600.0354.15.10.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
15 հոկտեմբերի 2025 թվականի |
N 354-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-111-Ն օրենքի 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․3-րդ կետով՝
«9․3 Oրենքով սահմանված՝ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից օգտվող լիցենզավորված անձինք, բացառությամբ խմելու կամ ոռոգման ջրատարի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող անձանց՝ այդ կայանի մասով, իրավունք ունեն մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը հրաժարվելու էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չեն կարող: Տվյալ դեպքում մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից օգտվող լիցենզավորված անձը մրցակցային պայմաններով գործող արտադրող դառնալու նպատակով լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով՝ միաժամանակ տվյալ լիցենզիայի շրջանակում այդ էլեկտրակայանի մասով հրաժարվելով Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից: Հանձնաժողովը, սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշում՝ միաժամանակ դադարեցնելով հանձնաժողովի տվյալ էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագին սահմանելու մասին որոշման գործողությունը կամ գրավոր մերժում է դիմումը, եթե այն չի համապատասխանում սույն կետի պահանջներին։»․
2) Կարգի 42.1-ին կետում «2024 թվականի հուլիսի 1-ից հետո կառուցման և արտադրության ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (բացառությամբ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքով լիցենզիայի) կամ բացառապես սեփական կարիքների համար միայն կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի) համար դիմած անձանց համապատասխան լիցենզիան տրամադրելիս այդ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոններին համապատասխան սահմանափակման ենթակա արտադրող հանդիսացող լիցենզավորված անձանց» բառերով․
3) Կարգի 43-րդ կետի 2-րդ ենթակետում «իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կայանի կառուցման համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կամ շինարարության թույլտվություն չպահանջվելու դեպքերի․» բառերը․
4) Կարգի 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․ «Սույն կարգի 42.1-ին կետում նշված լիցենզավորված անձինք ներկայացնում են նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից տրված տեղեկանք՝ կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու վերաբերյալ:»․
5) Կարգի 83-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․ «Սույն կարգի 42.1-ին կետում նշված լիցենզավորված անձինք էլեկտրակայանի հզորության ավելացման նպատակով դիմելու դեպքում ներկայացնում են նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից տրված տեղեկանք՝ կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու վերաբերյալ:»․
6) Կարգի 83․1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Սույն կետում նշված անձինք ներկայացնում են նաև լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականը։».
7) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «հիմնավորումներ» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ կայանի կառուցման համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կամ շինարարության թույլտվություն չպահանջվելու վերաբերյալ» բառերը.
8) Կարգի N 3 հավելվածի 5-րդ կետում «Հանձնաժողովը,» բառից հետո լրացնել «իր նախաձեռնությամբ կամ» բառերը․
9) Կարգի N 3 հավելվածի 6-րդ կետում «Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին» բառերը փոխարինել «Երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով․
10) Կարգի N 3 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) լիցենզիայի գործողությունը դադարեցվել է (համարվել է դադարած), բացառությամբ սույն կարգի 46․1-ին կետի համաձայն՝ լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքի,»․
11) Կարգի N 3 հավելվածի 7-րդ կետում «Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին» բառերը փոխարինել «Երաշխիքով սահմանված գումարի կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով․
12) Կարգի N 3 հավելվածի 9-րդ կետում՝ «որոշման ընդունման դեպքում» բառերը փոխարինել «երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ կամ դրա կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ենթակա դեպքերում» բառերով, իսկ «լիցենզավորված անձը» բառերը փոխարինել «տվյալ անձը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
|
15 հոկտեմբերի 2025 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: