ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2025 թվականի N 1533-Ն
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» կազմակերպությունից։
2. Գնման ընթացակարգի արդյունքում կնքվող՝ Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը միտված խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1240. Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի «11002. Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում 6,610,400 բրիտանական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամի չափով հինգ տարվա կտրվածքով (1-ին տարի՝ 1,719,000, 2-րդ տարի՝ 1,271,000, 3-րդ տարի՝ 1,298,950, 4-րդ տարի՝ 1,199,500 և 5-րդ տարի՝ 1,121,950 բրիտանական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ)։ Նախատեսվում է ըստ տարիների բաշխված գումարները յուրաքանչյուր օրացուցային տարվա կտրվածքով փոխանցել փուլային տարբերակով՝ «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերության հետ կնքվող՝ Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորման ծառայությունների ձեռքբերման պայմանագրի համաձայն։
3. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի NN 2 և 3 աղյուսակներում կատարել վերաբաշխում և փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
30.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2025 թվական: