ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետով.
«36) մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախագծված կամ նախատեսված կամ շուկայահանված չէ իր կյանքի ցիկլի ընթացքում բազմակի օգտագործման համար, ինչպես նաև նախատեսված չէ արտադրողին վերադարձման և կրկնակի օգտագործման համար այն նույն նպատակով, ինչի համար արտադրվել է:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է՝
1) պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի) առկայությունը կամ օտարումը.
2) մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 15 Երևան ՀՕ-110-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: