ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
4 դեկտեմբերի 2025 թ. ք. Երևան |
N 82 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ՐԴ, 4.1-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 2025թ. նոյեմբերի 13-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և նպատակ ունենալով հստակեցնել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի՝ նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի վերաբերյալ տարաբնույթ ընկալումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 2025թ. նոյեմբերի 13-ի N Հ-Ռ-3230 դիմումով նշվում է.
«Համաձայն Ընտրական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 31-րդ հոդվածի 4.1-ին մասի երկորդ պարբերության՝
Սույն հոդվածի 1.1-ին մասում առկա հանգամանքները դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումից հետո ի հայտ գալու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները։
Նույն հոդվածի 1.1-ին մասն ամրագրում է՝
Որպես դիտորդ չեն կարող հանդես գալ ընտրական հանձնաժողովների անդամները, այդ ընտրություններին մասնակցող թեկնածուները, վստահված անձինք, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Այդուհանդերձ, Օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանմամբ՝
Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք՝ չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:
Իսկ Օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը, իր հերթին, ամրագրում է, որ՝
Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու... դեպքում... ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
Այսպիսով, օրենսդիրը աներկբա կերպով արտահայտել է իր կամքն առ այն, որ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող որևէ կուսակցությանն աջակցելու դեպքում անձը չի կարող իրականացնել դիտորդություն, քանի որ դիտորդների՝ Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված բոլոր իրավունքները, որոնք չունեն այլ անձինք, իրացվում են տեղամասային կենտրոնում կամ ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Այլ կերպ ասած, օրենսդրի կամքը հստակ է՝ անձը, ով թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող որևէ կուսակցությանն աջակցում է, չի կարող օգտվել դիտորդի իրավունքներից և չի կարող լինել դիտորդ:
Օրենսգիրքը, ըստ էության, երկու մեխանիզմ է նախատեսում, որոնցով անձը դադարում է լինել դիտորդ՝ մեկն ամբողջ դիտորդական առաքելության գրանցումն ուժը կորցրած ճանաչելն է, մյուսը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված դիտորդների ցանկից անձի վերաբերյալ տվյալների հեռացումը:
Ընդ որում, ակնհայտ է, որ օրենսդրի կամքը ենթադրում է, որ դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցությանն աջակցելու հիմքով դիտորդի դիտարկումը (դիտորդությունը) արգելող որոշումը ընտրական հանձնաժողովները պետք է կայացնեն հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը՝ խնդրում ենք տալ պաշտոնական պարզաբանում առ այն, թե արդյո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ հավատարմագրված դիտորդների ցանկից հանել այն անձանց տվյալները, որոնք աջակցում են որևէ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող որևէ կուսակցությանը:
Միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգին համապատասխան՝ առաջարկում ենք Օրենսգրքի 31-րդ և 32-րդ հոդվածներում առկա կարգավորումները պաշտոնապես պարզաբանել հետևյալ կերպ՝
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ հավատարմագրված դիտորդների ցանկից հանել այն անձանց տվյալները, որոնք աջակցում են որևէ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող որևէ կուսակցությանը»։
Դիմումը ստորագրված է լիազոր ներկայացուցիչ փաստաբան Ռուզաննա Ավագիմյանի կողմից։ Դիմումին կից ներկայացվել են՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ կազմակերպությունների պետական գրանցման վկայականների պատճենները, վերջիններիս ղեկավարների կողմից տրված լիազորագրերը, լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի և փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:»։
Պաշտոնական պարզաբանման պահանջով դիմումը վերաբերվում է հավատարմագրված դիտորդների ցանկից անձի տվյալները հանելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորության իրացման հիմքերին։ Խնդրո առարկա հարցի կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) նախատեսված են մի շարք կարգավորումներ։ Այսպես, Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:»։
Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ «Որպես դիտորդ չեն կարող հանդես գալ ընտրական հանձնաժողովների անդամները, այդ ընտրություններին մասնակցող թեկնածուները, վստահված անձինք, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները։»։
Օրենսդիրը հստակ և սպառիչ սահմանել է ընտրական գործընթացներում ընդգրկված այն սուբյեկտների ցանկը, որոնք չեն կարող հանդես գալ որպես դիտորդ, ինչպես նաև հստակ սահմանել է վերոնշյալ պահանջի խախտման դեպքում իրավասու մարմնի կողմից կիրառվող միջոցների կարգն ու ժամկետները:
Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև հավատարմագրման հայտը հաստատելը հավատարմագրման հայտում ներկայացված դիտորդների ցանկից հանում է այն անձանց վերաբերյալ տվյալները, որոնք հանդիսանում են ընտրական հանձնաժողովի անդամ կամ տվյալ ընտրություններին մասնակցում են թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի կարգավիճակով: Սույն կանոնը կիրառվում է նաև հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները քննարկելիս։»։
Նույն հոդվածի 4.1-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված է. «Սույն հոդվածի 1.1-ին մասում առկա հանգամանքները դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումից հետո ի հայտ գալու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները։․․․»։
Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին, 1.1-րդ մասերը և 4.1-րդ մասի երկրորդ պարբերության իրավակարգավորումների վերլուծությունը վկայում է, որ.
- դիտորդն իր առաքելությունն իրականացնում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո,
- որպես դիտորդ չեն կարող հանդես գալ ընտրական հանձնաժողովների անդամները, այդ ընտրություններին մասնակցող թեկնածուները, վստահված անձինք, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները,
- օրենսդիրը հստակ թվարկել է այն հանգամանքները, որոնցով պայմանավորված անձը որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունի, այն է՝ անձն ընտրական հանձնաժողովի անդամ է, այդ ընտրություններին մասնակցող թեկնածու է, վստահված անձ է, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ է կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչ է, և այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդների ցանկից հանում է այդ անձի վերաբերյալ տվյալները,
- որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձի տվյալները հանվում են դիտորդների ցանկից՝ անկախ այն հանգամանքից, թե անձի՝ որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունենալու հանգամանքը որ պահին է պարզվում՝ մինչև հավատարմագրման հայտը հաստատելը՝ հավատարմագրման հայտում ներկայացված դիտորդների ցանկն ուսումնասիրելիս, հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները քննարկելիս, թե՝ հավատարմագրումից հետո ի հայտ գալու դեպքում։
Ամփոփելով վերոգրյալը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Ընտրական օրենսգիրքը որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձ է համարում ընտրական հանձնաժողովների անդամներին, այդ ընտրություններին մասնակցող թեկնածուներին, վստահված անձանց, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, և անկախ նրանից, թե որ պահին է բացահայտվում անձի՝ որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունենալը, նշված հանգամանքը հաստատվելուն պես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է տվյալ անձի տվյալները հեռացնի դիտորդների ցանկից։
Ինչ վերաբերվում է Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ դիտորդի պարտականություններին՝ իր իրավունքներն իրականացնելիս լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ, ապա օրենսդրի կողմից ամրագրվել են ընտրությունների դիտարկման հիմնական սկզբունքներ, որոնց պետք է հետևեն դիտորդները, այդ թվում՝ այն սկզբունքը, ըստ որի՝ դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները:
Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը էապես խաթարելու դեպքում օրենսդիրը, որպես դիտորդի նկատմամբ կիրառվող սահմանադրական պատասխանատվության միջոց, նախատեսել է ընտրական հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից հեռացնելը:
Դիտորդների իրավունքների իրացման սահմանափակման ևս մեկ եղանակ սահմանված է Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասով, և այդ իրավասությունը վերապահված է բացառապես տեղամասային ընտրական հանձնաժողովներին:
Դիտորդների իրավունքների իրացման սահմանափակման վերը նշված դեպքերից բացի օրենսդիրն դիտորդի Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքների սահմանափակում կիրառելու հնարավորություն չի նախատեսում:
Այսպես, Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.
«Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որևէ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, 8-րդ մասով և 65-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով դիտորդական առաքելության դերն ու նշանակությունը ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության գործում, Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընտրական հանձնաժողովի նիստից (տեղամասային կենտրոնից) դիտորդին հեռացնելը գնահատելով որպես ծայրահեղ միջոց, իր 2025 թվականի մարտի 28-ի թիվ 34-Ն, 35-Ն և 36-Ն որոշումներով, որով ընդունել է համապատասխանաբար Կենտրոնական ընտրական, ընտրատարածքային ընտրական և տեղմասային ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը, մինչև դիտորդին հեռացնելը կիրառելը նախատեսվել է նախազգուշացման ինստիտուտ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1.1-րդ մասը և 4.1-րդ մասի երկրորդ պարբերությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող, այն է՝ ընտրական հանձնաժողովների անդամ, այդ ընտրություններին մասնակցող թեկնածու, վստահված անձ, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչ հանդիսացող, անձանց վերաբերյալ տվյալները:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական: