ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում «բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների՝» բառերը փոխարինել «առողջապահական կազմակերպությունների, ներառյալ՝ բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների և բժշկական կազմակերպությունների՝» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը «բաժնեմաս ունեցող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև համայնքային» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 32. | Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները |
1. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:
2. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը, որը նշանակվում և ազատվում է օրենքով սահմանված դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող`
1) զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված կամ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված աշխատանքներից.
2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն իրեն պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմնի հետ կապված հարաբերություններում, ինչպես նաև այն կազմակերպության հետ կապված հարաբերություններում, որի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է իր կողմից.
4) իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված՝ ստանալ նվերներ: Սույն կետում կիրառվող «նվերներ» բառը գործածվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված «նվեր» հասկացության իմաստով:
4. Հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը տվյալ ընկերությունում կարող է կատարել հոգեբույժի վճարովի աշխատանք:
5. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարը տվյալ կազմակերպությունում կարող է կատարել թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի վճարովի աշխատանք:
6. Գործադիր մարմնի ղեկավարի կողմից սույն հոդվածով սահմանված համատեղությամբ աշխատանքը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:
7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր են`
1) ապահովել լիազոր մարմնի սահմանած կազմակերպությունների զարգացմանը և բարեփոխմանը ներկայացվող պահանջների կատարումը.
2) ապահովել իրենց ներկայացրած կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը, որն ուղղված է նաև սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովմանը.
3) իրենց պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմին և լիազոր մարմին ներկայացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որը կներառի նաև տեղեկատվություն սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների կատարման վերաբերյալ: Հաշվետվությանը ներկայացվող պահանջները, հաշվետվության ներկայացման կարգը և ձևը հաստատում է Կառավարությունը:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի պարտականություններն ամրագրվում են նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրում:
9. Սույն հոդվածի 7-րդ մասով լիազոր մարմնի սահմանած կազմակերպությունների զարգացմանը և բարեփոխմանը ներկայացվող պահանջները չկատարելու կամ գործադիր մարմնի ղեկավարի ներկայացրած կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված միջոցառումները չկատարելու կամ հաշվետվությունը չներկայացնելու կամ հաշվետվությունը Կառավարության որոշմամբ սահմանված կարգի և պահանջների խախտմամբ ներկայացնելու դեպքերում, հաշվի առնելով սույն մասով կատարված խախտման բնույթը, բովանդակությունը, խախտման կատարման հանգամանքները և խախտման հետևանքները, գործատուն իրավունք ունի`
1) լուծելու գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր ծանուցելով նրան, կամ
2) նրան ենթարկելու կարգապահական պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
10. Սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունը հիմք է լիազոր մարմնի կողմից այդ հաշվետվությունը ներկայացրած գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմին ներկայացնելու միջնորդություն` գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:
11. Սույն օրենքի 32.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերի առաջացման դեպքում գործատուն լուծում է գործադիր մարմնի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր ծանուցելով նրան:»:
Հոդված 4. Օրենքի 32.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 32.1. | Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը |
1. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող կրթական պահանջները, ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատում է Կառավարությունը:
2. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հավակնորդների կողմից ներկայացվող կազմակերպության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները հաստատում է լիազոր մարմինը:
3. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի, լիազոր մարմնի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև 20000 և ավելի բնակչության սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`
1) բարձրագույն կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
2) բարձրագույն կրթություն և հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
3) բարձրագույն կրթություն և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում և ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:
4. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` 5000-20000 բնակչության սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`
1) բարձրագույն կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
2) բարձրագույն կրթություն և հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն և առողջապահության ոլորտում ղեկավարման առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ
3) բարձրագույն կրթություն և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում և ղեկավարման բնագավառի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:
5. Առողջապահական, ներառյալ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մինչև 5000 բնակչության սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`
1) բարձրագույն կրթություն և առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
2) բարձրագույն կրթություն և հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն կամ
3) բարձրագույն կրթություն և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում:
6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը՝
1) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով վերացված կամ մարված չէ.
2) օրենքի համաձայն՝ զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) նախորդ երեք տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) ունի Կառավարության հաստատած հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ընդհանուր ցանկում ներառված որևէ հիվանդություն.
6) սնանկ է ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ պահանջով:
7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման թեստային առաջադրանքների և հարցազրույցի հարցաշարերը, կախված այդ կազմակերպությունների ենթակայությունից, կազմում է իրեն պաշտոնի նշանակող և ազատող համապատասխան իրավասու մարմինը:
8. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը հաստատվում է համապատասխանաբար լիազոր մարմնի, մարզպետի և համայնքի ղեկավարի իրավական ակտով:
9. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են համապատասխանաբար լիազոր մարմնի, մարզպետի և համայնքի ղեկավարի իրավական ակտով:»:
Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետից հանել «առողջապահական կամ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական բնագավառում» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառում» բառերով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 21 Երևան ՀՕ-199-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: