ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-600-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «կոչումների» բառը փոխարինել «դասային աստիճանների» բառերով։
Հոդված 2․ Օրենքի ամբողջ տեքստում «աշխատակիցներ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «աշխատողներ» բառով։
Հոդված 3․ Օրենքի 9-րդ հոդվածում 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4․ Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին, 7․1-ին, 17․1-ին, 20․1-ին և 30-րդ կետերով․
«4․1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձևերի, մեթոդների և միջոցների քողարկման նպատակով իրականացնում է միջոցառումներ՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ընդունված վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան Ծառայությունում պաշտոնի նշանակվելուն հավակնող անձանց այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոնների նշանակելու համար, եթե տվյալ անձը համապատասխանում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին.».
«7․1) իրավունք ունի ձերբակալելու և համապատասխան մարմիններին հանձնելու Ծառայության՝ սեփական անվտանգության ապահովման գործառույթի իրականացման շրջանակում հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց.».
«17․1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձևերի, մեթոդների քողարկման նպատակով Ծառայությանը հատկացված (ամրացված) կամ Ծառայության կողմից ձեռք բերված և գաղտնի աշխատանքների համար նախատեսված գույքի տնօրինումը և դրանց գործավարությունն իրականացնում է Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով և եղանակներով․».
«20․1) իր գործունեության մասով իրականացնում է հակահետախուզական ապահովում հետևյալ դեպքերում.
ա․ Ծառայության կողմից տնօրինվող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ապահովման,
բ․ Ծառայության դեմ ուղղված օտարերկրյա հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայության,
գ․ Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտության,
դ․ Ծառայության ներքին անվտանգության ապահովման դեպքերում.».
«30) Ծառայության կողմից կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբեռպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանության և Ծառայության բնականոն գործունեության ապահովման նպատակով Կառավարության սահմանած կարգով և դեպքերում համաձայնություն կամ եզրակացություն է ներկայացնում Ծառայությանն ամրացված կամ Ծառայության կողմից օգտագործվող անշարժ գույքի (այդ թվում՝ դրանցով ծանրաբեռնված հողամասերի) հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու (այդ թվում՝ կառուցապատման թույլտվության տրամադրումը մերժելու) վերաբերյալ։».
2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) պատրաստում է Ծառայության աշխատողներին, Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև Ծառայության կողմից ստեղծված կազմակերպությունները, շահագործվող գույքը, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր․».
3) 1-ին մասի 17-րդ կետի «և կազմակերպությունների» բառերը փոխարինել «, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի» բառերով, իսկ նույն կետը «որոնք անհրաժեշտ են քողարկման համար» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «։ Ընդ որում, համապատասխան պետական մարմինները և կազմակերպությունները (անհատ ձեռնարկատերերը) պատասխանատվություն չեն կրում Ծառայությանը տրամադրված փաստաթղթերի, միջոցների գործածության արդյունքում առաջացած հետևանքների համար․»․
4) 1-ին մասի 25-րդ կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «Ծառայության հատուկ կարևորության, հույժ գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունների փոխադրումը, դրանց պահպանումը, ինչպես նաև» բառերով․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով․
«3. Սույն հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետի հիման վրա այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոն զբաղեցնող Ծառայության աշխատողների ստաժը հաշվարկվում է որպես Ծառայության ստաժ, և տվյալ աշխատողներն օգտվում են սույն օրենքով Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքներից, պարտականություններից և սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունից։
4․ Օտարերկրյա պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղված ծառայողները, արտաքին հետախուզական, սեփական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներից բացի, իրականացնում են նաև արտաքին հակահետախուզական գործառույթներ՝ վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ։ Այլ պետական մարմիններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղման ընթացքում գործուղված ծառայողների գործունեության իրականացման և պետական մարմինների հետ հարաբերությունների առանձնահատկությունները, տվյալ մարմինների աշխատողների հետ համագործակցության դեպքերը և կարգը սահմանվում են վարչապետի որոշմամբ։»։
Հոդված 5․ Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 13․ | Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) հիմքերը, պայմանները և սահմանները |
1․ Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ։ Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար, և եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել։
2․ Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) ընտրությունը կատարելիս Ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։
3․ Ծառայության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց (գործադրելուց) առաջ պարտավոր է՝
1) նախազգուշացնել դրանք կիրառելու (գործադրելու) մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում իր կամ Ծառայության այլ աշխատողների համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է․
2) դրանք կիրառել (գործադրել) դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի։
4․ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք կիրառելիս (գործադրելիս) Ծառայության ծառայողը պարտավոր է մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն։
5․ Արգելվում է հատուկ միջոցներ կամ զենք կիրառել (գործադրել) հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց կամ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և Ծառայության աշխատողի կյանքին կամ առողջությանն սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։
6․ Ծառայության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման (գործադրման) համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում։
7․ Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառումը (գործադրումը) առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
8․ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք կիրառելու (գործադրելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) յուրաքանչյուր դեպքի մասին Ծառայության ծառայողը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական ղեկավարին։
9․ Ծառայության սպառազինության մեջ ընդգրկված զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների ցանկը սահմանում է վարչապետը, իսկ զենքը, ռազմամթերքը և հատուկ միջոցները հաշվառելու, հատկացնելու, կրելու և պահելու կարգը սահմանում է Ծառայության պետը։»։
Հոդված 6․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13․1-13․3-րդ հոդվածներով․
| «Հոդված 13․1. | Ֆիզիկական ուժի գործադրումը |
1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ) գործադրելու Ծառայության ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում Ծառայության ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը։
| Հոդված 13․2. | Հատուկ միջոցների կիրառումը (գործադրումը) |
1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառելու (գործադրելու) հետևյալ դեպքերում․
1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս․
2) Ծառայության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս․
3) անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք կարող են ցույց տալ դիմադրություն կամ խոչընդոտել Ծառայության ծառայողների պարտականությունների կատարումը։
2․ Սույն օրենքի իմաստով՝ հարձակում կամ հարձակման սպառնալիք է համարվում յուրաքանչյուր գործողություն, որը կարող է առաջացնել մարդու մահ կամ առողջությանը վնաս պատճառել և կատարվել է ինչպես ցանկացած տեսակի զենքի կիրառմամբ կամ այնպիսի առարկաների կիրառմամբ, որոնք կառուցվածքով նման են իսկական զենքի կամ արտաքնապես չեն տարբերվում դրանից, կամ այլ առարկաների (նյութերի) կամ մեխանիզմների կիրառմամբ, այնպես էլ առանց դրանց:
| Հոդված 13․3. | Զենքի կիրառումը (գործադրումը) |
1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի զենք կիրառելու (գործադրելու) հետևյալ դեպքերում․
1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս․
2) Ծառայության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը կանխելիս․
3) պատանդներին ազատելիս, ահաբեկչական և այլ հանցավոր ոտնձգություններ կանխելիս․
4) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում իր կամ Ծառայության այլ աշխատողների կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց կյանքի կամ առողջության համար և չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին (հրահանգներին)․
5) իր կամ Ծառայության այլ աշխատողի կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս․
6) զենք կիրառելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս կամ օգնություն կանչելիս։»։
Հոդված 7․ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 7-րդ կետը «կանոնադրությունը,» բառից հետո լրացնել «անվանացանկը,» բառով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12․1-12․5-րդ կետերով․
«12․1) վարչապետի հաստատմանն է ներկայացնում այն պայմանները, որոնց համապատասխանող Ծառայության հետ համագործակցող անձինք Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով օգտվում են Ծառայության ծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից, և որոնց համագործակցության ժամանակահատվածը համարվում է ծառայության ստաժ․
12․2) սահմանում է Ծառայությունում իրականացվող գործավարության կարգը և առանձնահատկությունները․
12․3) սահմանում է Ծառայության կողմից շահագործվող համակարգչային սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները, շահագործման կարգը և ժամկետները․
12.4) սահմանում է Ծառայության անցագրային ռեժիմը․
12․5) սահմանում է Ծառայության աշխատողների, ստորաբաժանումների, աշխատանքի ձևերի և միջոցների քողարկման եղանակները և կարգը․»։
Հոդված 8․ Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-ին և 3․2-րդ մասերով․
«3․1․ Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում Ծառայության պաշտոնների անվանացանկում: Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձինք։
3․2․ Սույն օրենքով Ծառայության ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունը, տարածվում են Ծառայության պետի, նրա տեղակալների, ինչպես նաև Ծառայությունում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը նշված անձանց (այդ թվում՝ Ծառայության պետի և տեղակալի) վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։»․
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
3) 5-րդ մասը «կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նրանց վրա տարածվում են Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները, բացառությամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովության» բառերով։
Հոդված 9․ Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով․
«6․ Ծառայությունում առաջին անգամ պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով։ Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի սահմանած հրամանով։»։
Հոդված 10․ Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Ծառայության ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է Ծառայության պետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»․
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19․1-ին հոդվածով․
| «Հոդված 19․1․ | Ծառայության ծառայողին այլ պաշտոնի նշանակումը և փոխադրումը |
1․ Ծառայության ծառայողն իր համաձայնությամբ նշանակվում է բարձր պաշտոնի ծառայության մեջ առաջխաղացման կարգով, եթե՝
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները․
2) վերջին մեկ տարվա ընթացքում չի ենթարկվել կարգապահական տույժի։
2․ Ծառայողը կարող է նշանակվել այլ հավասարազոր պաշտոնի՝
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով․
2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ․
3) ընտանեկան պայմաններից ելնելով․
4) առողջական վիճակով պայմանավորված՝ բժշկական կազմակերպության տված եզրակացության համաձայն։
3․ Այլ հավասարազոր պաշտոնում ծառայողը պաշտոն զբաղեցնում է համաձայնության առկայության դեպքում և եթե բավարարում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջները։ Ծառայողի համաձայնությունը կարող է չպահանջվել ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում։
4․ Ծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի․
2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ իր դիմումի համաձայն, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի․
3) առողջական վիճակով պայմանավորված՝ բժշկական կազմակերպության տված եզրակացության համաձայն, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի․
4) իր դիմումի համաձայն․
5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում․
6) ատեստավորման կարգով՝ ավելի ցածր պաշտոնի նշանակվելու դեպքում:
5. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրացած լինելու կամ կարգապահական տույժը հանված լինելու դեպքում։
6․ Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողը կարող է փոխադրվել հավասարազոր կամ բարձր պաշտոնի՝ որպես պարտականությունների ժամանակավոր կատարող հետևյալ դեպքերում․
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու դեպքում․
2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում․
3) պարտադիր զինծառայության զորակոչվելու դեպքում․
4) ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում։
7․ Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում ծառայողը փոխադրվում է իր նախկին պաշտոնին։
8․ Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման փոխադրում և ժամանակավոր կատարումից ազատում է Ծառայության պետը։
9․ Սույն հոդվածով սահմանված այլ պաշտոնի նշանակման կամ փոխադրման դեպքում Ծառայողի հետ վերջնահաշվարկ չի իրականացվում, իսկ այլ պաշտոնի ժամանակավոր փոխադրման դեպքում դասային աստիճանի փոփոխություն տեղի չի ունենում։
10․ Ծառայության ծառայողին բարձր կամ հավասարազոր կամ ցածր պաշտոնի նշանակելու կամ այլ պաշտոնի փոխադրելու կարգը սահմանվում է Ծառայության պետի հրամանով։»։
Հոդված 12․ Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ընտրության,» բառը հանել․
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողությունների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումների ցանկը սահմանում է վարչապետը։»։
Հոդված 13․ Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ծառայության ծառայողներն իրենց դիմումի համաձայն գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ Ծառայության կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե Ծառայության ծառայողին հավասարազոր պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․ Ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է Ծառայությունում ծառայության ստաժ։».
3) 5-րդ մասի «երկու ամսից շուտ» բառերը հանել։
Հոդված 14․ Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում Ծառայության ծառայողների պատրաստման, վերապատրաստման կամ այլ մասնագիտացված դասընթացների և կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան պայմանագիր կնքելու, պատրաստումը կամ վերապատրաստումը կամ մասնագիտացված դասընթացները և կրթական ծրագրերն ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի և ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու դեպքերում Ծառայության ծառայողի կողմից պետական բյուջեի միջոցներից կատարված ծախսերի փոխհատուցման կարգը, դեպքերը և առանձնահատկությունները կարգավորվում են վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։»։
Հոդված 15․ Օրենքի 8-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Գ Լ ՈՒ Խ 8
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
| Հոդված 23․ | Ծառայության դասային աստիճանները |
1․ Ծառայությունում սահմանվում են հետևյալ դասային աստիճանները․
1) արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզ․
2) արտաքին հետախուզության երկրորդ դասի հետախույզ․
3) արտաքին հետախուզության երրորդ դասի հետախույզ․
4) արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզ․
5) արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ․
6) արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ․
7) արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ․
8) արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ․
9) արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ։
2․ Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված դասային աստիճանները հանդիսանում են բարձրագույն դասային աստիճաններ, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։
3․ Ծառայության գաղտնի հաստիքային ծառայողներին բարձրագույն դասային աստիճան շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում տվյալ հրամանագիրը ծառայողին տեղեկացնելու օրվան հաջորդող օրվանից։
4․ Սույն հոդվածի 1-ին մասի 4-9-րդ կետերում նշված դասային աստիճանները շնորհում է Ծառայության պետը։
5․ Ծառայության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ։
6․ Ծառայությունում ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար չեն սահմանվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դասային աստիճանները։
7. Ծառայության ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով զրկվել դասային աստիճանից։
8․ Ծառայության դասային աստիճանները սույն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաև Ծառայության պետին և Ծառայության պետի տեղակալներին։
| Հոդված 23․1. | Ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները |
1․ Ծառայության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արտաքին հետախուզության երրորդ դասի հետախույզի դասային աստիճանը։
2․ Ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արտաքին հետախուզության երկրորդ դասի հետախույզի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզի դասային աստիճանը։
3․ Ծառայության ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին համապատասխանող դասային աստիճանների վերին և ստորին սահմանները, դրանց շնորհման կարգը սահմանում է Ծառայության պետը։
4․ Պետական այլ մարմիններում հանրային ծառայության անցած (աշխատած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող անձանց Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս շնորհվում է նրանց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին համապատասխան դասային աստիճան։ Զինվորական կամ այլ հատուկ կոչումների կամ այլ դասային աստիճանների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը։
| Հոդված 23․2. | Դասային աստիճանների շնորհումը և դրանց շնորհման ժամկետները |
1․ Սույն օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, իսկ 17-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա փորձաշրջան նշանակված լինելու դեպքում փորձաշրջանը հաղթահարելուց հետո Ծառայողին շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով։
2․ Եթե սույն օրենքի 23․1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան կոչման կամ դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքով այն ավելի բարձր է Ծառայությունում համապատասխան պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով։
3․ Ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքի։
4․ Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները․
1) արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ՝ 1 տարի.
2) արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ՝ 2 տարի.
3) արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ՝ 3 տարի․
4) արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ՝ 3 տարի.
5) արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ՝ 4 տարի։
5․ Արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում։
6․ Տվյալ դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվարկվում է դասային աստիճանը շնորհելու օրվանից, իսկ սույն օրենքի 23․1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում՝ զինվորական կամ այլ հատուկ կոչման կամ այլ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրմանը հաջորդող օրվանից։
7․ Ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝
1) Ծառայության ծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի, և այն դեռևս մարված չէ, կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի հիման վրա նշանակված կարգապահական տույժի նշանակման օրվանից չի անցել մեկ տարի․
2) ծառայողի լիազորություններն օրենքով սահմանված կարգով կասեցվել են, կամ կատարվում է ծառայողական քննություն․
3) ծառայողի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում․
4) ատեստավորումը չի հաղթահարվել․
5) վերապատրաստման ընթացքում է։
8․ Ծառայողին դասային աստիճան շնորհվում է սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված հիմքերը վերանալուց, ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվելուց, ատեստավորումը հաղթահարելուց և վերապատրաստման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
9․ Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը Ծառայության ծառայողների դասային աստիճան կրելու ժամկետում չի հաշվարկվում։ Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո։»։
Հոդված 16․ Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 26. | Ծառայության ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը |
1. Ծառայության ծառայողի համար սահմանվում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է վարչապետը, իսկ համազգեստ կրելու պարտականություն ունեցող ծառայողների շրջանակը և դեպքերը՝ Ծառայության պետը։
2. Ծառայությունում հանրային պաշտոն (բացառությամբ վարչական պաշտոնների) և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է ծառայողական վկայական, որի ձևը, տրամադրելու, ոչնչացնելու, անվավեր ճանաչելու և կրելու կարգը հաստատում է Ծառայության պետը:»։
Հոդված 17․ Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․
«6) հայրության արձակուրդ։»․
2) 2-րդ մասի «կին» բառը հանել․
3) 3-րդ մասի «3-5-րդ» բառերը փոխարինել «3-6-րդ» բառերով։
Հոդված 18․ Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․
«2․1․ Ծառայության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ՝
1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 10 աշխատանքային օր․
2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 15 աշխատանքային օր։
Ընդ որում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված լրացուցիչ չորս աշխատանքային օրը սույն կետում նշված լրացուցիչ արձակուրդի օրերի մեջ չի հաշվարկվում։»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-ին մասով․
«3․1․ Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, տղամարդ ծառայողի (նորածնի հոր) ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ։»։
Հոդված 19․ Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետի «կոչումից» և «կոչման» բառերը համապատասխանաբար փոխարինել «դասային աստիճանից» և «դասային աստիճանի» բառերով․
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․
«7) կարգապահական տույժի հանում։»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․
«2․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված խրախուսանքի տեսակը կարող է կիրառվել մինչև հերթական դասային աստիճանի շնորհման ժամկետը լրանալը։»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին մասով․
«4․1․ Երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար Ծառայությունում հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կարող են շնորհվել դասային աստիճաններ, ներառյալ բարձրագույն:»։
Հոդված 20․ Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով, իսկ 3-րդ մասում «կոչման» և «կոչումը» բառերը՝ համապատասխանաբար «դասային աստիճանի» և «դասային աստիճանը» բառերով։
Հոդված 21․ Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին մասով․
«4․1․ Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները։»։
Հոդված 22․ Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում Ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով․
«1․1) սույն օրենքի 19․1-ին հոդվածի հիման վրա այլ պաշտոնի նշանակվելու դեպքերում․»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով․
«2․1) Ծառայության գործունեությունը դադարեցվելու դեպքում․»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․
«6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում։»։
Հոդված 23․ Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 41․ | Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը |
1. Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը:
2․ Ծառայության աշխատողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայությունը աշխատողի դիմումի հիման վրա կամ Ծառայության գնահատած ռիսկերի առկայության դեպքում ապահովում է աշխատողի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։
3. Ծառայողական պարտականությունները կատարելիս ձերբակալված Ծառայության աշխատողին խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում են Ծառայության պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ։ Ընդ որում, տվյալ դեպքում իրականացվող անձնական խուզարկության կամ իրականացվող զննության արդյունքով հայտնաբերված և Ծառայությանը պատկանող տեղեկակիրները կամ տեխնիկական և այլ միջոցներ ենթակա չեն առգրավման ձերբակալումն իրականացրած կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից և փոխանցվում են Ծառայության պաշտոնական ներկայացուցչին։
4․ Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց պաշտպանության տրամադրման շրջանակը, կարգը և պայմանները սահմանվում են Ծառայության պետի հրամանով։
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ընտանիքի անդամ են համարվում՝
1) ծառայողի ծնողները, ամուսինը, զավակը․
2) ծառայողի հետ համատեղ բնակվող 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող և ծառայողի խնամքի տակ գտնվող քույրը կամ եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը։ Քույրը և եղբայրը համարվում են ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում։»։
Հոդված 24․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41․1-ին հոդվածով․
| «Հոդված 41․1. | Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները |
1. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանվում են հետևյալ սոցիալական երաշխիքները․
1) ծառայողին և նրա ընտանիքի անդամներին բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու համար վարչապետի որոշմամբ սահմանված չափով և կարգով փոխհատուցման տրամադրումը․
2) ծառայողին կամ նրա ընտանիքի անդամին պատճառված գույքային վնասի հատուցումը՝ պայմանավորված ծառայողական պարտականությունների կատարմամբ․
3) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հիման վրա կենսաթոշակի անցնելու կամ Ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ աշխատողի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում՝ Ծառայության վերակազմակերպման կամ Ծառայության կառուցվածքային փոփոխության կապակցությամբ Ծառայությունից ազատվելիս ծառայողներին ըստ ծառայության տարիների վճարվում է հետևյալ չափով միանվագ նպաստ․
ա․ 5 տարուց մինչև 10 տարի ծառայության համար՝ պաշտոնային դրույքաչափի չափով,
բ․ 10 տարուց մինչև 20 տարի ծառայության համար՝ օրենքի հիման վրա ծառայողին հատկացվող հավելման և պաշտոնային դրույքաչափի հանրագումարի չափով,
գ․ 20 և ավելի տարի ծառայության համար՝ միջին ամսական աշխատավարձի չափով․
4) օտարերկրյա պետությունում ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ծառայության ծառայողին կամ ծառայողի ընտանիքի անդամներին պատճառված նյութական վնասը (իրական վնասը և բաց թողնված օգուտը) լիովին փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով և դեպքերում։ Ծառայության ծառայողն իրավունք ունի սույն կետով նախատեսված վնասի հատուցում պահանջելու վնասի առաջացման օրվանից մեկ տարվա ընթացքում։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ընտանիքի անդամ են համարվում՝
1) ծառայողի ծնողները, ամուսինը, զավակը․
2) ծառայողի հետ համատեղ բնակվող 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող և ծառայողի խնամքի տակ գտնվող քույրը կամ եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը։ Քույրը և եղբայրը համարվում են ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում։
3. Ծառայության ծառայողների կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով։
4. Ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության և սոցիալական երաշխիքների տրամադրման հետ կապված և սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով։»։
Հոդված 25․ Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, ինչպես նաև Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում և պայմաններով (այդ թվում՝ վարձատրության առանձնահատկությունները սահմանող) կատարվող աշխատանքից, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․»․
«3) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, բացառությամբ Ծառայության պետի հրամանով սահմանված այն դեպքերի և պայմանների, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․»․
2) 2-րդ մասը «հանձնել հավատարմագրային կառավարման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքի» բառերով․
3) 4-րդ մասի «կամ ծառայողական» բառերը հանել․
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Ծառայության աշխատողներին պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով։»։
| Հոդված 26․ | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2․ Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
3․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ծառայությունում պաշտոնի նշանակված անձանց դասային աստիճանները հատկացվում են Օրենքի 23․2-րդ հոդվածով սահմանված ժամկետների հիման վրա՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը Ծառայությունում պաշտոնավարման համապատասխան ժամկետը հավասարեցնելով Օրենքի 23․2-րդ հոդվածում նշված դասային աստիճանների համար սահմանված ժամկետներին։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 2 Երևան ՀՕ-223-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական: