ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«30» հոկտեմբերի 2025 թ․ |
ԹԻՎ 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒԺԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 5․2-րդ հոդվածի 11-րդ մասը․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Սահմանել ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից։
|
|
Ա. Սարգսյան
«30» հոկտեմբերի 2025 թ. ք․ Երևան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 6-Ն հրամանի |
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒԺԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն գործելակարգը նախատեսված է ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ժամանակ առաջնորդվելու համար՝ դրանք պատշաճ գործադրելու նպատակով։
2․ Սույն գործելակարգը մշակվել է «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքներով նախատեսված՝ ոստիկանության և ոստիկանության գվարդիայի լիազորությունների պատշաճ իրականացման համար՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու, իրավախախտումներին հակազդելու, պաշտպանության կարիք ունեցող անձանց օգնելու, ինչպես նաև՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նպատակով:
3․ Ոստիկանության ծառայողներն օգտագործում են սույն գործելակարգը կոնկրետ իրավիճակում օբյեկտիվ, մասնագիտական և անկողմնակալ կերպով որոշելու համար՝ արդյոք ուժային միջոցի գործադրումն իրավաչափ և անհրաժեշտ է ու դրա գործադրման շրջանակներում ոստիկանության ծառայողն ինչպիսի վարքագիծ կարող է դրսևորել։
4․ Սույն գործելակարգով չնկարագրված իրավիճակներում ոստիկանության ծառայողը պարտավոր է գործել՝ կողմնորոշվելով տվյալ իրավիճակի առանձնահատկությունների հաշվառմամբ՝ միաժամանակ պահպանելով օրենսդրության պահանջները և սույն գործելակարգով նախատեսված պահանջների ու պայմանների տրամաբանությունը՝ հիմնավորելով իր կողմից գործադրված ուժային միջոցների անհրաժեշտությունը, իրավաչափությունը և համաչափությունը, ինչպես նաև՝ այն, որ ուժային միջոցների գործադրումն ուղղված է եղել պետության, հասարակության կամ մարդու շահերի պաշտպանությանը:
5․ Ոստիկանության ծառայողն իրավասու է հատուկ միջոց և հրազեն, ինչպես նաև հատուկ տեխնիկա գործադրել միայն դրանց հմտություններին տիրապետելու հատուկ պատրաստություն անցնելուց հետո, որը պարտադիր ներառում է նաև սույն գործելակարգի ուսումնասիրումը։
6․ Սույն գործելակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․
1) ուժային միջոց՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոց, հրազեն, հատուկ տեխնիկա,
2) ֆիզիկական ուժ՝ պայքարի մարտական՝ ցավեցնող հնարքներ և ֆիզիկական ներգործության այլ դրսևորումներ,
3) հատուկ միջոց՝ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված սարքավորումների և առարկաների ամբողջություն, որոնք իրենց կառուցվածքով և նշանակությամբ նախատեսված են անձանց պաշտպանելու, նրանց գործողությունները սահմանափակելու և ճնշելու համար,
4) հրազեն՝ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրաձգային զենք,
5) հատուկ տեխնիկա՝ ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկա,
6) անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոց՝ ոստիկանության ծառայողի ձեռքի տակ գտնվող կամ հասանելի առարկաներ, որոնք կարող են օգտագործվել ինքնապաշտպանության կամ այլ անձանց պաշտպանելու համար, այդ թվում՝ սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և հակագազ,
7) մարդու անվտանգություն՝ մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության պաշտպանվածություն,
8) իրավախախտ՝ հանցանք կամ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող կամ հանցանք կամ վարչական իրավախախտում կատարած անձ,
9) հնազանդ վարքագիծ՝ իրավախախտի պահվածք, որը դրսևորվում է ոստիկանության ծառայողի հետ համագործակցությամբ,
10) պասիվ անհնազանդ վարքագիծ՝ իրավախախտի պահվածք, որը դրսևորվում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին անգործությամբ կամ պասիվ գործողություններով չենթարկվելով՝ առանց փախուստի փորձի, սպառնալիքի կամ ֆիզիկական դիմադրության,
11) ակտիվ անհնազանդ վարքագիծ՝ իրավախախտի պահվածք, որը դրսևորվում է փախուստի փորձով, սպառնալիքով կամ ոստիկանության ծառայողին ֆիզիկական դիմադրություն ցուցաբերելով,
12) ագրեսիվ անհնազանդ վարքագիծ՝ իրավախախտի պահվածք, որի արդյունքում վնաս է պատճառվել կամ կարող է պատճառվել ոստիկանության ծառայողի կամ այլ անձանց կյանքին կամ առողջությանը,
13) իրական սպառնալիք՝ սպառնալիք, երբ բավարար հիմքեր կան ողջամտորեն ենթադրելու, որ իրավախախտը որևէ կերպ կարող է վնաս պատճառել անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների կյանքին կամ առողջությանը,
14) զինված հարձակում կամ դիմադրություն՝ ցանկացած տեսակի հրազենով կամ այլ զենքով կամ դրանց ակնհայտ նմանվող առարկայով կամ կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու համար պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ գործիքի կամ նյութի գործադրմամբ կատարվող հարձակում կամ դիմադրություն,
15) առաջին օգնություն՝ վնասվածքների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ և նպատակահարմար օգնության միջոցառումներ, որոնք իրականացվում են մինչև բուժաշխատողների ժամանելը և տուժածին բժշկական հաստատություն հասցնելը։
7․ Ուժային միջոցներ գործադրելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են առաջնորդվել ոստիկանության գործունեության և հարկադրանքի միջոցների կիրառման սկզբունքներով։ Ուժային միջոցները պետք է գործադրվեն միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ պահպանելով դրանց գործադրման հետ կապված օրենքով նախատեսված իրավաչափության պայմանները և այլ պահանջները։
8․ Ուժային միջոց ընտրելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով՝ անձի նկատմամբ գործադրելով այն ամենամեղմ ուժային միջոցը, որով հնարավոր է ապահովել ոստիկանության լիազորությունների պատշաճ իրականացումը։ Այս սկզբունքը տարածվում է նաև կոնկրետ ուժային միջոցի տեսակի և ուժգնության ընտրության վրա։
9․ Իրավախախտի նկատմամբ ուժային միջոցները գործադրվում են ուժգնության հետևյալ մակարդակներով․
1) ցածր, որը գործադրվում է պասիվ անհնազանդ վարքագիծ դրսևորող իրավախախտի նկատմամբ և կարող է նրան պատճառել ֆիզիկական ցավ կամ թեթև մարմնական վնասվածք,
2) միջին, որը գործադրվում է ակտիվ անհնազանդ վարքագիծ դրսևորող իրավախախտի նկատմամբ և կարող է նրան պատճառել ֆիզիկական ուժեղ ցավ կամ միջին ծանրության մարմնական վնասվածք,
3) բարձր, որը գործադրվում է ագրեսիվ անհնազանդ վարքագիծ դրսևորող իրավախախտի նկատմամբ և կարող է նրան պատճառել ծանր մարմնական վնասվածք կամ մահ։
10. Ուժային միջոցը, դրա տեսակը և ուժգնությունը ընտրելիս և ուժային միջոցը գործադրելիս պետք է բացառվի այնպիսի վարքագիծը, որը կարող է նվաստացնել անձի պատիվը և արժանապատվությունը, նրան պատճառել ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ կամ պարունակել խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի տարրեր։ Ուժային միջոցները չեն կարող գործադրվել պատժելու կամ վրեժխնդրության նպատակով։
11. Եթե ուժային միջոցները անհրաժեշտ են ինքն իր համար վտանգ ստեղծող անձի պաշտպանության համար, ապա արգելվում է այնպիսի ուժային միջոցների գործադրումը, որոնք կարող են հանգեցնել տվյալ անձի մահվան։
12․ Ուժային միջոցի գործադրումն անհապաղ պետք է դադարեցվի, ինչպես նաև արգելվում է ավելի խիստ ուժային միջոցի գործադրումը, եթե վերացել է դրա իրական սպառնալիքը։
13․ Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության ծառայողը գործում է ինքնուրույն՝ ղեկավարվելով օրենքով, իսկ ստորաբաժանման կազմում՝ նաև տվյալ ստորաբաժանման հրամանատարի հրամանով։ Ընդ որում, ակնհայտ անօրինական կամ ակնհայտ անհիմն հրամանը ենթակա չէ կատարման։
14․ Ուժային միջոց գործադրելուց առաջ ոստիկանության ծառայողը (ստորաբաժանման դեպքում՝ հրամանատարը) հնարավոր սեղմ ժամկետում պետք է գնահատի ստեղծված իրավիճակում ոստիկանության լիազորություններն առանց ուժային միջոց գործադրելու իրականացնելու հնարավորությունը։
15․ Ստեղծված իրավիճակը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ գնահատման համար հիմք հանդիսացող տեղեկությունները կարող են լինել սահմանափակ, ոչ հավաստի, անորոշ իրավիճակում և արագ փոփոխվող։
16. Նախքան ուժային միջոց գործադրելը ոստիկանության ծառայողը պարտավոր է անձին հայտնել, որ ոստիկանության ծառայող է և փորձել վերացնել կամ նվազեցնել իրավիճակի լարվածությունը՝ բանավոր հաղորդակցվելով իրավախախտի հետ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վտանգել անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքը կամ առողջությունը, կամ ստեղծված իրավիճակում դա ողջամտորեն անհնար է անել։ Բանավոր հաղորդակցության ընթացքում ոստիկանության ծառայողը, կախված իրավիճակից, կարող է փորձել համոզել, խորհուրդ տալ, խնդրել կամ հորդորել իրավախախտին՝ դադարեցնել իր ոչ իրավաչափ գործողությունները կամ կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը կամ այլ կերպ համագործակցել ոստիկանության ծառայողի հետ։ Այդ նպատակով ոստիկանության ծառայողը կարող է իրավախախտին՝
1) հարցնել նրա կարիքների և ցանկությունների մասին՝ փորձելով գտնել նրան ենթարկեցնելու այլընտրանքային տարբերակներ.
