ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1750-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1869-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Դպրոցաշինության, մանկապարտեզաշինության, առողջապահական կազմակերպությունների հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին» N 1869-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ե. կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման նախագծման և դրա քաղաքաշինական (պարզ) փորձաքննության աշխատանքների կատարումը՝ օրենքով նման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձանց միջոցով, եթե դրանք չեն ապահովվում պատվիրատուի կողմից: Մասնակիցը հայտով ներկայացնում է տեղակապումն իրականացնող անձի տվյալները, վերջինիս գրավոր համաձայնությունը տեղակապումն իրականացնելու, ինչպես նաև պատվիրատուի հետ եռակողմ պայմանագիր կնքելու միջոցով աշխատանքների կատարման ամբողջական նախագծային փաստաթղթերի (տիպային և տեղակապման նախագծեր) նկատմամբ հեղինակային հսկողության աշխատանքները կատարելու մասին,».
2) 1-ին կետի 1-ին ենթակետի «ժբ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժբ. կապալառուին թույլատրվում է պատվիրատուի առաջարկությամբ կատարել փոփոխություններ տիպային և տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերում, եթե դրանք հանգեցնելու են կատարվելիք աշխատանքների որակի բարելավմանը։ Պատվիրատուի նախաձեռնությամբ տիպային և տեղակապման նախագծային փաստաթղթերում ներկայացվող այն առաջարկությունները, որոնց կատարումը հանգեցնում է լրացուցիչ ֆինանսավորման, կարող են իրականացվել բյուջետային միջոցների առկայության դեպքում,».
3) 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ», «ժդ», «ժե», «ժզ» և «ժէ» պարբերություններով՝
«ժգ. սույն որոշման հիմքով կնքված պայմանագրերի ծավալաթերթ-նախահաշվում ներառվող նոր աշխատանքային ծավալների դիմաց ըստ կատարողականների վճարումներն իրականացվում են պայմանագրով նախատեսված վճարումների կատարման գործակցով,
ժդ. գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրին կից ծավալաթերթ-նախահաշվում ներառված աշխատանքների (այդ թվում՝ տեղակապման աշխատանքներ համարվող ծավալների) միավոր գներն անփոփոխ են, իսկ տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերով ավելացվող ծավալների միավոր գները կարող են տարբեր լինել գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրին կից ծավալաթերթ-նախահաշվում ներառված նույն աշխատանքների միավոր գներից,
ժե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պայմանները կիրառելի են տեղակապված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կնքված պայմանագրի նոր ձևավորված (տիպային և տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերում ներառված ծավալներ) գնի նկատմամբ,
ժզ. թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման N 3 հավելվածում ներառված օբյեկտների մասով կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների ծավալներն ավելացնել պայմանագրի սկզբնական գնի մինչև հիսուն տոկոսի չափով, իսկ աշխատանքները փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով պայմանագրի սկզբնական գնի մինչև ութսուն տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսվող փոփոխությունները կարող են կատարվել պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետում՝ մինչև հինգ անգամ, պայմանով, որ ծավալների ավելացման կամ բնութագրերի փոխարինման հանրագումարները չեն կարող գերազանցել սույն ենթակետով սահմանված սահմանաչափերը,
ժէ. շինարարական աշխատանքների պայմանագրի սկզբնական նախահաշվում ներառված աշխատանքների ծավալներից ավել ծավալների կատարումը, որը չի հանգեցնում նախագծային փաստաթղթերի փոփոխության և տվյալ տարում լրացուցիչ բյուջետավորման, նախապես գրավոր համաձայնեցվում է պատվիրատուի հետ և փաստացի կատարված այդ աշխատանքների դիմաց վճարումներն իրականացվում են, եթե կատարողական փաստաթղթերը ստորագրված են կապալառուի, տեխնիկական ու հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից: Նշված փոփոխությունները (ճշգրտումները) համաձայնագրի կնքման միջոցով կատարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ բյուջետային տարվա նոյեմբերի 30-ը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման N 3 հավելվածում ներառված օբյեկտների դեպքում՝ պահպանելով սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ժզ» պարբերության պահանջները.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2025 թվական: