Օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ: Տես 16-րդ հոդվածը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ
| Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց հասկացությունները, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, անձի կենսաչափական տվյալները մշակելու, անձը հաստատող փաստաթղթի տրամադրմանը մասնավոր գործընկերոջ ներգրավման հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են միայն սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված անձը հաստատող փաստաթղթերը։
| Հոդված 2. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ՝ քաղաքացի) անձնագիրը, նույնականացման քարտը, մինչև 16 տարեկան քաղաքացու համար՝ անձնագիրը կամ ծննդյան վկայականը կամ նույնականացման քարտը, եթե քաղաքացին մինչև 16 տարեկան դառնալը նույնականացման քարտ է ստացել, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, քաղաքացուն, օտարերկրացուն, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին և ապաստան ստացած փախստականին տրվող ժամանակավոր վկայականը, վերադարձի վկայականը՝ միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, Հայաստանի Հանրապետությունում տրված փախստականի նույնականացման քարտը, Հայաստանի Հանրապետությունում տրված փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի անդամ պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից օտարերկրացուն տրված միջազգայնորեն ճանաչված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում տրված օտարերկրացու մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետությունում տրված օտարերկրացու ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրացու և նրա ընտանիքի օտարերկրացի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող վկայականը, Հայաստանի Հանրապետության սահմանը ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագրով) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա հատելու դեպքում՝ ներքին անձնագիրը՝ միջազգային պայմանագրով սահմանված գործողության շրջանակներում, քաղաքացիություն չունեցող անձանց օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում տրված քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը, Հայաստանի Հանրապետությունում տրված քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը և դիվանագիտական անձնագիրը.
2) քաղաքացու անձնագիր՝ քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար․
3) քաղաքացու նույնականացման քարտ՝ քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու, այդ թվում՝ հանրային ծառայությունների համարանիշի կիրառմամբ ծառայություններ ստանալիս, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար․
4) ժամանակավոր վկայական՝ քաղաքացուն, օտարերկրացուն, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին և ապաստան ստացած փախստականին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը քաղաքացին, օտարերկրացին, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձը կամ ապաստան ստացած փախստականն իրավունք ունի ստանալու քաղաքացու անձնագիրը և քաղաքացու նույնականացման քարտը, օտարերկրացու կացության քարտը կամ բնակության օրինականությունը հավաստող վկայականը, քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, փախստականի նույնականացման քարտը և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, և որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար․
5) վերադարձի վկայական՝ քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձանց տրվող անձը հաստատող միանգամյա կիրառման փաստաթուղթ, որը տրվում է միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար․
6) օտարերկրացու մշտական կացության քարտ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում տրված փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու բնակության օրինականությունը և օտարերկրացու ինքնությունը․
7) օտարերկրացու ժամանակավոր կացության քարտ՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում տրված փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու բնակության օրինականությունը և օտարերկրացու ինքնությունը․
8) օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայական՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրի ուժով աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում տրվող փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը և օտարերկրացու ինքնությունը․
9) օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայական՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրի ուժով աշխատանքի իրավունք ունեցող օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամներին Հայաստանի Հանրապետությունում տրվող փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը և օտարերկրացի ընտանիքի անդամի ինքնությունը․
10) քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը հավաստում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունն ու քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձի ինքնությունը և նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար․
11) քաղաքացիություն չունեցող անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որն օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար․
12) փախստականի նույնականացման քարտ՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը հավաստում է փախստականի ինքնությունն ու Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը և նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար․
13) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար․
14) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայական՝ Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը հավաստում է փախստականի ինքնությունն ու Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը և նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար․
15) ապաստան հայցողի անձը հաստատող վկայական՝ ապաստան հայցողին կամ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետությունում տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների օրինական բնակության փաստը և նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար․
16) քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող անձը հաստատող փաստաթուղթ, որն օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար․
17) դիվանագիտական անձնագիր՝ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված անձանց տրվող անձը հաստատող փաստաթուղթ․
18) տվյալների էլեկտրոնային պահոց` անձը հաստատող փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը նախատեսված է տվյալների էլեկտրոնային պահպանման և ամրագրման համար և ներառում է անձի` սույն օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով նախատեսված տվյալները, այդ թվում` կենսաչափական տվյալները.
