ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
4 դեկտեմբերի 2025թ. ք. Երևան |
N 81 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 2025թ. նոյեմբերի 13-ի N Հ-Ռ-3226 դիմումով նշվում է.
«Համաձայն Ընտրական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին։
Ըստ Օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերության՝
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին, կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին, կամ տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով:
Եթե Օրենսգրքի այս հատվածները համադրենք և մեկնաբանենք տառացի, ապա ստացվում է, որ 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները կումուլյատիվ են, այսինքն՝ դրանք բոլորը միաժամանակ պետք է գոյություն ունենան, որպեսզի հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը իրավունք ունենա իրականացնելու դիտորդական առաքելություն, մինչդեռ, 31-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է այդ պահանջներից միայն երկուսի (կանոնադրական նպատակների և թեկնածուի կարգավիճակի մասով) չբավարարման հիմքով հավատարմագրման մասին դիմումի մերժման լիազորություն։»:
Հաշվի առնելով վերը շարադրվածը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը՝ խնդրում է. «տալ պաշտոնական պարզաբանում առ այն, թե արդյո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մերժի հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի՝ դիտորդության հավատարմագրման դիմումը, եթե այն աջակցում է թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին։»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգին համապատասխան դիմումատուն առաջարկել է պաշտոնական պարզաբանման իր տարբերակը. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն տվյալ հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը չունի դիտորդական առաքելության իրավունք։»:
Դիմումը ստորագրված է լիազոր ներկայացուցիչ փաստաբան Ռուզաննա Ավագիմյանի կողմից։ Դիմումին կից ներկայացվել են՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ կազմակերպությունների պետական գրանցման վկայականների պատճենները, վերջիններիս ղեկավարների կողմից տրված լիազորագրերը, լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի և փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատճառաբանությունները, հիմնավորումները և եզրահանգումը.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:»:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.
2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին։»:
Վերոնշյալ իրավանորմերից ակնհայտ է, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ստանալու համար միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները պետք է բավարարեն Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի հետևյալ պահանջներին.
1. միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների պարագայում կանոնադրական նպատակները պետք է ներառեն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,
2. Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կանոնադրական նպատակները պետք է ներառեն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր՝ ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի:
3. Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով,
4. Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածն ամրագրում է.
«Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:»:
Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հավատարմագրման վերաբերյալ դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով։ Հավատարմագրման հայտը հաստատելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպությանը տրամադրում է օգտահաշիվ: Հավատարմագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները պարտավոր են ներկայացնել իրենց դիտորդների վարքագծի կանոնները, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին և Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին։ Նշված հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամներն իրենց դիտորդների համար կազմակերպում և անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում: Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքը ձեռք բերելու համար նշված հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները պետք է ապահովեն դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի իրավանորմերով սահմանված կառուցակարգերի և ընթացակարգերի պահանջները:
Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե՝
- կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները,
- կամ դիմումը ներկայացվել է 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ,
- կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում 31-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին,
- կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին,
- կամ տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով:
Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջներից՝ կազմակերպությունների և հիմնադրամների կանոնադրական նպատակներում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը՝ ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառելը, ինչպես նաև 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին հավատարմագրվելու դիմումում նշում պարունակելու, ինչպես նաև ժամկետների վերաբերյալ պահանջները բավարարելու հանգամանքները հնարավոր է գնահատել համատարմագրման համար Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամանակահատվածի ողջ ընթացքում:
Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված մյուս պահանջները (հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կառավարման մարմնի կազմում (բացառությամբ ժողովի) որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով և նշված սուբյեկտները չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին)՝ որպես հավատարմագրման մասին դիմումի մերժման կամ հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու հիմքեր, հնարավոր է գնահատել համատարմագրման համար Ընտրական օրենսգրքով սահմանված որոշակի ժամանակահատվածում՝ մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հավատարմագրման վերաբերյալ դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ (…):»:
Մինչդեռ, Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ:
Նույն հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իսկ ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից որևէ մեկը այն հաշվարկով, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սահմանված ժամկետները։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իսկ կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
Դիմումում վկայակոչված են Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` … 2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին» և Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին, կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին, կամ տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով:»:
Հավատարմագրման ինստիտուտն իրավական գործընթաց է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրման վերաբերյալ դիմումները բավարարվելու դեպքում կազմակերպությունները և հիմնադրամները ընտրական գործընթացների շրջանակներում ձեռք են բերում կոնկրետ իրավասուբյեկտի կարգավիճակ՝ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքներով, պարտականություններով, սահմանափակումներով և գործունեության երաշխիքներով:
Օրենսդիրը դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտների հավատարմագրման փուլում վերջիններիս իրավունքների ու ազատությունների սահմանափակումներ նախատեսելիս հիմք է ընդունել ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքները և ընտրական գործընթացներում դիտորդության առաքելությունը և այդ համատեքստում է նախատեսել դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտների հավատարմագրումը մերժելուն կամ հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելուն ուղղված Ընտրական օրենսգրքով սահմանված կառուցակարգերը և ընթացակարգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների պահպանումը պարտադիր է, և դրանց չպահպանելը կարող է հանգեցնել հավատարմագրվելու մասին դիմումը մերժելուն, իսկ դիտորդական առաքելությունը հավատարմագրված լինելու դեպքում՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելուն, բացառապես կոնկրետ գործի շրջանակներում՝ ապահովելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչարարության հիմնական սկզբունքները՝ Ընտրական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ է.
1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժելու հիմքերը սահմանված են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ. Հովակիմյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական: