ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7․1-ին հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունը չպետք է ունենա 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից, իրական շահառու կամ ղեկավար, որոնք կամ որոնց հետ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հաստատված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձանց՝ որպես արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի կամ որպես ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել այդ կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման: Ընդ որում, անձի փոխկապակցվածությունը դիտարկվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակիցը կամ ղեկավարը չպետք է ներառված լինի Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն օրենքի իմաստով իրական շահառու են համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով իրական շահառու համարվող անձինք:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ հոդվածով.
«Հոդված 7.2. | Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի մասնակցության դադարեցումը և լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը |
1. Եթե լիցենզավորման ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 7.1-ին հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, համաձայն որոնց՝ ի հայտ են եկել արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության հետ փոխկապակցված անձանց (իսկ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության հետ փոխկապակցված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ իրական շահառուն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունում իր ունեցած ներդրումները կամ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության ֆինանսական վիճակին։ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում համապատասխան ներդրումները չօտարվելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Եթե լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 7․1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքը, ապա արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի կամ իրական շահառուի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
4․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների առաջացման դեպքում արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձինք պարտավոր են այդ հանգամանքների առաջացման վերաբերյալ անհապաղ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ։ Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ հիմք բացահայտելու կամ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի կողմից սույն մասով նախատեսված տեղեկությունն ստանալու դեպքում ուժը կորցրած է ճանաչում արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի լիցենզիան։»։
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 7․1-ին հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ իրական շահառուն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով։ Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով նախատեսված ժամկետում կազմակերպության կողմից համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացվելու դեպքում Կենտրոնական բանկն ընդունում է տվյալ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:
4. Սույն օրենքի 1-ին կամ 2-րդ հոդվածով սահմանված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձինք պարտավոր են այդ հանգամանքների առաջացման վերաբերյալ տեղեկություններն անհապաղ ներկայացնել Կենտրոնական բանկ։ Կենտրոնական բանկը Օրենքի 7․1-ին հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասով, ինչպես նաև սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կամ 2-րդ հոդվածով սահմանված որևէ հիմք բացահայտելու կամ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ կողմից սույն մասով սահմանված տեղեկությունն ստանալու դեպքում ուժը կորցրած է ճանաչում արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի լիցենզիան։
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող՝ Օրենքի 7․1-ին հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքն առաջանալու դեպքում արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-270-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
