ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0029 Ն. 10.02.2026
|
10 փետրվարի 2026 թվականի |
թիվ 29-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերանայել պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափի հաշվարկում ներառվող վարկերը և վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ վարկանիշային կազմակերպությունների ընտրության չափանիշները,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 63-րդ կետի «ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերի և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի գումարները:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում սույն կանոնակարգի 68-րդ կետով սահմանված վարկերը:»,
2) Կանոնակարգի 66-րդ կետի «ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերը և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում սույն կանոնակարգի 68-րդ կետով սահմանված վարկերը:»,
3) Կանոնակարգի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«68. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը չի հաշվարկվում ֆիզիկական անձանց անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկեր, անհատ ձեռնարկատերերին անշարժ գույքով ապահովված վարկեր տրամադրելիս և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ցանկում ներառված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի ներքո վարկեր տրամադրելիս, որոնց ամբողջ գումարը՝ մայր գումարը և տոկոսագումարը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Ցանկը սահմանելիս գնահատվում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի ներքո տրամադրվող վարկերի ազդեցությունը` ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկերի տեսանկյունից:»,
4) Կանոնակարգի 88.2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) վարկանիշային կազմակերպության կանոնադրական կապիտալում յուրաքանչյուր բաժնետեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի տիրապետում քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի 50%-ից ավելիին, ընդ որում, ֆինանսական կազմակերպության դեպքում ուղղակի մասնակցության չափը չի կարող գերազանցել քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի 10%-ը,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Նուրբեկյան |
|
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2026 թվական: