Սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջն ուժի մեջ է մտնում «Զբոսաշրջության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2026 թվականի N 136-Ն
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության ներկայացման և վարման կարգն ու ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
3. Սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջն ուժի մեջ է մտնում «Զբոսաշրջության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) գրանցամատյան՝ «Զբոսաշրջության մասին» օրենքով նախատեսված՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված տվյալների շտեմարան․
2) զբոսաշրջային ծառայություն մատուցող անձ՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք․
3) օրենք՝ «Զբոսաշրջության մասին» օրենք:
2. Սույն հավելվածով սահմանվում է գրանցամատյանի վարման նպատակով զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից ներկայացման ենթակա տեղեկատվության բովանդակությունը։
2. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
3. Գրանցամատյանից հրապարակման ենթակա բաց տեղեկություններն են՝
1) ծանուցման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը․
2) ծանուցման հաշվառման համարը․
3) իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը և գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը․
4) ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում)․
5) առաջարկվող ծառայությունների տեսակը՝ համաձայն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերի․
6) տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը․
7) հետադարձ կապի միջոցները (բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)․
8) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեց ված կամ դադարեցված, կամ կասեցումը վերացված լինելու մասին որոշման օրը, ամիսը, տարեթիվը և համարը, կասեցումը վերացված լինելու օրը, ամիսը, տարեթիվը։
3․ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի վերաբերյալ Զբոսաշրջության կոմիտեի հարթակի գործիքակազմով ծանուցվող տեղեկատվությունը պետք է բովանդակի նվազագույնը հետևյալ վավերապայմանները.
1) զբոսաշրջային ծառայություն մատուցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝
ա. իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
բ․ իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը,
գ․ գտնվելու վայրը,
դ. հարկ վճարողի հաշվառման համարը,
ե. գործունեության իրականացման վայրը, եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում,
զ. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,
է. հետադարձ կապի միջոցները (բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)․
2) զբոսաշրջային ծառայություն մատուցող ֆիզիկական անձի դեպքում՝
ա. անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը,
բ. հաշվառման հասցե կամ ծանուցում ստանալու համար նախընտրելի հասցեն,
գ. գործունեության իրականացման վայրը, եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի համաձայն՝ ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում,
դ. անձնագրի համարը, տրման ամսաթիվը, վավերականության ժամկետը, եթե ծանուցողը օտարերկրյա քաղաքացի է,
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,
զ. հետադարձ կապի միջոցները (բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)․
3) սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված այլ տվյալներ։
5. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք, գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու նպատակով օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով իրենց կողմից իրականացվող գործունեության մասին ծանուցման հետ միաժամանակ, հարթակի գործիքակազմի միջոցով և թվային (ապահովելով նաև փաստաթուղթ կցելու հնարավորությունը միայն այն դեպքերում, եթե հնարավոր չէ տվյալի հասանելիություն փոխգործելիությամբ) եղանակով Զբոսաշրջության կոմիտե են ներկայացնում իրենց վերաբերյալ լրացուցիչ համապարփակ տեղեկատվություն, որը պետք է ներառի հետևյալ տվյալները՝
1) զբոսաշրջային ծառայությունների տեսակի վերաբերյալ տեղեկատվություն. օրենքով սահմանված զբոսաշրջային ծառայությունների ցանկից զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից մատուցվող ծառայությունների տեսակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ ծառայությունների մատուցման շրջանակներում կիրառվող՝ հանրության շրջանում հայտնի, սոցիալական կամ այլ հարթակներով ներկայացվող անվանումները, ապրանքային նշանների ամբողջական անվանումներն ու դրանց համարժեքները՝ առնվազն ռուսերեն և անգլերեն, առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ առանձին ծառայությունների աշխարհագրական ուղղությունները, իսկ օրենքով նախատեսված հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց դեպքում՝ նաև տեղեկատվություն իր կողմից շահագործվող հյուրանոցային տնտեսության յուրաքանչյուր օբյեկտում առկա համարների և ննջատեղերի (այդ թվում՝ լրացուցիչ ննջատեղերի) քանակի վերաբերյալ.
2) լիցենզիայի/թույլտվության տվյալներ (առկայության դեպքում). զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից մատուցվող զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների կողմից տրված թույլտվության, լիցենզիայի, ինչպես նաև հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց համար միջազգային հավաստագրերի և համապատասխանության ստանդարտների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ տրման (շնորհման) օրը, ամիսը, տարեթիվը, երկիրը, համապատասխան մարմնի կամ կազմակերպության ինտերնետային կայքի հղումը, որտեղ կարող է ստուգվել տրամադրած տեղեկատվության հավաստիությունը.
3) երաշխիքի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն. արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատորի, ինչպես նաև արտագնա զբոսաշրջային գործակալների դեպքում՝ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով և պայմաններին համապատասխան, «Զբոսաշրջության մասին» օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի պահանջների պահպանմամբ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից ստացված երաշխիքի առկայությունը հավաստող տեղեկատվությունը․
4) հայտարարություն այն մասին, որ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը (զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը) տեղեկացված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 76-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կանոնների մասին։
6. Զբոսաշրջության կոմիտեն սույն հավելվածով նախատեսված ծանուցող անձի վերաբերյալ ներկայացվելիք տվյալները ստանում է այլ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից՝ փոխգործելիության շրջանակում տվյալների փոխանակման շերտի միջոցով՝ առանց զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից հավելյալ համաձայնություն ստանալու, որը գործում է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում.
1) զբոսաշրջային ծառայություն մատուցող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝
ա. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը, իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը), հարկ վճարողի հաշվառման համարը, տնտեսական դասակարգիչը, կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման կամ հաշվառման ամսաթիվը, լուծարման առկայությունը,
բ․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի՝ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատողների քանակը՝ բացի գործադիր մարմնից․
2) զբոսաշրջային ծառայություն մատուցող ֆիզիկական անձի դեպքում՝
ա. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բնակչության պետական ռեգիստրից անունը, ազգանունը, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, մահվան օրը, ամիսը, տարին,
բ. Զբոսաշրջության կոմիտե ներկայացվող տեղեկատվության հետ միաժամանակ հարթակի գործիքակազմի միջոցով զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձը թվային եղանակով ներկայացնում է օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոններին և պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը.
3) Կադաստրի կոմիտեի Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգից «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի 1-3 ենթակետերում սահմանված տեսակի գործունեությամբ զբաղվելու դեպքում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գործունեության վայրը որպես գոյություն ունեցող հասցե վավերացնելու համար վերաբերելի հասցեի ընտրության հնարավորություն։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 136-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) օրենք՝ «Զբոսաշրջության մասին» օրենք․
2) գրանցամատյան՝ «Զբոսաշրջության մասին» օրենքով նախատեսված՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված տվյալների շտեմարան․
3) զբոսաշրջային ծառայություն մատուցող անձ՝ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք․
4) հարթակ՝ notify.tourism.gov.am ինտերնետային հասցեով հասանելի և տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքակազմով հագեցած հարթակ, որի միջոցով զբոսաշրջային ծառայություն մատուցող անձն իրականացնում է գործունեության իրականացման ծանուցումը։
2. Սույն հավելվածով սահմանվում են գրանցամատյանում գրանցվելու նպատակով զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից տեղեկատվության ներկայացման և վարման կարգին ու ձևերին վերաբերող իրավահարաբերությունները։
3. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ Զբոսաշրջության կոմիտե) օրենքով և սույն հավելվածով սահմանված պահանջների պահպանմամբ։
4. Սույն հավելվածով սահմանված տեղեկատվության հաշվառման գործընթացները, այդ թվում՝ ներկայացված տեղեկատվության հիման վրա գրանցամատյանի վարումն ու դրանում առկա տեղեկատվության տրամադրումն իրականացվելու է թվային՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայում են ստացման աղբյուր հանդիսացող տվյալների շտեմարանները, կամ փոխգործելիությամբ հնարավոր չէ տվյալի ստացումը։
5. Գրանցամատյանից կարող է տրամադրվել տվյալ այլ պետական մարմիններին՝ փոխգործելիությամբ։ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները գրանցամատյանի տվյալներին հասանելիություն են ստանում «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված կարգով։ Այն պետական մարմինները, որոնք ունեն իրավական հիմք գրանցամատյանի տվյալներին հասանելիություն ունենալու, սակայն չունեն թվային լուծում փոխգործելիությամբ տվյալների փոխանակում իրականացնելու համար, դերային կառավարման և հասանելիության վերահսկման հիմքով կունենան օգտահաշիվ գրանցամատյանում։
6. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը հարթակ մուտք է գործում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով նույնականացման եղանակով։ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային ծառայություն մատուցող օտարերկրյա անձինք, որոնք չեն կարող նույնականացվել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, կարող են մուտք գործել հարթակ՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու համար օգտագործվող անձնագրի տվյալները մուտքագրելով և հետևելով հարթակի ցուցումներին։
2․ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Գործունեության իրականացման ծանուցումը զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը պարտավոր է Զբոսաշրջության կոմիտե ներկայացնել հարթակի գործիքակազմի միջոցով՝ պահպանելով հարթակի շահագործման կարգն ու կանոնները՝ սույն հավելվածով սահմանված ձևով և ժամկետներում։
8. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձ հարթակի իր օգտահաշվում կարող է տնօրինել իր կողմից տրամադրված տեղեկատվությունը։
9. Էլեկտրոնային ձևով հարթակի գործիքակազմի միջոցով ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ ծանուցում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը հարթակի գործիքակազմի միջոցով լրացնում է անհրաժեշտ տեղեկատվությունը, և նույն գործիքակազմի միջոցով ավտոմատ հաստատվում է գեներացված դիմումը:
10. Էլեկտրոնային գրանցամատյան մուտքագրված և հրապարակման ենթակա տվյալները հաստատվում են և հասանելի են դառնում համացանցում։
11. Ծանուցման գործընթացն ավարտվում է՝ հարթակի միջոցով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվող անձին սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված գեներացված դիմումի հաստատման պահին ծանուցման հաշվառման համարը հասանելի դարձնելով։
12. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը պարտավոր է սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-5-րդ կետերում ներառված տեղեկատվությունը, որը մուտքագրվում է ծանուցող անձի կողմից և ծանուցելուց հետո ենթարկվում է փոփոխության, բացառությամբ, երբ նման փոփոխությունների արդյունքում տեղի է ունենում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի փոփոխություն, կամ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեության կասեցում կամ դադարեցում, որը զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի կողմից հարթակի գործիքակազմի միջոցով նշվում է էլեկտրոնային գրանցամատյանում, հարթակի գործիքակազմի միջոցով Զբոսաշրջության կոմիտե ներկայացնել համապատասխան փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։
13. Այն դեպքում, երբ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-6-րդ կետերում նախատեսված տեղեկատվության վերաբերյալ առկա են փոփոխություններ, ինչի արդյունքում տեղի է ունենում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի փոփոխություն, վերջինս պարտավոր է սույն կարգով և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել նոր ծանուցում, ինչին զուգահեռ դադարեցվում է մինչ փոփոխությունը ծանուցում ներկայացրած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գործունեությունը։
14. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-5-րդ կետերում նախատեսված ծանուցող անձի կողմից մուտքագրվող և ծանուցելուց հետո փոփոխության ենթարկված տեղեկատվության մասին գրառում է կատարվում հարթակում համապատասխան փոփոխությունների հասցեատեր զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի օգտահաշվում։
15. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը հարթակի գործիքակազմի միջոցով ներկայացնելուց և սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված ծանուցման հաշվառման համարը ստանալուց հետո։ Ընդ որում՝ մինչ սույն կարգի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած (հաշվառված), բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի զբոսաշրջային ծառայությունների մատուցման դեպքերի, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը ենթակա է կասեցման մինչ վերջիններիս կողմից իրականացվող գործունեության ծանուցումը հարթակի գործիքակազմի միջոցով ներկայացնելն ու սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված ծանուցման հաշվառման համարը ստանալը։
3․ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Գրանցամատյանը ներառում է սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով, օրենքով, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի վերաբերյալ գրառումներ Զբոսաշրջության կոմիտե ներկայացված տեղեկատվության և դրա փոփոխությունների մասին։
17. Գրանցամատյանը հասանելի է առցանց՝ անվտանգ և օգտագործողի համար հարմար հարթակի միջոցով, որը հասանելի է հայերեն և անգլերեն՝ notify.tourism.gov.am էլեկտրոնային հասցեով:
18. Գրանցամատյանում ներառված տեղեկատվությունը պետք է ներկայացվի հարթակի միջոցով ստանդարտացված ձևաչափով՝ օգտատերերի կողմից հեշտ համեմատելու և վերլուծելու համար, ինտերակտիվ հնարավորություններով՝ առաջադեմ որոնման և զտման տարբերակների համար՝ հաշվի առնելով սույն հավելվածի 16-րդ և 22-րդ կետերով սահմանված կարգավորումները:
19. Գրանցամատյանը հնարավորություն է տալիս որոնելու և զտելու տեղեկատվությունը տարբեր չափանիշների հիման վրա՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված տեղեկատվության բովանդակությունը, այդ թվում՝ ծանուցում ներկայացրած անձի պետական գրանցման (հաշվառման) տվյալները, առկայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, վերջինիս պատկանող և սույն կարգի հիման վրա զբոսաշրջային ծառայության տեսակը, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գտնվելու վայրը։
20. Գրանցամատյանում ներառվում է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի վերաբերյալ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-6-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը։
21. Զբոսաշրջության կոմիտեն հարթակի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցամատյանին կից կարող է պահել նաև նշված տեղեկությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, քանի դեռ նշված տեղեկությունները գոյություն չունեն որևէ համակարգում թվային եղանակով։
22. Գրանցամատյանի վարման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեն գրանցամատյան է մուտքագրում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի գործունեության ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ դադարեցված, կամ կասեցումը վերացված լինելու մասին որոշման օրը, ամիսը, տարեթիվը և համարը, կասեցումը վերացված լինելու օրը, ամիսը, տարեթիվը։
23. Գրանցամատյանում գրառումների կատարումը Զբոսաշրջության կոմիտեի կողմից իրականացվում է սույն հավելվածով սահմանված պահանջների պահպանմամբ։
24. Գրանցամատյանի վարման գործընթացում պահպանվում են տվյալների անվտանգության և գաղտնիության ապահովման՝ օրենքով սահմանված երաշխիքները՝ ապահովելով զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի և սպառողների կողմից տրամադրվող տեղեկատվության պաշտպանությունը: Զբոսաշրջության կոմիտեի կամ գրանցամատյանի վարումը տեխնիկապես սպասարկող անձի կողմից, ըստ անհրաժեշտության, իրականացվում է տվյալների փոխանակման կոդավորում, մուտքի վերահսկում և անվտանգության կանոնավոր աուդիտներ՝ պաշտպանելու համար տվյալները չարտոնված մուտքից, խախտումներից կամ չարաշահումներից:
25. Հարթակը ներառում է օգտատերերի հետադարձ կապի և տեխնիկական աջակցման ենթաբաժին, որը սպառողներին և զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց հնարավորություն է ընձեռում հաղորդելու գրանցամատյանում հայտնաբերված թերությունների վերաբերյալ։
26. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք կարող է ձեռք բերել նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը, եթե վերջինս բավարարում է ծանուցման ենթակա համապատասխան գործունեությանն առաջադրվող պահանջներին։ Նման դեպքում սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-6-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է՝ մուտքագրելով այն հարթակի միջոցով։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2026 թվական: