ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2026 թվականի N 125-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն, N 1180-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 7-րդ կետից հանել «ծածկագրից բաժանվում է կետով,» բառերը․
2) որոշման հավելվածի 8-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 41.1-ին կետի համաձայն՝ մինչև 18 տարեկան անձանց համար» բառերը ու լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերի մասնակցության բաղադրիչի գնահատման համար հիմք է հանդիսանում նաև միջավայրային գործոնների «е» ծածկագրերի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները։ «e» ծածկագրերի գնահատականները հաշվի են առնվում նաև ԾԱԾ-ի մշակման ժամանակ և ուղղված են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը և լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։».
3) որոշման հավելվածի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՈՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ ԿԱՄ ԱՅԼ ԴԵՊՔԵՐ
24. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում՝ առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝
1) նյարդային համակարգի հիվանդություններ՝
ա․ վնասվածքներով, նեյրոինֆեկցիաներով (պոլիոմիելիտ), վիրահատական բուժման ոչ ենթակա ուռուցքներով, բնածին արատներով և ժառանգական համախտանիշներով պայմանավորված խիստ արտահայտված շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա կամ տրիպլեգիա, պարապլեգիա կամ հեմիպլեգիա կամ մոնոպլեգիա, գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, դիստոնիաներ (G04, G11, G81-G83) (անձի ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով),
բ. մանկական ուղեղային կաթվածով պայմանավորված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա կամ տրիպլեգիա կամ պարապլեգիա կամ հեմիպլեգիա կամ տետրապարեզ կամ տրիպարեզ կամ պարապարեզ կամ հեմիպարեզ, գեներալիզացված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր հիպերկինզներ, դիստոնիաներ, խոսքի խիստ արտահայտված խանգարումներ (G80-G83) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով),
գ․ խուլհամրություն, պրակտիկ խուլհամրություն (երկկողմանի խլություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով) (H90, H91.3) (անձի ֆունկցիոնալության ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).
2) հոգեկան և մտավոր խանգարումներ՝
ա. մտավոր հետամնացություն F70-F79,
բ. թուլամտություն (դեմենցիա) F00-F03,
գ. զարգացման ընդհանուր խանգարումներ F84.0-F84.9 (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).
3) վիրաբուժական հիվանդություններ՝
ա․ անդամահատումներ, եթե առկա չէ արատավոր ծայրատ (S48, S58, S68, S78, S88, S98,T05) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով),
բ. կոկորդի հեռացում (Z90.0).
4) չարորակ նորագոյացություններ՝
ա. արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով (C00-C97),
բ. գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ (C70-C71).
5) ներքին օրգանների հիվանդություններ՝
ա. սրտի բնածին արատներ` միափորոք սիրտ, ատրեզիաներ, մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի որոշ ձևեր, ամոքիչ վիրահատություններից հետո (արյան շրջանառության ֆիզիոլոգիական շտկում կամ աորտաթոքային շունտավորում) արյան շրջանառության կայուն չափավոր, արտահայտված և խիստ արտահայտված խանգարումով (Q20-Q21) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով)․
6) շարակցական հյուսվածքի հիվանդություններ՝
ա. ռևմատոիդ արթրիտ՝ բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ (հոդերի արտահայտված դեֆորմացիա, կոնտրակտուրաներ, անկիլոզներ) (M05-M06),
բ. անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ` ողնաշարի արտահայտված դեֆորմացիա, պերիֆերիկ հոդերի կոնտրակտուրոներ, անկիլոզներ (M45) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի սահմանափակումով),
գ. համակարգային սկլերոդերմիա՝ մաշկի խիստ արտահայտված կարծրացում հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրաների զարգացմամբ (M34) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի սահմանափակումով)․
7) ներզատական համակարգի հիվանդություններ`
ա․ բնածին հիպոթիրեոզ մտավոր և ֆիզիկական զարգացման չափավոր խանգարումով (E00-E03) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով)․
8) տեսողական օրգանի հիվանդություններ՝
ա․ մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0):
25. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝
1) ներքին օրգանների հիվանդություններ՝
ա. զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով (I10-I15) (անձի ֆունկցիոնալության կայուն խորն աստիճանի սահմանափակումով),
բ. սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA (I20-I25,I50) (անձի ֆունկցիոնալության կայուն խորն աստիճանի սահմանափակումով),
գ. թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (J44) (անձի ֆունկցիոնալության կայուն խորն աստիճանի սահմանափակումով)․
2) շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով (E10-E14)`
ա․ դիաբետիկ պրոլիֆերատիվ անգիոռետինոպաթիա (տեսողության սրության արտահայտված անկումով և/կամ տեսողության դաշտի երկկողմանի նեղացումով),
բ․ դիաբետիկ նեֆրոպաթիա՝ տերմինալ երիկամային անբավարարության փուլում (N18.0),
գ․ սրտային անբավարարություն` 3-րդ փուլ՝ ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA (I20-I25,I50),
դ․ դիաբետիկ ոտնաթաթ` ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա և նեյրոպաթիա` նեկրոտիկ փուլ) (անձի ֆունկցիոնալության կայուն խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).
3) երիկամների խրոնիկ հիվանդություններ, խրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ շրջան՝ ծրագրային հեմոդիալիզի պայմաններում (N18.5) (անձի ֆունկցիոնալության կայուն խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).
4) պատվաստված օրգաններ (Z94).
5) ստամոքսի լրիվ հեռացում (Z90.3).
6) մեկ թոքի բացակայություն (Z90.2) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).
7) նյարդային համակարգի հիվանդություններ՝
ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա կամ պարապլեգիա կամ տրիպլեգիա կամ տետրապլեգիա կամ տոտալ աֆազիա (G00-G99, G04, G11, G81-G83) (անձի ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով)․
8) վիրաբուժական հիվանդություններ և ձևախեղումներ՝
ա. կղանքային կայուն խուղակներ և ստոմաներ (Z93) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով)․
9) հոգեկան խանգարումներ
ա․ շիզոֆրենիա, կայուն դեֆեկտ) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).
10) տեսողական օրգանի հիվանդություններ՝
ա. բարձր աստիճանի բարդացած կարճատեսություն օպտիմալ կորեկցիայի պայմաններում լավ տեսնող աչքում ոչ ավելի, քան 0,2՝ առանց զուգակցման այլ հիվանդության հետ.
բ. տեսողական նյարդի սուբատրոֆիա, որը հանգեցնում է տեսողական ֆունկցիայի կայուն չափավոր կամ արտահայտված խանգարման:
26. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 5-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝
1) ներքին օրգանների հիվանդություններ՝
ա. լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ (K74),
բ. լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով (C81-C96)․
2) նյարդային համակարգի հիվանդություններ՝
ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական, խոսակցական, տեսողական չափավոր կայուն խանգարումներով (հեմիպարեզ կամ պարապարեզ կամ տրիպարեզ կամ տետրապարեզ) (S14G00-G99, G04, G11, G81-G83), անձի ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով)․
3) հոգեկան խանգարումներ՝
ա․ շիզոֆրենիա, աճող դեֆեկտ) (անձի ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով).
4) տեսողական օրգանի հիվանդություններ՝ դիաբետիկ ռետինոպաթիա, ցանցաթաղանթի աբիոտրոֆիաներ, գլաուկոմա, որոնք հանգեցրել են տեսողական ֆունկցիայի կայուն արտահայտված խանգարման:
27. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը`
1) երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16).
2) լյարդի ցիռոզ՝ հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի (K74)․
3) բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q78.0).
4) նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա (E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (E75.2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0).
5) պատանեկան արթրիտ (M08.3) կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
6) համակարգային կարմիր գայլախտ (M32.1)՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
7) համակարգային սկլերոզ (M34.0)՝ տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
8) բնածին բուլոզ էպիդերմոլիզ՝ ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0) դերմատոմիոզիտ (M33.1)՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
9) օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ՝ ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
10) ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
11) շիզոֆրենիայի տարբեր ձևեր, այդ թվում՝ մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20).
12) մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (G80.1).
13) բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ՝ Դյուշենի միոդիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
14) ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)՝ առաջացած մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդությամբ (B20-24).
15) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0).
16) բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3).
17) վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4 մատների բոլոր ֆալանգների բացակայություն՝ բացառությամբ 1-ին մատի, կամ 3 մատների բացակայություն՝ 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ, թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98).
18) անկիլոզացնող սպոնդիլիտ՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45).
19) չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով)՝ արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00 – C97).
20) կոկորդի բացակայություն՝ վիրաբուժական հեռացումից հետո.
21) վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա՝ ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոթեզավորման անհնարինություն.
22) բնածին վիրահատված հիդրոցեֆալիա՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03):
28. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝
1) գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով (D33).
2) նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում՝ գլխուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ)՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով.
3) սրտի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր (I44-45, I47-49).
4) կղանքային, միզային կայուն խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0).
5) ոսկրամկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով:
29. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է հինգ տարի ժամկետով՝
1) չարորակ նորագոյացություններ, այդ թվում՝ սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 – C97).
2) զարգացման ընդհանուր խանգարումներ (F84.0-F84.9).
3) սկոլիոզ՝ 3-4-րդ աստիճանի, արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5).
4) դիմածնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36).
5) երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն՝ խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ, խոսքի արտահայտված խանգարումով (H90.5-H91.3).
6) երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն՝ 3-4-րդ աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5-H91.3).
7) մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1).
8) ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն)՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66).
9) մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, աղ կորցնող ձև (E25).
10) առաջնային մակերիկամային անբավարարություն (E27.1).
11) պանհիպոպիտուիտարիզմ կամ հիպոպիտուիտարիզմ (E23).
12) շաքարային դիաբետ՝ 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10).
13) բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ)՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում՝ հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q81.0, F70-F79).
14) սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա՝ նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ (G40):
30. Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ։
31. Նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով 7 տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին՝ 8-րդ տարվա դիտարկման դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ։»:
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 1) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշում 1-ի հավելվածի 6-րդ կետը 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պատճառական կապի վերաբերյալ կայացված եզրակացությունները սահմանված ձևաչափով մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար։»․
2) որոշում 1-ի հավելվածի 7-րդ կետը «մասնագետները» բառից հետո լրացնել «՝ մասնագետների ռեեստրում ընդգրկված լինելու պարագայում» բառերով․
3) որոշում 1-ի հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Սույն կարգի 13-րդ կետով և 14-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման (այդ թվում՝ վիրահատական) սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ սույն կարգի 9-րդ գլխով սահմանված` անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է ֆունկցիոնալության գնահատման: Սույն կարգի 9-րդ գլխում թվարկված հիվանդություններից (ախտաբանական վիճակներից) որևէ մեկի առկայությունը բավարար է անձի առողջական վիճակը որպես վերականգնման հեռանկար չունեցող որակելու և անձի ֆունկցիոնալության գնահատման՝ առանց եռամսյա ժամկետի պահպանման, ուղեգրելու համար: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրում առնվազն նշվում են գնահատվող անձի ախտորոշումը, իրականացված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը:»․
4) որոշում 1-ի հավելվածը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Սույն կարգի 14-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող կազմակերպությունն անձին ուղեգրում է ֆունկցիոնալության գնահատման՝ Առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանով սահմանված՝ ուղեգրման պահին անհրաժեշտ պարտադիր տեղեկատվության առկայության պարագայում։»․
5) որոշում 1-ի հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Ֆունկցիոնալության գնահատման համար դիմումն էլեկտրոնային համակարգ է մուտքագրում այն անձը, որի ֆունկցիոնալությունը պետք է գնահատվի (այսուհետ՝ գնահատվող) կամ նրա ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունիսի 18-ի N 58-Ա/1 հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան։ Դիմումը մուտքագրելիս լրացվում է գնահատվողի անձը հաստատող փաստաթղթի համարը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը։ Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա մուտքագրում է նաև իր անձնագրի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, խնամակալ (հոգաբարձու) հանդիսանալու փաստը հաստատող փաստաթուղթը, 16 տարեկանից բարձր անձանց դեպքում՝ լիազորագիրը։»․
6) որոշում 1-ի հավելվածի 21-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «ներկայացվում են» բառերը փոխարինել «մուտքագրվում են» բառերով, իսկ «անձնագիրը կամ նույնականացման քարտը» բառերը փոխարինել «անձնագրի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը» բառերով․
7) որոշում 1-ի հավելվածի 23-րդ կետի՝
ա․ առաջին նախադասության մեջ «փաստաթղթերից» բառը փոխարինել «տվյալներից» բառով, իսկ «փաստաթղթերը» բառը փոխարինել «տեղեկությունները» բառով,
բ․ 23-րդ կետի 1-ին ենթակետում «, որն ստացվում է» բառերը փոխարինել «որոնք ստացվում են» բառերով,
գ․ 2-րդ ենթակետը «ինքնագնահատման» բառից առաջ լրացնել «դիմումը մուտքագրելիս լրացվում է նաև» բառերով,
դ․ 3-րդ ենթակետում «դեպքում» բառից հետո լրացնել «մուտքագրվում է» բառերով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.
ե․ 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) Ղարաբաղից տեղահանված և Ղարաբաղում վնասվածք ու վիրավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կամ հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների բազայում կամ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հատուցման համակարգում պատճառական կապերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը հավաստող փաստաթուղթը։»․
8) որոշում 1-ի հավելվածի 24-րդ կետում «Ըստ անհրաժեշտության կարող են ներկայացվել» բառերը փոխարինել «Էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ կարող է ստանալ» բառերով, իսկ նույն կետի 1-ին ենթակետի «պատճենները» բառը փոխարինել «վերաբերյալ տեղեկատվություն» բառերով, իսկ 2-րդ և 4-րդ ենթակետերում «տեղեկանք» և «տեղեկանքը» բառերը փոխարինել «տեղեկատվությունը» բառով․
9) որոշում 1-ի հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«26. Հաշվառում չունեցող անձինք ֆունկցիոնալության գնահատման դիմումը մուտքագրելիս նշում են փաստացի բնակության հասցեն: Օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող և փախuտականի կարգավիճակ ունեցող անձինք մուտքագրում են Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթի համարը։»․
10) որոշում 1-ի հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Այն դեպքում, երբ գնահատվող անձը չի կարող ներկայանալ ֆունկցիոնալության գնահատման վայր, ապա գնահատող հանձնաժողովը ֆունկցիոնալության գնահատումն իրականացնում է գնահատվող անձի գտնվելու վայր այց կատարելով։ Վերջինս իրականացվում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հաստատված անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցով սահմանված դեպքերում։ Էլեկտրոնային համակարգում գնահատման վայրի վերաբերյալ նշումը կատարում է ամփոփագիր մշակող մասնագետը։»․
11) որոշում 1-ի հավելվածի 29-րդ կետում «ծառայություն է ներկայացնում» բառերը փոխարինել «էլեկտրոնային համակարգ է մուտքագրում» բառերով․
12) որոշում 1-ի հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմումն էլեկտրոնային համակարգ մուտքագրվում է առցանց՝ https://e-disability.am/user-application հղումով կամ այցելելով ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ մուտքագրման հարցում աջակցելու նպատակով։»․
13) որոշում 1-ի հավելվածի 31-րդ կետից հանել առաջին նախադասությունը, իսկ 2-րդ նախադասությունից հանել «և ներկայացնում» բառերը․
14) որոշում 1-ի հավելվածի 32-րդ, 39-րդ, 40-րդ և 41.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել․
15) որոշում 1-ի հավելվածի 33-րդ կետում «որը տրվում կամ ուղարկվում է դիմումատուին՝ փոստով կամ էլեկտրոնային փոստով» բառերը փոխարինել «որն ինքնաշխատ եղանակով ուղարկվում է գնահատվողի կողմից դիմումում նշված էլեկտրոնային հասցեին» բառերով․
16) որոշում 1-ի հավելվածի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Էլեկտրոնային համակարգում սույն կարգի 17-րդ, 18-րդ, 19-րդ և 23-րդ կետերով նախատեսված ուղեգրման կարգի, պայմանների խախտման, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկանքների բացակայության պարագայում, դիմումի հետագա ընթացքը մերժվում է՝ ծանուցում ուղարկելով ուղեգրող կազմակերպությանը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, իսկ դիմողին՝ դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստին։»․
17) որոշում 1-ի հավելվածի 35-րդ կետում «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տվյալները ներբեռնվելուց հետո էլեկտրոնային» բառերը փոխարինել «Էլեկտրոնային» բառով.
18) որոշում 1-ի հավելվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«36․ Ամփոփագիր մշակող մասնագետը չի կարող ընդգրկվել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կազմում։ Ամփոփագիր մշակող մասնագետն էլեկտրոնային համակարգով ստանում է ծանուցում վարչական վարույթի էլեկտրոնային գործի մասին։ Ամփոփագիրը մշակելուց հետո, դրա մասին համակարգն ինքնաշխատ ծանուցում է ուղարկում Ծառայության սոցիալական սատարողին՝ գնահատվողի գտնվելու վայր այց կատարելու և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված մեթոդական ուղեցույցներով սահմանված՝ միջավայրային գործոնների գնահատման հարցաթերթը (այսուհետ՝ հարցաթերթ) լրացնելու համար։ Սոցիալական սատարողը հաղորդագրությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է այցելություն, լրացնում հարցաթերթը։ Ամփոփագիր մշակող մասնագետը, որոշում է գնահատող հանձնաժողովի անդամների թիվը յուրաքանչյուր էլեկտրոնային կոնկրետ գործով՝ հաշվի առնելով գնահատվող յուրաքանչյուր անձի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման այն ծածկագրերը, որոնք վճռորոշ նշանակություն ունեն անձի ֆունկցիոնալության գնահատման տեսանկյունից։»․
19) որոշում 1-ի հավելվածի 37-րդ կետից հանել «, որից հետո ծառայությունն էլեկտրոնային համակարգով դրա մասին ստանում է ծանուցում» բառերը, իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գնահատող հանձնաժողովի անդամների ընտրությունից հետո նույն օրը նրանք, և դիմողն էլեկտրոնային համակարգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ Ծառայության կողմից հեռախոսով, տեղեկացվում են ֆունկցիոնալության գնահատման ամսաթվի, վայրի, ժամի մասին։»․
20) որոշում 1-ի հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում գնահատող մասնագետները չափորոշիչների հիման վրա գնահատում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով սահմանված օրգանիզմի ֆունկցիաների «b», մարմնի կառուցվածքի «s», գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերը՝ անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներին համապատասխան, էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։ Գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերի մասնակցության բաղադրիչի գնահատման համար հիմք է հանդիսանում նաև միջավայրային գործոնների «e» ծածկագրերի վերաբերյալ տեղեկությունները, և մասնակցության «d» ծածկագրերի գնահատականը տրվում է նաև միջավայրային արգելքների գնահատման հիման վրա։ Բացի դրանից, միջավայրային գործոնների «е» ծածկագրերը չափորոշիչների հիման վրա գնահատվելու արդյունքում կիրառվում են նաև գնահատվողի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ որոշելու համար, որոնք պետք է ուղղված լինեն հասարակական կյանքում նրա մասնակցության ապահովմանը։»․
21) որոշում 1-ի հավելվածի 42-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշմամբ սահմանված անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունը հանդիսանում է ֆունկցիոնալության գնահատման որոշման անբաժանելի մասը։»․
22) որոշում 1-ի հավելվածի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) մասին e-disability էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ծանուցում է ուղարկվում Էլեկտրոնային կենսաթոշակ տեղեկատվական շտեմարանին։»․
23) որոշում 1-ի հավելվածի 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49.1-ին և 49.2-րդ կետերով.
«49.1. Հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 6-11-րդ կետերով սահմանված որևէ պատճառական կապով, եթե անձի ձեռք բերած հիվանդությունների կամ ստացած վնասվածքների անմիջական հետևանքները կամ բարդություններն առնվազն ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության են հանգեցնում։
49.2. Հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եթե անձի ֆունկցիոնալության առնվազն միջին աստիճանի հաշմանդամության են հանգեցնում մինչև 18 տարին լրանալը ձեռք բերած հիվանդությունները կամ վնասվածքները, դրանց անմիջական հետևանքները կամ բարդությունները։».
24) որոշում 1-ի հավելվածի 50-րդ կետը «ընդհանուր հիվանդությամբ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ՝ Ղարաբաղից տեղահանված անձանց և Ղարաբաղում վնասվածք ու վիրավորում ստացած ՀՀ քաղաքացիներից)» բառերով ու 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե վերջիններիս զինծառայության հետ կապված պատճառական կապը հավաստող փաստաթղթերը բացակայում են, ապա պատճառական կապի սահմանման համար հիմք են հանդիսանում պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կամ հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների բազայում կամ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հատուցման համակարգում պատճառական կապերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը։»․
25) որոշում 1-ի հավելվածի 73-րդ կետի 1-ին ենթակետում «խիստ արտահայտված շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, մոնոպլեգիա, գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, դիստոնիաներ, խոսակցական խիստ արտահայտված խանգարումներ (տոտալ սենսոմոտոր), թուլամտություն (G04, G11, G81-G83)» բառերը փոխարինել «հենաշարժական ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումներ՝ տետրապլեգիա կամ տրիպլեգիա կամ պարապլեգիա կամ հեմիպլեգիա կամ մոնոպլեգիա կամ գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, խոսակցական խիստ արտահայտված խանգարումներ (տոտալ սենսոմոտոր) (G04, G11, G81-G83)» բառերով․
26) որոշում 1-ի հավելվածի 76-րդ կետի 7-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․
27) որոշում 1-ի հավելվածի 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) ողնաշարի սկոլիոզ։»․
28) որոշում 1-ի հավելվածի 77-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և 4-րդ ենթակետի «դ» պարբերությունները «հեմոդիալիզի» բառից հետո լրացնել «(N18)» թվով և ուժը կորցրած ճանաչել 4-րդ ենթակետի «ե» պարբերությունը․
29) որոշում 1-ի հավելվածի 78-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.
«4) ցանցաթաղանթի աբիոտրոֆիաներ՝ տեսողական ֆունկցիայի չափավոր, արտահայտված խանգարումներով.
5) տեսաներվի սուբատրոֆիա՝ տեսողական ֆունկցիայի չափավոր, արտահայտված խանգարումներով:»։
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1161-Ն որոշման (այսուհետ՝ որոշում 2) հավելվածի 2-րդ կետում «արդյունքում» բառը փոխարինել «արդյունքներով» բառով։
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետի 24-րդ ենթակետը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների (առանց պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կամ հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների բազայում կամ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հատուցման համակարգում պատճառական կապերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը հաշվի առնելու Ղարաբաղից տեղահանված անձանց և Ղարաբաղում վնասվածք ու վիրավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշմանդամության պատճառական կապն ընդհանուր հիվանդությամբ սահմանելու դեպքերի) վրա։ Այս դեպքում, եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պատճառական կապի փոփոխության հիմքով վերագնահատման արդյունքում կայացրած ֆունկցիոնալության գնահատման որոշմամբ (վարչական ակտով) փոխվում է դրան նախորդած՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում սահմանված՝ ընդհանուր հիվանդությամբ պատճառական կապը, ապա համարվում է, որ վերագնահատմամբ պատճառական կապը սահմանվել է նախորդ՝ անձի ֆունկցիոնալության գնահատմամբ (որպես վերագնահատման արդյունքում կայացրած ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) «Գնահատման սկիզբ» տողում նշված ամսաթիվ ընդունել դրան նախորդած՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում կայացրած որոշման (վարչական ակտի) «Գնահատման սկիզբ» տողում նշված ամսաթիվը).
2) սույն որոշման 2-րդ կետի 18-րդ ենթակետով սահմանված դրույթը մինչև 2026 թվականի հունիսի 1-ը գործում է մինչև 18 տարեկան երեխաների համար, իսկ դրանից հետո՝ նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի անձանց համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2026 թվական: