ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 204 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների ոլորտների գծով վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների ոլորտների գծով վարչական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների հարցերով պետական կոմիտեն, Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 68-րդ հոդվածի դրույթներով,
նպատակ ունենալով Կողմերի վարչական համագործակցության պատշաճ մակարդակի հասնել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման համար,
հայտարարելով փոխշահավետ համագործակցությունը պահպանելու իրենց մտադրության մասին, ճանաչելով Կողմերի վարչական համագործակցության կարգը սահմանելու անհրաժեշտությունը,
շահագրգռված լինելով գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների միջև փոխշահավետ կապերի զարգացման հարցում, համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագրով սահմանվում է Կողմերի տեղեկատվական փոխգործակցության կարգը և այն ուղղված է Միության շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների միասնական շուկայի գործունեության (այսուհետ համապատասխանաբար՝ ԳՀԱ-ի կատարման ծառայություններ, ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկա) ապահովման նպատակներով Կողմերի վարչական համագործակցության ապահովմանը, որի շրջանակներում Միության յուրաքանչյուր անդամ պետություն (այսուհետ՝ անդամ պետություն) այլ անդամ պետությունների անձանց տրամադրում է այդ ծառայությունների մատակարարման իրավունք՝ «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 16 հավելված) 38-րդ կետով նախատեսված պայմաններով (այսուհետ՝ ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներ)։
Հոդված 2
Տեղեկատվության փոխանակումը
1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում (ներառյալ ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների՝ իրենց պետությունների տարածքներում հիմնադրման վերաբերյալ տեղեկությունները), ինչպես նաև սույն համաձայնագրին համապատասխան վարչական փոխգործակցության իրականացման համար անհրաժեշտ՝ Կողմերի կողմից տրված թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում (եթե դա կիրառելի է)։
2. Կողմերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կցելով ռուսերեն թարգմանությունը)՝ գրավոր հարցման հիման վրա։
3. Գաղտնի տեղեկատվություն ստացած Կողմն ապահովում է դրա պաշտպանությունն ու դրա հետ վարվելու կարգը՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
4. Կողմերի միջև տեղեկատվության փոխանակման շրջանակներում ստացված գաղտնի տեղեկատվությունը չի կարող փոխանցվել երրորդ կողմին առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության։
5. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասված տեղեկատվության վրա։
Հոդված 3
Տեղեկատվության տեղադրումը
1. «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Կողմերի պաշտոնական կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր) անդամ պետությունների պետական լեզուներով և ռուսերենով տեղադրվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին, որոնք առնչվում են ԳՀԱ-ի կատարման ծառայությունների ոլորտում գործունեության հետ կապված հարցերին.
2) այն միջոցառումների (ցուցահանդեսների, սեմինարների, համաժողովների և այլնի) մասին, որոնք պլանավորվում են անցկացվել անդամ պետություններում.
3) ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների մասին։
2. Կողմերն ապահովում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկատվության ազատ հասանելիությունը պաշտոնական կայքերում։
3. ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի և այդ շուկայի մասնակիցների գործունեության մասին տեղեկատվությունն արդիական վիճակում պահելու համար դրա փոփոխության դեպքում Կողմերը պաշտոնական կայքերում թարմացնում են տվյալ տեղեկատվությունը։
4. Պաշտոնական կայքերում տեղադրված և Կողմերի տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկատվությունը, որպես կանոն, պետք է պահվի առնվազն 4 տարի։
Հոդված 4
Հարցման նպատակները
1. Տեղեկատվություն տրամադրելու մասին հարցման (այսուհետ՝ հարցում) ուղարկումն իրականացվում է հետևյալ նպատակներով՝
1) մեկ անդամ պետության՝ ԳՀԱ-ի կատարման ծառայություններ ստացողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն՝ այլ անդամ պետության՝ ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակցի կողմից դրանք տրամադրվելու դեպքում.
2) ԳՀԱ-ի կատարման ծառայությունների ծավալների մասին անդամ պետությունների հավաստի տվյալների փոխանակում.
3) հարցում ներկայացնող Կողմի կողմից իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացում։
2. Կողմերը կարող են տեղեկատվություն տրամադրել հարցման հիման վրա կամ համապատասխան տեղեկությունների ստացման մասին նախաձեռնողական տեղեկացման եղանակով։
Հոդված 5
Տեղեկատվություն տրամադրելու մասին հարցման բովանդակությունը
1. Հարցումը ներառում է հետևյալ տեղեկությունները՝
1) հարցում ներկայացնող Կողմի անվանումը.
2) հարցում ստացող Կողմի անվանումը.
3) հարցումն ուղարկելու հիմքը և հարցման բովանդակության ու հարցվող տեղեկատվության բնույթի հետ կապված փաստերի, իրադարձությունների և հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկություններ.
4) ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի այն մասնակիցների անվանումները և կազմակերպաիրավական ձևը, որոնց առնչությամբ հարցվում է տեղեկատվությունը (առկայության դեպքում).
5) հարցման էության համառոտ շարադրանքը.
6) հարցվող տեղեկատվության նկարագրությունը.
7) տվյալներ այն անձանց մասին, որոնք ենթադրաբար տիրապետում են հարցվող տեղեկատվությանը (առկայության դեպքում).
8) սույն համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի միջև համաձայնեցմամբ)՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) կամ սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին դասվող տեղեկությունների։
2. Հարցման հիման վրա հարցում ստացող Կողմը տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում)՝
1) ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների մասին, այդ թվում՝
պետական գրանցման վայրի, իրավաբանական և փաստացի հասցեների մասին.
ԳՀԱ-ի կատարման ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին տրամադրված համապատասխան թույլտվությունների գործողության դադարեցման, կասեցման, չեղյալ ճանաչման մասին (եթե դա կիրառելի է).
2) սույն համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի միջև համաձայնեցմամբ)՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) կամ սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին դասվող տեղեկությունների։
3. Հարցումը ստորագրվում է հարցում ներկայացնող Կողմի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից։
4. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցում ստացող Կողմն իրավունք ունի պահանջելու այդ հարցման ուղարկման գրավոր հաստատում։
Հոդված 6
Հարցման կատարումը
1. Հարցումը կատարվում է դրա գրանցման ամսաթվից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում՝ հարցում ստացող Կողմի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հարցման պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կցելով ռուսերեն թարգմանությունը)՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում։
3. Հարցում ստացող Կողմը կարող է հետաձգել տեղեկատվության տրամադրումը՝ դրա տրամադրմանը խոչընդոտող հիմքերի առկայության դեպքում։ Հարցում ստացող Կողմը հարցումը գրանցելու օրվանից հետո 15 օրացուցային օրվա ընթացքում պետք է տեղեկացնի հարցում ներկայացնող Կողմին տեղեկատվության տրամադրումը հետաձգելու պատճառների և այդ տեղեկատվության տրամադրման ժամկետների մասին։
4. Հարցում ստացող Կողմն իրավասու է ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հարցման կատարումը հետևյալ դեպքերում՝
1) հարցման բովանդակությունը չի համապատասխանում սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետին.
2) հարցվող տեղեկատվության բացահայտումը հակասում է հարցում ստացող Կողմի անդամ պետության ազգային անվտանգության շահերին.
3) տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
5. Հարցման կատարումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու դեպքում հարցում ստացող Կողմը ոչ ուշ, քան հարցումը գրանցելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող Կողմին (նշելով պատճառները)։
Հոդված 7
Փոփոխություններ կատարելը
Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և համարվում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը։
Հոդված 8
Վեճերի կարգավորումը
Սույն համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։
Հոդված 9
Եզրափակիչ դրույթները
1. Կողմի անվանումը փոփոխվելու և (կամ) դրա գործառույթներն այլ մարմնի փոխանցվելու դեպքում տվյալ Կողմն այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անվանումը փոփոխվելու (գործառույթներն այլ մարմնի փոխանցվելու) օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում։
2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Կատարված է ____________ քաղաքում, 20___ թվականի _________-ի «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների հարցերով պետական կոմիտեի կողմից՝ |
|
Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից՝ |
|
Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից՝ |
|