ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 28-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնող շարքային կազմի պարտադիր զինծառայողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով: Շարքային կազմի պարտադիր զինծառայողին հիմնական արձակուրդը տրվում է երեք հավասար մասերով՝ օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, ընդ որում, հիմնական արձակուրդի առաջին մասը տրվում է ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս հիմնական արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված 12 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է միանվագ 10 օրացուցային օր ժամկետով՝ ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում է նաև երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ զինվորական երդում տալու կապակցությամբ:»:
Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներն օգտվում են պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագրից: Պետական աջակցությամբ հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիրը և հիպոթեկային վարկավորման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասի համաձայն կնքված հիպոթեկային վարկավորման ընթացքում մինչև սույն մասում նշված զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալը զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերի, դադարում են պետական աջակցությամբ հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիրը և հիպոթեկային վարկավորման կնքված պայմանագրով իրականացվող պետական աջակցությունը, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողը պարտավոր է եռամսյա ժամկետում պետական բյուջե վճարել հիպոթեկային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից մինչև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրը հիպոթեկային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը: Սույն մասի համաձայն պետական աջակցությամբ հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագրի շրջանակներում կնքվող հիպոթեկային վարկավորման պայմանագրում պարտադիր է հիպոթեկային վարկավորման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի ձեռք բերած բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարանի կամ բնակելի տան գնման իրավունքի օտարման հնարավորության սահմանափակման վերաբերյալ պայմանի նախատեսումը: Սույն մասով սահմանված բոլոր պայմանները ենթակա են ներառման հիպոթեկային վարկավորման պայմանագրում:»:
Հոդված 3. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետով պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ ստացած զինծառայողների վրա՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմնական արձակուրդի համապատասխան ժամկետի դրական տարբերության մասով:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 25 Երևան ՀՕ-260-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական:
