ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. 1991 թվականի փետրվարի 20-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տնամերձ հողամասերը համարվում են նրանց սեփականությունը:
Անհատույց տրված տնամերձ հողամասերից հարկի գանձումը 1991-1992 թվականներին կատարվում է սահմանված կարգով:
(1-ին կետը փոփ. 06.02.96 N 31)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնամերձ հողամասերի հատկացումն իրագործում է այն փաստաթղթերի հիման վրա, որոնք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն են ներկայացվել մինչև 1990 թվականի դեկտեմբերի 20-ը:
3. Սահմանել, որ այն քաղաքացիները, որոնք հրաժարվում են գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու նպատակով հողը որպես սեփականություն ստանալու իրավունքից և իրենց ընտանիքների բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ ցանկություն են հայտնում ստանալու միայն տնամերձ հողամաս, ապա նրանց տնամերձ հողամասի հատկացումը կատարվում է սահմանված կարգով` սեփականաշնորհման գործընթացն ավարտելուց հետո, բացառությամբ այն բնակավայրերի, որոնց տարածքում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկության հողերը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի N 186 որոշման համաձայն չեն սեփականաշնորհվում:
4. Գյուղական բնակավայրերում մշտական բնակվող այն ծխերը, որոնք ցանկություն են հայտնում իրացնելու իրենց հողի սեփականության իրավունքը, նրանց տալ գյուղին կից պահեստահողերի տարածքից տնամերձ հողամաս ստանալու առաջնահերթ իրավունք, ամբողջ հողակտորի համար մասնակի հատուցմամբ:
5. Այն անձինք, ովքեր ամուսնացած չլինելով կազմել են առանձին ընտանիք (ծուխ) 1990 թ. դեկտեմբերի 20-ից հետո, որպես անդամ (շունչ) հաշվվում են այն ընտանիքների (ծխերի) կազմում, որոնցից բաժանվել են:
6. Հողային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային և տեղական հանձնաժողովներին իրավունք վերապահել անդրադառնալու ամուսնալուծության յուրաքանչյուր կասկածելի դեպքին և այդ մասին հարց հարուցել իրավաբանական մարմինների առջև` այդպիսիք չեղյալ համարելու վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
13 մարտի 1991 թ. N 209 քաղ. Երևան |
|