2) բացատրել նրա գործողությունների բնույթը.
3) նրան առաջարկել ենթարկվելուն միտված այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ սահմանափակումներով.
4) հայտնել չենթարկվելու դեպքում իր կողմից ձեռնարկվելիք միջոցների և դրա հետևանքների մասին։
17. Իրավիճակից ելնելով՝ կարող են գործածվել նաև բանավոր հաղորդակցության այլ մեթոդներ։ Իրավախախտին պետք է տրամադրվի ողջամիտ ժամանակ՝ որոշում կայացնելու և արձագանքելու համար։ Բանավոր հաղորդակցությունն իրականացվում է անվտանգ դիրքից։ Անհրաժեշտության դեպքում, գնահատելով իրավիճակի լարվածությունը և սեփական անվտանգությանը սպառնացող ռիսկերը, ոստիկանության ծառայողը կարող է բանավոր հաղորդակցությունն իրականացնելիս պատսպարվել կամ քողարկվել։ Բանավոր հաղորդակցության նպատակը կարող է լինել նաև ժամանակ շահելը, որի ընթացքում ոստիկանության ծառայողը կարող է հայցել աջակցության հավելյալ ուժեր՝ ոստիկանության այլ, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում բանակցություններ վարելու հմտություններ ունեցող, ծառայողներ։
18. Իրավիճակի լարվածությունը նվազեցնելու փորձերի ձախողման դեպքում կամ այն դեպքում, երբ նման փորձերի գործադրումը անհնար է կամ վտանգավոր, նախքան ուժային միջոց գործադրելը ոստիկանության ծառայողը պարտավոր է անձին հայտնել, որ ոստիկանության ծառայող է, նախազգուշացնել ուժային միջոց գործադրելու իր մտադրության մասին, բավարար ժամանակ տրամադրել նրան իր իրավաչափ պահանջը կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վտանգել անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքը, առողջությունը կամ ստեղծված իրավիճակում դա ողջամտորեն անհնար է անել։
19. Ստորաբաժանման կազմում ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոց գործադրվելուց առաջ սույն գործելակարգի 16-18-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարում է ոստիկանության տվյալ ստորաբաժանման ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ ոստիկանության տվյալ ստորաբաժանման ծառայողներից մեկը։
20․ Բանակցություններ վարելիս ոստիկանության ծառայողների գործողությունները պետք է լինեն միասնական, համաձայնեցված և փոխլրացնող:
21․ Ոստիկանության մի քանի ծառայողների առկայության դեպքում, ստեղծված իրավիճակը սրելուց և իրավախախտին նյարդայնացնելուց խուսափելու նպատակով, բանակցողի դերը ստանձնում է ոստիկանության այն ծառայողը, որն ավելի արդյունավետ հաղորդակցություն է հաստատել իրավախախտի հետ։
22․ Ուժային միջոցների գործադրումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ բանավոր հաղորդակցության մեթոդով կամ հարկադրանքի ավելի մեղմ միջոցներով հնարավոր չէ նվազեցնել լարվածությունը, դադարեցնել բախումը և ապահովել ոստիկանության լիազորությունների պատշաճ իրականացումը։
23. Ուժային միջոցների գործադրումը չի կարող լինել կամայական, իսկ գործադրվող միջոցները, դրանց տեսակը և ուժգնությունը պետք է անհրաժեշտ և պիտանի լինեն ոստիկանության լիազորությունների իրականացման համար և համարժեք լինեն իրավախախտի վարքագծին։ Ոստիկանության ծառայողի կողմից ուժային միջոցի գործադրման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ուժային միջոցի տեսակը և ուժգնությունը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների անվտանգության իրական սպառնալիքի առկայությունը և վտանգի աստիճանը.
2) իրավախախտի վարքագիծը, տարիքը, քաշը, հոգեբանական և առողջական վիճակը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու կասկածը, նրա մոտ զենքի կամ այլ վտանգավոր առարկաների առկայությունը.
3) իրավախախտի կողմից կատարված իրավախախտման բնույթը՝ արդյոք այն բռնության գործադրմամբ կամ բռնության սպառնալիքով կատարվող իրավախախտում է, թե՝ ոչ, և ծանրության աստիճանը, ոստիկանության ծառայողին դիմադրություն ցույց տալը, դիմադրության բնույթը և ուժգնությունը, ոստիկանության ծառայողի վրա հարձակվելը, ձերբակալումից խուսափելը, փախուստի դիմելու ռիսկը և դրա հետևանքները, իրավախախտի այլ գործողությունների վտանգավորության աստիճանը.
4) ոստիկանության ծառայողի մասնագիտական փորձառությունը, հոգնածության աստիճանը, ուժային միջոցների գործադրման հմտությունների մակարդակը և պատրաստվածության աստիճանը, իրավախախտին վնաս պատճառելու հավանականությունը, իր և իրավախախտի միջև հեռավորությունը, ուժային հնարավորությունների ու քանակական հարաբերակցությունը.
5) տեղանքի առանձնահատկությունները (հրդեհավտանգ, պայթյունավտանգ և այլ վայրեր)։
24․ Ուժային միջոցի գործադրման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ուժային միջոցի տեսակը և ուժգնությունը որոշելիս ոստիկանության ծառայողների կողմից կարող են հաշվի առնվել նաև այլ հանգամանքներ։
25․ Ոստիկանության ծառայողը պետք է գիտակցի, որ ուժային միջոցի գործադրման սխալ որոշում կայացնելու արդյունքում կարող է վտանգել իր կամ այլ անձանց անվտանգությունը։
26․ Ոստիկանության ծառայողն ուժային միջոց գործադրելիս պետք է ձգտի նվազագույնի հասցնել իրավախախտին պատճառվող հնարավոր վնասը, այսինքն՝ ոստիկանության ծառայողը պետք է ձգտի պատճառել այնպիսի նվազագույն վնաս, որով հնարավոր կլինի ապահովել ոստիկանության լիազորությունների պատշաճ իրականացումը։
27. Հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ ուժային միջոցներ գործադրելն արգելվում է, բացառությամբ նրանց կողմից անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգություն կատարելու, զինված հարձակում գործելու, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տալու դեպքերի։ Հրազենի գործադրումն արգելվում է մարդկանց զգալի կուտակումների վայրերում, եթե առկա է այլ անձանց վնաս պատճառելու իրական վտանգ։
28․ Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների տարածքներում թույլատրվում է ուժային միջոցներ գործադրել միայն դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով։
29. Ոստիկանության ծառայողը պարտավոր է ուժային միջոցի գործադրման արդյունքում մարմնական վնասվածք ստացած անձին ցուցաբերել առաջին օգնություն կամ միջոցներ ձեռնարկել այն ապահովելու համար` բժշկական հաստատությանն անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին։
30. Ուժային միջոցի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր զեկուցում է իր անմիջական ղեկավարին՝ նշելով գործադրված ուժային միջոցի տեսակը և քանակը, գործադրման նպատակը, ժամանակը, պայմանները, անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձի անունն ու ազգանունը, որի նկատմամբ ուժային միջոցը գործադրվել է, մարմնական վնասվածքի պատճառման և մահերի դեպքում՝ այդ մասին, մարմնական վնասվածք ստացած անձին առաջին օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցները, մարմնական վնասվածք ստացած անձին կամ մահացածին տեղափոխելու վայրը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության ծառայողները, և այլ անհրաժեշտ տեղեկություններ: Տեխնիկական հնարավորության առկայության դեպքում ոստիկանության ծառայողը կարող է լուսանկարել կամ տեսանկարահանել մարմնական վնասվածքները և դրանք կցել զեկուցագրին։
31. Ոստիկանության գվարդիայի կամ այլ ստորաբաժանման ղեկավարը ուժային միջոցի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին իրեն զեկուցելու պահից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր զեկուցում է Ոստիկանության պետին՝ ներկայացնելով սույն գործելակարգի 30-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը։
32․ Ոստիկանության ծառայողը պարտավոր է ոստիկանության այլ ծառայողի կողմից ուժային միջոցների ակնհայտ ոչ իրավաչափ գործադրմանն ականատես լինելու դեպքում հնարավոր միջոցներ ձեռնարկել այդ գործողությունները կանխելու կամ դադարեցնելու համար և զեկուցել իր անմիջական ղեկավարին:
33․ Անձնական կամ ստորաբաժանման անվտանգության ապահովման նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործել անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ՝ սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ, ինչպես նաև ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված այլ միջոցներ:
34․ Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության ծառայողն իրավասու է գործել սպառնացող վտանգի բնույթին և աստիճանին համաչափ՝ անկախ գործադրվող միջոցից։
2․ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
35. Ոստիկանության ծառայողը կարող է ֆիզիկական ուժ գործադրել, եթե դա անհրաժեշտ է․
1) հանցանքի կամ վարչական իրավախախտման կատարումը կանխելու և խափանելու համար.
2) իրավախախտին ձերբակալելու և նրան իրավասու մարմին բերելու կամ բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար.
3) ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջի կատարումն ապահովելու համար։
36․ Ֆիզիկական ուժ գործադրելու ընթացքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի կիրառել պայքարի մարտական հնարքներ, այդ թվում՝ ցավեցնող։
37․ Պայքարի ցավեցնող մարտական հնարքները, որպես ֆիզիկական ազդեցության միջոց, կիրառվում են ֆիզիկական դիմադրություն ցույց տվող անձի վարքագիծը վերահսկելու համար: Այս նպատակով ոստիկանության ծառայողը չպետք է ծնկով, ոտքով կամ մարմնի ամբողջ քաշով սեղմի անձի պարանոցը, պետք է խուսափի պարանոցից բռնելով անձին գետնին տապալելուց, իսկ գետնին տապալած անձին վերահսկելիս պետք է ճնշում գործադրի միայն անձի ուսերին, կրծքավանդակին կամ մեջքի միջին հատվածին։
38․ Պայքարի ցավեցնող մարտական հնարքներ կիրառելիս ոստիկանության ծառայողը պետք է հաշվի առնի.
1) դրանց ինչպիսի նվազագույն ուժգնությամբ և չափի միջոցով է հնարավոր հաղթահարել իրավախախտի դիմադրությունը.
2) արդյոք դրա կիրառմամբ հնարավոր է ապահովել իր օրինական պահանջի կատարումը.
3) արդյոք իր կողմից իրավախախտին ողջամիտ և բավարար ժամանակ է ընձեռնվել իր օրինական պահանջների կատարման համար։
39․ Ոստիկանության ծառայողը կարող է ֆիզիկական ուժ գործադրել նաև այն դեպքում, երբ իրավաչափ է համարվում հատուկ միջոցի կամ հրազենի գործադրումը։
3․ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ
40. Ոստիկանության ծառայողը կարող է գործադրել հատուկ միջոցներ, եթե բանավոր հաղորդակցության միջոցով, ավելի մեղմ հարկադրանքի միջոցների կիրառմամբ կամ ֆիզիկական ուժի գործադրմամբ ակնհայտորեն հնարավոր չէ ապահովել օրենքով նախատեսված իր պարտականությունների պատշաճ կատարումը կամ երբ օրենքով իրավաչափ է համարվում հրազենի գործադրումը։ Հատուկ միջոցները գործադրվում են Կառավարության որոշմամբ սահմանված՝ հատուկ միջոցների կիրառման կանոններին համապատասխան։
41. Ոստիկանության ծառայողը կարող է գործադրել հետևյալ հատուկ միջոցները՝
1) ձեռնաշղթաներ, կապող ցանցեր,
2) մահակներ,
3) ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ձեռքի ծխանռնակներ, ծխագլանակներ, ծխային կրակոցներ և արկեր,
4) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ,
5) ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային),
6) արգելքներ քանդող գործիքներ (սարքեր) և տեխնիկա,
7) մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշներ, ճանապարհային ոզնիներ և փշալարեր,
8) ջրանետեր, այդ թվում՝ հատուկ ներկող նյութերի օգտագործմամբ, զրահամեքենաներ,
9) արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ռետինե գնդակներով փամփուշտներ,
10) նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութեր։
42․ Ձեռնաշղթաներ, կապող ցանցեր, մահակներ, ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ձեռքի ծխանռնակներ, ծխագլանակներ, ծխային կրակոցներ և արկեր, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ, նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութեր կարող են գործադրվել՝
1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելու կամ դրա իրական սպառնալիքը չեզոքացնելու համար,
2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող դիմադրությունը ճնշելու համար,
3) զանգվածային անկարգությունները, ինչպես նաև հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու համար,
4) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող հարձակումը խափանելու համար,
5) ապօրինի պահվող անձանց, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու համար։
43․ Ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային) կարող են գործադրվել՝
1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելու կամ դրա իրական սպառնալիքը չեզոքացնելու համար,
2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող դիմադրությունը ճնշելու համար,
3) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող հարձակումը խափանելու համար.
4) ապօրինի պահվող անձանց, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու համար։
44․ Արգելքներ քանդող գործիքներ (սարքեր) և տեխնիկա կարող են գործադրվել՝
1) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող հարձակումը խափանելու համար.
2) ապօրինի պահվող անձանց, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու համար։
45. Մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշներ, ճանապարհային ոզնիներ և փշալարեր կարող են գործադրվել՝
1) զանգվածային անկարգությունները, ինչպես նաև հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու համար.
2) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող հարձակումը խափանելու համար.
3) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե այն վարող անձը դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին:
46․ Ջրանետեր, այդ թվում՝ հատուկ ներկող նյութերի օգտագործմամբ, զրահամեքենաներ գործադրվում են՝
1) զանգվածային անկարգությունները, ինչպես նաև հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու համար.
2) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող հարձակումը խափանելու համար.
3) ապօրինի պահվող անձանց, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու համար.
4) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե այն վարող անձը դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին:
47. Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ռետինե գնդակներով փամփուշտներ կարող են գործադրվել՝
1) զանգվածային անկարգությունները, ինչպես նաև հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու համար.
2) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող հարձակումը խափանելու համար.
3) ապօրինի պահվող անձանց, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու համար։
48․ Արգելքներ քանդող գործիքներ (սարքեր) և տեխնիկա, մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշներ, ճանապարհային ոզնիներ և փշալարեր գործադրվում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման հրամանատարի հրամանով։
49․ Ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ձեռքի ծխանռնակներ, ծխագլանակներ, ծխային կրակոցներ և արկեր, ջրանետեր, այդ թվում՝ հատուկ ներկող նյութերի օգտագործմամբ, զրահամեքենաներ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ռետինե գնդակներով փամփուշտներ գործադրվում են ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հրամանով, իսկ ոստիկանության գվարդիայի ծառայողների դեպքում՝ նաև ոստիկանության գվարդիայի հրամանատարի կամ նրա տեղակալի հրամանով։
50․ Ոստիկանության ծառայողը ձեռնաշղթա կամ կապող ցանց պարտավոր է գործադրել այնպես, որ դրանք լինեն ապահով ամրացված և չպատճառեն մարմնական վնասվածք կամ ֆիզիկական ցավ:
51․ Ոստիկանության ծառայողը ձեռնաշղթա գործադրելիս պարտավոր է օգտագործել դրա սևեռիչները։
52․ Երկու ժամ անընդմեջ ձեռնաշղթա գործադրելուց հետո ոստիկանության ծառայողը պարտավոր է ստուգել դրա սեղմման աստիճանը և անհրաժեշտության դեպքում թուլացնել օղակների սեղմումը։
53․ Ձեռնաշղթան, որպես կանոն, գործադրվում է «ձեռքերը թիկունքից» դիրքով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ «ձեռքերն առջևից» դիրքով:
54. Մահակը բացառապես գործադրվում է իրավախախտի կրծքավանդակին, որովայնին կամ մեջքին հրելու և ձեռքերին կամ ոտքերին հարվածներ հասցնելու համար՝ Ձևով սահմանված սխեմայում որպես «Կանաչ» նշված հատվածներում։ Թույլատրվում է մահակը գործադրել առանց սույն կետի պահանջների պահպանման, եթե առկա է անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիք և այլ միջոցներով հնարավոր չէ չեզոքացնել այն։ Արգելվում է մահակով հարվածներ հասցնել անձի գլխին, պարանոցին և կենսական օրգաններին՝ ներառյալ որովայնի և միզասեռական օրգանների հատվածներին, ինչպես նաև՝ մահակով կատարել խեղդող հնարքներ կամ պարանոցի սեղմում։
55. Ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակները, կրակոցները և արկերը նախատեսված են մարդուն տարածության մեջ ապակողմնորոշելու համար։ Դրանք գործադրելուց առաջ ոստիկանության ծառայողը միջոցներ է ձեռնարկում իր և այլ անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Սույն կետում նշված հատուկ միջոցները թույլատրվում է կիրառել միայն բաց տեղանքում (եթե տվյալ տեսակը նախատեսված չէ փակ տեղանքում կիրառելու համար)՝ անձից նվազագույը 2.5 մետր հեռավորության վրա:
56. Ձեռքի ծխանռնակները, ծխագլանակները, ծխային կրակոցները և արկերը գործադրվում են ոստիկանության գործողությունների քողարկման կամ իրավախախտների ոչ իրավաչափ վարքագծի կանխման և խափանման, ինչպես նաև՝ իրավախախտներին որևէ տարածքից հեռացնելու համար։ Ազդեցության գոտում սույն կետում նշված հատուկ միջոցների կրկնակի կիրառումն արգելվում է։
57. Էլեկտրահարող սարքերը և կայծային պարպիչները գործադրվում են իրավախախտի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու կամ խափանելու, ինչպես նաև անձին վնասազերծելուն ուղղված, այդ թվում՝ ինքնապաշտպանական գործողություններ կատարելու նպատակով։
58. Էլեկտրահարող սարքերը և կայծային պարպիչները նախընտրելի է գործադրել իրավախախտի թիկունքից՝ մարմնի ստորին հատվածի ուղղությամբ։
59. Արգելվում է էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ գործադրել հետևյալ դեպքերում.
1) իրավախախտն օգտագործում է դյուրավառ նյութեր կամ գտնվում է հրդեհավտանգ և պայթյունավտանգ վայրում.
2) իրավախախտի ընկնելը ակնհայտորեն կարող է հանգեցնել նրա մահվան կամ նրա առողջությանը պատճառել ծանր կամ միջին ծանրության վնաս.
3) իրավախախտին տեղափոխելիս (ուղեկցելիս).
4) ուշագնացին ուշքի բերելու նպատակով.
5) ձեռնաշղթաներով կամ այլ միջոցներով շարժունակությունը սահմանափակված իրավախախտի նկատմամբ.
6) պասիվ անհնազանդ վարքագիծ դրսևորող իրավախախտի նկատմամբ.
7) իրավախախտից, նրա կամքին հակառակ, տեղեկություններ ստանալու համար.
8) իրավախախտի մարմնի զգայուն հատվածների (գլխի, պարանոցի, սրտի, ստոծանու) վրա.
9) նույն իրավախախտի նկատմամբ՝ մեկից ավելի անգամ.
10) երեք վայրկյանից ավելի տևողությամբ.
11) ջրային միջավայրում:
60. Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակները կարող են գործադրվել իրավախախտի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու կամ խափանելու, ինչպես նաև նրան վնասազերծելու, այդ թվում՝ ինքնապաշտպանական գործողություններ կատարելու նպատակով, եթե իրավախախտի կողմից դրսևորվում է ակտիվ կամ ագրեսիվ անհնազանդ վարքագիծ։ Կիրառման ժամանակ անհրաժեշտ է գազի շիթն ուղղել իրավախախտի ուղղությամբ: Բաց տարածքներում արցունքաբեր կամ գրգռիչ գազով ձեռքի սրվակներն անհրաժեշտ է գործադրել քամու ուղղությանը համապատասխան: Արգելվում է դրանց կիրառումը բաց կրակին մոտ տարածության վրա:
61. Ծառայողական շները կարող են օգտագործվել անձի ոչ իրավաչափ վարքագծին հակազդելու համար հոգեբանաֆիզիոլոգիական ներգործության միջոցով կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու ընթացքում, ինչպես նաև փախուստի դիմած իրավախախտին հայտնաբերելու համար։
62. Արգելվում է ծառայողական շների օգտագործումը զանգվածային անկարգությունների և խմբակային գործողությունների խափանման ընթացքում:
63. Արգելվում է ծառայողական շները փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության:
64․ Արգելքներ քանդող գործիքները (սարքերը) և տեխնիկան գործադրվում են պատեր, դռներ, դռան փականներ կամ այլ խոչընդոտներ վերացնելու, ինչպես նաև արգելանքների վրա անցքեր բացելու համար: Սույն կետով նախատեսված հատուկ միջոցները պետք է կիրառվեն այնպես, որպեսզի արգելքների կամ խոչընդոտների հետևում գտնվող անձանց պատճառվելիք հնարավոր վնասը լինի նվազագույն:
65. Արգելվում է պատանդների պահման վայրերում, ինչպես նաև մարդկանցից 2 մետրից պակաս հեռավորության վրա արգելքներ քանդող պայթուցիկ սարքավորումների գործադրումը:
66. Տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու միջոցները գործադրվում են անձանց ոչ իրավաչափ վարքագիծը խափանելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների ընթացքը դադարեցնելուն ուղղված գործողություններ իրականացնելու ընթացքում, այդ թվում՝ տրանսպորտային միջոցով փախուստի փորձ կատարող իրավախախտին բռնելու կամ անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիք ստեղծող տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելու համար։
67. Արգելվում է տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու միջոցներ գործադրել ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների (եթե դրանցում առկա են ուղևորներ), շտապ բժշկական օգնության ծառայության ավտոմեքենաների նկատմամբ, մոտոցիկլների, մոտոսայլակների և մոպեդների նկատմամբ, լեռնային ճանապարհներին կամ ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երկաթուղային գծանցներում, թունելներում, կամուրջների, ուղետարների և էստակադաների վրա:
68. Մարդկանց հարկադրաբար կանգնեցելու միջոցները գործադրվում են մարդկանց անկառավարելի շարժը սահմանափակելու, ինչպես նաև պահպանվող օբյեկտներ ներխուժումը կանխելու համար:
69. Ջրանետերը գործադրվում են իրավախախտների խմբերը տարանջատելու, մեկուսացնելու և նրանց առաջընթացը կասեցնելու համար:
70. Նախընտրելի չէ ջրանետերի գործադրումը +10Օ-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում, իսկ 00-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում արգելվում է դրանց գործադրումը:
71. Զրահամեքենաները գործադրվում են զինված իրավախախտների ձերբակալմանն ուղղված հատուկ միջոցառումներ իրականացնելու, իրավախախտների տեղաշարժի ճանապարհները փակելու, արգելապատնեշները ճեղքելու և ոստիկանության ծառայողներին դժվար անցանելի տարածքներ հասցնելու համար:
72. Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակները, կրակոցները և արկերը գործադրվում են իրավախախտների խմբակային գործողությունների կասեցման նպատակով։
73. Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր գործադրելիս հաշվի են առնվում իրավախախտների թիվը, քամու ուղղությունը, տեղանքը, տեսակը, հրդեհավտանգ լինելը, հեռավորությունը:
74. Արգելվում է մարդկանց վրա արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակների, կրակոցների և արկերի նպատակաուղղված գործադրումը, ինչպես նաև բաց տեղանքում գործադրելու համար նախատեսված արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակների, կրակոցների և արկերի գործադրումը փակ տարածքներում։
75. Ռետինե գնդակներով փամփուշտները գործադրվում են ինքնապաշտպանության կամ իրավախախտների հակաիրավական գործողությունների կասեցման նպատակով։
76. Արգելվում է ռետինե գնդակներով փամփուշտներով նշանառու կրակ արձակել իրավախախտի գլխին, պարանոցին և սեռական օրգաններին, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ միջոցներով հնարավոր չէ վերացնել անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքին վնաս պատճառելու իրական սպառնալիքը։
77. Նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութերը գործադրվում են զանգվածային անկարգությունների ժամանակ իրավախախտին մակնշելու, հետագա նույնականացման և ձերբակալման, ինչպես նաև նրանց տեղաշարժը վերահսկելու նպատակով։ Ալյումինային հիմքով ներկող նյութերը գործադրվում են ջրանետի միջոցով։ Ներկող նյութերը մարդու կյանքի և առողջության համար չպետք է վնասակար ազդեցություն ունենան։
4․ ՀՐԱԶԵՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
78. Հրազենը համարվում է ամենախիստ ուժային միջոցը, որը ոստիկանության ծառայողը մարդուն խոցելու նպատակով կարող է գործադրել միայն որպես կյանքի պաշտպանության վերջին միջոց։
79. Ոստիկանության ծառայողը հրազեն կարող է գործադրել նաև մարդուն չխոցելու նպատակով։
80. Մարդուն խոցելու նպատակով ոստիկանության ծառայողը հրազեն գործադրում է, եթե դա բացարձակապես անհրաժեշտ է՝
1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգությունը, ներառյալ՝ զինված հարձակումը խափանելու համար.
2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող զինված դիմադրությունը ճնշելու, ինչպես նաև նրա զենքին տիրելու փորձը խափանելու համար.
3) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող զինված հարձակումը խափանելու համար.
4) զինված անձին վնասազերծելու համար, եթե նա հրաժարվում է կատարել հակաիրավական գործողությունները դադարեցնելու և իր մոտ եղած զենքը հանձնելու, ապօրինի պահվող անձանց ազատելու, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու կամ կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանության ծառայողի իրավաչափ պահանջները:
81. Մարդուն չխոցելու նպատակով ոստիկանության ծառայողը հրազեն կարող է գործադրել՝
1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե այն վարող անձը ռազմական դրության իրավական ռեժիմի կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին.
2) բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելուն խոչընդոտող ֆիզիկական արգելքները վերացնելիս.
3) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնության կանչելիս։
82. Ոստիկանության ծառայողը հրազենը մերկացնում և այն բերում է պատրաստ վիճակի՝ նշանառելով իրավախախտին, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի գործադրել այն, այսինքն՝ առկա են իրավախախտի նկատմամբ հրազեն գործադրելու՝ օրենքով նախատեսված հիմքեր և ուժային միջոցների գործադրման միջին կամ բարձր ուժգնության մակարդակ։
83. Ոստիկանության ծառայողին արգելվում է անհիմն և անհարկի մերկացնել հրազենը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակը, անհանգստացնել կողմնակի անձանց, դառնալ պատահական կրակոց արձակելու պատճառ և ստեղծել այլ ծանր հետևանքներ։
84. Հրազենը չի կարող գործադրվել այն տարածքներում, որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:
85. Ոստիկանության ծառայողը պետք է խուսափի ընթացքի մեջ գտնվող տրանսպորտային միջոցից հրազեն գործադրելուց, եթե առկա է իրական սպառնալիքը վերացնելու այլ ողջամիտ միջոց:
86. Ոստիկանության գվարդիայի ծառայողը հատուկ տեխնիկա կարող է գործադրել հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս։
87. Հատուկ տեխնիկան գործադրվում է հրազենի գործադրման իրավաչափության պայմաններին համապատասխան, երբ հրազենի գործադրմամբ հնարավոր չէ ապահովել ոստիկանության գվարդիայի լիազորությունների պատշաճ իրականացումը։
88. Հատուկ տեխնիկան գործադրվում է Ոստիկանության պետի հրամանով:
Ձև
Սխեմա
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2025 թվական: