ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«23» ապրիլ 2026 թվականի |
N 32-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ՝ ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝ «Ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ՝ հյուսվածքաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հուլիսի 31-ի ««Ախտաբանաանատոմիական բաժանմունքների, հյուսվածքաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 2-III-3.3.1.-026-12 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 11-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
23.04.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլ «23»-ի թիվ 32-Ն հրամանի |
«ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ՝ ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ՝ հյուսվածքաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում ախտաբանաանատոմիական տեսակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) ու լաբորատոր-ախտորոշիչ` հյուսվածքաբանական տեսակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Լաբորատորիա) համար՝ անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից:
2. Նորմատիվը սահմանում է Կազմակերպությունների և Լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, ջերմային ռեժիմին, օդափոխությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջներ:
3. Կազմակերպությունն ու Լաբորատորիան ապահովվում են կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով:
4. Կազմակերպությունն ու Լաբորատորիան ապահովվում են խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներ սահմանող Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի պահանջներին համապատասխանող խմելու ջրի որակի ջրով:
5. Կազմակերպության ու Լաբորատորիայի սենքերի պատերը, առաստաղը, հատակն ունենում են հարթ, առանց վնասվածքների մակերես:
6. Կազմակերպության ու Լաբորատորիայի սենքերի պատերը պատվում են յուղաներկով կամ խոնավ մաքրվող և ախտահանվող անջրաթափանց այլ նյութով:
7. Կազմակերպության ու Լաբորատորիայի գույքը, սարքերը և սարքավորումներն ունենում են հարթ, խոնավ մաքրման և ախտահանման ենթակա մակերեսներ:
8. Կազմակերպությունում ու Լաբորատորիայում բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջներ սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
9. Կազմակերպության ու Լաբորատորիայի բժշկական արտադրատեսակների մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբեր 13-ի N 139-Ն հրամանի:
10. Կազմակերպությունում ու Լաբորատորիայում մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են Լիազոր մարմնի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց ունեցող ախտահանիչ միջոցներ:
11. Կազմակերպությունում և Լաբորատորիայում թաց աուտոպսիոն և բիոպսիոն նյութերը պահվում են հերմետիկ փակված տարաներում: Պահպանման ժամկետի լրանալու դեպքում նյութերը հեռացվում են որպես բժշկական թափոն:
ԳԼՈՒԽ 2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12. Կազմակերպությունը տեղակայվում է առանձին մասնաշենքում` ապահովված ավտոտրանսպորտային միջոցների, սայլակների մոտեցման ուղիներով և հետիոտնի անցուղիներով:
13. Կազմակերպությունը, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության գոտին տեղակայվում են առնվազն 30 մետր հեռավորության վրա՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հիվանդասենյակային բաժանմունքներով մասնաշենքերից, սննդի կառուցահատվածից և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից:
14. Կազմակերպության բազմակի օգտագործման սպիտակեղենը լվացվում է Կազմակերպության լվացքատանը կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության լվացքատանը կամ պայմանագրային հիմունքներով: Կազմակերպության լվացքատունն ապահովվում է կեղտոտ սպիտակեղենի ընդունման և տեսակավորման սենքով, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով Կազմակերպության սպիտակեղենի լվացումը իրականացնող կազմակերպության լվացքատունը՝ նաև Կազմակերպության սպիտակեղենի լվացման համար առանձին, մակնշված լվացքի մեքենայով:
15. Կազմակերպության կողմից մեկանգամյա օգտագործման սպիտակեղենի օգտագործման դեպքում՝ մեկանգամյա օգտագործման սպիտակեղենը հեռացվում է որպես բժշկական թափոն:
16. Կազմակերպության մաքուր սպիտակեղենը պահվում է փակվող դարակաշարերում (պահարանում):
17. Կազմակերպության բազմակի օգտագործման կեղտոտ սպիտակեղենը տեղադրվում է հերմետիկ փակվող և մակնշված մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներում կամ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման կարծր տարաների մեջ, որոնք դիահերձումից հետո տեղափոխվում են լվացքատան կեղտոտ սպիտակեղենի ընդունման և տեսակավորման սենք։
18. Բազմակի օգտագործման կարծր տարաներն ախտահանվում են յուրաքանչյուր բեռնաթափումից հետո: Օգտագործված պոլիէթիլենային տոպրակները և մեկանգամյա օգտագործման կարծր տարաները հեռացվում են որպես բժշկական թափոն:
19. Կազմակերպության սանհանգույցները, սանհանգույց-ցնցուղարանները և լվացարաններն ապահովվում են մշտական հոսող սառը և տաք ջրով:
20. Կազմակերպության լվացարաններն ապահովվում են դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով:
21. Կազմակերպության անձնակազմի ձեռքերի լվացման համար նախատեսվում են լվացարաններ` առանձնացված բժշկական արտադրատեսակների մաքրման (լվացման) համար նախատեսված լվացարաններից:
22. Կազմակերպության դիահերձման սեղաններն ապահովվում են շարժական ցնցուղով՝ միացված սառը և տաք ջրամատակարարման համակարգին: Դիահերձարանի հատակն ունենում է ջրի արտահոսքի ցանցորսիչով հատականցք (հոսակ):
23. Կազմակերպության կենտրոնացված ջրահեռացման համակարգն ապահովվում է կեղտաջրերի մաքրման և վարակազերծման համակարգով, իսկ կենտրոնացված ջրահեռացման համակարգի բացակայության դեպքում՝ կեղտաջրերի մաքրման և վարակազերծման տեղային մաքրման կայանով:
24. Կազմակերպության սենքերի նվազագույն կազմը և մակերեսները սահմանվում են համաձայն Նորմատիվի աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
Կազմակերպության սենքերի նվազագույն կազմը և մակերեսները
|
Հ/Հ |
Սենք |
Մակերես (մ2) |
Ծանոթություն |
|
1. |
Վարչատնտեսական մաս |
||
|
1.1 |
Անձնակազմի աշխատասենյակ |
12 |
|
|
1.2 |
Սանհանգույց |
3 |
|
|
1.3 |
Սպասասրահ |
10 |
|
|
2. |
Դիահերձման մաս |
||
|
2.1 |
Դիակների պահպանման սենք (սառնարան) |
6 |
1 սառնարանի համար |
|
2.2 |
Դիակի հանդերձավորման սենք |
10 |
|
|
2.3 |
Նախադիահերձարան |
8 |
|
|
2.4 |
Թաց աուտոպսիոն նյութի արխիվ |
6 |
|
|
2.5 |
Դիահերձարան |
18 |
1 դիահերձման սեղանի համար, 2-րդ դիահերձման սեղանի համար ավելացվում է 12 մ2 |
|
2.6 |
Հանդերձարան, սանհանգույց-ցնցուղարան |
4 |
|
|
2.7 |
Բժշկական թափոնների ժամանակավոր պահման տարածք |
4 |
25. Կազմակերպության դիահերձարանին կից տեղակայվում է նախադիահերձարանը, հանդերձարանը, սանհանգույց-ցնցուղարանը և բժշկական թափոնների ժամանակավոր պահման տարածքը:
26. Կազմակերպության դիակների պահպանման սենքը (սառնարան), դիակի հանդերձավորման սենքն ունենում են առանձին մուտք, դիահերձման ու թաց աուտոպսիոն նյութի մշակման հետ կապված սենքերն առանձին միջանցքով կամ նախամուտքով առանձնացվում են մյուս սենքերից` անձնակազմի աշխատասենյակից, սպասասրահից:
27. Կազմակերպության դիակների պահպանման սենքի (սառնարան), նախադիահերձարանի, դիահերձարանի, դիակի հանդերձավորման սենքի դռների բացվածքների և սենքերի հատակագծումն ապահովում է դիակներով սայլակների և պատգարակների ազատ անցումը:
28. Կազմակերպության դիակների պահպանման սենքն (սառնարան) ապահովվում է վերելակով` եթե դիակների պահպանման սենքը (սառնարան) և դիահերձարանը գտնվում են տարբեր հարկերում:
29. Կազմակերպության սենքերի բարձրությունը հատակից մինչև առաստաղ պետք է կազմի նվազագույնը 3 մետր:
30. Կազմակերպության դիակների պահպանման սենքում (սառնարան) ապահովվում է օդի +20-ից +40C ջերմաստիճան: Չնույնականացված դիակների պահպանման համար ապահովվում է օդի -150-ից -250C ջերմաստիճան:
31. Կազմակերպության դիահերձարանում ապահովվում է օդի +200-ից +210C ջերմաստիճան:
32. Վարակիչ հիվանդություններից մահացածների կամ այդ հիվանդություններից մահացության կասկածի դեպքում մարմինը պահվում է անջրաթափանց, ամբողջական և ամուր պարկի մեջ:
33. Կազմակերպությունում մեկ դիահերձարանի առկայության դեպքում սկզբում դիահերձում են ոչ վարակիչ հիվանդություններից մահացածների, այնուհետև՝ վարակիչ հիվանդություններից մահացածների մարմինները:
34. Կազմակերպության դիահերձարանը, նախադիահերձարանն ապահովվում են մանրէասպան լամպով կամ օդի վարակազերծիչ այլ սարքերով, որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրերին համապատասխան:
35. Կազմակերպության դիահերձարանի, նախադիահերձարանի, դիակների պահպանման սենքի, սանհանգույցների ու սանհանգույց-ցնցուղարանների պատերը մինչև առաստաղ պետք է լինեն սալիկապատ: Սենքերում պատերի և հատակի բոլոր կցորդման տեղերը և անկյունները լինում են կլորացված:
36. Կազմակերպությունն ապահովվում է հեշտ մաքրվող, անջրաթափանց, ախտահանման նկատմամբ կայուն և չժանգոտվող նյութից պատրաստված դիահերձման սեղաններով:
37. Կազմակերպության դիակի հանդերձավորման սենքը, նախադիահերձարանը, դիահերձարանը, հանդերձարանը, սանհանգույց-ցնցուղարանը և սանհանգույցն ապահովվում են մեխանիկական դրդմամբ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով:
38. Դիահերձման ընթացքում անձնակազմը կրում է հատուկ պաշտպանիչ արտահագուստ՝ հաստ մոմլաթե գոգնոց, կրկնակոշիկ (ճտքակոշիկ), հաստ երկարաթև ձեռնոց, շնչադիմակ, դիմակ, աչքերի պաշտպանիչ ակնոց և բժշկական գլխարկ:
39. Կազմակերպության դիահերձարանը, նախադիահերձարանը, դիակների պահպանման սենքը (սառնարան) ամիսն առնվազն մեկ անգամ հաճախականությամբ, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդություններից մահացած յուրաքանչյուր դիակի դիահերձումից հետո ախտահանվում են:
40. Դիակի դիահերձումից և մաքրումից հետո դիահերձման սեղանը, դիահերձման փոքր սեղանիկը, բժշկական արտադրատեսակները, կշեռքի նժարները, օրգանների լվացման համար լվացարանները և վաննաները, ցանցերը և դիահերձարանի հատակը լվացվում են սառը, այնուհետև տաք ջրով (շարժական ցնցուղով), որից հետո ախտահանվում են:
41. Ախտահանման ենթակա են գույքը, սարքերը, սարքավորումները, բազմակի օգտագործման հատուկ պաշտպանիչ արտահագուստը և բազմակի օգտագործման սպիտակեղենը:
42. Արյան շիճուկը և բոլոր հեղուկ բժշկական թափոններն ախտահանվում են տեղում: Վարակիչ հիվանդություններից մահացածների դիակային բոլոր հեղուկ նյութերը նախօրոք վարակազերծվում են, ապա հեռացվում ջրահեռացման համակարգ:
43. Կազմակերպության դիահերձման մաս կողմնակի անձանց մուտքն արգելվում է:
44. Դիակները հանդերձավորվում են դիակի հանդերձավորման սենքում:
ԳԼՈՒԽ 3. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
45. Լաբորատորիայի սենքերի նվազագույն կազմը և մակերեսները սահմանվում են համաձայն Նորմատիվի աղյուսակ 2-ի:
Աղյուսակ 2
Լաբորատորիայի սենքերի նվազագույն կազմը և մակերեսները
|
Հ/Հ |
Սենք |
Մակերես (մ2) |
|
1. |
Բիոպսիոն և աուտոպսիոն նյութի ընդունման և գրանցման սենք |
6 |
|
2. |
Բիոպսիոն և աուտոպսիոն նյութի հետազոտման սենք |
14 |
|
3. |
Ռեակտիվների և թունավոր և ցնդող նյութերի պահեստ |
6 |
|
4. |
Թաց աուտոպսիոն, բիոպսիոն նյութի, միկրոպրեպարատների պահման արխիվ |
8 |
46. Լաբորատորիայի բիոպսիոն և աուտոպսիոն նյութի հետազոտման սենքն ապահովվում է մանրէասպան լամպով կամ օդի վարակազերծիչ այլ սարքերով, որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրերին համապատասխան:
47. Լաբորատորիան պետք է ունենա քարշիչ պահարան ու ցնդող քիմիական և թունավոր նյութերի օգտագործման համար առանձնացված սարքեր և սպասք:
48. Թունավոր նյութերը պահվում են առանձին սենյակում՝ չհրկիզվող պահարաններում, որն ունենում է երկաթյա ցանցով ցանցապատված պատուհաններ և դռներ:
49. Ցնդող քիմիական նյութերը պահվում են տաքացուցիչ սարքերից և բաց կրակից հեռու, փակ պահարանում` հերմետիկ փակվող ապակյա տարաներում:
50. Թթուները և հիմքերը պահվում են կիպահղկած խցաններով բյուքսերում:
51. Էլեկտրականությամբ և գազով տաքացվող սարքերը օգտագործելիս տեղադրվում են հրակայուն նյութերից պատրաստված տակդիրների վրա, հեռու պայթյունավտանգ և այրվող նյութերից:
52. Մանրահատիչով (միկրոտոմ) աշխատելուց հետո անհրաժեշտ է անմիջապես հանել դանակը և տեղակայել մշտական պահպանման պատյանում: Արգելվում է դանակը մանրահատիչում թողնել կամ Լաբորատորիայում տեղափոխել առանց պատյանի:
53. Թունավոր նյութերի պահպանման, բացթողման և դրանց փաստաթղթերի պահպանման պատասխանատուն հանդիսանում է Լաբորատորիայի ղեկավարը, կամ վերջինիս հրամանով նշանակված անձը:
54. Լաբորատորիայի ընթացիկ աշխատանքի համար թունավոր նյութերի բացթողումն իրականացվում է միայն Լաբորատորիայի ղեկավարի կամ իր կողմից նշանակված անձի գրավոր թույլտվությամբ, այդ միջոցը ստացող ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ պահանջագրի և վերջինիս պատճենի առկայության դեպքում: Թունավոր նյութերի յուրաքանչյուր փաթեթի վրա փակցվում է պիտակ` նշելով թունավոր նյութի անվանումը, «Թունավոր է» և «Վարվել զգույշ» նախազգուշացումով:
55. Թունավոր նյութերը բաց թողնելուց առաջ դրանց պահպանման պատասխանատուն պարտավոր է անձամբ ստուգել բացթողման հիմնավորումը, բացթողնվող թունավոր նյութերի համապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերին, փաթեթի ամբողջականությունը և պիտակը, որից հետո ստորագրել պահանջագրի պատճենում:
56. Թունավոր նյութերը ենթակա են առարկայական-քանակական հաշվառման՝ համարակալված, կարված և Լաբորատորիայի ղեկավարի կողմից ստորագրված ու կնքված մատյանում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2026 թվական: