ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«փոխկապակցված անձ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք.
իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված անձինք։»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) «ը.1» կետը «ունեցող ղեկավար» բառերից առաջ լրացնել «(եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը.2» կետով.
«ը.2) չպետք է ունենա 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից, իրական շահառու կամ ղեկավար, որոնք կամ որոնց փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձանց՝ որպես գրավատան կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի կամ որպես ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել այդ գրավատան սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը.3» կետով.
«ը.3) չպետք է ունենա 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից կամ ղեկավար, որը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.»։
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «բ.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ.1) հայտատուի 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից կամ իրական շահառուներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, կամ ղեկավարն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.2» կետով.
«բ.2) հայտատուի 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը, իրական շահառուն կամ ղեկավարը կամ նրանց հետ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձանց՝ որպես գրավատան կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի կամ որպես ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել այդ գրավատան սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.3» կետով.
«բ.3) հայտատուի 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ ղեկավարը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.»։
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.
«Հոդված 13.1. | Գրավատան 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի մասնակցության դադարեցումը |
1. Եթե լիցենզավորման ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով գրավատնային գործունեության լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.1» կամ «բ.2» կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել գրավատան հետ փոխկապակցված անձանց (իսկ գրավատան հետ փոխկապակցված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ գրավատան ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել գրավատան պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ գրավատան 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ իրական շահառուն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի գրավատանն իր ունեցած ներդրումները կամ գրավատան նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել գրավատան գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է գրավատան ֆինանսական վիճակին։ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում համապատասխան ներդրումները չօտարվելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից գրավատան 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Գրավատան որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3․ Եթե գրավատնային գործունեության լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ․3» կետով նախատեսված հիմքը, գրավատան 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Գրավատան 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»։
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» բառերը փոխարինել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Գրավատները պարտավոր են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով գրավատների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։»։
Հոդված 6. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 6-րդ հոդվածի «ը.1» կամ «ը.2» կամ 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.1» կամ «բ.2» կետով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ գրավատան 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով։ Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից գրավատան 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Գրավատան որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 2-րդ կամ 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում գրավատունը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում գրավատան համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով նախատեսված ժամկետում գրավատան կողմից համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացվելու դեպքում Կենտրոնական բանկը ընդունում է տվյալ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի «ը․3» կետով կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող՝ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.3» կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում գրավատան 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Գրավատան որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-271-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
