ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2025 թվականի N 1184-Ա
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ մասով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ և 21-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 46.2-րդ կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասում կառուցապատման նպատակով ներկայացված ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ներդրումային ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ համաձայն N 2 հավելվածի, հանրային-մշակութային և սպորտային հանգստի գոտի կազմակերպելու նպատակով` առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով՝ 50 տարի ժամկետով, տրամադրել կազմակերպությանը՝ 20,900,000,000 (քսան միլիարդ ինը հարյուր միլիոն) դրամ արժողությամբ ներդրումային ծրագրին համապատասխան ներդրումներ իրականացնելու նպատակով։
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն, սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ներդրումային ծրագրի վերաբերյալ տալ փորձագիտական եզրակացություն.
2) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ իրականացնել 23.3 հա մակերեսով հողամասի չափագրման աշխատանքներ՝ կազմելով հայցվող 23․3 հա հողամասի սահմանների շրջադարձային կետերը WGS 1984 (ArmRef02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով.
3) սույն կետի 2-րդ ենթակետի աշխատանքներն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և կազմակերպության միջև պայմանագրի կնքումը՝ այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ վերջինիս մեջ նախատեսելով, որ՝
ա. կազմակերպությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում կատարել 20,900,000,000 (քսան միլիարդ ինը հարյուր միլիոն) դրամի ներդրումներ՝ համաձայն N 1 հավելվածով հավանության արժանացած ներդրումային ծրագրի,
բ. կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Վերջինիս կողմից ուսումնասիրվելուց հետո դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիտարկմանը,
գ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված ներդրումային պարտավորությունների կատարման նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» N 2102-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, 14-րդ և 15-րդ կետերի պահանջները,
դ. ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բաժանելի և անբաժանելի բարելավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն,
ե. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
22.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1184-Ա որոշման |
Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծման ներդրումային ծրագիր
«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող տասներեքամյա ներդրումային ծրագիր
1. Ընդհանուր տեղեկություններ ծրագիրն իրականացնող կազմակերպության վերաբերյալ
1.1 «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե»
1.2 Հասարակական կազմակերպություն
1.3 Կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականի մայիսի 11-ին
1.4 Գրանցման համար՝ 211․171․00145
1.5 Հասցե՝ Բայրոնի փողոց, Շ5, կենտրոն 0009 Երևան
1․6 ՀՎՀՀ 02559841
2. «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության գործունեության առարկան և նպատակը համահայկական խաղերի, ինչպես նաև այլ մարզական միջոցառումների կազմակերպումն է, որոնք պետք է խթանեն համահայկական մարզական շարժումը։
3. Ներդրումային ծրագրի նպատակն է ստեղծել Համահայկական խաղերի անցկացման, իսկ խաղերից դուրս՝ երիտասարդական տարբեր հավաքների, Հայաստան-Սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների, հանգստի և ժամանցի կազմակերպման բազմաֆունկցիոնալ մարզական ավան։
4․ Ներդրումային ծրագիրը իրականացվելու է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից՝ տարբեր գործընկեր կազմակերպությունների և անհատների միջոցով։
5․ Ծրագրի ոլորտներն են՝ սպորտ, տուրիզմ, առողջ ապրելակերպ, ժամանց։
6․ Ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 20,900,000,000 (քսան միլիարդ իննը հարյուր միլիոն) ՀՀ դրամ
7․ Ծրագիրը իրականացվելու է 3 փուլերով
7․1 Առաջին փուլ՝ 13,300,000,000 (տասներեք միլիարդ երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ
Նախատեսվում է իրականացնել․
- հողային աշխատանքներ
- կոմունալ ենթակառուցվածքների իրականացում
- ճանապարհների կառուցում
- 600 տնակների կառուցում և տեղադրում
- ճաշարան և բժշկական կենտրոնի կառուցում և կահավորում
- բարեկարգում, կանաչապատում և ցանկապատում
Իրականացման ժամկետը՝ մինչև 2031թ․ դեկտեմբերի 31-ը։
7․2 Երկրորդ փուլ՝ 5,700,000,000 (հինգ միլիարդ յոթ հարյուր միլիոն) ՀՀ դրամ։ Նախատեսվում է կառուցել սպորտային կառույցներ (լողավազան, սպորտդահլիճներ, թենիսի կորտեր և այլն) և ապահովել համապատասխան մարզագույքով։
Իրականացման ժամկետ՝ մինչև 2035թ․ դեկտեմբերի 31-ը։
7․3 Երրորդ փուլ՝ 1,900,000,000 (մեկ միլիարդ իննը հարյուր միլիոն) ՀՀ դրամ, նախատեսվում է կառուցել լեռնադահուկային ուղիներ, բուգել ճոպանուղի, ներդնել արհեստական ձյան համակարգ։
Իրականացման ժամկետ՝ մինչև 2038թ․ դեկտեմբերի 31-ը։
8․ Ներդրումային ծրագիրը ֆինանսավորվելու է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության գործկոմի անդամների, բարեգործ ֆիզիկական և իրավաբանական անձանց, տեղական և արտասահմանյան այլ աղբյուրների կողմից։
9․ Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ մինչև 6000 անձ ընդունելու հնարավորություններով, սպորտային կառույցներով և մարզագույքով հագեցված ժամանակակից մարզական ավան, որտեղ կանցկացվեն Համահայկական ամառային և ձմեռային խաղերը՝ ապահովելով մասնակիցներին գիշերակացով և սննդով, իսկ խաղերից դուրս՝ երիտասարդական տարբեր հավաքների, Հայաստան-Սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների, հանգստի և ժամանցի կազմակերպման բազմաֆունկցիոնալ կենտրոն։
Ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում մարզական ավանի լրիվ ծանրաբեռնվածության պայմաններում կապահովվի շուրջ 1240 աշխատատեղ։
|
Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտեի նախագահ |
Իշխան Զաքարյան |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
22.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1184-Ա որոշման |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
22.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |