ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 699-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի«Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն և հունիսի 17-ի N 900-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 439-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ հավելվածի 43-րդ կետի 1-ին ենթակետի«բ» պարբերությամբ, ինչպես նաև նույն կետի 4-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված 10-12-րդ դասարանների ինտեգրված առարկաները կներդրվեն 2027-2028 ուսումնական տարվանից:».
2) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի N 699-Ն որոշման |
|
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:
2. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`
1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ.
2) ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք և ուսումնական պլանի կազմման կանոններ և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.
3) սովորողների գնահատման սկզբունքներ և ձևեր.
4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ և ըստ կրթական աստիճանների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներ):
3. Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:
4. Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր:
5. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
1) Հանրակրթության պետական չափորոշիչը կարող է վերանայվել ուսումնական հաստատություններում 4 տարին մեկ անգամ իրականացված վերլուծության արդյունքների հիման վրա:
3. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
6. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
7. Առարկայական ծրագրերը և չափորոշիչները, որպես հանրակրթական պետական ծրագրի բաղկացուցիչ մասեր, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի N 699-Ն որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման |
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) սահմանում է միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները՝ կարողունակությունները (կոմպետենցիաները) (այսուհետ՝ կարողունակություն), ըստ կրթական աստիճանների՝ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները, ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական պլանի, առարկայացանկերի ձևավորման և սովորողի ուսումնառության գնահատման սկզբունքները:
2. Չափորոշչին համապատասխան մշակվում են հանրակրթական հիմնական, լրացուցիչ և այլընտրանքային ծրագրերը, այդ թվում` առարկայական ծրագրերը, ուսումնական պլանները, դասագրքերը և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:
3. Չափորոշիչը նպատակաուղղված է ներառական, հավասարապես որակյալ և հասանելի կրթության քաղաքականության ապահովմանը:
4. Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են հանրակրթական ծրագրեր մշակողների և դրանք իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություններ) համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից:
5. Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ապահովում են սովորողի անհատական ուսուցման պլանով սահմանված կրթության առանձնահատուկ պայմանները՝ ներառյալ խելամիտ հարմարեցումները (այդ թվում՝ մատչելի ձևաչափերով մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ):
6. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու, գործելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:
7. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի՝ սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պետք է իմանա, հասկանա և կարողանա անել։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
2. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
8. Միջնակարգ կրթության կարողունակություններն են՝
1) լեզվական գրագիտության կարողունակություն. սովորողները տիրապետում են գրական հայերենին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Սովորողները կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համար պիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են հաղորդակցական մակարդակում լսողական և տեսողական եղանակներով՝ կարդալու և լսելու միջոցով ընկալել խոսքը, բանավոր և գրավոր եղանակներով կազմել գրագետ խոսք, ինչպես նաև կիրառել հաղորդակցման այլ եղանակներ՝ ճանաչելու, ըմբռնելու, արտահայտելու, ստեղծելու և մեկնաբանելու համար տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.
2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում սովորողները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն.
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման և սեփական ներուժի բացահայտման ու զարգացման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչելու դրանց տարբերությունները.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն.
5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով.
6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Սովորողները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնելու սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ.
7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Սովորողները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Սովորողներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.
8) տնտեսական կարողունակություն. սովորողները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Սովորողներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:
3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
9. Հանրակրթական տարրական ծրագիրը պետք է միտված լինի ստորև ներկայացված ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներից ոչ ավելի, քան չորսը, այլընտրանքային ծրագրերի իրականացման դեպքում կարող են մանկավարժական հիմնավորմամբ տեղափոխվել հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների բաժին՝ բացառությամբ 1-ին, 3-8-րդ, 17-րդ, 22-24-րդ, 27-28-րդ, 30-րդ, 32-րդ, 36-րդ, 39-րդ կետերի: Ծրագրի շրջանավարտը պետք է՝
1) գրավոր և բանավոր եղանակով ազատ հաղորդակցվի գրական հայերենով, կարդալով և լսելով հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման եղանակով).
2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում՝ այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.
3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները՝ օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.
4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ.
7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր՝ այն լուծելու համար.
10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.
11) իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը.
12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.
14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.
15) օգտագործի տարբեր եղանակներ՝ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.
16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
19) կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը.
20) ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ.
21) ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.
22) կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
23) ճանաչի տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը.
24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում.
26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
27) կարևորի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին.
28) գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.
29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
30) զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.
31) ճանաչի և խուսափի վնասակար սովորություններից, բացատրի դրանց հետևանքները.
32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերից.
33) դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.
34) պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, ներկայացնի առողջ, բազմազան և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը.
35) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության՝ աշխատանքային գործիքները և գործառույթները:
4. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
10. Հանրակրթական հիմնական ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝
1) կարդալու և լսելու միջոցով վերլուծի և ընկալի գեղարվեստական և ոչ գեղարվեստական տարբեր բնույթի տեքստեր, հասկանա դրանց հիմնական գաղափարը և վերարտադրի բովանդակությունը՝ տարբերակելով փաստերը կարծիքներից (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).
2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին, լսարանին և իրադրությանը համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, լսի և ըմբռնի հրապարակային խոսքի, զեկույցի կամ քննարկման հիմնական իմաստը և արձագանքի դրանցում հնչած առանցքային մտքերին, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).
3) օգտվի տեսողական և թվային օժանդակ նյութերից (աղյուսակներ, գրաֆիկներ, պատկերներ)՝ համադրելով լեզվական միջոցները տեսողական, ձայնային և թվային նյութերի հետ՝ հաղորդակցությունը ավելի ընկալելի դարձնելու համար.
4) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.
5) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
6) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
7) կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.
8) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.
9) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.
10) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար.
11) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.
12) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.
13) կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.
14) տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.
15) կարողանա ստեղծել թվային տարածք և դրսևորել ծրագրավորման պարզ հմտություններ.
16) նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.
17) կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.
18) նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը.
19) նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները և դրանց փոխադարձ կապերը.
20) կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները.
21) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.
22) տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ.
23) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.
24) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները.
25) տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.
26) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.
27) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.
28) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.
29) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.
30) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ.
31) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.
32) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.
33) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.
34) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
35) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.
36) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.
37) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.
38) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.
39) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.
40) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.
41) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.
42) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.
43) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.
44) ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.
45) ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.
46) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.
47) դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.
48) ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր շարժողական ընդունակությունները.
49) տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.
50) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և (կամ) նման իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ.
51) տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի և գործի արտակարգ իրավիճակներում.
52) կարողանա բացահայտել և զարգացնել իր հետաքրքրություններն ու նախասիրությունները և կատարել նախնական ինքնորոշում՝ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա։
5. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
11. Հանրակրթական միջնակարգ ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝
1) գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին, կառուցի գրագետ, փաստարկված գրավոր և բանավոր խոսք` հաշվի առնելով համատեքստը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).
2) օգտագործի տեսողական և թվային օժանդակ նյութեր (աղյուսակներ, գրաֆիկներ, պատկերներ)՝ տեքստից ստացված տեղեկատվությունը ամբողջացնելու համար, հետազոտի տրված թեմայի վերաբերյալ տարբեր աղբյուրներ (տեսողական, ձայնային, թվային), համադրի փաստերը և ստեղծի նոր տեղեկատվական նյութ կամ լուծում առաջարկող տեքստ.
3) առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր խոսք.
4) համադրի և վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում.
5) կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս.
6) մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.
7) վերլուծի բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն.
8) քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.
9) գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով.
10) նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ.
11) բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները` որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար.
12) առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ.
13) կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար.
14) քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ.
15) ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.
16) ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառի տեղեկատվական և թվային սարքերը` որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ.
17) համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.
18) վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը` որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.
19) վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.
20) ներկայացնի՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ.
21) թվարկի բիզնես և աշխատանքային էթիկայի հիմնական նորմերը, բացատրի դրանց պահպանման անհրաժեշտությունը՝ հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար.
22) վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը.
23) վերլուծի տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա ազդող հիմնական գործոնները.
24) ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
25) անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները.
26) ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.
27) վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց արդյունավետությունը.
28) քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակի կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները.
29) ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները.
30) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.
31) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների.
32) արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.
33) վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.
34) կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի.
35) վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.
36) կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.
37) ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել նման դեպքերում.
38) ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռման ապահովման համար.
39) ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.
40) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
41) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.
42) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.
43) տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.
44) վարի առողջ և անվտանգ կենսակերպ.
45) բացատրի ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով.
46) տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության.
47) ունենա մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված ինքնաճանաչման և աշխատաշուկայի պահանջարկի վրա, և ներկայացնի իր նախընտրած մասնագիտությունը։
6. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
12. Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը նպատակաուղղված է ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորմանը, ներկայացված է բովանդակության բաղադրիչներով, ուսումնական բնագավառներով և որոշակիացվում է ուսումնական առարկաների չափորոշիչներում և ծրագրերում: Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների՝ ուսումնական բնագավառների ուղղվածությանը համապատասխան առարկայական չափորոշիչների, ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները։
13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեք:
14. Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնառության օբյեկտով և բնույթով, գործունեության և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով:
15. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով`
1) հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ արտահայտելու, իրադրությանը և համատեքստին համապատասխան հաղորդակցվելու, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում.
2) հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում.
3) օտար լեզուներ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայանում է մի շարք լեզուներով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, որոնցից առնվազն երկուսի ուսուցումը միտված է սովորողների շրջանում բազմալեզվության և միջմշակութային իրազեկության խթանմանը։ Բնագավառը շեշտադրում է սովորողի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը, որտեղ օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է սովորողին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով.
4) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (այսուհետ՝ ԲՏՃՄ) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բովանդակության տիրույթ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ.
5) հասարակություն, հասարակական գիտություններ. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներկայացնում է մարդկային հասարակության զարգացման ուղին՝ քաղաքակրթությունների ձևավորումից մինչև գլոբալ փոխազդեցություններ, նախապատմական ժամանակաշրջանից մինչև հետարդյունաբերական շրջանի գիտատեխնիկական արդի նվաճումներ: Միտված է մշտապես փոփոխվող աշխարհում հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացների կապի ու փոխազդեցության մասին գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև դրանցում դերակատարում ունեցած անհատների և խմբերի, նրանց փոխգործակցության իմացությանն ու վերլուծությանը, ներկայացնելով անհատի սոցիալականացման և հասարակական մասնակցության դրսևորումները՝ քննադատական և ստեղծագործ մտածողություն ունեցող պատասխանատու քաղաքացու ձևավորմանը.
6) արվեստ և արհեստ. կրթության բովանդակության տիրույթ է, որը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի և ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով: Նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, ազատ անհատականության կայացմանը, մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, քննադատական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, վարպետության, ստեղծարարության, կատարողական առանձնահատկությունների զարգացմանը։ Բացի վերը նշված նպատակներից՝ միտված է նաև գեղագիտական ճաշակը և ստեղծագործական միտքը կենցաղային խնդիրների և գործունեությանը կապելուն, ավանդական և այսօր արդեն գրեթե կորսված՝ բազմաթիվ ժողովրդական ավանդույթներին և մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն.
7) ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։
16. Ուսումնական առարկայի չափորոշիչը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի՝
1) ուսուցման նպատակն ըստ կրթական աստիճանների.
2) ընդհանուր բնութագիրը.
3) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
4) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների:
17. Ուսումնական առարկայի ծրագիրը կազմվում է տվյալ ուսումնական առարկայի չափորոշչի հիման վրա: Ուսումնական առարկաների ծրագրերը լինում են հիմնական և նպատակային։ Հիմնական առարկայական ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի՝
1) ուսուցման տևողությունը՝ ըստ դասարանների.
2) ուսուցման նպատակը՝ ըստ թեմաների.
3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ թեմաների.
4) թեմայի բովանդակությունը.
5) առաջարկվող գործունեության ձևերը.
6) խաչվող հասկացությունները.
7) միջառարկայական կապերը։
18. Ուսումնական առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով չափորոշչի պահանջները:
19. Ուսումնական առարկայի հիմնական ծրագիրը փաստաթուղթ է, որը, համաձայն հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների պահանջների, համապատասխան դասարանի համար սահմանում է ուսումնական առարկայի պարտադիր նվազագույն բովանդակությունը, ծավալը, ուսումնասիրվող թեմաները:
20. Ուսումնական առարկայի նպատակային ծրագիրը փաստաթուղթ է, որը, հանրակրթության պետական չափորոշչի և առարկայի չափորոշչի պահանջներին համապատասխան, ներառում է սույն հավելվածի 17-րդ կետում սահմանված հիմնական առարկայական ծրագրին ներկայացվող պահանջները, հնարավորություն է ընձեռում սովորողին տվյալ առարկայից ձեռք բերելու խորացված գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ընդլայնելու և զարգացնելու դրանք: Նպատակային ծրագրերն իրականացվում են միջնակարգ կրթության երրորդ աստիճանում:
21. Ուսումնական առարկայի ծրագրերի հիման վրա ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ, ուսումնական նյութեր, մշակվում են թեմատիկ պլաններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա՝ սովորողների համար նախատեսված անհատական ուսուցման պլաններ:
22. Առանձին ուսումնական առարկաներ կարող են ներկայացվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված ինտեգրված ծրագրով։
23. Ուսումնական առարկան կարող է կազմված լինել ուսումնական մոդուլներից, որոնց տևողությունը կարող է մեկ կիսամյակից ավելի կարճ լինել:
7. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
24. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը և ուսումնական պլանի կազմման կանոնները ներառում են սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների, ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակների տոկոսային համամասնությունը: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից:
25. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների համաձայն՝ ուսումնական բնագավառներն են`
1) հայոց լեզու և գրականություն.
2) հայրենագիտություն.
3) օտար լեզուներ.
4) ԲՏՃՄ.
5) արվեստ և արհեստ.
6) հասարակություն, հասարակական գիտություններ.
7) ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն:
26. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա ուսումնական հաստատությունները մշակում են ընդհանուր, մասնագիտացված և հատուկ հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները։
27. Ուսումնական պլանը ներառում է երեք բաղադրիչ՝
1) պետական.
2) դպրոցական.
3) անհատական (ընտրովի)։
28. Պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաները և դրանց վերջնարդյունքների ապահովման համար հատկացված անհրաժեշտ նվազագույն ժամաքանակները։ Դպրոցը կարող է պետական պարտադիր առարկաներն ուսումնասիրել նաև ինտեգրված՝ տարբեր ուսումնական ոլորտների բովանդակության փոխկապակցված ներկայացմամբ ձևավորվող ուսումնական առարկաներով։
1) Միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճանի առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաների ծրագրերի իրականացման համար սահմանված անհրաժեշտ նվազագույն ժամաքանակը դպրոցի հիմնավորված որոշմամբ (սովորողների կրթական կարիքների հիման վրա) կարող է դպրոցական բաղադրիչի հաշվին ավելացվել՝ չգերազանցելով ուսումնական բնագավառին հատկացված առավելագույն ժամաքանակը և չափորոշչի 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը։
2) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի առարկայացանկում ընդգրկված առարկաների հիմնական ծրագրերի իրականացման համար պետական բաղադրիչով սահմանված անհրաժեշտ նվազագույն ժամաքանակին դպրոցի հիմնավորված որոշմամբ (սովորողների կրթական կարիքների հիման վրա) կարող են դպրոցական բաղադրիչի հաշվին ավելացվել ժամեր, որը չի կարող գերազանցել բնագավառին հատկացված առավելագույն ժամաքանակի 50%-ը՝ բացառությամբ այն ուսումնական բնագավառների, որոնք չունեն նպատակային ծրագրով ուսումնական առարկա՝ պահպանելով չափորոշչի 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը։
3) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաների նպատակային ծրագրերի իրականացման համար հատկացված ժամաքանակը դպրոցի հիմնավորված որոշմամբ (սովորողների կրթական կարիքների հիման վրա) կարող է դպրոցական բաղադրիչի հաշվին ավելացվել` չգերազանցելով նպատակային առարկայի համապատասխան ուսումնական բնագավառին հատկացված առավելագույն ժամաքանակը և 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը:
29. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը կարող է հատկացվել պետական բաղադրիչով և ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, որոնց ծրագրերը երաշխավորված են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
1) Հանրակրթական հիմնական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի համար սույն չափորոշչի 35-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ժամաքանակին համապատասխան անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են ուսումնական, այդ թվում՝ «Մասնագիտական կողմնորոշում» պարտադիր խմբակին, խմբակներին և ուսումնական նախագծերին:
30. Ուսումնական հաստատությունը սահմանում է տվյալ դասարանի առարկայացանկը, ուսումնական առարկաներին, ուսումնական նախագծերին ու խմբակներին հատկացված ժամաքանակները՝ պահպանելով սույն հավելվածի 32-րդ, 33-րդ և 36-րդ կետերի պահանջները:
1) Մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը դպրոցական և անհատական բաղադրիչի ժամերի մինչև 70 տոկոսը կարող է տրամադրել մասնագիտական առարկաներին:
31. Յուրաքանչյուր սովորող իր ընտրած առարկայից կամ առարկաներից իրականացնում է ուսումնական նախագիծ․
1) 7-9-րդ դասարաններում՝ յուրաքանչյուր կիսամյակում նվազագույնը մեկ նախագիծ, որից առնվազն մեկը ԲՏՃՄ ուսումնական բնագավառի բնագիտական որևէ առարկայից կամ առարկաներից.
2) 10-12-րդ դասարաններում յուրաքանչյուր կիսամյակում նվազագույնը մեկ նախագիծ, որից առնվազն մեկը նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկայից կամ առարկաներից:
32. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (ներառյալ խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝
1) տարրական դպրոց` ոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3320.
2) հիմնական (միջին դպրոց)` ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 6220.
3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080:
33. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝
1) տարրական դպրոց` առավելագույնը 3320, որից պետական բաղադրիչ՝ 2585, դպրոցական բաղադրիչ՝ 536, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 199.
2) հիմնական (միջին դպրոց)` 6220, որից պետական բաղադրիչ՝ 5032, դպրոցական բաղադրիչ՝ 680, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 508.
3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական բաղադրիչ՝ 2176, դպրոցական բաղադրիչ՝ 1292, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 612:
34. Չափորոշչի 32-րդ կետով կրթական աստիճանների համար սահմանված նորմատիվային առավելագույն ծավալների հիման վրա հաշվարկվում են յուրաքանչյուր ուսումնական բնագավառի նվազագույն և առավելագույն շաբաթական ժամաքանակները բնական թվի չափով։ Եթե բնագավառի ծավալը սահմանված է միայն առավելագույն ժամաքանակի չափով, ապա շաբաթական ժամաքանակը հաշվարկվում է տրված տոկոսին համապատասխանող մոտարկված բնական թվով։
35. Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները չպետք է գերազանցեն տվյալ բնագավառի համար տվյալ կրթական աստիճանում սույն չափորոշչի 32-րդ կետով սահմանված առավելագույն ժամաքանակը և տոկոսային արտահայտմամբ պետք է կազմեն՝
1) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 24-28 %, միջին դպրոցում՝ 13-16 %, ավագ դպրոցում՝ 10-25 %.
2) «Հայրենագիտություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 2 %, միջին դպրոցում՝ 7-8 %, ավագ դպրոցում՝ 7-18%.
3) «Օտար լեզուներ» բնագավառին տարրական դպրոցում՝ 10-15 %, միջին դպրոցում՝ 12-20 %, ավագ դպրոցում՝ 10-25 %.
4) «ԲՏՃՄ» բնագավառին տարրական դպրոցում՝ 25-29 %, միջին դպրոցում՝ 33-38 %, ավագ դպրոցում՝ 15-40 %.
5) «Արվեստ և արհեստ» բնագավառին տարրական դպրոցում՝ 8 %, միջին դպրոցում՝ 4-6 %, ավագ դպրոցում՝ 2-5 %.
6) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառին տարրական դպրոցում՝ 2 %, միջին դպրոցում՝ 5-6 %, ավագ դպրոցում՝ 5-8%.
7) «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 8-10 %, միջին դպրոցում՝ 7-9 %, ավագ դպրոցում՝ 4-10 %.
8) անհատական (ընտրովի) բաղադրիչին տարրական դպրոցում՝ 6 %, միջին դպրոցում՝ 8,17 %, ավագ դպրոցում՝ 15 %։
36. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-րդ դասարանի համար` առնվազն 32, 3-12-րդ դասարանների համար` առնվազն 34 շաբաթ։ Ըստ դասարանների՝ շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է ուսումնական հաստատությունը՝ պահպանելով տվյալ դասարանի համար 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շաբաթական ծանրաբեռնվածության նվազագույն և առավելագույն նորմը։
1) Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցման գործընթացում սովորողի շաբաթական ծանրաբեռնվածությունն ըստ դասարանների՝ 5-օրյա և 6-օրյա ռեժիմի համար սահմանվում է նույն նվազագույն և առավելագույն նորմը․
ա. 1-ին դասարան՝ 16-19 դասաժամ,
բ. 2-րդ դասարան՝ 21-24 դասաժամ,
գ. 3-րդ դասարան՝ 22-25 դասաժամ,
դ. 4-րդ դասարան՝ 22-26 դասաժամ,
ե. 5-րդ դասարան՝ 27-31 դասաժամ,
զ. 6-րդ դասարան՝ 27-32 դասաժամ,
է. 7-րդ դասարան՝ 32-35 դասաժամ,
ը. 8-րդ դասարան՝ 32-35 դասաժամ,
թ. 9-րդ դասարան՝ 33-35 դասաժամ,
ժ. 10-11-րդ դասարան՝ 28-33 դասաժամ,
ժա. 12-րդ դասարանի առաջին կիսամյակում՝ 28-33 դասաժամ, երկրորդ կիսամյակում՝ 16-24 դասաժամ։
2) Հանրակրթական մասնագիտացված ծրագրերի ուսուցման գործընթացում դասարանում սովորողի շաբաթական ծանրաբեռնվածությունը գերազանցելու դեպքում հանրակրթական ընդհանուր ծրագրի ուսումնական առարկաների ժամերի ավարտից հետո սահմանվում է առնվազն 60 րոպե տևողությամբ ընդմիջում:
37. Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասի նորմատիվային տևողությունը 45 րոպե է։ Հեռավար ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, ինչպես նաև տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական ուսուցման պլանով իրականացվող ուսուցման համար հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է սահմանվել դասի այլ տևողություն:
1) Օրվա ուսումնական պարապմունքների ընթացքում պետական ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր դասից հետո սահմանվում է առնվազն 5 րոպե տևողությամբ դասամիջոց։ Սովորողների սննդի, հանգստի և ուսումնական գործընթացը սանիտարական նորմերին համապատասխան կազմակերպելու նպատակով ուսումնական հաստատությունը կարող է սահմանել ավելի երկար տևողությամբ դասամիջոցներ։ Դասամիջոցների ընդհանուր տևողությունը մեկ օրվա համար սահմանվում է նվազագույնը 45 րոպե, առավելագույնը՝ 90 րոպե։
38. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսումնական խմբերով։
1) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է հիմնական կամ նպատակային առարկայական ծրագրերի միջոցով։
2) Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում ուսումնական հաստատությունը սովորողի անհատական ուսումնական պլանը ձևավորում է պարտադիր և սովորողի կողմից ընտրված հիմնական կամ նպատակային ծրագրերով ուսումնասիրվող ուսումնական առարկաների հիման վրա․
ա․ սովորողն անհատական ուսումնական պլանում նպատակային ծրագրով ընտրված ուսումնական առարկայի ուսումնասիրությունը ուսումնական կիսամյակի ավարտին կարող է դադարեցնել կամ ընտրել այլ նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկա,
բ․ նպատակային ծրագրով ուսումնական առարկաների ընտրությունը սովորողը կատարում է նախընտրած մասնագիտական կրթության շարունակականության իրագործման նպատակով՝ ապահովելով իր մասնագիտական կողմնորոշումը,
գ․ սովորողը կարող է ընտրել նպատակային ծրագրով ուսումնասիրվող մինչև երեք ուսումնական առարկա,
դ․ «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառների առարկաները հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդվում են հիմնական ծրագրով,
ե․ մասնագիտական շարունակական կրթության սեփական նախընտրության ապահովման նպատակով սովորողը կարող է ընտրել նաև ուսումնական հաստատության ներկայացմամբ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկաներ:
8. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
39. Միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճաններում չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառի ներկայացվածությունը պարտադիր է սույն չափորոշչի 34-րդ կետով սահմանված առնվազն նվազագույն ժամաքանակով։ Ուսումնական բնագավառը ներառում է իր ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներ։
40. Ուսումնական պլանում կարող են ներառվել առարկաներ, որոնց բովանդակությունն առնչվում է մի քանի ուսումնական բնագավառների: Առարկաներից յուրաքանչյուրի ուսումնական ժամաքանակը հաշվարկվում է այդ բնագավառներին հատկացված ժամաքանակների շրջանակներում։
41. Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) ծրագրերի կրթական երրորդ աստիճանի 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի առարկայացանկում սովորողների ընտրությամբ ընդգրկվում է առնվազն երեք ուսումնական առարկա՝ ծրագրային նյութի հիմնական կամ նպատակային ծրագրով ուսումնասիրման կամ կրկնության համար.
1) Եթե սովորողը 12-րդ դասարանի առաջին կիսամյակում սահմանված կարգով հանձնել է պետական ավարտական և միասնական քննությունները, ապա նույն առարկաների ուսումնառությունը երկրորդ կիսամյակում իրականացվում է հետևյալ եղանակներով․
ա․ հետազոտական աշխատանք,
բ․ նախագծային աշխատանք (պարտադիր),
գ․ լրացուցիչ ուսումնական առարկայի կամ դասընթացի ուսումնասիրություն սովորողների նախընտրությամբ.
դ․ կամավորական աշխատանք (սովորողի ցանկությամբ)։
42. Ուսումնական հաստատության կողմից ընտրված ուսումնական գործունեության տեսակները պետք է ապահովեն չափորոշչի 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված յուրաքանչյուր սովորողի շաբաթական ծանրաբեռնվածությունը՝ սահմանված նորմի պահանջներին համապատասխան։
43. Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրերի յուրաքանչյուր կրթական աստիճանի առարկայացանկը ձևավորվում է․
1) հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ԲՏՃՄ բնագավառում՝
ա. բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ առանձին բնագիտական առարկաներով, իսկ 10-11-րդ դասարաններում՝ հիմնական ծրագրով ուսումնասիրվող մեկ ինտեգրված առարկայով կամ 10-12-րդ դասարաններում նպատակային ծրագրով ուսումնասիրվող առանձին բնագիտական առարկաներով,
բ. մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով, 10-12-րդ դասարաններում՝ սովորողի ընտրությամբ՝ հիմնական կամ նպատակային ծրագրերով ուսումնասիրվող ինտեգրված կամ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով,
գ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը 2-9-րդ դասարաններում ներկայացվում է հիմնական, 10-12-րդ դասարաններում՝ հիմնական կամ նպատակային ծրագրերով՝ առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով կամ առարկաներով,
դ. տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին ուսումնական առարկայով.
2) «ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով.
3) «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, 3-9-րդ դասարաններում՝ առնվազն երկու օտար լեզվով, 10-12-րդ դասարաններում՝ առնվազն երկու օտար լեզվով։ Ազգային փոքրամասնությունների դասարաններում «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-12-րդ դասարաններում ներկայացվում է մեկ օտար լեզվով։ Երկրորդ օտար լեզվի փոխարեն 1-12-րդ դասարաններում բնագավառը կարող է ներկայացվել ազգային փոքրամասնության լեզուն և գրականությունը ուսումնասիրող մեկ ինտեգրված առարկայով կամ 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով.
4) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ հայոց լեզուն և գրականությունն ուսումնասիրող առանձին առարկաներով, 10-12-րդ դասարաններում՝ հայոց լեզուն և գրականությունն ուսումնասիրող առանձին առարկայի նպատակային ծրագրով կամ ինտեգրված առարկայի հիմնական ծրագրով․
5) «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով.
6) «Հայրենագիտություն» բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով, 10-12-րդ դասարաններում` հիմնական կամ նպատակային ծրագրերի առանձին առարկայով․
7) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով։ 10-12-րդ դասարաններում «Հայրենագիտություն», «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները ներկայացվում են՝ Հայաստանի պատմությունը՝ առանձին հիմնական կամ նպատակային ծրագրով, իսկ հասարակական կյանքի ոլորտները և համաշխարհային պատմությունը՝ ինտեգրված հիմնական ծրագրով կամ նպատակային ծրագրերով՝ առանձին առարկաներով․
8) «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին, 7-9-րդ դասարաններում՝ առանձին կամ ինտեգրված առարկաներով, իսկ 10-12-րդ դասարաններում՝ ինտեգրված առարկայով կամ ուսումնական նախագծերի միջոցով.
9) «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին կամ ինտեգրված առարկաներով՝ «Ֆիզկուլտուրա» առարկան 1-12-րդ դասարաններում՝ առանձին հիմնական ծրագրով, իսկ «Անվտանգ կենսագործունեություն» և «Առողջ ապրելակերպ» առարկաները 5-11-րդ դասարաններում՝ առանձին հիմնական ծրագրերով։
44. Հանրակրթության երկրորդ և երրորդ աստիճաններում պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով դպրոցական բաղադրիչի շրջանակում կարող է նախատեսվել մոդուլային ուսուցում (մոդուլը մեկ կամ մի քանի հանրակրթական առարկաների ինտեգրված կամ համատեղ իրականացվող ծրագիր է, որը ներկայացնում է հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրի պետական ծրագրի մի մասը կամ ծրագիրն ամբողջությամբ)։
45. Հանրակրթության առաջին, երկրորդ և երրորդ աստիճաններում անհատական (ընտրովի) բաղադրիչի շրջանակում ուսումնական պլանով կարող են նախատեսվել արտադասարանային ուսումնական միավորներ։
46. Արտադասարանային ուսումնական միավորը դպրոցական կրթության շրջանակում իրականացվող թեմատիկ, նպատակային և բազմափուլ ուսումնական գործունեության ձև է, որը ներառում է հետազոտական, փորձարարական, ստեղծարար, տեխնիկական, կիրառական կամ այլ բնույթի աշխատանքներ և իրականացվում է մեկից մինչև մի քանի շարունակական հանդիպումների ընթացքում՝ դպրոցի կողմից սահմանված տևողությամբ՝ մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով, պահպանելով սովորողների տարեկան բեռնվածության ընդհանուր պահանջները:
1) Անհատական (ընտրովի) բաղադրիչների շրջանակում մոդուլային և արտադասարանային ուսումնական միավորները կարող են իրականացվել ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցից դուրս՝ համայնքային տարածքներում, ուսումնական-արտադրական միջավայրում, մշակութային հաստատություններում, բնության մեջ կամ այլ համապատասխան վայրերում՝ ապահովելով սովորողների անվտանգության և բեռնվածության նորմատիվների պահպանումը:
47. Հանրակրթական հատուկ և մասնագիտացված պետական ծրագրերի առարկայացանկը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով սովորողների զարգացման առանձնահատկությունները և ծրագրի մասնագիտական ուղղվածությունը:
1) Հանրակրթական հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է կրթության որևէ աստիճանում չօգտագործված դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը օգտագործել կրթության առաջին, երկրորդ, երրորդ աստիճաններում մասնագիտական առարկաներին ժամեր ավելացնելու նպատակով:
2) Հանրակրթական հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է գերազանցել տվյալ դասարանի համար սահմանված ուսումնական բնագավառի առավելագույն ժամաքանակները, բայց ոչ ավելի, քան միջնակարգ կրթության համապատասխան աստիճանի համար սահմանված առավելագույն նորմատիվային ծավալները։
9. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
48. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի:
49. Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի հաստատմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառվում են գնահատման հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ տեսակները:
50. Հայտորոշիչ գնահատումն իրականացվում է գնահատման յուրաքանչյուր փուլի սկզբում, ձևավորող գնահատումը՝ փուլի ընթացքում, ամփոփիչ գնահատումը՝ փուլի ավարտին:
51. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10-միավորային սանդղակ, որտեղ յուրաքանչյուր նիշ արտահայտում է սովորողի հաջողության որևէ մակարդակ և արձանագրում է սովորողի որոշակի և չափելի ձեռքբերումները: 10-միավորանոց սանդղակում անբավարար գնահատականներ չկան:
52. Ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ այլընտրանքային ծրագրեր իրականացնող, կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10-միավորային սանդղակին:
53. Հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատման մեթոդներն ու ձևերն ընտրում և սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:
54. Չափորոշչային պահանջների ապահովումը ստուգելու նպատակով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը ուսումնական հաստատություններում կարող է կազմակերպել արտաքին գնահատում։
55. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում բոլոր առարկաներից, ինչպես նաև ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն, արվեստ և արհեստ բնագավառների առարկաներից 5-12-րդ դասարաններում միավորային գնահատում չի իրականացվում: Սովորողի ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով: Որպես կիսամյակային ամփոփիչ գնահատում յուրաքանչյուր առարկայից կազմվում է սովորողի առաջադիմության բնութագիր:
56. Միավորային գնահատումը կիրառվում է՝ սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:
57. Սովորողների ամփոփիչ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
58. Կրթության երկրորդ աստիճանի ավարտին տրվող վկայականը և կրթության երրորդ աստիճանի ավարտին տրվող ատեստատը ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
59. Հանրակրթական ծրագրի առաջին աստիճանի ավարտին անցկացվող ատեստավորումը, երկրորդ և երրորդ աստիճանների ավարտին անցկացվող ամփոփիչ ատեստավորումներն իրականացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
60. Քննությունների ցանկի և ժամանակացույցի հաստատումը, դրանց կազմակերպման եղանակներն ու փոփոխություններն իրականացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
61. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:
62. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով և չափանիշներով՝ հիմք ընդունելով սովորողի անհատական ուսուցման պլանով սահմանված վերջնարդյունքները, ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերն ու անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: