ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.
«2.2) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել ոչ հրապարակային ֆոնդի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.».
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նշանակալից մասնակից չեն կարող լինել այն անձինք, որոնք բավարարում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժման հիմքերից առնվազն մեկը։ Անձը, որը նշանակալից մասնակցություն է ձեռք բերել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում կամ ավելացրել է իր մասնակցությունն այնպես, որ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նրա` ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմում է առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց կամ մասնակցությունն ավելացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկի սահմանած կարգով:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Եթե թույլտվության ստացման ընթացքում կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նշանակալից մասնակցության ձեռքբերման մասին տեղեկացման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո առաջանում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ կետերով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որևէ մեկը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կապիտալում իր ունեցած ներդրումները կամ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ֆինանսական վիճակին։ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում համապատասխան ներդրումները կամ համապատասխան պահանջի իրավունքը չօտարվելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված՝ Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին։ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
2.2․ Եթե նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 2․1-ին մասով կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով նախատեսված հիմքը, ապա ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում։ Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակցի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»։
Հոդված 2. Օրենքի 62-րդ հոդվածում «մասնակցություն ձեռք բերելու» բառերը փոխարինել «մասնակցության ձեռքբերման և դադարեցման» բառերով։
Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «և կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձանց» բառերը.
2) 2-րդ մասից հանել «, կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն չի կարող իրականացնել, ինչպես նաև նման գործունեություն իրականացնելու առաջարկությամբ չի կարող հանդես գալ» բառերը.
3) 2-րդ մասի 3-րդ կետը «ունի» բառից հետո լրացնել «չմարված կամ» բառերով.
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
5) 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը, որպես կառավարչի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել կառավարչի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել կառավարչի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման:»։
Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում կառավարիչը կամ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դադարեցնել կառավարչի ղեկավարի լիազորությունները:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով։ Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով լրացվող՝ Օրենքի 8․3-րդ հոդվածի 1-ին մասի 2․1-ին կետով կամ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-272-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