19) կենսաչափական տվյալներ` սույն օրենքի իմաստով՝ կենսաչափական տվյալներ են անձի լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ձեռքերի մատնադրոշմները․
20) լիազոր մարմին՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին․
21) էլեկտրոնային միասնական հարթակ՝ էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ դիմողը նախաձեռնում է անձը հաստատող փաստաթուղթ ստանալու գործընթաց, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, ամրագրում լիազոր մարմին ներկայանալու օրը, և որը տվյալների փոխանակման շերտի միջոցով կապված է բնակչության պետական ռեգիստրի հետ և Կառավարության որոշմամբ սահմանված դեպքում այլ պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների հետ.
22) մասնավոր գործընկեր՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին համապատասխան ընտրված մասնակից կամ նրա հիմնադրած իրավաբանական անձ, որի հետ իրավասու մարմինը կնքել է պայմանագիր պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման նպատակով․
23) դիմող՝ սույն օրենքով նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու, ուժը կորցրած ճանաչելու համար և սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում լիազոր մարմին, իսկ դիվանագիտական անձնագրի դեպքում՝ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին դիմող անձ․
24) բնակչության պետական ռեգիստր՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգ։
| Հոդված 3․ | Քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը, բովանդակությունը |
1. Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր։ Քաղաքացին կարող է անձնագիր ստանալ անկախ տարիքից, իսկ նույնականացման քարտ՝ վեց տարին լրանալու օրվանից։
2. 16 տարին լրացած քաղաքացու համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր է, իսկ վեց տարեկանից մինչև 16 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր: 16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրամադրվում է նույնականացման քարտ ունենալու դեպքում։
3. Մինչև վեց տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով։ Վեց տարեկանից մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է հինգ տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով։
4. Քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է հինգ տարի վավերականության ժամկետով։
5. Քաղաքացու անձնագրում ամրագրվում են հետևյալ տվյալները.
1) ազգանունը, անունը․
2) ծննդյան վայրը՝ պետությունը․
3) անձնագրի համարը․
4) սեռը.
5) քաղաքացիությունը.
6) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
7) անձնագրի թողարկման օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը․
8) կենսաչափական տվյալները։
6. Քաղաքացու նույնականացման քարտում ամրագրվում են հետևյալ տվյալները.
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) նույնականացման քարտի համարը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
6) նույնականացման քարտի թողարկման օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը․
7) կենսաչափական տվյալները.
8) հանրային ծառայությունների համարանիշը:
7. Քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում լրացվող անձնական տվյալները ամրագրվում են հայերենով և անգլերենով։
8. Անձնագրում և նույնականացման քարտում քաղաքացին չի կարող պահանջել այլ տվյալների ամրագրում։
9. Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու ժամանակ տվյալները լրացնելիս հիմք են ընդունվում անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրի տվյալները։
10. Քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։
11. Անձնագիրը և նույնականացման քարտը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, եթե քաղաքացին չի ունենում անձնագիր և նույնականացման քարտ, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
12. Քաղաքացու անձնագրից և նույնականացման քարտից տարբերվող անձը հաստատող փաստաթղթի այլ տեսակները կարող են պարունակել սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձնական տվյալները, բացառությամբ տվյալ անձը հաստատող փաստաթղթի տեսակից բխող առանձնահատկությունների։ Այդ փաստաթղթերում ամրագրման ենթակա տվյալները, դրանց լրացման կարգը, այդ թվում՝ ամրագրման ենթակա որևէ տվյալի բացակայության դեպքում բացակայող տվյալի լրացման կարգը, փաստաթղթերի նկարագիրը, տեսքը, ձևը, կիրառվող անվտանգության միջոցները սահմանում է Կառավարությունը։
13. Քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի նկարագիրը, տեսքը և ձևը, դրանցում ամրագրման ենթակա անձնական տվյալ չհանդիսացող այլ տվյալները, ամրագրման ենթակա բոլոր տվյալների լրացման կարգը, այդ թվում՝ ամրագրման ենթակա որևէ տվյալի բացակայության դեպքում բացակայող տվյալի լրացման կարգը, կիրառվող անվտանգության միջոցները, անձնագրի էջերի քանակը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
| Հոդված 4․ | Օտարերկրացու ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ և օտարերկրացու ու նրա ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայական ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը |
1. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն տրվում է ժամանակավոր կացության քարտ, իսկ Հայաստանի Հանրապետության մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացուն՝ մշտական կացության քարտ։ Բնակության օրինականությունը հավաստող վկայական տրվում է այն օտարերկրացիներին և նրանց ընտանիքի օտարերկրացի անդամներին, որոնց վերաբերյալ առկա է լիազոր մարմնի կողմից կայացված՝ վկայական տրամադրելու մասին որոշում։
2. Օտարերկրացու ժամանակավոր կացության քարտը և օտարերկրացու մշտական կացության քարտը տրամադրվում են համապատասխան կացության կարգավիճակը տրամադրելու մասին լիազոր մարմնի որոշման մեջ նշված վավերականության ժամկետով։ Օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրվում է վկայական տրամադրելու մասին որոշմամբ սահմանված վավերականության ժամկետով։ Օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամներին բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրվում է օտարերկրացուն տրված վկայականի ժամկետով։
3. Օտարերկրացու կացության քարտը կամ օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայականը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում կացության քարտ կամ բնակության օրինականությունը հավաստող վկայական, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև կացության քարտ կամ բնակության օրինականությունը հավաստող վկայական ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
4. Օտարերկրացու կացության քարտը և բնակության օրինականությունը հավաստող վկայականը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։
| Հոդված 5․ | Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը |
1. Լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձին նրա դիմումով տրվում է քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։
2. Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են հինգ տարի վավերականության ժամկետով։ Մինչև վեց տարեկան քաղաքացիություն չունեցող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով։
3․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
4․ Քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։
| Հոդված 6․ | Փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունքը, վավերականության ժամկետը |
1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականին նրա դիմումով տրվում է փախստականի նույնականացման քարտ, իսկ փախստականի նույնականացման քարտ ստանալուց հետո անձի դիմումով տրվում է փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։
2. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում են հինգ տարի վավերականության ժամկետով։ Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է փախստականի նույնականացման քարտ ունեցող անձանց։ Մինչև վեց տարեկան անձանց փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով։
3. Փախստականի նույնականացման քարտը և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու, վերցվելու կամ այլ դեպքերում, երբ անձը չի ունենում փախստականի նույնականացման քարտ և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապա կարող է դիմել լիազոր մարմին՝ ժամանակավոր վկայական ստանալու համար, որը գործում է մինչև փախստականի նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալը։ Սույն մասում նշված ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
4. Փախստականի նույնականացման քարտը և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։
| Հոդված 7․ | Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, քաղաքական ապաստանի իրավունք ստացածի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը |
1. Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին լիազոր մարմնի կողմից տրվում է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայական։
2. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը տրվում է Կառավարության որոշմամբ սահմանված վավերականության ժամկետով, և Կառավարության նույն որոշմամբ նախատեսված դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել։
3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
4. Լիազոր մարմինը ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին, այդ թվում՝ 18 տարին չլրացած անձանց, ապաստանի հայց ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, անվճար տրամադրում է անձը հաստատող առանձին վկայական։
5. Անձը հաստատող վկայականը ուժը կորցնում է ապաստանի հայցի մերժման վերաբերյալ որոշումը վերջնական դառնալուց մեկ շաբաթ հետո, իսկ հայցը բավարարելու դեպքում` լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին փախստականի նույնականացման քարտ տրամադրվելու պահից: Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած փախստականները, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, շարունակում են պահել իրենց տրամադրված անձը հաստատող վկայականը:
6. Անձը հաստատող վկայականի կորստի կամ այն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում լիազոր մարմինը գործն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, ապաստան հայցողներին 14 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անձը հաստատող նոր վկայական` նախորդ վկայականի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը ապաստան հայցողին տրամադրում է նրա` ապաստան հայցող լինելու և ինքնությունը հաստատող փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:
7. Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
8. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին լիազոր մարմինը տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։
9. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
10. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վկայականը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը և քաղաքական ապաստանի իրավունք ստացած կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են։
| Հոդված 8. | Դիվանագիտական անձնագրի տրամադրումը |
1. Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը օրենքով սահմանված անձանց տրամադրում է դիվանագիտական անձնագիր։
2. Դիվանագիտական անձնագիրը տրամադրվում է առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով։
3. Դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։
| Հոդված 9․ | Վերադարձի վկայականի տրամադրումը |
1. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կամ լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձը կորցրել է իր անձնագիրը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է վավերականության ժամկետը, և անձը չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական:
2. Վերադարձի վկայականի տրամադրման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։
| Հոդված 10․ | Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը և տրամադրումը մերժելը |
1. Անձը հաստատող փաստաթուղթ ստանալու նպատակով անձը էլեկտրոնային միասնական հարթակով դիմում է լիազոր մարմին, իսկ դիվանագիտական անձնագիր ստանալու համար՝ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին։ Էլեկտրոնային միասնական հարթակը ձևավորվում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված կարգով, որի կառավարիչ հանդիսանում է լիազոր մարմինը։
2. Օտարերկրյա պետություններում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու նպատակով քաղաքացին էլեկտրոնային միասնական հարթակով դիմում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին:
3. 16 տարին լրացած անձը դիմում է անձամբ։
4. Մինչև 16 տարեկան երեխային կամ անգործունակ ճանաչված անձին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրվում է երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
5. Սահմանափակ գործունակ ճանաչված անձին անձը հաստատող փաստաթուղթ տրամադրվում է իր դիմումի հիման վրա՝ առանց հոգաբարձուի գրավոր համաձայնության։
6. Հաշմանդամության, առողջական վիճակի բերումով կամ շարժվելու կամ կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտապես կորցնելու հետևանքով անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անձամբ լիազոր մարմին դիմելու անհնարինության դեպքում այդ անձի փոխարեն կարող են դիմել նաև Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև մերձավոր ազգականները՝ հայրը, մայրը, ամուսինը, զավակը, քույրը, եղբայրը, տատը կամ պապը՝ կցելով բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթեր։ Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձի փոխարեն անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար կարող է դիմել համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը։
7. Էլեկտրոնային միասնական հարթակով անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ է, որ էլեկտրոնային միասնական հարթակը տվյալների փոխանակման շերտի միջոցով հաստատի դիմողի ներկայացրած տվյալների և բնակչության պետական ռեգիստրի տվյալների համապատասխանությունը, ինչպես նաև օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով պահանջվող տվյալների ու փաստաթղթերի առկայությունը։
8. Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով անձի ներկայացրած տվյալների և բնակչության պետական ռեգիստրի տվյալների համապատասխանությունը հաստատվելուց և այլ պահանջվող տվյալներն ու փաստաթղթերը ներկայացնելուց հետո անձը պետք է վճարի պետական տուրքը, բացառությամբ Կառավարության կողմից անձանց որոշ խմբերի համար պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով աջակցություն սահմանելու դեպքերի։ Այնուհետև անձն ամրագրում է այց լիազոր մարմնում, իսկ օտարերկրյա պետությունում քաղաքացու անձնագիր կամ քաղաքացու նույնականացման քարտ ստանալիս՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում։ Դիվանագիտական անձնագիր ստանալու համար անձը պետք է ամրագրի այց արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում։
9. Տվյալների անհամապատասխանության կամ պահանջվող տվյալների կամ փաստաթղթերի բացակայության կամ թերի լինելու դեպքում էլեկտրոնային միասնական հարթակը ծանուցում է դիմողին ի հայտ եկած ձևական սխալի մասին՝ ուղղորդելով վերացնել ձևական սխալը։
10. Ամրագրված այցի շրջանակում անձը դիմում է անձը հաստատող փաստաթղթի ստացման համար՝ հանձնելով կենսաչափական տվյալները, որից հետո՝ 14-րդ աշխատանքային օրը, իսկ օտարերկրյա պետությունում դիմելիս՝ ոչ շուտ, քան 14-րդ և ոչ ուշ, քան 45-րդ աշխատանքային օրը, ստանում է ծանուցում անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին։ Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման կամ մերժման մասին ծանուցումը անձն ստանում է իր ներկայացրած էլեկտրոնային փոստին նամակ կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով։ Անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը մերժվելու դեպքում կայացված որոշման հասանելիությունն էլեկտրոնային եղանակով ապահովվում է էլեկտրոնային փոստի միջոցով։
11. Կառավարությունը կարող է սահմանել լրացուցիչ վճարի դիմաց անձը հաստատող փաստաթղթի՝ ավելի սեղմ ժամկետներում տրամադրման, ինչպես նաև լրացուցիչ վճարի դիմաց կամ այլ դեպքերում կենսաչափական տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անձի բնակության (գտնվելու) վայրում հավաքման հնարավորությունը։ Կառավարության որոշմամբ կարող է նախատեսվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրում նաև ոչ աշխատանքային օրերին։
12. Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժվում է, եթե՝
1) դիմողը չի ներկայացրել օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերը և տվյալները.
2) դիմողը, օրենքի համաձայն, չունի տվյալ անձը հաստատող փաստաթուղթը ստանալու իրավունք․
3) դիմողը հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.
4) դիմողը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր կամ տվյալներ.
5) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ կամ հակասություններ.
6) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու համար ունեն էական նշանակություն (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծնողների վերաբերյալ տվյալները, ծննդավայրը և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիան, համարը, պաշտոնատար անձի ստորագրությունը և այլն)․
7) անձը չի վճարել պետական տուրքը, եթե օրենքով նախատեսված է այդ պարտականությունը:
13. Բացի սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերից, քաղաքացու անձնագրի տրամադրումը մերժվում է նաև, եթե՝
1) դիմողը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.
2) դիմողի նկատմամբ այլ պետության կողմից հայտարարված է հետախուզում, և Հայաստանի Հանրապետությունը այդ պետության հետ ունի քաղաքացուն հանձնելու մասին վավերացված միջազգային պայմանագիր։
14. Բացի սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերից, դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է նաև, եթե դիմողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին փաստաթղթի տրամադրման դեպքի:
15. Բացի սույն օրենքով սահմանված հիմքերից, այլ հիմքերով անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը մերժելն արգելվում է։
16. Անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստանալու անձը հաստատող նոր փաստաթուղթ։ Անձը հաստատող նոր փաստաթուղթ ստանալիս անձը պետք է լիազոր մարմին ներկայացնի հին համապատասխան փաստաթուղթը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը հայտարարում է հին համապատասխան փաստաթուղթը կորցնելու կամ հափշտակված լինելու մասին։ Անձն իրավունք ունի պահանջելու քաղաքացու նոր անձնագիրը կամ նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն իրեն հանձնվելուց հետո դակված վիճակում իրեն վերադարձնել քաղաքացու հին անձնագիրը կամ հին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։
17. Անձը հաստատող փաստաթուղթը վերցնելն արգելվում է, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։
18. Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման և տրամադրման մերժման կարգը սահմանում է Կառավարությունը։
19. Սույն հոդվածի գործողությունը տարածվում է քաղաքացու անձնագրի և քաղաքացու նույնականացման քարտի, օտարերկրացու կացության քարտի, օտարերկրացու և նրա ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայականի, լիազոր մարմնի որոշմամբ քաղաքացիություն չունեցող անձ ճանաչված անձի նույնականացման քարտի և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, Հայաստանի Հանրապետությունում տրված փախստականի նույնականացման քարտի և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, դիվանագիտական անձնագրի վրա։
| Հոդված 11. | Անձի կենսաչափական տվյալները մշակելը |
1. Անձի կենսաչափական տվյալները ամրագրվում են հետևյալ անձը հաստատող փաստաթղթերում.
1) քաղաքացու անձնագրում․
2) դիվանագիտական անձնագրում․
3) քաղաքացու նույնականացման քարտում․
4) օտարերկրացու կացության քարտում․
5) օտարերկրացու բնակության օրինականությունը հավաստող վկայականում,
6) օտարերկրացու ընտանիքի օտարերկրացի անդամների բնակության օրինականությունը հավաստող վկայականում․
7) քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտում և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում․
8) փախստականի նույնականացման քարտում և փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում։
2. Անձը կենսաչափական տվյալները հանձնում է լիազոր մարմնին, իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին։ Դիվանագիտական անձնագիր ստանալու համար անձը կենսաչափական տվյալները հանձնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։ Առաջին հերթին անձը հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները, իսկ եթե ցուցամատի մատնադրոշմը հնարավոր չէ ստանալ, ապա վերցվում են երկու ձեռքերի ցանկացած այլ համապատասխան մատների մատնադրոշմները, որոնցից հնարավոր է։
3. Անձի մատնադրոշմները վերցնում են վեց տարեկանից, ստորագրությունը՝ 16 տարեկանից, իսկ լուսանկարը՝ անկախ տարիքից։
4. Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով դիմողի կենսաչափական տվյալները դիմողի կողմից տրամադրվում են իր բնակության (գտնվելու) վայրում։
5. Անձի կենսաչափական տվյալների մշակման կանոնները սահմանում է Կառավարությունը։
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձը հաստատող փաստաթղթերը ունեն տվյալների էլեկտրոնային պահոց։ Էլեկտրոնային պահոցը պարունակում է անձի կենսաչափական տվյալները։ Կառավարության որոշմամբ էլեկտրոնային պահոցում կարող են ամրագրվել նաև այլ տվյալներ։
7. Տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական բնութագիրը, դրանում տվյալների ամրագրման ձևը և կարգը, անվտանգությանն առաջադրվող պահանջները սահմանվում են Կառավարության որոշմամբ։
| Հոդված 12․ | Անձը հաստատող փաստաթղթի ուժը կորցնելը և անվավերությունը |
1. Անձը հաստատող փաստաթուղթը օրենքի ուժով համարվում է ուժը կորցրած՝ առանց լիազոր մարմնի կողմից այդ մասին որոշում կայացնելու, եթե՝
1) լրացել է դրա վավերականության ժամկետը․
2) անձն ստացել է նույն անձը հաստատող փաստաթղթի նոր տարբերակը․
3) անձը կորցրել է անձը հաստատող համապատասխան փաստաթղթի տրամադրման համար հիմք հանդիսացած կարգավիճակը․
4) անձը մահացել է․
5) անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու մասին ծանուցումն ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի վերցրել փաստաթուղթը։
2. Լիազոր մարմնի որոշմամբ անձը հաստատող փաստաթուղթն ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը հայտարարել է իր անձը հաստատող փաստաթուղթը կորցրած կամ հափշտակված լինելու մասին։
3. Անձը հաստատող փաստաթուղթը լիազոր մարմնի որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե՝
1) անձը հաստատող փաստաթուղթը կեղծվել է.
2) անձը հաստատող փաստաթուղթը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ, այդ թվում՝ երբ ի հայտ են եկել սույն օրենքի 10-րդ հոդվածի 12-14-րդ մասերով նախատեսված հիմքերը։
4. Եթե անձը կորցրել է անձը հաստատող փաստաթուղթը, կամ այն հափշտակվել է, ապա նա էլեկտրոնային միասնական հարթակով այդ մասին հայտնում է լիազոր մարմնին, իսկ այլ պետությունում կորցնելու դեպքում կարող է հայտնել նաև տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին։ Անձի այդ հայտարարությունը հիմք է անձը հաստատող փաստաթուղթն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում կայացնելու համար։
5. Անձը հաստատող փաստաթուղթն անվավեր ճանաչվելու կամ ուժը կորցնելու դեպքում անձը պարտավոր է եռօրյա ժամկետում այն հանձնել լիազոր մարմնին, իսկ դիվանագիտական անձնագիրը անվավեր ճանաչվելու, ուժը կորցնելու կամ պաշտոնավարումը ավարտելու դեպքում՝ արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։ Անձի՝ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում անձը հաստատող փաստաթուղթը անվավեր ճանաչվելու կամ ուժը կորցնելու դեպքում, բացառությամբ դիվանագիտական անձնագրի, հանձնվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին։ Այս կանոնը չի գործում, եթե անձը հաստատող փաստաթուղթը ուժը կորցրել է անձի մահանալու կամ անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու մասին ծանուցումն ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, անձը հաստատող փաստաթուղթը չվերցնելու հիմքով։ Այլ անձի կողմից գտնված անձը հաստատող փաստաթուղթը ենթակա է հանձնման լիազոր մարմնին, իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին։
6. Եթե սույն օրենքի 10-րդ հոդվածի 12-14-րդ մասերով նախատեսված՝ անձը հաստատող փաստաթղթի տրամադրման մերժման հիմքերը ի հայտ են եկել անձը հաստատող փաստաթուղթը տպագրվելուց հետո, սակայն մինչև անձին հանձնելը, ապա անձը հաստատող փաստաթուղթը ճանաչվում է անվավեր և այլևս չի հանձնվում անձին։
7. Սույն օրենքով սահմանված հիմքերով դիվանագիտական անձնագիրը ուժը կորցրած ճանաչելու կամ անվավեր ճանաչելու մասին որոշումը կայացնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը։
8. Մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում է լիազոր մարմնին, բացառությամբ դիվանագիտական անձնագրի, որը հանձնվում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։
9. Անձը հաստատող փաստաթղթի ուժը կորցրած ճանաչելու և անվավերության կարգը սահմանում է Կառավարությունը։
| Հոդված 13․ | Մասնավոր գործընկերը |
1. Սույն օրենքով նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ կնքված՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով կարող է ներգրավվել մասնավոր գործընկերը։
2. Մասնավոր գործընկերոջը կարող է պատվիրակվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրման ընթացքում պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացում։
3. Մասնավոր գործընկերոջը չի կարող պատվիրակվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրման կամ մերժման որոշման կայացումը։
4. Մասնավոր գործընկերոջը չի կարող պատվիրակվել վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունումը, գործողությունը կամ անգործությունը, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ։
5. Դիմողը համարվում է մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը մատուցվող ծառայության շահառու։ Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում դիմողը կարող է նաև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել մասնավոր գործընկերոջ հետ՝ լրացուցիչ ծառայություններ ստանալու համար։
6. Դիմողի կողմից անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար վճարված պետական տուրքի գումարը պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով սահմանված չափով ուղղվում է մասնավոր գործընկերոջը տրվող վճարումների կատարմանը։
|
Հոդված 14․ |
Մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող գործողությունների շրջանակը |
1. Մասնավոր գործընկերոջը կարող են պատվիրակվել՝
1) դիմումների ընդունումը.
2) դիմողի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի և տվյալների, ներառյալ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններից, հավաքումը.
3) դիմողի տրամադրած փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգումը.
4) ներկայացված փաստաթղթերին դիմողի վերաբերյալ ստացված տվյալների համապատասխանության ստուգումը.
5) դիմողին ծանուցումներ ուղարկելը․
6) սույն օրենքով նախատեսված կենսաչափական տվյալների մշակումը, այդ թվում՝ հավաքելը, պահպանելը, օգտագործելը օրենքով սահմանված նպատակների համար․
7) անձը հաստատող փաստաթուղթը տպագրելը, կազմելը և դիմողին հանձնելը․
8) սույն օրենքով, այլ օրենքով և նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ գործողություններ կատարելը։
2. Նախքան անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու մասին դիմում ներկայացնելը մասնավոր գործընկերը անձին կարող է ծառայություններ մատուցել պահանջվող տվյալների և փաստաթղթերի հավաքման և պատշաճ դիմելն ապահովելուն ուղղված այլ գործողությունների ուղղությամբ։
3. Մասնավոր գործընկերոջը պատվիրակված գործողություններն իրականացնելու համար հասանելիություն է տրվում պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններին։
4. Բացի սույն հոդվածով նախատեսված տվյալներից, մասնավոր գործընկերը չի կարող հավաքել, պահպանել և օգտագործել այլ անձնական տվյալներ, իսկ հավաքված տվյալները կարող են օգտագործվել բացառապես անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու նպատակով։
5. Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման ընթացքում մասնավոր գործընկերոջ ներգրավման, վերջինիս կողմից իրականացվող գործողությունների նկարագիրը, անձը հաստատող փաստաթղթերի այն ցանկը, որի տրամադրմանը նա ներգրավվում է, մասնավոր գործընկերոջը դիմելու կարգը և ձևերը, մասնավոր գործընկերոջ կողմից ստացված տվյալների պահպանման կանոնները, պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններին հասանելիությունը և անվտանգության ապահովման չափանիշները սահմանվում են Կառավարության որոշմամբ։
| Հոդված 15․ | Մասնավոր գործընկերոջ և դիմողի միջև ծագած վեճերի լուծումը |
1. Պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակում հանրային գործընկերոջը մատուցված ծառայությունների մասով, որի շահառուն անձը հաստատող փաստաթղթի համար դիմող անձն է, մասնավոր գործընկերոջ և անձը հաստատող փաստաթղթի համար դիմող անձի միջև անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացում Կառավարության որոշմամբ մասնավոր գործընկերոջը պատվիրակված գործողությունների իրականացման հետ կապված վեճ ծագելու դեպքում դիմողը կարող է ոչ գույքային պահանջով բողոք ներկայացնել լիազոր մարմին։ Շահառուն բողոքը լիազոր մարմին կարող է ներկայացնել մասնավոր գործընկերոջ կողմից բողոքարկվող գործողությունը կատարվելու կամ անգործություն ցուցաբերվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում։
2. Լիազոր մարմինը բողոքը քննում է և որոշում կայացնում դիմողի բողոքը բավարարելու, մասնակի բավարարելու կամ մերժելու մասին՝ բողոքն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում։
3. Լիազոր մարմնի կողմից բողոքի քննության կարգը, ժամկետները և որոշման կայացման ընթացակարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։
4. Բողոքի քննության արդյունքներով անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացում Կառավարության որոշմամբ մասնավոր գործընկերոջը պատվիրակված գործողությունների իրականացման հետ կապված վեճով լիազոր մարմնի կողմից կայացված որոշումը պարտադիր է մասնավոր գործընկերոջ համար, որը պարտավոր է կատարել այդ որոշմամբ սահմանված գործողությունը։
5. Բողոքի քննության արդյունքներով լիազոր մարմնի կողմից բողոքը մերժելու կամ մասնակի բավարարելու մասին որոշում կայացվելու դեպքում դիմողը կարող է լիազոր մարմնի մերժման որոշումը կամ մասնակի բավարարման որոշումը՝ բողոքի մերժման մասով, բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
6. Սույն հոդվածով նախատեսված կարգով մասնավոր գործընկերոջ բողոքարկված գործողության կամ անգործության հետևանքով դիմողի կրած վնասը ենթակա է հատուցման լիազոր մարմնի կողմից՝ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման կանոնների համաձայն։
| Հոդված 16․ | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն և «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքները։
3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարող են տրամադրվել միայն սույն օրենքով նախատեսված անձը հաստատող փաստաթղթեր, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստաթղթի և Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի։
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված անձը հաստատող փաստաթղթերը շարունակում են գործել մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը։ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու դեպքում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված անձը հաստատող փաստաթղթերը կորցնում են իրենց ուժը։
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կացության հատուկ կարգավիճակ ստացած անձին տրվում է կացության քարտ, որում նշում է կատարվում այն մասին, որ անձն ունի կացության հատուկ կարգավիճակ։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց հատուկ անձնագիրը շարունակում է գործել կարգավիճակի գործողության ամբողջ ընթացքում։ Եթե այդ ժամկետում անձը դիմել է կարգավիճակը հավաստող նոր փաստաթուղթ ստանալու համար, ապա նրան տրամադրվում է կացության քարտ, որում նշում է կատարվում այն մասին, որ անձն ունի կացության հատուկ կարգավիճակ։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-210-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: