ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ինՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում` յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունվելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:».
2) 2-րդ մասը «իրականացման գործարքների» բառերից հետո լրացնել « և 1.2-րդ մասում նշված՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-60-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական: