ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված շարժական գույքից և Կառավարության սահմանած կարգով վարձակալված անշարժ գույքից:».
2) 6-րդ մասը «հանձնվում է» բառերից հետո լրացնել «կամ վարձակալությամբ է տրամադրվում» բառերով.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն օրենքով սահմանված կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունեն հետ վերցնելու պետական մարմնի, ենթակա պետական մարմնի համար ձեռք բերված շարժական գույքը և այն հանձնել պետական այլ մարմնի կամ Կառավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ դադարեցնելու անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:».
4) 8-րդ մասը «իրենց հանձնված» բառերից հետո լրացնել «կամ վարձակալված» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետի «ամրացված կամ օգտագործման հանձնված» բառերը փոխարինել «հանձնված կամ վարձակալության տրամադրված» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական մարմնին, ենթակա պետական մարմնին հանձնված շարժական, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը: Կառավարությունը որոշում է նաև հանձնվող կամ վարձակալությամբ տրամադրվող գույքի օգտագործման և տիրապետման կարգը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «ամրացված» բառը փոխարինել «հանձնված կամ վարձակալված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում «ամրացված» բառը փոխարինել «հանձնված կամ վարձակալված» բառերով:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «ամրացված» բառը փոխարինել «հանձնված» բառով:
Հոդված 6.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2030 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակն ապահովել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը հետ վերցնելու և համապատասխան պայմանագրերը դադարեցնելու գործընթացը:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-347-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: