերը։
1․ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՐՈԳՐԱՖԻԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1․ Կորոնարոգրաֆիա հետազոտությունն իրականացնում են այն բժշկական կազմակերպություններն, որոնք Առողջապահության նախարարության հետ սահմանված կարգով կնքվել են տվյալ ծառայության մասով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր։
2․ Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կորոնարոգրաֆիա հետազոտության ուղեգրումն իրականացվում է Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման N4 հավելվածի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից և ներհիվանդանոցային ուղեգրումների միջոցով` սույն չափորոշիչի 3-րդ կետով սահմանված գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա և 4-րդ կետով սահմանված բացարձակ կլինիկական ցուցումների առկայության դեպքում:
3․ Կորոնարոգրաֆիա հետազոտության ուղեգրման նպատակով իրականացվող անհրաժեշտ գործիքային ախտորոշիչ հետազոտություններն են.
1) էլեկտրասրտագրություն (այսուհետ` ԷՍԳ),
2) էխոսրտագրություն՝ (այսուհետ` ԷԽՍ) դոպլեր հետազոտությամբ,
3) ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ, եթե պացիենտի վիճակը գնահատվում է կայուն (տրեդմիլ-թեստ կամ վելոէրգոմետրիա)։
4․ Կորոնարոգրաֆիա հետազոտության ուղեգրման բացարձակ կլինիկական ցուցումներն են.
1) սրտամկանի սուր ինֆարկտ,
2) վաղ (սրտամկանի սուր ինֆարկտից հետո 3-14-րդ օրերը ի հայտ եկած) հետինֆարկտային ստենոկարդիա,
3) վիճակ սիրտ–թոքային վերակենդանացումից (այսուհետ՝ ՍԹՎ-ից) հետո,
4) օպտիմալ (եռկոմպոնենտ) դեղորայքային թերապիայի ֆոնին առաջացած ստենոկարդիա,
5) անկայուն ստենոկարդիա,
6) Պրինցմետալի ստենոկարդիա,
7) ձախ փորոքի արտամղման ֆրակցիան (EF) <35%,
8) ստենոկարդիա, որն ուղեկցվում է ֆիզիկական լարվածության նկատմամբ ցածր տոլերանտությամբ,
9) սրտի փականների պրոթեզավորումից առաջ․
ա) 50 տարեկանից բարձր տղամարդկանց և 55 տարեկանից բարձր կանանց,
բ) անկախ տարիքից՝ ախտորոշված սրտի իշեմիկ հիվանդության դեպքում։
2․ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԱՄԿԱՆԻ ՍՈՒՐ ԻՆՖԱՐԿՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N3 hավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «թ.» պարբերությամբ և 3–րդ կետի 4–րդ ենթակետով սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայությունները (այսուհետ` սրտի անհետաձգելի վիրահատություն) իրականացնում են այն բժշկական կազմակերպությունները, որոնց Առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրով սահմանված կարգով հատկացված է տվյալ ծառայությունը:
6․ Սրտի անհետաձգելի վիրահատության կազմակերպման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալը ներառում է.
1) արյան ընդհանուր քննություն,
2) մեզի ընդհանուր քննություն,
3) արյան բիոքիմիական քննություն (գլյուկոզա, կրեատինին, միզանյութ, պրոթրոմբին, ֆիբրինոգեն),
4) արյան սերոլոգիական ( վիրուսային հեպատիտ B,C, սիֆիլիս) քննություն,
5) պլազմայի մեջ տրոպոնինի որոշում,
6) ԷՍԳ (բազմաֆունկցիոնալ սարքով, որը հնարավորություն ունի ժապավենի վրա ամրագրել կատարման օրը և ժամը),
7) ԷխոՍԳ դոպլեր հետազոտությամբ,
8) կորոնարոգրաֆիա։
7․ Սրտի անհետաձգելի վիրահատության պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնելու հիմք են հանդիսանում հետևյալ վիճակներից մեկը.
1) Սրտամկանի սուր ինֆարկտ ԷՍԳ ST-էլևացիայով– երբ առկա է իշեմիկ ախտանշանների սկզբից մինչև 12 ժամվա ընթացքում որոշված արյան պլազմայում տրոպոնինի կոնցենտրացիայի ցուցանիշ, որը գերազանցում է տրոպոնինի մակարդակը որոշող սարքի տրոպոնինի նորման առնվազն 5 անգամ և հետևյալ էլեկտրասրտագրային ցուցանիշների առկայության դեպքում` անկախ ստենտավորման իրականացման հանգամանքից․
ա․ էլեկտրասրտագրի I, II, III, aVL, aVF, aVR, V1, V4-V9 և աջ V3R – V6R արտածումներից առնվազն երկու հարակից արտածումներում՝ ST սեգմենտի ավելի քան 1մմ էլևացիա,
բ․ առաջային տեղակայման դեպքում՝ առնվազն 3 կրծքային արտածումներում ST սեգմենտի էլևացիա, ընդորում ՝ V2 – V3 արտածումներում՝ մինչև 40 տարեկան տղամարդկանց մոտ ST – էլևացիա ≥ 2.5մմ, 40 –ից բարձր տղամարդկանց մոտ ≥ 2 մմ, կանանց մոտ ≥ 1.5 մմ։
2) սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST էլևացիայի– երբ առկա է իշեմիկ ախտանշանների սկզբից 24 ժամվա ընթացքում արյան պլազմայում տրոպոնինի կոնցենտրացիայի պարտադիր որոշված երկու ցուցանիշների դինամիկ աճ (երկրորդը պարտադիր ավել է առաջինից), ընդ որում առնվազն երկրորդ ցուցանիշը գերազանցում է տրոպոնինի մակարդակը որոշող սարքի տրոպոնինի նորման առնվազն 5 անգամ և ստորև թվարկված պացիենտների շատ բարձր և բարձր ռիսկի խմբերի համար նշվածներից առնվազն մեկի առկայությամբ․
ա․ հեմոդինամիկական անկայունություն կամ կարդիոգեն շոկ,
բ․ բուժման նկատմամբ ռեֆրակտեր կրկնվող կամ շարունակական կորոնար ցավեր,
գ․ իշեմիայի պատճառով զարգացող սուր սրտային անբավարարություն,
դ․ կյանքին վտանգ սպառնացող սրտի ռիթմի խանգարումներ կամ սրտի կանգ,
ե․ սրտամկանի ինֆարկտի մեխանիկական բարդություններ,
զ․ ԷՍԳ –ի ST սեգմենտի և/կամ T ատամիկի դինամիկ փոփոխություններ, ST սեգմենտի տրանզիտոր էլևացիա,
է․ GRACE ռիսկի ցուցանիշը >140։
8․ Սրտի անհետաձգելի վիրահատությունը իրականացվում է Սրտամկանի սուր ինֆարկտ ԷՍԳ ST-էլևացիայով ախտորոշման դեպքում կլինիկական ախտանշանների սկզբից հաշված մինչև 12 ժամերի ընթացքում, իսկ սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST էլևացիայի ախտորոշման դեպքում ախտանշանների սկզբից հաշված մինչև 24 ժամերի ընթացքում, որոնց ժամանակ իրականացվում է․
1) ինֆարկտ պատասխանատու կորոնար զարկերակում դեղապատ ստենտի տեղադրում` բացառությամբ այն դեպքերի, երբ կորոնարոգրաֆիա հետազոտությանը չի հաջորդել կորոնար անգիոպլաստիկ միջամտությունը (ստենտի տեղադրում կամ բալոն-դիլատացիա կամ թրոմբասպիրացիա), որի ժամանակ պետության կողմից փոխհատուցվում է միայն կորոնարոգրաֆիայի գինը: Միայն թրոմբասպրացիայով կամ բալոն-դիլատացիայով կորոնար միջամտության սահմանափակման դեպքում փոխհատուցվում է միայն տվյալ միջամտության գինը,
2) աորտակորոնար շունտավորում՝ այն դեպքերում, երբ առկա են սույն չափորոշիչի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ցուցանիշները, սակայն կորոնարոգրաֆիա հետազոտությունից հետո նպատակահարմար է գտնվում ռեվասկուլյարիզացիան իրականացնել շտապ (14 օրվա ընթացքում) առանց առաջնային կորոնար ստենտավորման։ Ընդ որում ծառայությունը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` կորոնար անոթների մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար Առողջապահության նախարարի հրամանով սահմանված գնին համապատասխան:
9․ Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ST էլևացիայով սրտամկանի ինֆարկտի դեպքում և մինչև 24 ժամերի ընթացքում՝ առանց ST էլևացիայով սրտամկանի ինֆարկտի դեպքում, ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին տեղափոխելու ժամանակահատվածը:
10․ Սույն հավելվածի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները փակցվում են հիվանդության պատմագրում, ընդ որում պարտադիր.
1) պլազմայի մեջ տրոպոնինի արդյունքը/արդյունքները (որոշված և տպագրված ավտոմատացված սարքով, որտեղ ամրագրված է նաև տվյալ սարքի տրոպոնինի նորմայի ցուցանիշները),
2) Էլեկտրասրտագրի (բազմաֆունկցիոնալ սարքով իրականացրած) ժապավենը,
3)կորոնարոգրաֆիա հետազոտությամբ արձանագրված ինֆարկտ-պատասխանատու կորոնար զարկերակի թրոմբոզի կամ նշանակալի անկայուն նեղացման նկարը,
4) սրտի անհետաձգելի վիրահատության շրջանակներում պացիենտին կատարված ԷՍԳ-ի ժապավենի վրա գրավոր ամրագրվում է բժշկական կազմակերպության ինտերվենցիոն սրտաբանական ծառայության պատասխանատուի կամ հերթապահ բժշկի ստորագրությունը,
5) սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների շրջանակներում օգտագործված ստենտի տեխնիկական փաստաթղթի բնօրինակը ամրացվում է հիվանդության պատմագրի «Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների և այլ փաստաթղթեր փակցնելու համար» հատվածում` համաձայն Առողջապահության նախարարի 2022 թվականի ապրիլի 20–ի N 19-Ն հրամանի հավելվածի 4–րդ բաժնի 20–րդ կետի,
6) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում պացիենտի արյան նմուշի մեկ բաժինը պարտադիր պահպանվում է առնվազն երեք ամիս` Առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի N 03-Ն հրամանով սահմանված կարգով:
11․ Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով կորոնար անոթների ստենտավորումը իրականացվում է՝ ինֆարկտ պատասխանատու կորոնար զարկերակում մեկ կամ, անհրաժեշտության դեպքում, ավելի դեղապատ ստենտեր տեղադրելու միջոցով՝ տվյալ զարկերակում արյան հոսքը վերականգնելու և սրտամկանի իշեմիան վերացնելու համար, ընդ որում այլ կորոնար զարկերակների կամ ինֆարկտ-պատասխանատու կորոնար զարկերակի խցանումից կամ անկայուն աթերոսկլերոտիկ թիթեղիկից հեռու գտվող այլ կայուն նեղացումներն ( ոչ ինֆարկտ- պատասխանատու) անհրաժեշտության դեպքում ստենտավորվում են պլանային կարգով` վճարովի հիմունքներով:
12․ Սրտի անհետաձգելի վիրահատության կարիք ունեցող քաղաքացիների տեղափոխումը բժշկական կազմակերպություններ իրականացվում է հետևյալ ընթացակարգերով.
1) Երևան քաղաքում` շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով, որը ապահովում է պացիենտի առաջին բժշկական օգնությունը (համարժեք ցավազրկում, հակամակարդիչ, հակաագրեգանտային, հակաառիթմիկ և այլ անհրաժեշտ դեղերի ներարկում տեղում), ինչպես նաև տեղափոխումը շտապ բժշկական օգնության կանչը իրականացնող վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված կամ պացիենտի կամ նրա ներկայացուցչի արձանագրված պահանջով այլ՝ ինտերվենցիոն uրտաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն,
2) Երևան քաղաքում առաջնային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում կամ ինտերվենցիոն uրտաբանական բժշկական օգնություն և սպասարկում չիրականացնող կազմակերպություններում շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով 2 ժամվա ընթացքում տվյալ կազմակերպության տնօրինության կողմից պացիենտի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ ապահովվում է նրա տեղափոխումը ինտերվենցիոն uրտաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն։ Պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից շտապ բժշկական օգնության կանչը իրականացնող վայրին տարածքային առումով ամենամոտ վայր չտեղակայված ինտերվենցիոն սրտաբանական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություն ընտրելու դեպքում այդ մասին շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող հերթապահ բժշկի կողմից կատարվում է գրավոր նշում շտապ բժշկական օգնության կանչի թերթիկում և ուղեգրում,
3) Հայաստանի Հանրապետության մարզերում շտապ բժշկական օգնության ծառայությունը, որն ապահովում է պացիենտի առաջին բժշկական օգնությունը (համարժեք ցավազրկում, հակամակարդիչ, հակաագրեգանտային, հակաառիթմիկ և այլ անհրաժեշտ դեղերի ներարկում տեղում) պացիենտին տեղափոխում է շտապ բժշկական օգնության կանչը իրականացնող վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպություն, որտեղ իրականացվում է անհրաժեշտ հետազոտություններ և առողջական վիճակի գնահատումից հետո կազմակերպում է նրա տեղափոխումն ամենամոտ տեղակայված ինտերվենցիոն սրտաբանական բժշկական կազմակերպություն կամ ելնելով պացիենտի առողջական վիճակից անմիջապես տեղափոխում է ամենամոտ տեղակայված ինտերվենցիոն սրտաբանական բժշկական կազմակերպություն։
13. Շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող հերթապահ բժիշկը պացիենտին նախապես բանավոր տեղեկացնում է սույն հրամանով սահմանված` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների կազմակերպման չափորոշիչի հիմնական դրույթների մասին: Պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունից հրաժարվելու պարագայում այդ փաստը գրավոր ամրագրվում է շտապ բժշկական օգնության կանչի թերթիկում կամ հիվանդության պատմագրում` որը հաստատվում է բժշկի և պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի ստորագրությամբ։
14․ Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին ապահովում է սրտի անհետաձգելի վիրահատություն վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` իրազեկման թերթիկի միջոցով` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, որը ներառում է տեղեկություն անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակների, պացիենտի առողջական վիճակի և հնարավոր բարդությունների վերաբերյալ, ընդ որում․
1) իրազեկման թերթիկը կազմվում է երկու օրինակից, որից մեկը տրամադրվում է բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին, իսկ երկրորդ օրինակը փակցվում է պացիենտի հիվանդության պատմագրին,
2) իրազեկման թերթիկը ստորագրվում է պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի հրամանով նշանակվող իրավասու անձի կողմից:
Ձև 1
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՐՏԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՏՐՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
« » 20--թ.
(այսուհետ` Կատարող)` ի----------------------------------------------------------------------
(բժշկական կազմակերպության անվանումը)
գործելով իր կանոնադրության, ինչպես նաև Առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հիման վրա` սույնով
ԻՐԱԶԵԿՈՒՄ Է
քաղաքացի -------------------------------------------------------------ին ներքոհիշյալի մասին.
(անուն, ազգանուն)
1. Համաձայն Առողջապահության նախարարության
և -ի----------------------------------------------------------------------------------------
(բժշկական կազմակերպության անվանումը)
միջև կնքված Պայմանագրի, Դուք օգտվում եք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը:
3. Բժշկական կազմակերպությունը պարտավորվում է տեղեկացնել բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտին (կամ նրա հարազատին) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու հնարավորությունների, ծավալների, իրավունքների և դրանց իրականացման մեխանիզմների, ինչպես նաև վիրահատության ընթացքի, ակնկալվող արդյունքների և հնարավոր բարդությունների մասին:
4. Բժշկական կազմակերպությունը պարտավորվում է պահպանել պացիենտի առողջությանը վերաբերվող և բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության գաղտնիությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Միաժամանակ Դուք իրազեկվում եք, որ Դուք և Ձեր օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը բժշկական կազմակերպությունում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում պարտավոր եք պահպանել բժշկական կազմակերպության ներքին կանոնակարգը, բուժման ընթացքում հետևել բուժող բժշկի և այլ իրավասու բժշկական անձնակազմի նշանակումներին և ցուցումներին, չմիջամտել բժշկական անձնակազմի գործողություններին և չխոչընդոտել նրանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը, դրսևորել հարգալից վերաբերմունք բժշկական կազմակերպության աշխատակիցների նկատմամբ:
6. Բժշկական օգնության և սպասարկման գործընթացի կազմակերպման հետ կապված պարզաբանումներ ստանալու համար, ինչպես նաև հարցերի կամ բողոքների դեպքում Դուք կարող եք դիմել Ձեր բուժող բժշկին, կազմակերպության տնօրինությանը կամ Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը (հեռ.՝ 8003) կամ ԱՆ պետական առողջապահական գործակալություն (հեռ․՝ 060808002):
Բժշկական կազմակերպության իրավասու
անձի պաշտոնը ստորագրությունը
----------------------------------------------
Իրազեկվել եմ և համաձայն եմ ստանալ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում:
Բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի անուն ազգանուն, ստորագրություն, օր, ամիս, տարի
____________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2025 թվական:
