ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«24» հուլիսի 2025 թ. |
N 58-Ն |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար
7/24/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հուլիսի 24-ի N 58-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական կրթական ծրագրերի, այդ թվում այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային), լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
2. Նախադպրոցական հիմնական կրթական ծրագրերը մշակվում են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶՆԱԿ) կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն):
3. Նախարարությունը ծրագիրը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն, որը 20 աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի վերաբերյալ տրամադրում է մասնագիտական կարծիք՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոնների) մասնագետների ներգրավմամբ:
4. Դրական մասնագիտական կարծիքի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված հիմնական կրթական ծրագիրը երաշխավորում է գործածության Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով:
5. Բացասական եզրակացության դեպքում այն վերադարձվում է ԿԶՆԱԿ-ին` կցելով կարծիքը և հիմնավորումները:
6. ԿԶՆԱԿ-ը 30-օրյա ժամկետում ներկայացված դիտարկումների հիման վրա լրամշակված ծրագիրը ներկայացնում է Նախարարություն, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում երաշխավորում է գործածության Նախարարի հրամանով:
7. Այլընտրանքային է համարվում նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան՝ ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի բազմազանություն առաջարկող, զարգացման որևէ ոլորտի գերակայմամբ կամ հիմնական ծրագրից առնվազն երկու բաղադրիչով տարբերվող նախադպրոցական կրթական ծրագիրը, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները։
8. Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝
1) հեղինակային կրթական ծրագիր, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
2) փորձարարական կրթական ծրագիր, որը որոշակի ժամկետով ներդրված նորարարական (նոր) կրթական ծրագիր կամ կրթության կազմակերպման և գնահատման նոր մեթոդաբանություն է, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը, ներդրումը՝ պահպանելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
3) միջազգային կրթական ծրագիր, որը միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր է, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
9. Լրացուցիչ կրթական ծրագիրը նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր է, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը:
10. Նախադպրոցական ծառայության կրթական ծրագիրը նախադպրոցական հիմնական ծրագրի մեկ կամ մի քանի բաղադրիչների ներառմամբ կազմված կամ հիմնական ծրագրի ծավալի առավելագույնը 2/3-ը ներառող ծրագիր է, որը մասնակիորեն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
11. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով սահմանված կրթական ծրագրերը՝ որպես երաշխավորված նախադպրոցական ծրագիր, ենթակա են գործածության սույն կարգի պահանջներին համապատասխան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ` պատվիրատու) կողմից փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց և Նախարարի հրամանով հաստատվելուց հետո:
12. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծրագրերի փորձաքննությունն իրականացնում է ԿԶՆԱԿ և մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոնների) մասնագետների ներգրավմամբ:
13. Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունն ընդգրկում է փորձաքննության ներկայացված այլընտրանքային կրթական ծրագրի ամբողջական վերլուծությունը սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, որը ներառում է փաստարկներ և հիմնավորումներ ծրագրային նյութի բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:
14. Հեղինակային կրթական ծրագիրը փորձաքննության է ներկայացվում օրենքով սահմանված կարգով որպես մտավոր սեփականություն գրանցվելուց հետո:
15. Փորձարարական կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա՝ սույն կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխան բովանդակություն ապահովելու և սույն կարգի 11-րդ կետի պահանջներին համապատասխան դրական եզրակացության առկայության դեպքում՝
1) պատվիրատուի տրամադրած փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է ԿԶՆԱԿ՝ փորձաքննության: 15 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնելու արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով` այդ մասին գրավոր տեղեկացնելով պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները: ԿԶՆԱԿ-ը կարող է պատվիրատուին դիմել և ստանալ լրացուցիչ նյութեր կամ պարզաբանումներ: Դրական եզրակացության հիման վրա ծրագիրը երաշխավորվում է գործածության.
2) փորձարարական կրթական ծրագրի իրականացման ժամանակահատվածում ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ իրականացնում է մշտադիտարկում՝ ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդաբանության, նպատակաուղղվածության վերաբերյալ.
3) ԿԶՆԱԿ-ը փորձարարական կրթական ծրագրի ներդրման սահմանված ժամկետի ավարտին ներկայացնում է ամփոփիչ եզրակացություն, որը դրական լինելու դեպքում փորձարարական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա՝ ըստ տարիքային խմբերի.
4) ուսումնական յուրաքանչյուր տարվա ընթացքում պատվիրատուն ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդների կիրառելիության արդյունավետության վերաբերյալ կարող է ներկայացնել առաջարկություններ, որոնք սույն կետի պահանջներին համապատասխան կարող են երաշխավորվել գործածության:
16. Միջազգային կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա, եթե առկա է տասը և ավելի օտարերկրյա պետություններում որպես նախադպրոցական ծրագիր իրականացվելու մասին տեղեկանք կամ միջպետական նախնական համաձայնություն, ինչպես նաև առկա է դրական եզրակացություն:
17. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով սահմանված կրթական ծրագրերը փորձաքննության են ներկայացվում պատվիրատուի կողմից:
18. Այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների կրթական ծրագրերը (թղթային (ըստ անհրաժեշտության) կամ էլեկտրոնային տարբերակով) պատվիրատուից ստանալուց հետո Նախարարությունն այն տրամադրում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված կառույցներին (լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների կրթական ծրագրերի դեպքում՝ ԿԶՆԱԿ-ին), որոնք 15 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով` այդ մասին գրավոր տեղեկացնելով պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները: Փորձաքննություն իրականացնող կառույցները կարող են պատվիրատուին դիմել և ստանալ լրացուցիչ նյութեր կամ պարզաբանումներ:
19. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով սահմանված կրթական ծրագրերի փորձագիտական եզրակացությունը Նախարարությունը տրամադրում է պատվիրատուին՝ ներկայացված կարծիքի հիման վրա կրթական ծրագիրը լրամշակելու և 30 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն ներկայացնելու հնարավորությամբ: Նախարարությունը լրամշակված ծրագիրը տրամադրում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված կառույցներին, որոնք 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն:
20. Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա Նախարարը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված այլընտրանքային կրթական ծրագիրը հրամանով երաշխավորում է գործածության:
21. Բացասական եզրակացության դեպքում այն վերադարձվում է պատվիրատուին` կցելով եզրակացությունը և հիմնավորումները:
22. Փորձագիտական բացասական եզրակացության վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում պատվիրատուն 30 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել Նախարարություն` սույն կարգի պահանջներին համապատասխան կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:
23. Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով։
24. ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ իրականացնում է սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծրագրերի մշտադիտարկում և արդյունքները ներկայացնում Նախարարություն:
25. Չափորոշչի փոփոխության դեպքում սույն կարգով սահմանված կրթական ծրագրերը պետք է համապատասխանեցվեն փոփոխված չափորոշչին՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պահանջն ապահովելու նպատակով, մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը՝ սույն կարգով նկարագրված ընթացակարգով:
26. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից օգտագործվող ուսումնական նյութերի՝ ձեռնարկների, ուսումնաօժանդակ նյութերի և ուսումնադիտողական պարագաների, ուսումնամեթոդական ուղեցույցների, ուսումնամեթոդական գրականության, ուսումնադիդակտիկ նյութերի, ինչպես նաև մանկական գրականության փորձաքննության և գործածության երաշխավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանով սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
