ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
19 հունվարի 2026 թ. |
N 7-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1․ Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատություններում և ձերբակալված անձանց պահելու վայրերում քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 129-Ն որոշման՝
1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի» բառերով,
2) 1-ին կետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
|
2026 թվականի հունվարի 19 |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թ. հունվարի 19-ի N 7-Ն որոշման |
|
«Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 9-ի N 129-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի ընտրությունների, հանրաքվեի ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների), ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) և ձերբակալված անձանց պահելու վայրերում գտնվող ձերբակալված ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) (այսուհետ նաև՝ շրջիկ արկղով քվեարկող ընտրողներ) քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը:
2. Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների քվեարկությունը տեղամասային ընտրական հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կազմակերպում է համապատասխանաբար ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում, ռազմաբժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում` շրջիկ արկղի միջոցով` քվեարկության օրը ժամը 8:00-ից հետո` այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտվի մինչև ժամը 18.00-ն:
3. Ձերբակալված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների ցուցակը կազմում է ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը` քվեարկության օրը` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգիրք) 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան:
4. Ձերբակալված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն ձերբակալված անձանց պահելու վայրում գտնվող` քվեարկության օրը 18 տարին լրացած ձերբակալված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ցուցակը էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը: Ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարը ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը քվեարկության օրը հայտնում է համապատասխան Հանձնաժողովի նախագահին:
5. Շրջիկ արկղի միջոցով քվեարկության կազմակերպման ժամանակը որոշում և հայտարարում է Հանձնաժողովի նախագահը` հիմք ընդունելով շրջիկ արկղով քվեարկող ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը, ինչպես նաև ընտրական տեղամասում Հանձնաժողովի անդամների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
6. Հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը մինչև ժամը 8.00-ն Հանձնաժողովի անդամների և Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է շրջիկ արկղի դատարկ լինելը, փակում և կնքում է շրջիկ արկղը:
7. Շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կազմակերպում է Հանձնաժողովի այն անդամը, որին քվեարկության օրը` ժամը 7.00-ին կայացած Հանձնաժողովի նիստում անցկացված վիճակահանությամբ, Հանձնաժողովի նախագահի հայտարարած ժամի համար բաժին է ընկել «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը պարունակող թերթիկը: Եթե ընտրական տեղամասն ընդգրկում է մի քանի ստացիոնար բժշկական կամ ռազմաբժշկական հաստատություններ կամ միաժամանակ բժշկական հաստատություն և ձերբակալված անձանց պահելու վայր, ապա շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կարող են կազմակերպել Հանձնաժողովի տարբեր անդամներ, որոնց վիճակահանությամբ բաժին է ընկել համապատասխանաբար «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը պարունակող թերթիկը` կախված այդ գործառույթն իրականացնելու համար Հանձնաժողովի նախագահի հայտարարած ժամանակից: Այս մասին գրառում է կատարվում Հանձնաժողովի գրանցամատյանում:
8. Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպող Հանձնաժողովի անդամի այլ գործառույթները, մինչև նրա վերադառնալը, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է Հանձնաժողովի այլ անդամ կամ Հանձնաժողովի քարտուղարը կամ Հանձնաժողովի նախագահը՝ այդ մասին գրանցամատյանում գրառում կատարելով։
9. Հանձնաժողովի նախագահը շրջիկ արկղի միջոցով քվեարկությունն անցկացնող Հանձնաժողովի անդամին (այսուհետ նաև` հանձնաժողովի անդամ) տրամադրում է.
1) շրջիկ արկղը,
2) ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների), ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների (հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների) համապատասխան ցուցակը: Ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարն ընտրողների ցուցակը քվեարկության օրը կազմում և հանձնում է ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին,
3) Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) (այսուհետ նաև՝ կուսակցություն) քվեաթերթիկները, իսկ մեկ կուսակցություն քվեարկվելու դեպքում՝ նաև դեմ քվեարկությամբ քվեաթերթիկները, հանրաքվեի ժամանակ՝ հանրաքվեի քվեաթերթիկները` համապատասխան ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչև 5 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան այդ ցուցակում ընտրողների թվից 10 քվեաթերթիկ ավելին, և նույնքան քվեարկության ծրարներ,
4) համապատասխան ցուցակում ընդգրկված ընտրողների թվին համապատասխան քանակով ինքնասոսնձվող դրոշմանիշեր և նույնքան համարակալված կտրոններ,
5) փաթեթ` չօգտագործված քվեաթերթիկների համար:
10. Հանձնաժողովի անդամին հատկացված ընտրական փաստաթղթերի և դրանց քանակի մասին համապատասխան գրառումներ են կատարվում Հանձնաժողովի գրանցամատյանում:
11. Հանձնաժողովի անդամին, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի նախագահի պահանջով, կարող է ուղեկցել ոստիկանության ծառայողը:
12. Շրջիկ արկղով քվեարկության կազմակերպման դեպքում ընտրողների գրանցումն իրականացվում է առանց տեխնիկական սարքավորման կիրառման:
13. Շրջիկ արկղով քվեարկությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների համապատասխան ցուցակում գտնում է ընտրողի տվյալները, լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքն ընտրողի ստորագրության դիմաց, որից հետո հանձնաժողովի անդամը լրացնում է համարակալված կտրոնը` վրան նշելով «ՇԱ» տառերը՝ «նշվում է, թե որ ցուցակի ընտրող է» տողում, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և հանձնում ընտրողին, միաժամանակ ընտրողին է տրամադրում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ, իսկ մեկ կուսակցություն քվեարկվելու դեպքում՝ տվյալ կուսակցության քվեաթերթիկ ու դեմ քվեարկությամբ քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար, հանրաքվեի դեպքում՝ մեկ քվեաթերթիկ և մեկ քվեարկության ծրար:
14. Ընտրողը քվեաթերթիկն ընտրում է գաղտնի: Հանձնաժողովի անդամն ընտրողի համար ստեղծում է այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը:
15. Ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Հանրաքվեի ժամանակ քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, ապա քվեաթերթիկում նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցում է դրանց համար նախատեսված փաթեթի մեջ:
16. Հանձնաժողովի անդամն ընտրողից ստանում է քվեարկության կտրոնը, որից հետո քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, բացում է շրջիկ արկղի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու շրջիկ արկղի մեջ:
17. Շրջիկ արկղով քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամը փակում` հատուկ կապիչով կապում է շրջիկ արկղի ճեղքը և անհապաղ վերադառնում է ընտրական տեղամաս:
18. Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովի նախագահին է հանձնում.
1) հատուկ կապիչով փակված շրջիկ արկղը,
2) շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը,
3) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնները,
4) չօգտագործված համարակալված կտրոնները,
5) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը,
6) չօգտագործված քվեարկության ծրարները,
7) չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տրված քվեաթերթիկների փաթեթը:
19. Հանձնաժողովի անդամի կողմից վերադարձված ընտրական փաստաթղթերի և դրանց քանակի մասին համապատասխան գրառումներ են կատարվում Հանձնաժողովի գրանցամատյանում:
20. Շրջիկ արկղը տեղադրվում է քվեարկության սենյակում բոլորի համար տեսանելի տեղում: Հանձնաժողովի նախագահը կամ Հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ոչ ուշ, քան մինչև ժամը 20.00-ն, քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է շրջիկ արկղը, հանում է քվեարկության ծրարները և գցում քվեատուփի մեջ:
21. Շրջիկ արկղի միջոցով քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2026 թվական: